Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մաշկի վրա Թ.բ-ի հյութ թափվելիս վնասված մաշկը պետք է մի քանի անգամ լվանալ օճառաջրով, այնուհետև մաքրել կալիումի գերմանգանատի 2 %-անոց լուծույթով կամ քացախաթթվային կապարի սպիրտային հագեցած լուծույթով: Հետագա բուժումը կատարում է բժիշկը:

Անձն. կանխարգելման հիմն. միջոցները. ճանաչել տվյալ տարածքի Թ.բ. և անծանոթ բույսերի հետ զգույշ վարվել: Քանի որ առավել հաճախ թունավորվում են երեխաները, ուստի անհրաժեշտ է նրանց սովորեցնել տարբերել Թ.բ. ոչ թունավորներից և խուսափել հնարավոր տհաճ հետևանքներից:

Չնայած որոշ բույսեր բացառապես անվնաս են մարդկանց մեծ մասի համար, բայց կարող են առաջացնել թունավորումներ, եթե մարդը գերզգայուն է ալերգ. հակազդեցությունների նկատմամբ:

Ալերգիան լինում է բնածին կամ ձեռքբերովի՝ այս կամ այն նյութի երկարատև ազդեցությունից: Բուս. ծագման ալերգեններից կարող են առաջանալ բրոնխային հեղձուկ, պոլինոզ, եղնջացան, էկզեմա, լորձաթաղանթների այտուց, փսխում, լուծ: Օրինակ՝ պոլինոզն առաջանում է որոշ բույսերի (աշորա, խմբախոտ, մարգագետնային դաշտավլուկ, եգիպտացորեն ևն) ծաղկափոշին աչքի կամ քթի լորձաթաղանթներ ընկնելիս: Սննդում գետնամորի, սեխ, արքայախնձոր, սնկեր օգտագործելիս, ինչպես նաև գնարբուկի, խորդենու, քրիզանթեմի և այլ բույսերի ծաղիկների ու տերևների հետ շփվելիս կարող է առաջանալ եղնջացան: Ալերգիայի դեպքում պետք է դիմել բժշկի:

Տես նաև Սնկեր, Թունավորումներ:


ԹՈՒՆԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, կենդանիներ, որոնց մարմնում արտադրվում են մարդու և կենդանիների համար թունավոր նյութեր: Դրանք առաջանում են հատուկ (թունավոր) գեղձերում կամ պարունակվում են թքագեղձերի, սեռ. գեղձերի արտազատուկում, հյուսվածքային հեղուկներում, ավշում ևն: Թունավոր են որոշ նախակենդանիներ, աղեխորշավորներ, հոդվածոտանիներ, փափկամորթներ, փշամորթներ, ձկներ, սողուններ ևն:

Թ.կ. բաժանվում են 2 խմբի. պասսիվ և ակտիվ թունավորներ: Պասսիվները, որպես կանոն, չունեն թունավոր օրգաններ (գեղձեր), ինչպես նաև ակտիվ հարձակման օրգաններ: Դրանց թունավորությունը գաղտնի բնույթ ունի՝ դրսևորվում է միայն կենդանուն տրորելիս կամ ուտելիս, քանի որ թունավոր նյութերը պարունակվում են արյան շիճուկում, արյունաավշում, մաշկածածկույթներում, որովայնամզում, ձկնկիթում ևն: Օրինակ՝ մարդու համար վտանգավոր են իսպանական, մայիսյան, կապտաթև ևն բզեզները, որոնց սեռ. օրգանների արտազատուկը (կանթարիդին և պեդարին) խիստ թունավոր է մարդու համար, մաշկի վրա ընկնելիս այն առաջացնում է մաշկաբորբեր, իսկ բզեզներին կուլ տալուց՝ թունավորում: Ծանր թունավորումներ կարող են առաջանալ նաև ինքնաբուժման նպատակով չորացրած բզեզներ օգտագործելիս: Որոշ թիթեռների թրթուրները (շերամի որդը ևն) նույնպես կարող են առաջացնել մաշկի տեղային ախտահարումներ: Դրանց թունավոր գեղձերի արտազատուկ պարունակող «այրող» մազմզուկները մարդու մաշկի վրա ընկնելիս առաջացնում են կարմրություն, որն ուղեկցվում է ուժեղ քորով, իսկ ճանկռելուց՝ փոքրիկ խոցեր: Մազմզուկներն աչքի մեջ ընկնելիս առաջացնում են շաղկապենաբորբ, իսկ բերանի լորձաթաղանթի մեջ՝ բերանաբորբ:

Որոշ ձկների և փափկամորթների թունավոր հատկանիշները դրսևորվում են միայն դրանք սննդում գործածելիս (համապատասխան նախազգուշական միջոցառումները չպահպանելիս): Օրինակ՝ ծանր թունավորում կարող է առաջացնել մարինկայի ձկնկիթը առանց երկարատև ջերմային մշակման սննդում օգտագործելիս: Թունավոր է նաև դրա որովայնախոռոչը պատող սև թաղանթը: Ոստրեները և միդիաները սովորաբար անվտանգ են մարդու համար, սակայն կեղտոտ ջրամբարներում աճեցրածները սննդում օգտագործելիս կարող են առաջացնել սննդային թունավարակում և վարակիչ հիվանդություններ (կուտակում են ջրում գտնվող տարբեր թույներ, ախտածին բակտերիաներ ու վիրուսներ):

Ակտիվ Թ.կ. ունեն թունավոր նյութեր արտադրող հատուկ օրգաններ, որոնք շատ տեսակների մոտ կապված են հարձակման և պաշտպանման ապարատի հետ: Դրանցից առավել հայտնի են օձերը: ՀՀ-ում տարածված են մարդու համար վտանգավոր գյուրզան, հայկ., կովկասյան և տափաստանային իժերը:

Օձի թույնը շատ արագ է ներծծվում, և 1-ին օգնությունն արդյունավետ է, եթե կատարվում է անմիջապես: Խորհուրդ է տրվում գործածել հատուկ շիճուկ, որը պետք է ներարկվի խայթելուց հետո՝ 30 ր ընթացքում: «Հակագյուրզա» շիճուկն արդյունավետ է բոլոր օձերի խայթոցի (բացի էֆայից) դեմ: Խայթոցից հետո (մինչև շիճուկ ներարկելը) տուժածին պետք է պառկեցնել, համապատասխան վերջույթին բեկակալ դնել և շատ հեղուկներ տալ խմելու: Խայթոցի տեղում հարկավոր է կտրվածք անել և բերանով թույնն արտածծել. այն արդյունավետ է, եթե կատարվում է խայթոցից հետո՝ 1 ր ընթացքում: Խորհուրդ չի տրվում այրել խայթոցի տեղը, ալկոհոլ օգտագործել և լարան դնել: 1-ին օգնությունից հետո հիվանդին պետք է շտապ հասցնել հիվանդանոց:

Ակտիվ Թ.կ-ից են որոշ ձկներ, օրինակ՝ ծովաքերինը և ծովահրեշը, որոնք ծակում են փշերով և սուր լողակներով, որոնց միացած են թունավոր մաշկային գեղձեր:

Ակտիվ Թ.կ-ից են նաև մեդուզաները և ակտինիաները, որոնք ունեն թունավոր հեղուկով լցված խայթող բջիջներ: Վերջիններիս ներսում կան թույնով և ոլորված խայթող թելով պատիճներ: Ակտինիայի կամ մեդուզայի շոշափուկներին դիպչելիս պատիճներում ոլորված թելն ուղեկցվում է ուժեղ այրոցով, քորով և ցավով: Երբեմն նկատվում են թեթևակի դող և հաճախացած սրտխփոց: Ուժեղ թունավորում են առաջացնում հատկապես սկավառակամեդուզաները, որոնց բազմաթիվ շոշափուկները (երկար, մինչև 30 մ) կարող են առաջացնել տարածուն ախտահարում: Տուժածի մոտ առաջանում են դող, շնչառության և սրտի աշխատանքի դանդաղում, սուր մկանային թուլություն: Շատ տարածուն վնասվածքների ժամանակ կարող է առաջանալ կմախքային մկանների և սրտամկանի լուծանք:

Մարդու համար թունավոր են նաև բազմաթիվ հոդվածոտանիներ, օրինակ՝ սկոլոպենդրան (երեսնոտանին), որը խոշոր, մինչև 20 սմ երկար, բազմոտանի է,