ՀՀ-ում 1950-ական թթ. սկսվել են վարակական Ի-յան, 1960-ական թթ.՝ նաև ոչ վարակական Ի-յան, 1970-80 թթ-ից՝ բժշկակենսբ. Ի-յան տես. և կիրառ. բնագավառների հետազոտություններ:
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստ-ում աշխատանքներ են կատարվել երկարատև, աճեցվող ուռուցքածին բջիջների և նրանց հիբրիդների իմունաբան. և իմունաքիմ. վերլուծության, իմունային պատասխանի կարգավորման մոլեկուլաբջջային մեխանիզմների ուսումնասիրության ուղղությամբ (Յու. Ալեքսանյան և ուր.): ԳԱՍ Ա. Մնջոյանի անվ. նուրբ օրգ. քիմիայի ինստ-ում ուսումնասիրվել են հակաուռուցքային պատրաստուկների ազդեցությունն օրգանիզմի իմունաբան. ռեակտիվության վրա՝ չարորակ նորագոյացությունների աճման ընթացքում (Բ. Ղարիբջանյան և ուր.): ԵՊԲՀ-ում (Վ. Շեկոյան, Խ Սայադյան և ուր.), գյուղատնտ. նախ-յան անասնապահության և անասնաբուժության ԳՀԻ-ում (1999-ից՝ «Անասնաբուծության և անասնաբուժության գիտ. կենտրոն» ՊՓԲԸ) պարզաբանել են (Է. Ստեփանյան և ուր.) իմունային պատասխանի ինտենսիվության նյարդահումորալ կարգավորման գործընթացները, Ռ. Յոլյանի անվ. արյունաբանության և արյան փոխներարկման ինստ-ում՝ իմունաարյունաբանության (Վ. Ներսիսյան և ուր.), Լ. Հովհաննիսյանի անվ. սրտաբանության ինստում՝ կլինիկ. Ի-յան (Վ. Մկրտչյան և ուր.) առանձին հարցեր: Ալ. Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստ-ում կատարվել են փոխպատվաստումային Ի-յան (Ա. Զուրաբյան) և իմունային պատասխանի կարգավորման բջջային մեխանիզմների մեկնաբանման (Ս. Ղամբարով) աշխատանքներ: Ա. Ալեքսանյանի անվ. համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության ինստ-ում ուսումնասիրվել են բակտերիային, վիրուսային և մակաբուծ. վարակիչ հիվանդությունների իմունաախտորոշման և կանխարգելման հարցերը (Գ. Ղուկասյան, Վ. Ավետիսյան, Մ. Ջամբազյան): Ն. Հակոբյանի անվ. ընդհանուր հիգիենայի և մասնագիտ. հիվանդությունների ԳՀԻ-ում ուսումնասիրվել են մասնագիտ. ալերգ. մաշկախտերը (Վ. Կոգան և ուր.): Երևանի անասնաբուծ-անասնաբուժ. ինստ-ում (1994-ից՝ ՀԳԱ) պարզվել է հակաբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկների ազդեցությունը կենդանիների իմունաբան. ռեակտիվության վրա, մշակվել են կանխարգելիչ պատվաստումների մեթոդներ (Գ. Շաքարյան, Լ. Դանիլովա, Ս. Սաքանյան, Ա. Բոյախչյան):
ԻՄՈՒՆԻՏԵՏ, վարակամերժություն, անընկալություն, վարակիչ գործոնների և հակածինային բնույթի օտարածին նյութերի հանդեպ օրգանիզմի անընկալությունը: Հակազդեցությունների համալիր՝ ուղղված վարակիչ հակածիններից և օտարածին նյութերից օրգանիզմի պաշտպանությանը: Օրգանիզմի համար այդպիսի օտարածին ժառանգականորեն տարբերվող հիմքերից են բակտերիաներն ու դրանց տոքսինները, վիրուսները, նախակենդանիները, մակաբույծ որդերը, փոխպատվաստած օրգաններն ու հյուսվածքները, փոփոխված սեփական բջիջները (օրինակ՝ քաղցկեղային) ևն, որոնք պարունակում են հակածիններ՝ օտարածին քիմ. գործոններ: Հատկապես հակածինների ազդեցությամբ է պայմանավորված (դրանք օրգանիզմ թափանցելիս, օրինակ՝ ներարկման, վարակիչ հիվանդության, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ժամանակ) հակամարմինների կամ իմունային հակազդեցության որևէ այլ ձևի առաջացումը: Հակամարմինները փոխազդեցության մեջ են մտնում հակածինի հետ և վնասազերծում այն: Բացի հակամարմինների առաջացումից (Ի-ի հումորալ ձև), գոյություն ունի օրգանիզմի իմունային պատասխանի նաև բջջային ձևը: Հակածինի ներգործության շնորհիվ օրգանիզմում տեղի ունեցող իմունային վերակառուցումը կոչվում է «ձեռքբերովի» Ի.: Տարբերում են ակտիվ և պասսիվ ձեռքբերովի Ի.: 1-ինը կարող է առաջանալ վարակիչ հիվանդության կամ օրգանիզմ վակցինա ներարկելու դեպքում: Դա տեղի է ունենում հակածին ներարկելուց 1-2 շաբաթ անց և պահպանվում է երկար տարիներ (կարմրուկի դեպքում՝ ամբողջ կյանքի ընթացքում): Պասսիվ ձեռքբերովի Ի. առաջանում է մորից պտղին հակամարմինների փոխանցման (ընկերքի միջոցով) դեպքում և մի քանի ամիսների ընթացքում ապահովում է նորածինների Ի. որոշ վարակիչ հիվանդությունների (օրինակ՝ կարմրուկի) հանդեպ: Նման Ի. կարելի է ստեղծել արհեստականորեն՝ օրգանիզմ ներարկելով իմունային շիճուկներ, որոնք պարունակում են հակամարմիններ՝ համապատասխան մանրէների կամ բակտերիաների կողմից արտադրվող տոքսինների դեմ: Վարակիչ հիվանդությունների հարուցիչներից օրգանիզմի պաշտպանության համար կարևոր նշանակություն ունեն (բացի ձեռքբերովի Ի-ից) նաև ոչ առանձնահատուկ գործոնները: Դրանցից են առողջ մաշկային և լորձաթաղանթային ծածկույթների անթափանցելիությունը շատ միկրոօրգանիզմների համար, մաշկային արտազատուկներում և ստամոքսի թթու պարունակությունում որոշ նյութերի առկայությունը, որոնք անբարենպաստ են ազդում միկրոօրգանիզմների վրա, արյան մեջ և օրգանիզմի հեղուկներում (թուք, արցունք ևն) միկրոօրգանիզմները քայքայող ֆերմենտային համակարգերի (օրինակ՝ լիզոցիմ, պրոպերդին ևն) ներկայությունը:
Հաստատվել է նաև, որ վիրուսները, տոքսինները և միկրոօրգանիզմների քայքայման արգասիքներն օրգանիզմից հեռանում են քրտինքի, խորխի, մեզի, արտաթորանքի և այլ արտազատուկների միջոցով:
Վիրուսային վարակների ժամանակ պաշտպանության ոչ առանձնահատուկ գործոններից կարևոր նշանակություն ունեն ինտերֆերոնը՝ վարակված բջիջների կողմից արտադրվող հակավիրուսային սպիտակուցը, և վիրուսների արգելակիչները (ինհիբիտորներ), որոնք առկա են արյան, թքի, վերին շնչուղիների արտազատուկների մեջ ու քիմ. բաղադրությամբ նման են բջիջների թաղանթներին: Արգելակիչները, ինչպես և հակամարմինները, փոխազդելով վիրուսների հետ, խոչընդոտում են նրանց ամրացմանը զգացող բջիջների մակերևույթին և բջջի մեջ ներթափանցմանը: Բժշկ. պրակտիկայում ինտերֆերոնի կիրառումը հանգեցնում է վիրուսի հանդեպ ընկալունակ բջիջների քանակի սահմանափակմանը, որի հետևանքով կասեցվում է վարակիչ հիվանդության առաջացումը: Ավելի արդյունավետ է կանխարգելիչ նպատակով ինտերֆերոնի օգտագործումը (օրինակ՝ գրիպի դեպքում):
Պաշտպանության ոչ առանձնահատուկ գործոններից է նաև հիվանդի ջերմաստիճանի բարձրացումը, որը նպաստում է առողջացմանը (օրինակ՝ վիրուսային հիվանդությունների դեպքերում): Ի-ի առաջացման համար հատուկ նշանակություն ունեն կոմպլեմենտը և ֆագոցիտները (լափող բջիջներ): Կոմպլեմենտն արյան շիճուկի, ավշի և հյուսվածքային հեղուկի սպիտակուցների համակարգն է, որի բաղադրիչ մասերից մեկը միանում է հակամարմինների մոլեկուլներին և ապահովում հակածիններ պարունակող բջիջների քայքայումը: Կոմպլեմենտը մշտապես առկա է օրգանիզմում, օրինակ՝ հակամարմինների հետ այն նպաստում է ֆագոցիտների կողմից վարակիչ հիվանդությունների հարուցիչների քայքայմանը:
Ֆագոցիտների նշանակությունը բացահայտել է ռուս գիտնական Ի. Մեչնիկովը: