երևույթներ: Որպես կանոն՝ առաջանում են ստամոքսի ցավեր, սրտխառնոց, փսխում: Հիվանդն առողջանում է 2-3 օրից: Պղնձի միացությունները ստամոքսաղիքային համակարգ ընկնելիս բերանում զգացվում է տհաճ մետաղ. համ, առաջանում են ուժեղ թքարտադրություն, սրտխառնոց, փսխում (կանաչ), երբեմն՝ որովայնի կծկանքային ցավեր, արյունային լուծ: Այդ քիմիկատները, քայքայելով էրիթրոցիտները, առաջացնում են սակավարյունություն, ախտահարում են լյարդը (դեղնախտ է սկսվում) և երիկամները: Պղնձի պատրաստուկները տեղային գրգռող ազդեցություն ունեն նաև մաշկի և աչքերի լորձաթաղանթների վրա:
Բույսերի սնկիկային հիվանդությունների, ինչպես նաև տզերի ոչնչացման համար գործածվում է կոլոիդ և մանրացրած ծծումբ: Վերջինս առաջացնում է մաշկի և լորձաթաղանթների գրգռվածություն՝ մաշկաբորբեր, էկզեմա, շաղկապենաբորբ, կոկորդաբորբ, բրոնխաբորբ: Ծծմբի փոշին երկարատև շնչելիս կարող են առաջանալ թոքերի հիվանդություններ (տես Թոքերի փոշեգարություև), ստամոքսաբորբ: Որպես թունաքիմիկատ՝ ծծմբային անհիդրիդն ուժեղ գրգռում է ոչ միայն աչքերի լորձաթաղանթը և վերին շնչուղիները, այլև ազդում է ամբողջ օրգանիզմի վրա:
Ծծմբային անհիդրիդով (կիրառվում է որպես միջատասպան) թեթև Թ-ի դեպքում նկատվում են արցունքահոսություն, աչքերում ծակոց, հարբուխ, հազ, կոկորդում՝ այրոց, ձայնի խռպոտում, աչքերի սպիտապատյանի, ըմպանի և քթի լորձաթաղանթների կարմրություն: Առավել ծանր Թ-ի ժամանակ լինում է ջղաձգային հազ՝ երբեմն արյունային խորխով, քթային արյունահոսություն, հևոց, մաշկի կապտություն, շնչահեղձություն (ձայնաճեղքի կծկումից կամ թոքերի արյան շրջանառության խանգարումից):
Ալկալոիդային թունաքիմիկատներից են անաբազինսուլֆատը և նիկոտինսուլֆատը, որոնք օրգանիզմ են թափանցում ինչպես շնչուղիների և ստամոքսաղիքային համակարգի, այնպես էլ նույնիսկ չվնասված մաշկի միջոցով: Անբարենպաստ ազդեցություն են ունենում կենտր. նյարդային համակարգի, հատկապես շնչառ. կենտրոնի վրա: Բարձր չափաքանակներից շնչառ. կենտրոնի գրգռված վիճակին հաջորդում են այդ կենտրոնի ընկճվածությունը և լուծանքը (շնչառության դադարով): Անաբազինսուլֆատի ծանր Թ-ից առաջանում են գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց, երբեմն՝ փսխում, անոթազարկի արագացում, ուժեղ մկանային թուլություն, ուժեղ թքահոսություն և քրտնարտադրություն, ջերմաստիճանի անկում, ծանր դեպքերում՝ հոգեկան գրգռված վիճակ, ցնցումներ, գիտակցության կորուստ, զարկերակային արյան ճնշման անկում, և մահը վրա է հասնում շնչառության ու սրտի աշխատանքի կանգից: Ծանր Թ. նիկոտինսուլֆատով հազվադեպ են հանդիպում: Ախտանշանները համարյա նույնն են, ինչ նախորդինը, բայց՝ թույլ արտահայտված:
Հացահատիկի վնասատուների դեմ պայքարի արդյունավետ միջոց է պահեստներում, սառնարաններում, էլևատորներում կրծողների ոչնչացման նպատակով լայնորեն կիրառվող բրոմմեթիլը, որը շատ թունավոր է, և Թ. առաջանում են թույնը շնչելիս ու մաշկի վրա ընկնելիս:
Բրոմմեթիլից սուր Թ., որպես կանոն, ունենում են գաղտնի շրջան, այնուհետև առաջանում են ընդհանուր թուլություն, գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց, երբեմն՝ փսխում, անվստահ երերուն քայլվածք, վերջույթներում՝ դող, տեսողության խանգարում, դեմքի մաշկի կարմրություն, անոթազարկի հաճախացում կամ դանդաղում, զարկերակային արյան ճնշման անկում: Թունավորման ախտանշանները կարող են անհետանալ բրոմմեթիլի հետ շփումը դադարեցնելիս: Հիվանդության հաջորդ շրջանը կարող է սկսվել 2-12 ժ-ից կամ նույնիսկ 1-2 օրից: Այն բնորոշվում է արագ զարգացող մկանային ցնցումներով, ջղաձգումային նոպաներով, լեզվի և վերջույթների դողով, աչքերի առջև պատկերների երկատմամբ, չհամաձայնեցված շարժումներով, բբերի լայնացումով: Ծանր դեպքերում առաջանում է գիտակցության կորուստ (անգամ մահ): Հաճախ առաջանում են թոքերի թունավոր այտուց և թոքաբորբ, սուր լյարդ-երիկամային անբավարարություն:
Քլորօրգան. միացություններից հեքսաքլորանը, հեքսաքլորբութադիենը և այլ պատրաստուկներ ևս լայնորեն կիրառվում են որպես թունաքիմիկատներ: Դրանցով թեթև աստիճանի սուր Թ-ից առաջանում են ընդհանուր թուլություն, գլխացավ, գլխապտույտ, հիշողության կորուստ, քնի խանգարում, հուզ. անկայուն, գրգռված վիճակ: Հնարավոր են սրտխառնոց և փսխում: Առավել ծանր Թ. ընթանում են նյարդային համակարգի ախտահարումով՝ վերջույթների շարժունության սահմանափակումով, և կարող են ավարտվել լուծանքով: Հնարավոր են նաև լյարդի, երիկամների, ստամոքսի (ստամոքսաբորբ) ֆունկցիաների խանգարումներ:
Թունաքիմիկատներից թունավորման ախտանշանների դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: Ինհալացիոն Թ-ի դեպքում, մինչև բժշկի գալը տուժածին պետք է դուրս բերել մաքուր օդ, հանել վարակված հագուստը և ջրով լվանալ մարմնի բաց մասերը: Թունաքիմիկատներն օրգանիզմ թափանցելիս տուժածին պետք է խմեցնել 3-4 բաժակ ջուր, գերադասելի է աղաջուր (0,5 թեյի գդալ՝ 1 բաժակին) և, սեղմելով լեզվի արմատը, փսխում առաջացնել: Բուժարարողությունը կրկնել 4-5 անգամ, այնուհետև տալ լուծողական (1 ճաշի գդալ անգլ. աղ՝ 1 բաժակ ջրին), կարելի է նաև բեսալոլի կամ բիկարբոնի 5-6 հաբ: Հիվանդին խմեցնել պաքսիմատով տաք թեյ և պառկեցնել առանց բարձի, ցանկալի է փորի վրա՝ գլուխը կողքի թեքած: Շնչառությունը դժվարանալիս անհրաժեշտ է կատարել արհեստ. շնչառություն: Գիտակցությունը կորցրած հիվանդի ստամոքսը պետք է լվանա միայն բուժաշխատողը:
Թունաքիմիկատները պետք է պահել միայն հատուկ, հերմետիկ փակվող, պիտակով տարաներում, որպեսզի մեծահասակները և երեխաները սխալմամբ չօգտագործեն: Թունաքիմիկատները չի կարելի լուծել սննդի համար նախատեսված ամաններում:
Բնակելի շինությունները թունաքիմիկատներով մշակելիս այնտեղից պետք է դուրս բերել մարդկանց, կենդանիներին, ինչպես նաև ամանեղենը և սննդամթերքը: Կենցաղային թունաքիմիկատներով աշխատելիս քիթը և բերանը պետք է փակել 4 տակ ծալած թանզիֆով, աչքերին հատուկ ակնոց դնել: Աշխատանքն ավարտելուց հետո շինությունը երկար ժամանակ օդափոխել, իսկ թունաքիմիկատը պահել երեխաներին անհասանելի տեղում, լավ լվացվել օճառով և փոխել հագուստը:
Անվտանգության կանոնները պետք է պահպանել նաև այգիները թունաքիմիկատներով մշակելիս: Կենցաղային թունաքիմիկատներն օրգանիզմ կարող են թափանցել հատապտղի, մրգի, բանջարեղենի միջոցով:
Կենցաղային Թ-ից խուսափելու համար չի կարելի թունաքիմիկատները պահել բնակարանում: Անթույլատրելի է կենցաղում միջատների և կրծողների դեմ պայքարի չարտոնագրված միջոցներ կիրառել: Թունաքիմիկատներով աշխատելիս անհրաժեշտ են ձեռնոցներ, կոշիկներ և հատուկ գործվածքից կամ ռետինե հագուստ, օդում աերոզոլերի առկայության դեպքում՝ շնչադիմակներ, իսկ թունաքիմիկատների գոլորշիների պայմաններում՝