կիրառման հրահանգները: Դրանք պետք է պահպանել առանձին, ցանկալի է բնակարանից դուրս, մթերքից հեռու: Յուրաքանչյուր պատրաստուկ պետք է ունենա պիտակ: Կենցաղային քիմիայի պատրաստուկների լուծույթները, հատկապես միջատասպանները, երբեք չպետք է լցնել խմիչքի տարայի մեջ՝ սխալմամբ օգտագորցելուց խուսափելու համար:
4. Քաղաքաբնակները, վատ ճանաչելով սնկերը և հատապտուղները, իրենց և շրջապատողներին ենթարկում են մահացու վտանգի՝ սննդում գործածելով անծանոթ սնկեր ու հատապտուղներ:
5. Ալկոհոլի ցանկացած փոխնյութ պոտենցիալ թույն է:
6 Սննդի (հատկապես պահածոյած) լավորակության որևէ կասկածի դեպքում խուսափել այն օգտագործելուց:
7. Անձնական հիգիենայի կանոնների խստիվ պահպանումը հուսալի երաշխիք է մարդու կյանքն անտեսանելի թունավարակային վտանգից պաշտպանելու համար:
ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐ գյուղատնտեսական, պեստիցիդներ, քիմ. միացություններ, որոնք կիրառվում են վնասակար միջատներին, տզերին, կրծողներին, որդերին ու փափկամորթներին ոչնչացնելու, բույսերի սնկիկային հիվանդությունների դեմ պայքարելու, մոլախոտերը ոչնչացնելու, բույսերի հավելյալ տերևները, ծաղիկները, սերմնարանները հեռացնելու և բույսերը ջրազրկելու նպատակով: Թ-ի մեծ մասը մարդու և կենդանիների համար թունավոր է, ուստի դրանց հետ աշխատելիս պետք է խստորեն պահպանել հաստատված նորմերն ու կանոնները:
Մարդու օրգանիզմ Թ. կարող են ընկնել շնչառության օրգանների, մաշկի և ստամոքսաղիքային համակարգի միջոցով: Դրանց ազդեցությանն են ենթարկվում Թ. արտադրող արտադրամասերում աշխատողները, անմիջապես Թ. փոխադրողները և մարդիկ, ում աշխատանքը կապված է ցանքի, բերքահավաքի ու գյուղատնտ. մթերքների մշակման հետ: Թ-ի հետ արգելվում է աշխատել մինչև 18 տարեկաններին, հղի կանանց և կերակրող մայրերին: Աշխատանքային օրվա տևողությունը, կախված նշված նյութերի թունավորության աստիճանից, 4-6 ժ է:
Այնտեղ, որտեղ աշխատում են Թ-ի հետ, արգելվում է պահել սննդամթերք, ջուր, տնային գործածության իրեր: Թ. չի կարելի առանց պահպանության թողնել դաշտում կամ այլ վայրերում: Ժամանակավոր պահպանման համար ընտրում են հատուկ տարածքներ՝ արոտավայրերից և ջրամբարներից 200 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Այգիները, անտառները, պուրակները Թ-ով մշակել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ մշակվող օբյեկտների և ջրամբարների միջև հնարավոր է պահպանել առնվազն 300 մ երկար, սանիտարական պաշտպանական գոտիներ:
Շոգ եղանակին Թ-ի հետ աշխատանքը կատարվում է առավոտյան ժամերին, երբ օդի ջերմաստիճանը ցածր է, արևի ճառագայթման ուժգնությունը նվազ է և քամին թույլ:
Գետնադիր սարքավորումներով բույսերի փոշեհարումը և սրսկումները, հողի մեջ հատիկավոր պատրաստուկների ներմուծումը, սերմերի բացօթյա ախտահանումը արգելվում է քամու 4 մ/վրկ արագության դեպքում:
Բույսերը սրսկելիս պետք է ուշադիր լինել, որ փոշեցրվող պատրաստուկները քամու հոսքով չհասնեն աշխատողներին:
Հողամասում, որտեղ օգտագործվել են Թ., ցանկացած աշխատանք կարելի է կատարել միայն յուրաքանչյուր թունաքիմիկատի համար սահմանված ժամկետը լրանալուց հետո:
Հողի փխրեցման հետ չկապված, մաշի վրա ազդող Թ-ով մշակված բույսերի հետ շփում պահանջող ցանկացած աշխատանք թույլատրվում էմեթիլմերկապտոֆոսի, օկտամեթիլի, ֆոսֆամիդի, եռաքլորմետաֆոսի կիրառումից 3 օր, պոլիքլորպինենից և պոլիքլորկամֆենից՝ 4 օր, կարբոֆոսից՝ 6 օր, հեքսաքլորբութադիենից՝ 3 շաբաթ, մնացած Թ-ից՝ 3 օր անց: Հողի փխրեցմամբ ուղեկցվող աշխատանքները, որտեղ կայուն Թ. (օրինակ՝ հեպտաքլոր, հեքսաքլորան) են կիրառվել, թույլատրվում են միայն 2 շաբաթ անց, իսկ մյուս պատրաստուկների կիրառումից հետո 1 շաբաթ անց:
Շինություններում միջատների, տզերի ոչնչացման նպատակով ծխահարումը (գազավորումը) անցկացվում է միայն սան. հսկողության մարմինների թույլտվությամբ: Նման օբյեկտներին մոտ գտնվող շենքերի բնակիչներին նախապես տեղեկացվում է ծխահարման ժամկետների և վայրի մասին: Ծխահարումն արգելվում է այն օբյեկտներում, որոնք գտնվում են բնակավայրերից 200 մ-ից պակաս և արտադր. ձեռնարկություններից, երկաթուղուց և ավտոճանապարհներից 100 մ հեռավորության վրա: Աշխատանքները կատարում են հատուկ պատրաստված (3 մարդուց ոչ պակաս) բրիգադները: Կտրականապես արգելվում է ծխահարիչների հետ աշխատել միայնակ, ինչպես նաև շինություն տանել սննդամթերք, ջուր, ծխախոտ ևն: Գազավորումից հետո շինությունից կարելի է օգտվել աշխատանքները ղեկավարողի գրավոր թույլտվությունից հետո միայն:
Թ-ի պահպանումը. պահեստներում թույլատրվում է միայն շինությունը պետ. սան. հսկողության մարմինների ներկայացուցչի կողմից ստուգելուց և պահեստի անձնագիր կազմելուց հետո: Խստիվ արգելվում է Թ. պահել անմիջապես հատակին և դրանց տարաներն օգտագործել սննդամթերք պահելու համար: Պահեստները մաքրվում են 2 շաբաթը մեկ՝ հատուկ փոշեկուլով և լվացող սարքերով: Սկզբում հավաքում են փոշին, ապա լվանում են պատերը, հատակը, դարակները:
Գյուղատնտեսական Թ. և սննդամթերքը, գյուղատնտեսության մեջ Թ-ի լայնորեն կիրառումը կարող է հանգեցնել սննդամթերքի մեջ դրանց անցմանը, որոնց հետ էլ՝ մարդու օրգանիզմ: Հայտնի են սուր թունավորումների դեպքեր հիմնականում Թ-ի արտադրությունում, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ դրանց հետ աշխատելիս: Կարող են պատահական թունավորումներ լինել հացից, որը թխված է բարձր թունավորությամբ նյութեր պարունակող ալյուրից, երբ սերմացուի համար Թ-ով (օրինակ՝ գրանոզան, մերկուրան) մշակված ցորենն օգտագործվել է սննդի մեջ:
Թ. կարող են կուտակվել բույսերի ուտելի մասերում: Կենդանիների մաշկածածկույթների արտաքին մակաբույծների դեմ պայքարելու նպատակով Թ-ի օգտագործման ժամանակ, ինչպես նաև Թ-ի մնացորդներ պարունակող կերը ուտելիս թունավոր նյութեր են հայտնաբերվում կենդանիների մսի, կաթի, յուղի մեջ, թռչունների մսի և ձվի մեջ: Ուստի անասնաբուծության մեջ Թ. կիրառելիս, մթերային, տեխ., կերային մշակաբույսերն աճեցնելիս, անտառտնտեսության մեջ պետք է խստորեն պահպանվեն Թ-ով մշակման սահմանված ժամկետները, դրանց ծախսի նորմերը, աշխատանքային կոնցենտրացիան: Թ-ի կիրառման համար հաստատված քանակները, որոնք նախատեսված են որոշակի տեսակի կենդանու կամ բույսի համար, պիտանի չեն այլ տեսակի կենդանիների և բույսերի համար:
Թ-ի հետ աշխատելու անվտանգության միջոցառումները. Թ-ի հետ բոլոր աշխատողներն ապահովում են անհատական պաշտպանության միջոցներով: Դրանք ընտրում են աշխատանքի համար պատասխանատու ղեկավարները: Նշված միջոցները պահվում են մաքուր, չոր շինությունում տեղադրված առանձին պահարաններում: