Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բժշկությունը ներքին հիվանդությունների բուժման հիմքը համարել է բնական բուժիչ միջոցների օգտագործումը: Ժ.բ-յան վերաբերյալ տեղեկություններ կան Հին աշխարհի նշանավոր բժիշկներ Հիպոկրատի (մ.թ.ա. 460-377), Գալենոսի (Գալեն, 131-201), հետագայում՝ Իբն Սինայի (Ավիցեննա, մոտ 980-1037) և այլոց աշխատություններում:

Հայկ. Ժ. բ. բուժման նպատակներով օգտագործել է դեղաբույսեր, բուս. ծագման համեմունքներ, խեժեր, յուղեր: Նույն տարածքում ապրող մարդկանց բուժել են իրենց շրջակա միջավայրում աճող դեղաբույսերով (արդյունավետությունն ավելի բարձր է եղել): Օգտագործել են նաև կենդ. (գորտ, լորտու, օձ, հավ, սագ, աղավնի ևն) ծագման նյութեր (լեղի, ճարպ, մորթի, արտաթորանք, եղջյուրներ ևն), որոնց բուժիչ մեծ ազդեցությունը հաստատում է ուշ միջնադարի մեծագույն հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր «Անգիտաց անպետ» (1482, հրտ. 1926) հանրագիտ. բառարանում:

Վիրաբուժ. միջամտություններ (թարախակույտեր բացել), անգամ պտղահատում էին կատարում, եթե ծննդկանի կյանքին վտանգ էր ապառնում, անբուժելի վերքեր էին խարանում, ատամ հանում, հոդախախտեր ուղղում ևն: Պատմ. Ժ. բ. սերտորեն կապված է հեքիմության հետ, որում քիչ չեն ոչ նպատակահարմար, վնասակար միջոցներն ու մեթոդները:

Հայկ. Ժ. բ-յան վրա էական ազդեցություն են գործել սնոտիապաշտ. պատկերացումները՝ ճանապարհ հարթելով հեքիմության համար: Բուժում էին նաև մոգական, հմայական (աղոթել, մոմ թափել, վախ չափել, գարի գցել, գիր անել, դևերին ու սատանաներին վախեցնել) միջոցներով: Հայկ. Ժ. բ-յան մեջ մինչև այժմ կիրառվում է մկնատամի գիրը՝ չորեքշաբթի օրը, սագի փետուրից պատրաստված գրիչով գրում են հիվանդի մաշկի վրա (քրմերի գործադրած ամենահնագույն աղոթագիրն է): Գրիգոր Նարեկացու «Նարեկ» երկին վերագրվել է բուժիչ զորություն: Հավատացել են, որ դրա ընթերցումով կարելի է փրկվել չար ոգիներից, փարատվել «ջերմնատագնապ» ախտերից: Երկի տարբեր գլուխներ կարդացվել են այս կամ այն ցավի, պատահարի և աղետի դեպքում:

Հիվանդությունը կանխելու նպատակով կրում էին հուռութ: Ծանր հիվանդությունների դեպքում խորհուրդ էր տրվում որոշակի սննդակարգ: Ժողովուրդն ուներ ծոմ ու պաս պահելու սովորույթ, որը մաքրման ու առողջացման լավագույն նախապայման էր: Տատմայրը (մանկաբարձ) հմտորեն ընդունում էր ծնունդները, պարզում չբերության պատճառը և բուժում:

Այսպիսով, հայկ Ժ.բ. մնացել է գաղտնախորհուրդ բժշկության մաս, որը հաճախ անբացատրելի և անընդունելի է գիտ. բժշկության տեսանկյունից:

Հայկ. Ժ. բ., որը գրեթե 3 հզ տարվա պատմություն ունի, ստեղծել է դեղանյութերի հարուստ գանձարան: Ժ. բ-յան ավանդած փորձի հիման վրա Հայաստանում պատրաստված մի շարք դեղանյութեր (հայքար, հայկավ, լաջվարդ) արտահանվել են հարևան երկրներ: Հայ գիտ. բժշկությունը, սնվելով Ժ.բ-յան ակունքներից, կուտակել է բժիշկների բազում սերունդների (Մխիթար Հերացի, Ամիրդովլատ Ամասիացի, Բունիաթ Սեբաստացի և ուր.) դարավոր փորձն ու գիտելիքները Հայաստանի բուս. և կենդ. աշխարհի, ինչպես նաև հանքային նյութերի բուժիչ հատկությունների մասին: Տնային պայմաններում, վիրաբուժության, գիտ. բժշկության այլ բնագավառներում այսօր էլ կիրառվում են բույսերից, հանքային ջրերից, անօրգ. նյութերից պատրաստված դեղանյութեր: Բույսերի շատ տեսակների (եղինջ, դաղձ, ուրց, սինձ, սիբեխ, ավելուկ, շուշան, թելուկ ևն) օգտագործումը սննդում նպաստում է ներքին օրգանների հիվանդությունների ու բորբոքումների ապաքինմանը: Բազմաթիվ բույսերի (մատուտակ, եզան լեզու, գազ, մատիտեղ, վարդ ևն) արմատներ, պտուղներ, խոտաբույսեր, ծաղիկներ կիրառվում են ստամոքսաղիքային, սիրտանոթային և այլ հիվանդությունների ու վերքերի բուժման համար:

Ժամանակակից գիտ. հայ բժշկությունը Ժ.բ-յան հազարամյա փորձից վերցնում է արժեքավորը, նպատակահարմարը՝ այն մաքրելով կրոնաառեղծվածային շերտանստվածքից: Հայ բժիշկները հաճախ եվրոպ. գիտության տվյալները համադրում էին հայ ավանդ. բժշկության հարուստ փորձի հետ: Ժամանակակից բժշկության մեջ կիրառվում են Ժ. բ-ից փոխանցված բուժման շատ մեթոդներ (արևաբուժություն, օդաբուժություն, ջրաբուժություն, բուսաբուժություն, ասեղնաբուժություն ևն): Ժ. բ. գիտ. բժշկությանը կարող է տալ բուժման այլընտրանքային մոտեցումներ, հարստացնել ու ընդլայնել գործող բուսաբուժությունը:


Ի

ԻԴԻՈՍԻՆԿՐԱԶԻԱ, օրգանիզմի հակազդեցություն, որն իր կլինիկ. դրսևորումներով նման է ալերգ. հակազդեցություններին: Բնորոշ է որոշ սննդամթերքների (ձու, ձուկ, մորի, խավիար ևն) և դեղանյութերի (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ ևն) նկատմամբ ժառանգականորեն պայմանավորված բարձր զգայնություն ունեցող մարդկանց: Ի. կարող է դրսևորվել արյան ճնշման անկումով, արյունատար անոթների պատերի ախտահարումով (որն ուղեկցվում է մաշկի և լորձաթաղանթների արյունազեղումներով), արյան կարմիր ու սպիտակ մարմնիկների քայքայումով, ստամոքսաղիքային կամ օրգանիզմի մյուս համակարգերի ֆունկցիաների խանգարումներով: Վերջիններիս հիմքում ընկած է որոշակի ֆերմենտների անբավարարությունը, որի հետևանքով մարսող. հյութերում խանգարվում է սննդի մարսումը, և դա հանգեցնում է ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիայի խախտման:

Ի տարբերություն Ի-ի՝ սննդային և դեդորքային ալերգիայի հիմքում ընկած է որոշակի հակազդեցություն, որն առաջանում է ալերգենը կրկնակի անգամ օրգանիզմ թափանցելիս, եթե 1-ին անգամ առաջացել է օրգանիզմի գերզգայնաթյուն:

Ի-ի կանխարգելման նպատակով պետք է խուսափել վերը նշված հակազդեցություններն առաջացնող սննդամթերքի կամ դեղանյութի ընդունումից:

ԻՄՊՈՏԵՆՑԻԱ, տես Սեռական անկարողություն:

ԻՄՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, բժշկակենսբ. գիտություն, ուսումնասիրում է օրգանիզմի մոլեկուլային, բջջային և այլ ֆիզիոլոգ. հակազդեցությունները տարբեր հակածինների (օրգանիզմ թափանցող օտարածին գործոններ) նկատմամբ և դրա հետևանքով առաջացող առանձնահատուկ և ոչ առանձնահատուկ երևույթները: Օրգանիզմի ներքին միջավայրի հաստատունությանն ուղղված այդ պաշտպան. հակազդեցությունների ամբողջությունը կոչվում է իմունիտետ:

Ժամանակակից Ի. ընդգրկում է վարակ., ուռուցքային, ճառագայթային, փոխպատվաստումային բնագավառները, իմունաարյունաբանությունը, իմունոգենետիկան ևն: