Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիվանդությունների ամբիոն, որտեղ Ե. Բլավատսկայայի ղեկավարությամբ աշխատանքներ են կատարվել ակնակապիճի չարորակ ուռուցքների տարածվածության, ախտորոշման և բուժման հարցերի վերաբերյալ: Ե. Բլավատսկայան Հայաստանում 1-ինն է կիրառել սաղմնային եղջերաթաղանթը՝ եղջերապատվաստման նպատակով: Արժեքավոր փորձարար. աշխատանք է կատարվել աչքի բեկունակության խանգարումների շտկման նպատակով միջշերտային եղջերապատվաստման բնագավառում: Մեթոդը լայն ճանաչում է գտել ՀՀ-ից դուրս: Զբաղվել են ոսպնյակի մթագնման և դրանով տառապողների դիսպանսերացման (Հ. Միրզա-Ավագյան), աչքի հետին հատվածի տարբեր հիվանդությունների ժամանակ կլինիկ. էլեկտրացանցենագրության (Լ. Բարսեղյան) հարցերով:

Սկսած 1988-ից, կապված երկրաշարժի, հետագայում ռազմ. գործողությունների հետ, ՀՀ տարածքում ավելացել է տեսող. օրգանների վնասվածքների քանակը, որը պահանջում էր մեծածավալ և բարձրորակ վերականգնող. վիրահատություններ: Այդ նպատակով հայ ակնաբույժները կապեր հաստատեցին արտասահմանյան, հատկապես ԱՄՆ-ի ակնաբույժների հետ: Արձագանքողներից 1-ինը Ռոջեր Հովհաննիսյանն էր: Նա համախմբեց ամերիկյան ակնաբույժների մի ստվար խումբ, որոնց շնորհիվ ՀՀ-ում ներդրվեցին բազմաթիվ նորագույն վիրահատ. միջոցներ, բժշկ. տեխնիկա: Հայ ակնաբույժները հնարավորություն ունեցան ԱՄՆ-ում ծանոթանալ Ա-յան զարգացման մակարդակին և կատարելագործել իրենց մասնագիտ. հմտությունները:

ԱԿՆԱԳԱՐԻԿ, ակնակլունձ, տիկնակլունձ, կոպի ճարպագեղձի սուր թարախային բորբոքում: Հիվանդության սկզբում կոպի եզրը դառնում է ցավոտ, կարմրավուն, այտուցված: 3-4 օր անց առաջանում է թարախային գլխիկ, որից հետագայում թարախ է արտադրվում: Առավել հաճախ առաջանում է հիգիենային կանոնները խախտելիս, աչքերը կեղտոտ երեսսրբիչով, թաշկինակով սրբելիս կամ ձեռքերով տրորելիս: Երբեմն բորբոքումն արդյունք է երկարատև և ծանր հիվանդությունների հետևանքով օրգանիզմի պաշտպան. ուժերի թուլացման (օրինակ՝ հաճախ է կրկնվում շաքարախտի ժամանակ):

Ա. առաջանալիս անհրաժեշտ է անհապաղ դիմել ակնաբույժի: Չի կարելի թարախը սեղմելով հանել, քանի որ վարակը կարող է արյունատար անոթներով տարածվել և հանգեցնել լուրջ բարդությունների՝ ուղեղապատյանաբորբի, արյան վարակման: Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պահպանել անձն. հիգիենայի կանոնները, օգտագործել պաշտպան. ակնոց (փոշոտ միջավայրում աշխատելիս), ժամանակին բուժել օրգանիզմի պաշտպան. ուժերը թուլացնող հիվանդությունները:

ԱԿՆԱՄՈՄ. տես Մեղուներ հոդվածում:

ԱԿՆԱՇԱՐԺ. աչքերի հորիզոն., ուղղահայաց կամ պտտական, արագ միմյանց հաջորդող ակամա շարժումներ: Սովորաբար լինում է երկկողմանի, հազվադեպ՝ միակողմանի: Առողջ մարդկանց Ա. առաջանում է աչքերի առջև արագ շարժվող առարկաներին նայելիս կամ արագ պտտվելիս (օրինակ՝ հատուկ բազկաթոռում), ինչպես նաև մարմնի ջերմաստիճանից բարձր կամ ցածր ջրով ականջները լվանալիս: Որպես հիվանդագին երևույթ՝ նկատվում է բնածին զգալիորեն թույլ տեսողություն ունեցող անձանց մոտ: Ա-ի պատճառ կարող են լինել նաև ներքին ականջի հիվանդությունները և կենտր. նյարդային համակարգի տարբեր ախտահարումները (վնասվածքային, անոթային, բորբոքային ևն): Ա-ի նշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

Տես նաև Աչք:

ԱԿՆՈՑ, պարզ օպտիկ. սարք՝ տեսող. թերությունները շտկելու կամ աչքը պաշտպանելու համար: Բաղկացած է ապակուց և շրջանակից, որն ապահովում է ապակու ճիշտ դիրքն աչքի նկատմամբ և աղեղնակի կամ այլ հարմարանքի միջոցով Ա. պահում անհրաժեշտ դիրքում: Տարբերում են շտկող Ա.՝ աչքի օպտիկ. թերություններն ուղղելու, և պաշտպանիչ Ա.՝ աչքը վնասվածքներից և չափազանց ուժեղ լույսից պաշտպանելու համար:

Շտկող Ա.: Համասեռ թափանցիկ միջավայրում լույսի ճառագայթը տարածվում է ուղղագիծ և մի միջավայրից մյուսն անցնելիս փոխում է իր ուղղությունը՝ բեկվում է: Լույսի տարածման այդ առանձնահատկության վրա է հիմնված շտկող Ա-ի համար տեսապակու օգտագործումը:

Լույսի զուգահեռ ճառագայթներն, անցնելով երկուռուցիկ տեսապակիով, այնուհետև գնում են զուգամիտվող ուղղությամբ և տեսապակու հետևում հավաքվում 1 կետում՝ կիզակետում (ա): Այդպիսի տեսապակին անվանում են հավաքող և նշանակում դրական (+) նշանով: Լույսի զուգահեռ ճառագայթները, անցնելով երկգոգավոր տեսապակիով, այնուհետև գնում են տարամետ ուղղությամբ և տեսապակուց առաջ առաջացնում կեղծ կիզակետ (բ): Երկգոգավոր տեսապակին անվանում են ցրող և նշանակում բացասական (-) նշանով: Բացի նշված գնդաձև տեսապակիներից, գոյություն ունեն գլանաձև տեսապակիներ՝ հավաքող և ցրող հատկությամբ: Դրանք ճառագայթները բեկում են միայն 1 ուղղությամբ, ուստի զուգահեռ ճառագայթները դրանցով անցնելիս կիզակետում առաջացնում են ոչ թե կետ, այլ գիծ: Այժմ պատրաստում են օպտիկ. տեսակետից ավելի կատարյալ՝ մահիկաձև և, այսպես կոչված, պունկտալային տեսապակիներ, իսկ գլանաձևի փոխարեն տակառաձև տորիկ տեսապակիներ:

Տեսապակու կենտրոնից մինչև կիզակետ եղած հեռավորությունը կոչվում է կիզակետային: Որքան այն փոքր է, այնքան մեծ է նրա բեկման ուժը: Տեսապակու օպտիկ. ուժը չափում են դիօպտրներով: Տեսապակու օպտիկ. ուժը 1 մ կիզակետային հեռավորության վրա հավասար է 1 դիօպտրի: Ցանկացած տեսապակու օպտիկ. ուժը հավասար է կիզակետային հեռավորության հակադարձ մեծությանը: Օրինակ՝ 2 մ կիզակետային հեռավորությամբ տեսապակու օպտիկ. ուժը հավասար կլինի 0,5 դիօպտրի (1:2 մ), 0,5 մ հեռավորության դեպքում՝ 2 դիօպտրի (1:0,5 մ), 0,25 մ-ի՝ 4 դիօպտրի, 0,1 մ-ի՝ 10 դիօպտրի ևն:

Հավաքող տեսապակիներով Ա., որը լրացնում է անբավարար ակոմոդացիան նշանակում են հեռատեսության ու ծերունական տեսողության ժամանակ (տես Ծերունական հեռատեսություն):

Հավաքող տեսապակիներով Ա-ի տեսապակու օպտիկ. ուժը չափվում է "+" նշանով դիօպտրներով: Ցրող տեսապակիներով Ա. նշանակում են կարճատեսության ժամանակ, որոնց օպտիկ. ուժը չափվում է "-" նշանով դիօպտրներով: Աչքի տարաբեկության ժամանակ թույլ տեսողությունը կարելի է լավացնել գլանաձև կամ տակառաձև տեսապակիներ ունեցող Ա-ով:

Որոշ դեպքերում անհրաժեշտ է միաժամանակ օգտագործել հեռուն և մոտիկը