Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է զգույշ օգտվել: Դրանք թողարկվում են պիտակով, ունենում են նաև պատրաստուկն օգտագործելու և պահելու վերաբերյալ հրահանգ: Արգելվում է այդ պատրաստուկները պահել ալկոհոլային խմիչքների, դեղերի և սննդամթերքի տարաներում, ինչպես նաև երեխաներին հասանելի տեղերում: Դա վերաբերում է հատկապես բարձր ցնդելիությամբ օժտված քառաքլոր ածխածին, եռաքլորէթիլեն պարունակող պատրաստուկներին և ֆոսֆորօրգան. միացություններին: Բնակարանում պահվող մեծ քանակությամբ քիմ. նյութերն ավելացնում են թունավոր գոլորշիների կոնցենտրացիան և մեծացնում Թ-ի հավանականությունը:

Կենցաղային քիմիայի պատրաստուկների տարաները պետք է հերմետիկ լինեն: Անթույլատրելի է օգտվել արտադր. նպատակների և կենցաղում օգտագործման համար նախատեսված, առողջապ. մարմինների կողմից չերաշխավորված, միջոցներից:

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել միջատների դեմ պայքարի չարտոնագրված միջոցների և երկքլորէթան պարունակող տարբեր լուծիչների օգտագործման վտանգավորությանը, որովհետև դրանցով նույնիսկ ինհալացիոն Թ. կարող են ծանր հետևանքներ ունենալ:

Թ. դեղապատրաստուկներով: Քնաբեր և հանգստացնող դեղերը ներկայումս կենցաղային դեղորայքային Թ-ի ամենատարածված պատճառներից են: Նշված դեղապատրաստուկներն օգտագործող մարդիկ երբեմն, ենթադրելով, թե նախկին չափաքանակն այլևս չի օգնում, ինքնուրույն ավելացնում են այն և երբեմն թունավորվում:

Մեծ չափաքանակներով քնաբեր ընդունելուց հետո անմիջապես առաջանում է թուլություն, քնկոտություն, գլխում ծանրության զգացում, իսկ որոշ դեպքերում հակառակը՝ հարբեցման նման հոգեկան գրգռված վիճակ: Այնուհետև տուժածը քնում է, որի ընթացքում կարող է կորցնել գիտակցությունը և, հնարավոր չլինի նրան արթնացնելը (տես Կոմա): Հիվանդի բերանում և քթում թուք ու լորձ է կուտակվում, շնչառությունն սկզբում լինում է աղմկոտ և հաճախակի, այնուհետև՝ հազվադեպ ու մակերեսային, անոթազարկը չի շոշափվում: Եթե թունավորումը ծանր չէ, ապա տուժածը գիտակցությունը չի կորցնում, բայց երկար ժամանակ գտնվում է խորը քնի մեջ:

Հանգստացնող (սեդատիվ) պատրաստուկներով Թ. ընթանում են 2 փուլով. 1-ին փուլի ընթացքում հիվանդը լինում է գրգռված, չի կողմնորոշվում, վեր է թռչում, փորձում է փախչել, խոսքը դառնում է անկապ, շարժումները՝ քաոսային, քայլվածքը՝ երերուն, մաշկը՝ գունատ, անոթազարկը՝ հաճախակի, շնչառությունը՝ աղմկոտ, հաճախացած: 2-րդ փուլում լինում է գիտակցության կորուստ: Որպես կանոն՝ քնաբեր և հանգստացնող դեղանյութերի բարձր չափաքանակներն առավել ծանր են տանում տարեց և սիրտանոթային, շնչառ. օրգանների հիվանդություններով տառապող մարդիկ (Թ. հաճախ բարդանում են թոքաբորբով):

Քնաբեր և հանգստացնող դեղանյութերով Թ. հաճախ վտանգավոր են կյանքի համար: Ուստի այդպիսի Թ-ի կասկածի դեպքում անհրաժեշտ է շտապ բժշկ. օգնություն կանչել: Եթե տուժածը գիտակցությունը չի կորցրել, ապա անհրաժեշտ է նրան պառկեցնել, թուլացնել օձիքը և գոտին, գլխին բարձր դիրք տալ: Մինչև բժշկի գալը կարելի է ստամոքսը լվանալ (խմեցնելով 5-6 բաժակ տաք ջուր կամ կերակրի սոդայի թույլ լուծույթ), լեզվի արմատը մատներով գրգռելով փսխում առաջացնել: Այս բուժարարողությունը պետք է կրկնել մի քանի անգամ: Ստամոքսը լվանալուց հետո պետք է տալ մուգ թեյ կամ սուրճ՝ 100 գ սև պաքսիմատով: Կաթ օգտագործելը բացառվում է. այն արագացնում է Թ. առաջացնող պատրաստուկի ներթափանցումն աղիքներ և խոչընդոտում է օրգանիզմից դրա հեռանալուն: Մինչև բժշկի գալը չի կարելի հիվանդին մենակ թողնել, որպեսզի գրգռված վիճակում վայր չընկնի և վնասվածքներ չստանա: Եթե հիվանդը գիտակցությունը կորցրել է, նրան կարող է փրկել միայն մասնագիտացված բուժօգնությունը: Մինչև բժշկի գալը հիվանդին անհրաժեշտ է պառկեցնել փորի վրա, գլուխը թեքել կողքի, որպեսզի փսխած զանգվածը և լորձը շնչուղիներ չընկնեն: Այնուհետև գդալի պոչին փաթաթած թաշկինակով կամ թանզիֆով բերանից պետք է հեռացնել լորձը, թուքը, հանել ատամնապրոթեզները և լեզուն դուրս բերել, որպեսզի կուլ չգնա և չփակի ըմպանը: Ժամանակ առ ժամանակ անուշադրի սպիրտ շնչել տալ (բամբակով՝ 4-5 սմ քթից հեռու)՝ մինչև շնչառությունը կարգավորվի: Գիտակցությունը կորցրած հիվանդի ստամոքսը լվանալն արգելվում է՝ ջուրը շնչուղիներ ընկնելուց և շնչահեղձությունից խուսափելու համար: Եթե տուժածը չի շնչում, իսկ դեմքը, տեսանելի լորձաթաղանթները և շրթունքները կապտել են, անհրաժեշտ է անհապաղ արհեստական շնչառություն կատարել, որովհետև մինչև բժշկի գալը ցույց տրվող առաջին օգնությունը կարող է փրկել մարդու կյանքը:

Բավականին հաճախ են կանանց Թ. հղիության ընդհատման նպատակով կիրառվող քինինից և պախիկարպինից: Քինինի թունավոր ազդեցությունից խանգարվում են կենտր. նյարդային և սիրտանոթային համակարգերի ֆունկցիաները, առաջանում են սրտխառնոց, փսխում, թուլություն, ականջներում աղմուկ, տեսողության ու լսողության նվազում, որովայնի կծկանքանման ցավեր: Ախտանշաններն արտահայտվում են թունավոր չափաքանակը (1 գ-ից ավելի) ընդունելուց մոտ 30 ր անց: Թ-ի առավել ծանր դեպքերում հնարավոր են ցնցումներ, սրտի ռիթմի խանգարում, ընդհուպ՝ սրտի կանգ: Պախիկարպինը, ինչպես և քինինը, ախտահարելով նյարդային համակարգը, առաջացնում են գլխուղեղի ֆունկցիաների, ինչպես նաև շնչառության և արյան շրջանառության խանգարումներ (նյարդամկանային հաղորդակցության շրջափակման հետևանքով): Պախիկարպինով Թ. ուղեկցվում են սրտխառնոցով, փսխումով, որովայնի ցավերով: Արտահայտված Թ-ի դեպքում նկատվում են գլխապտույտ, գլխացավեր, տեսողության, լսողության նվազում, երերուն քայլվածք, ցնցումներ, շնչառության խանգարում: Շատ ծանր Թ-ից լինում են գիտակցության կորուստ, շնչառության դանդաղում՝ ընդհուպ մինչև լրիվ դադարելը, և սիրտանոթային սուր անբավարարություն: Քինինով և պախիկարպինով հղիության ընդհատումը (արտահիվանդանոցային պայմաններում), որպես կանոն, անարդյունավետ միջոց է և ավարտվում է ծանր Թ-ով: 1-ին օգնությունը նույնն է, ինչ քնաբեր և հանգստացնող պատրաստուկներով Թ-ի ժամանակ: Թունավորման 1-ին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Մինչև նրա գալը, եթե հիվանդը գիտակցությունը չի կորցրել, պետք է ստամոքսը լվանալ, իսկ ծանր՝ գիտակցության կորստի դեպքում, 1-ին օգնություն ցույց տալ վերը նկարագրված ձևով: Պախիկարպինով Թ-ի ախտանշանների դեպքում հիվանդները պետք է պահպանեն խիստ անկողնային ռեժիմ (մարմնի դիրքի արագ փոփոխությունների դեպքում զարկերակային ճնշման խիստ անկումից խուսափելու համար):

Բժշկի նշանակած դեղանյութերը (մասնավորապես՝ քնաբեր և հանգստացնող) պետք է ընդունել դեղատոմսում նշված դեղաչափով: Չի կարելի դրանք ընդունել սեփական հայեցողությամբ, առավել ևս՝ ավելացնել դեղաչափը: