բնակչության սեռատարիքային կազմի ընթացիկ գնահատումներից: Ենթադրվող սերնդի ընդհանրացնող ցուցանիշներն են ծնելիության գումարային գործակիցը և սպասվելիք կյանքի միջին տևողությունը: Ծնելիության (պտղաբերության) գումարային գործակիցը տվյալ տարում ըստ բոլոր տարիքների ծնելիության տարիքային գործակիցների գումարն է: Այն ցույց է տալիս, թե սերնդի 15 տարին լրացած 1 կինը միջինը քանի երեխա կծներ, եթե նրա կյանքի ընթացքում մանկածնության հաճախությունը յուրաքանչյուր տարիքում մնար այնպիսին, ինչպիսին տվյալ տարում է: Մահացության համար նման գործակից է սպասվելիք կյանքի միջին տևողությունը՝ տարիների այն թիվը, որը կապրեր տվյալ տարում ծնված մարդը, եթե նրա կյանքի ընթացքում մահացությունը յուրաքանչյուր տարիքում մնար այնպիսին, ինչպիսին ժամանակակից մակարդակն է: Որպես բնակչության վերարտադրության ամփոփիչ բնութագիր ընդունված է կին բնակչության վերարտադրման մաքուր (նետո) գործակիցը: Այն իրենից ներկայացնում է մայրական սերունդը դուստրերի սերնդով փոխարինվելու չափը՝ Ժ.գ. ժամանակակից մակարդակի պահպանման պայմանի դեպքում:
Սակայն հաճախ կիրառվում են Ժ.գ-ի ոչ թե այս ստույգ, այլ ավելի կոպիտ (բրուտո)՝ ծնելիության և մահացության ընդհանուր ցուցանիշները՝ 1 տարում ծնվածների և համապատասխանաբար մահացածների թվաքանակների հարաբերությունները բնակչության միջին տարեկան թվաքանակին (1000 բնակչի հաշվով): Ծնելիության և մահացության գործակիցների տարբերությունը բնակչության բնական աճի գործակիցն է: Սակայն այս ցուցանիշները խիստ կախված են բնակչության տարիքային կազմից, և դրանց փոփոխությունները ոչ միշտ են բնութագրում Ժ.գ-ի իրական ընթացքը:
Սոցհիգիենային և ժողովրդագր. հետազոտություններում կարևոր նշանակություն ունի մանկ. մահացության (մինչև 1 տարեկան) ուսումնասիրությունը: Այդ ցուցանիշները զգալի բարձր են մնացած տարիքի երեխաների և հասուն մարդկանց համեմատ: Մանկ. մահացությունը բարձր է կյանքի 1-ին օրերից և մինչև 1 ամսականը, ուստի տվյալ տարվա ցուցանիշը պայմանավորված է ծնված երեխաների թվաքանակի փոփոխությամբ: Այն հաշվարկվում է 1000 կենդանի ծնված երեխաների հաշվով:
Ժ.գ-ի իմացությունը կարևոր է բնակչության առողջ. վիճակի և հիվանդությունների ուսումնասիրությունների, առողջապահության գործի ճիշտ կազմակերպման համար: Հիվանդացության, մահացության, ինչպես նաև մարդու ֆիզ. զարգացման ցուցանիշները բնակչության առողջ. վիճակի կարևոր բնութագրերն են: Հասարակության զարգացումն անհնարին է ուսումնասիրել՝ առանց բնակչության և աշխատանքային ներուժի թվաքանակի, տեղաբաշխման, կառուցվածքի, բնական և միգրացիայով պայմանավորված շարժերի, ինչպես նաև դրանց զարգացման օրինաչափությունների վերաբերյալ մանրամասն և բազմակողմանի տեղեկությունների:
Սոցիալ-ժողովրդագր. հատկանիշներով (տարիք, մասնագիտություն ևն), ինչպես նաև բնակլիմայական և մշակութակենցաղային պայմաններով տարբերվող բնակչության խմբերում Ժ.գ-ի համեմատ վերլուծությունը հնարավորություն է տալիս բացահայտելու հիվանդությունների տարածման հաճախության վրա ազդող գործոնները: Ընտանիքում երեխաների թիվը, նրանց ծնվելու ժամանակը, ծնունդների միջև ընկած ժամանակահատվածը կարևոր են կնոջ մանկածնության ֆունկցիան ուսումնասիրելու համար: Սոցհիգիենային հետազոտությունների և առողջապահության ճիշտ կազմակերպման համար, բացի արդյունքներից, կարևոր են նաև Ժ.գ-ի ուսումնասիրման եղանակները:
Ժ.գ-ի ուսումնասիրությունները կարևոր են առողջապահության պլանավորման գործում: Ծնելիության և մահացության միտումի բացահայտումը, դրանց, ինչպես նաև բնակչության սեռատարիքային կազմի ապագա փոփոխությունների կանխատեսումն այս գործընթացների ազդեցության տակ, անհրաժեշտ են բուժկանխարգելիչ հիմնարկների ցանցի պլանավորման, բուժաշխատողների պատրաստման, սանիտարականխարգելիչ բնույթի միջոցառումների արդյունավետության գնահատման, կանխարգելիչ միջոցառումների պլանավորման, բնակչության դիսպանսերացման համար: Ապագայում ծնունդների թվաքանակի ու բնակչության ամուսնական և ընտանեկան կազմի հնարավոր փոփոխությունների կանխատեսումը կարևոր նշանակություն ունի ծննդօգնության հիմնարկների, մսուր-մանկապարտեզների ցանցի ու գործունեության պլանավորման համար: Տես նաև Մայրության և մանկության պահպանություն:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ. բուժիչ միջոցների, դեղաբույսերի, ինչպես նաև հիգիենային հմտությունների ու մարդու առողջության պահպանման, կյանքի երկարացման, հիվանդությունների կանխարգելման և բուժման նպատակով դրանց գործն. կիրառության վերաբերյալ ժողովրդի կուտակած փորձն. տեղեկությունների ամբողջություն, որոնք, սերնդից սերունդ բանավոր հաղորդվելով, արտացոլվել են ժող. սովորույթներում, առակներում, ասույթներում, հեքիաթներում, գրավոր աղբյուրներում՝ բժշկարաններում: Նախամարդը որոշակի պատկերացումներ է ունեցել ցավազրկող բույսերի, արևի ճառագայթների ու ջրի բուժիչ նշանակության մասին, ուղղել է հոդախախտերը, բժշկ. օգնություն է ցույց տվել վնասվածքների, թունավորումների, ծննդաբերությունների ժամանակ ևն: Ստրկատիր. հասարակարգում տաճարային քրմական գաղտնախորհուրդ (օկուլտային) գիտությանը զուգահեռ զարգացած է եղել նաև քրմական բժշկությունը: Քրմերը համարվել են միջնորդներ մարդկանց ու երևակայական ուժերի (աստվածներ, ոգիներ ևն) միջև:
Վաղ անցյալում տարբեր ժողովուրդների մոտ ձևավորվել են պատկերացումներ մարդու ծնվելու և արևի ու մոլորակների դասավորության միջև եղած կապի մասին:
Հայկ. Ժ.բ-յան մեջ լայնորեն օգտագործել են մետաղներ, որոնք նույնպես կիրառվել են տաճարային քրմական դպրոցներում: Նրանց պատկերացմամբ որոշակի կապ կար մոլորակների, մարդու օրգանների ու մետաղների միջև: Ընդունված էր, որ Արևին ու սրտին համապատասխանում է ոսկին, Լուսնին ու ուղեղին՝ արծաթը, Փայլածուին և թոքերին՝ սնդիկը, Արուսյակին և երիկամին՝ պղինձը, Հրատին և լեղապարկին՝ երկաթը, Լուսնթագին և լյարդին՝ անագը, Երևակին և փայծաղին՝ կապարը: Ուստի որևէ օրգանի հիվանդության բուժման համար օգտագործվում էր համապատասխան մետաղի պատրաստուկը: Այս տեսությունն ընդունված է նաև հոգևոր գիտության՝ անտրոպոսոֆիայի և անտրոպոսոֆ բժշկության մեջ: Հոմեոպաթիկ բժշկությունը նույնպես լայնորեն կիրառում է մետաղներն ու դրանց միացությունները:
Այս կամ այն երկրի Ժ.բ. հաճախ կրել է հարևան կամ այլ երկրների ազդեցությունները: Բուժամիջոցների հարուստ զինանոց են ունեցել Միջագետքի բժիշկները: Եգիպտացիները բուժման նպատակով օգտագործել են ափիոն, մատուտակ, խաշխաշ, լոտոս: Տիբեթական բուդդայական