Արգելվում է անհատ. պաշտպանության միջոցները պահել նույն շինությունում (որտեղ գտնվում են Թ.), դրանք տանել տուն կամ հագնել աշխատանքից հետո:
Փոշենման Թ. փաթեթավորելիս, բեռնաթափելիս, փոշեցրելիս, Թ-ի լուծույթներով (որոնց ցնդելիությունը սովոր. ջերմաստիճանում մեծ չէ) սրսկելիս, սերմերը Թ-ով մշակելիս և ցանելիս անհրաժեշտ է օգտվել հակափոշային շնչադիմակներից: Բարձր թունավորությամբ ցնդող միացությունների հետ աշխատելիս պետք է օգտվել հակագազային կոթառներով շնչադիմակներից:
Սնդիկօրգ. միացություններից պաշտպանվելու համար օգտագործում են Г մակնիշի հակագազային կոթառ, ֆոսֆոր-, քլոր- և այլ օրգ. միացությունների դեպքում՝ A մակնիշի կոթառ: Նշված շնչադիմակների և կոթառների բացակայության դեպքում կիրառվում են զտիչներ ունեցող տուփերով հակահազերը:
Ամեն օր, աշխատանքից հետո հակագազի և շնչադիմակի՝ դեմքի հետ շփվող մասերը հարկավոր է լվանալ տաք ջրով ու օճառով, ախտահանել սպիրտի կամ 0,5 %-անոց կալիումի գերմանգանատի լուծույթով թրջած բամբակով, ապա նորից լվանալ մաքուր ջրով և չորացնել 30-35° C-ի պայմաններում:
Խտանյութերից, էմուլսիաներից, մածուկներից, լուծույթներից և այլ հեղուկ Թ-ից ձեռքերը պաշտպանելու համար օգտագործում են ռետինե (բայց ոչ բժշկ.) հատուկ ձեռնոցներ: Փոշենման Թ-ի հետ աշխատելիս օգտագործում են բրեզենտե բախիլներ (կոշիկի վրա հագցվող շոր), հեղուկների դեպքում՝ ռետինե ճտքակոշիկներ, պահեստներում՝ հատուկ կոշիկներ: Աչքերը Թ-ից պաշտպանում են հակափոշային ակնոցներով:
Աշխատանքն ավարտելիս ռետինե ձեռնոցները (առանց հանելու) լվանում են վարակազերծող լուծույթով (3-5 %-անոց կրակաթով), ապա՝ ջրով, որից հետո հանում են պաշտպան. ակնոցները, շնչադիմակը, կիսակոշիկները և կոմբինեզոնը, ձեռնոցները նորից լվանում են վարակազերծող լուծույթով և ջրով:
Թ. տեղափոխում են հատուկ սարքավորված տրանսպորտով, որի վրա գրված է «Թունաքիմիկատներ»: Խստորեն արգելվում է Թ-ի հետ միասին տեղափոխել սննդամթերք և այլ ապրանքներ:
Արգելվում է Թ-ով կեղտոտված նյութերը լցնել ջրի մեջ, իսկ դրանց մնացորդները՝ ջրամբարների մեջ, որտեղից ջուր են խմում կենդանիները կամ պահվում են ջրլող թռչուններ և բազմացվում ձկներ:
Առաջին օգնությունը թունավորումների դեպքում, աշխատանքի վայրերում Թ-ի հետ պետք է լինի 1-ին օգնության դեղարկղիկ՝ անհրաժեշտ դեղորայքով:
1-ին օգնության ընդհանուր միջոցառումները, անկախ թույնի բնույթից, պետք է ուղղված լինեն օրգանիզմ թույնի թափանցման դադարեցմանը: Եթե թույնը թափանցել է շնչառության օրգաններով, ապա տուժածին պետք է շտապ տեղափոխել մաքուր օդ, եթե մաշկի միջոցով՝ քիմիկատը լվանալ հոսող ջրի շիթով (ցանկալի է օճառով): Թույնը աչքի մեջ ընկնելիս այն պետք է լվանալ առատ ջրով: Թ. մարսողության օրգաններ թափանցելիս տուժածին պետք է տալ մի քանի բաժակ ջուր կամ կալիումի գերմանգանատի թույլ լուծույթ (վարդագույն) և, գրգռելով ըմպանի հետին պատը, առաջացնել փսխում: Արարողությունը կրկնել 2-3 անգամ: Փսխում չի կարելի առաջացնել տուժածի անգիտակից վիճակում և ցնցումների ժամանակ: Փսխումից հետո տալ 0,5 բաժակ ջուր՝ 2-3 ճաշի գդալ ակտիվացրած ածուխով կամ 40-50 հաբ կարբոլեն, ապա՝ լուծողական (բայց ոչ գերչակի յուղ):
Շնչառության թուլացման դեպքում քթին պետք է մոտեցնել անուշադրի լուծույթով թրջած բամբակ, իսկ շնչառության դադարի դեպքում՝ կատարել արհեստական շնչառություն: Տուժածին տեղափոխել մաքուր օդ, արձակել հագուստը, բերանի խոռոչը մաքրել լորձից: Գրգռող նյութեր, օրինակ՝ ֆորմալին, սխալմամբ խմածին պետք է տալ օսլայի լուծույթ կամ կիսել: Չի կարելի տալ կաթ, ճարպեր, ալկոհոլային խմիչքներ: Ֆոսֆորօրգ. միացություններով թունավորման ժամանակ, որն ուղեկցվում է թքահոսությամբ, բբերի նեղացումով, արցունքահոսությամբ ևն, մինչև բժշկի կամ բուժակի գալը տուժածին պետք է տալ 3-4 հաբ բեսալոլ: Բոլոր թունավորումների դեպքում անհրաժեշտ է որքան հնարավոր է շտապ կանչել բուժաշխատողի:
Տես նաև Թունավորումներ, թունավորումներ թունաքիմիկատներով:
ԹՔԱԳԵՂՁԵՐ, բերանի խոռոչի մեջ իրենց ծորաններով բացվում են 3 զույգ մեծ Թ.՝ ենթածնոտային, ենթալեզվային և հարականջային: Բերանի խոռոչի լորձաթաղանթի մեջ կան նաև բազմաթիվ մանր գեղձեր, որոնք, տեղադրման շրջաններին համապատասխան, կոչվում են շրթունքային, թշային, քմային և լեզվային:
Հարականջային Թ. տեղադրված են դեմքի կողմնային երեսին՝ հետծնոտային փոսում: Դեպի վեր տարածվում են մինչև այտային աղեղը, իսկ դեպի վար՝ մինչև ստորին ծնոտի անկյունը: Գեղձի ծորանը 5-6 սմ երկար, դուրս է գալիս գեղձի առաջային եզրից, անցնում ծամիչ մկանի վրայով և, ծակելով թշամկանը, բացվում է լորձաթաղանթի վրա՝ վերին 2-րդ մեծ աղորիքի դիմաց: Ենթածնոտային Թ. մեծությամբ 2-րդն են՝ տեղավորված ենթածնոտային համանուն եռանկյան մեջ, և բերանի խոռոչից բաժանված են ծնոտակորճային մկանով: Գեղձի ծորանը բացվում է թքային մսիկի վրա:
Ենթալեզվային Թ. գտնվում են բերանի խոռոչի հատակում՝ ծնոտակորճային մկանի վրա: Ի տարբերություն մյուս գեղձերի՝ Ենթալեզվային Թ., բացի մեծ ծորանից, ունեն նաև փոքր ծորաններ, որոնք բացվում են ենթալեզվային ծալքի երկայնքով:
Տես նաև Թքարտադրություն:
ԹՔԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, թքի ինքնաբեր ռեֆլեքսային արտազատումը բերանի խոռոչ: Թուքը մարսողության 1-ին փուլի կարևոր բաղադրիչն է, որն անմիջապես կապված է ծամելու և կերակրագնդի ձևավորման, սննդի ֆիզքիմ. հատկությունների հետ: Բերանի խոռոչում գտնվող նյարդային վերջույթները սննդի բնույթի մասին տեղեկություն են հաղորդում երկարավուն ուղեղում տեղադրված Թ-յան կենտրոն: Այնտեղից տեղեկությանը համապատասխան «հրաման» է տրվում թքագեղձերին, որոնք սկսում են թուք արտադրել: Վերջինիս մածուցիկությունը և օրգ. ու անօրգ. նյութերի պարունակությունը համապատասխանում են ընդունած սննդի բնույթին: Թ. կարող է տեղի ունենալ նաև սննդի մասին պատկերացնելիս, այն տեսնելիս կամ հոտն զգալիս:
Մարդու օրգանիզմում օրվա ընթացքում արտադրվող թքի քանակը կախված