օդ, պառկեցնել մեջքի վրա, թուլացնել օձիքն ու գոտին, գլխին և կրծքի շրջանին սառը թրջոց դնել: Հնարավորության դեպքում թթվածնային բարձը լավագույն բուժ. միջոցն է: Եթե գիտակցությունը պահպանված է, պետք է տաք թեյ կամ սուրճ խմեցնել: Գիտակցության կորստի դեպքում անուշադրի սպիրտով թրջված բամբակը մոտեցնել քթին (զգուշորեն, որպեսզի այրվածք չառաջանա): Շնչառության դադարի կամ շատ դանդաղելու դեպքում կատարել արհեստ. շնչառություն՝ «բերան-բերանի», «բերան-քթի» եղանակնելով: 1-ին օգնությունից հետո տուժածին պետք է շտապ հասցնել բուժմնարկ:
Շմոլ գազից Թ-ի կանխարգելման համար պետք է ճիշտ օգտվել վառարանը վառելու կանոններից, ավտոտնակի դռները փակ վիճակում ավտոմեքենայի շարժիչը չաշխատացնել, վերջինիս մեջ երկարատև չմնալ, առավել ևս՝ չքնել:
Թ. թունաքիմիկատներից: Թունաքիմիկատներ են կենցադային միջատասպանները, որոնք տնային և այգիների միջատների դեմ պայքարի արդյունավետ միջոցներ են: Բայց այդ պատրաստուկները թունավոր են մարդու համար և երբեմն ծանր Թ-ի պատճառ են դառնում: Սուր Թ. են առաջանում քլորոֆոսը կամ կարբոֆոսը մարսող. համակարգ ներթափանցելիս կամ դրանց գոլորշիները շնչելիս (ինհալացիոն Թ.):
Ինհալացիոն Թ-ի դեպքում նկատվում են գլխապտույտ, սրտխառնոց, տեսողության խանգարում, ուժեղ քրտնարտադրություն, հոգեկան գրգռված վիճակ: Դրանք օրգանիզմ թափանցելիս առաջացնում են փսխում, լուծ, գլխացավ, հետկրծոսկրային ցավեր, առատ քրտնարտադրություն, քթից ու բերանից լորձարտադրություն, ծանր դեպքերում՝ գիտակցության կորուստ, ջղաձգություններ, շնչառության խանգարում, ընդհուպ՝ դադար, սրտի կծկումների հաճախության նվազում, մկանաթուլություն, զարկերակային արյան ճնշման իջեցում:
Քլորոֆոսից կամ կարբոֆոսից Թ-ի ախտանշանների դեպքում պետք է շտապ բժիշկ կանչել: Մինչև բժշկի գալը ինհալացիոն Թ-ի դեպքում անհրաժեշտ է տուժածին դուրս բերել մաքուր օդ, հանել թույնով աղտոտված հագուստը, ջրով լվանալ մարմնի բաց մասերը, իսկ թունաքիմիկատը օրգանիզմ ներթափանցելու դեպքում՝ խմեցնել 3-4 բաժակ ջուր, ցանկալի է աղաջուր (1 բաժակին՝ 0,5 թեյի գդալ) և, գրգռելով լեզվի արմատը, փսխում առաջացնել: Բուժարարողությունը կրկնել 4-5 անգամ, որից հետո տալ լուծողական, այնուհետև բեսալոլի կամ բիկարբոնի (5-6) հաբեր և սև պաքսիմատով տաք թեյ: Անհրաժեշտ է հիվանդին պառկեցնել առանց բարձի, գերադասելի է փորի վրա՝ գլուխը կողքի թեքած: Շնչառության կտրուկ վատանալու դեպքում կատարել արհեստ. շնչառություն: Գիտակցությունը կորցրած հիվանդի ստամոքսը կարող է լվանալ միայն բուժաշխատողը:
Կրծողների դեմ պայքարի համար կիրառվում են զոոցիդներ: Առնետները և մկները համարվում են նաև մարդու համար հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա ևն) փոխանցողներ: Որպես զոոցիդ՝ ստրիխնինի, սպիտակ մկնդեղի, ցինկի ֆոսֆիդի տիպի ուժեղ թույներն այժմ հանվել են գործածությունից: Դրանց փոխարեն խորհուրդ է տրվում ռատինդան (երկֆենացին) և կրիսիդ (նավթիլմիզանյութ), որոնք մարդու համար թունավոր չեն, բայց նաև լրիվ անվտանգ չեն: Դրանք կարող են առաջացնել ստամոքսաղիքային համակարգի գործունեության խանգարում, ուստի դրանց հետ աշխատելիս պետք է զգույշ լինել:
Մեծ քանակությամբ թունաքիմիկատներ օգտագործվում են գյուղատնտեսության մեջ: Օրինակ՝ հացահատիկն ախտահանում են հիմնականում սնդիկօրգան. թունաքիմիկատներով՝ գրանոզանով, մերկուրանով ևն: Դրանք օրգանիզմ կարող են թափանցել շնչուղիների (գոլորշու կամ փոշու հետ), ստամոքսաղիքային համակարգի (թքի, սննդամթերքի հետ), մաշկի ու լորձաթաղանթների միջոցով: Թ. առաջանում են ցանքի ժամանակ՝ հացահատիկի ախտահանման անվտանգության կանոնները չպահպանելիս:
Նշված թույներից Թ-ի ախտանշաններն արտահայտվում են մի քանի ժ-ից մինչև 1 շաբաթվա ընթացքում: Թեթև Թ-ի դեպքում առաջանում են գլխացավ, սրտխառնոց, փսխում, բերանում՝ մետաղ. համ: Լինում են ուժեղ թքարտադրություն, որովայնի ցավեր, ընդհանուր թուլություն: Ծանր Թ-ի ժամանակ նկատվում են թուլություն, արագ հոգնելիություն, աշխատունակության նվազում, գլխացավ, գլխապտույտ, ուշագնացության հակում, երերուն քայլվածք, հիշողության նվազում, քնի խանգարում (քնկոտություն ցերեկը և անքնություն գիշերը), գրգռվածություն, բարձր դրդելիություն, անբացատրելի վախ, լսող. և տեսող. զգայախաբություններ: Նյարդային համակարգի ուժեղ ախտահարման դեպքում հնարավոր է վերջույթների լուծանք: Լինում են նաև ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ, երբեմն՝ լնդաբորբի և բերանաբորբի երևույթներ (փխրուն, արյունահոսող լնդեր, հազվադեպ՝ բերանի խոռոչի լորձաթաղանթի խոցեր), սրտի շրջանում՝ ցավեր:
Մկնդեղ պարունակող թունաքիմիկատներից են արսենային անհիդրիդը, փարիզյան կանաչը ևն: Մկնդեղն օրգանիզմ կարող է թափանցել շնչուղիների և մարսող. համակարգի միջոցով: Այն կուտակվում է ոսկրերում, երիկամներում, լյարդում և հատկապես մազերում, եղունգներում ու մաշկում: Օրգանիզմից դուրս է գալիս հիմնականում երիկամների և աղիքների միջոցով:
Թույնը ստամոքսաղիքային համակարգ ընկնելիս բերանում անմիջապես զգացվում է մետաղ. համ, առաջանում են սրտխառնոց, անզսպելի փսխում, որովայնի ուժեղ ցավեր: Փսխած զանգվածը կանաչավուն է, իսկ կղանքի հեղուկ մասը նման է բրնձի եփուկի, նվազում է մեզի քանակը, և հիվանդության պատկերը նմանվում է խոլերայի: Այնուհետև օրգանիզմն ուժեղ ջրազրկվում է, առաջանում են դեղնախտ, ցնցումներ, մաշկի կապտություն, վերջն. փուլում՝ գիտակցության կորուստ և սրտի աշխատանքի անկում: Օրգանիզմ ներթափանցած մեծ քանակությամբ թույնը կարող է առաջացնել լուծանքային Թ.՝ խլացում, գիտակցության կորուստ, ջղաձգություններ, սրտի գործունեության կտրուկ խանգարում: Տուժածը շնչահեղձությունից կարող է մահանալ մի քանի ժ-ից: Ինհալացիոն Թ-ի (փոշով կամ գոլորշով) ժամանակ նկատվում է լորձաթաղանթների գրգռվածություն, որն ուղեկցվում է արցունքահոսությամբ, փռշտոցով, կրծքի շրջանի ուժեղ ցավերով ուղեկցվող հազով: Առաջանում են հևոց, մաշկի կապտություն, ջերմաստիճանը բարձրանում է, այնուհետև կտրուկ ընկնում, սկսվում են ցնցումներ, ստամոքսաղիքային համակարգի խանգարում:
Պղինձ պարունակող թունաքիմիկատներից շատ են կիրառվում պղնձարջասպը և բորդոյան հեղուկը, որոնցով պայքարում են խաղողի և այգու վնասատուների դեմ: Վերջիններիս հետ աշխատելուց մի քանի ժ անց, եթե չեն պահպանվում անվտանգության կանոնները, սկսվում է ուժեղ դող, բարձրանում է ջերմաստիճանը (39°C և ավելի), նկատվում են առատ քրտնարտադրություն և ընդհանուր թուլություն, ձեռքերի և ոտքերի մկանների մղկտացող ցավեր, գլխացավեր, վերին շնչուղիների գրգռվածության ախտանշաններ, երբեմն՝ քթային արյունահոսություն, հաճախ՝ սուր բրոնխաբորբի