գեղձերի ակտիվությունը, փոխվում են լյարդի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների ֆունկցիաները, դանդաղում են դեղանյութերի ներծծման, բաշխման և հեռացման գործընթացները: Նման դեպքերում դեղորայքի ընդունումը պահանջում է մանրազնին բժշկ. հսկողություն: Բացի այդ, տարեց մարդիկ հաճախ միաժամանակ տառապում են մի քանի հիվանդություններով, և դրանցից մեկի «բուժումը» կարող է հանգեցնել մյուսների սրացմանը, ուստի անհրաժեշտ է դիմել բժշկի:
Շատ վտանգավոր է հղի կանանց երեխանների Ի., քանի որ պտուղը և մանկ. օրգանիզմը (հատկապես նյարդային և ներզատիչ համակարգերը) շատ զգայուն են դեղանյութերի նկատմամբ:
Ի-ման ժամանակ ներզատիչ գեղձերի ֆունկցիաների և նյութանափոխության լուրջ խանգարումներ կարող են առաջացնել հորմոնները և հորմոնային պարունակությունները, ինչպես նաև հորմոններ պարունակող քսուքները: Հոգեհակ (պսիխոտրոպ) դեղանյութերը (օրինակ՝ աեռուքսենը) կարող են բացասաբար ազդել ներզատիչ և այլ օրգանների վրա: Քնաբեր դեղանյութերը կանոնավոր օգտագործելիս օրգանիզմն ընտելանում է և սովոր. դեղաչափով արդեն անհրաժեշտ ազդեցություն չեն ունենում, իսկ դեղաչափի անընդհատ ավելացումը վտանգավոր է: Նույնը կարելի է ասել վիտամինների համար, երբ օրգանիզմը ընտելանում է նրանց և նույնիսկ սննդի հետ օրգանիզմ տանող վիտամինները կարող են առաջացնել վիտամինային անբավարարությամբ պայմանավորված հիվանդագին վիճակ: Պարբերաբար առաջացող որևէ խանգարման (լուծ, փորկապություն, գլխացավ ևն) դեպքում պետք է դիմել բժշկի, որովհետև այդ երևույթները հիվանդության խորացման ախտանշաններ են և որակյալ բուժման կարիք ունեն: Նշված դեպքերում Ի. կարող է հանգեցնել ոչ միայն հիվանդության քրոնիկ. ձևի, այլ դրանց կանոնավոր օգտագործման հետ կապված բարդությունների: Հատուկ զգուշություն է պահանջում գլխացավի ժամանակ ֆենացետին և ամիդոպիրին (պիրամիդոն) պարունակող դեղերի ընդունումը: Ի. վտանգավոր է որովայնի ցավերի դեպքում, որովհետև դրանք հաճախ վիրաբուժ. միջամտություն պահանջող հիվանդությունների (օրինակ՝ որդանման ելունի սուր բորբոքման) ախտանշաններ են:
Դեղերի ինքնուրույն փոխարինումը համանման պատրաստուկներով նույնպես կարող է լուրջ բարդություններ առաջացնել: Որոշ դեղանյութեր իրենց քիմ. կամ ֆիզ. հատկություններով անհամատեղելի են, և դրանց միաժամանակյա ընդունումից առաջանում են օրգանիզմի վրա վնասակար ազդեցություն ունեցող նյութեր, կամ էլ տեղի է ունենում փոխադարձ չեզոքացում, դրանցից որևէ մեկի բուժիչ ազդեցության թուլացում, ուժեղացում: Օրինակ՝ հանգստացնող, քնաբեր և ցավազրկող որոշ պատրաստուկներ արագացնում են նրանց հետ միաժամանակ ընդունած ցանկացած դեղի քայքայումը: Միմյանց նկատմամբ, այսպես կոչված, հակամարտ (անտագոնիստական) ազդեցություն ունեն որոշ վիտամիններ, օրինակ՝ A և D, B1, և PP, այսինքն՝ վիտամին B1-ի երկարատև ընդունումը կարող է առաջացնել վիտամին PP-ի անբավարարություն և՝ հակառակը: Շատ վտանգավոր է ասպիրինի և արյան մակարդումն իջեցնող դեղանյութերի միաժամանակյա ընդունումը: Վնասակար հետևանքներ կարող են լինել ոչ միայն առանց բժշկի նշանակման դեղանյութերի ընդունումից, այլև բուժման այլ մեթոդների ինքնուրույն կիրառումից (տարբեր սննդակարգեր, կոփում, քաղցաբուժություն, վազք ևն): Սննդակարգային սահմանափակումներն առաջացնում են ոչ միայն քաշի, այլև օրգանիզմի որոշ համակարգերի (հիմնականում սիրտանոթային, ներզատիչ և նյարդային) փոփոխություններ, ուստի դրանք պետք է նշանակվեն՝ հաշվի առնելով այդ համակարգերի վիճակը: Ֆիզկուլտուրայի տարբեր համալիրներով («մանրաքայլ» վազք, յոգերի մարմնամարզություն, քաղցածություն, սառցաջրում լողանալը ևն) կարող են լուրջ վտանգ սպառնալ առողջությանը, հատկապես շնչառ., նյարդային և սիրտանոթային համակարգերի գաղտնի քրոնիկ. հիվանդությունների, ինչպես նաև ներզատիչ խանգարումների դեպքերում, որոնք կարող է բացահայտել միայն բժիշկը: Հիվանդների մահացության դեպքեր կան, երբ սրտամկանի ինֆարկտը փորձել են կանխել «մանրաքայլ» վազքով՝ հաշվի չառնելով սրտի վիճակը:
Առողջավայրային գործոնի կիրառմամբ (հանքային ջուր խմել, կլիմայի ներգործություն) Ի. նույնպես անվտանգ չէ առողջության համար: Կլիմայի կտրուկ փոփոխությունը վնասակար է հատկապես ծերերի և տարեցների, ինչպես նաև սիրտանոթային, ներզատիչ, նյարդային և շնչառ. համակարգերի հիվանդություններով տառապողների համար: Անսովոր կլիմայական պայմաններում հանգիստը կարող է հանգեցնել կրծքային, բրոնխային հեղձուկի և այլ հիվանդությունների սրացումների և նույնիսկ մահվան պատճառ դառնալ: Արևի տակ երկար մնալիս հաճախ սրանում են ստամոքսի և 12-մատյա աղիքի խոցային հիվանդությունները, իսկ առանց բժշկի խորհրդի հանքային ջրերի օգտագործումը բացասաբար է ազդում միզարտադրության օրգանների քրոնիկ. հիվանդությունների վրա:
Պետք է նկատի ունենալ, որ գիտահանրամատչելի բժշկ. հրատարակություններում որոշ խորհուրդներ արտացոլում են միայն այս կամ այն հեղինակի տեսակետը: Դրանք բնականաբար համապիտանի չեն, որովհետև չեն կարող հաշվի առնել յուրաքանչյուրի անհատ. առանձնահատկությունները: Ուստի պետք է զգուշանալ հատկապես այն հրատարակություններից, որոնցում առողջությունը պահպանելու և ամրապնդելու համար քարոզվում է երբեմն բժշկ. տեսակետից չհիմնավորված փորձը: Խորհուրդ է տրվում բուժման և առողջությունն ամրապնդելու համար դիմել միայն բժշկի, որը նախապես հետազոտում, իսկ անհրաժեշտության դեպքում դիմում է հետազոտման հատուկ (ռենտգենաբան., կենսաքիմ. ևն) մեթոդների:
ԻՆՔՆԱԹՈՐ ՕՂԻ, ինքնաթոր ալկոհոլային խմիչք: Տնային պայմաններում ստանում են տարբեր սննդամթերքներից՝ թորման սարքի միջոցով:
Ի.օ-ուց հաճախ առաջանում են ծանր սուր և քրոնիկ. թունավորումներ, քանի որ այն պարունակում է մի շարք վնասակար խառնուրդներ (սիվուխային յուղեր, ալդեհիդներ, ֆուրֆուրոլներ ևն): ՀՀ-ում Ի.օ-ու վաճառքն օրենքով արգելվում է:
ԻՆՔՆԱԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ, աուտոինտոքսիկացիա, օրգանիզմի ախտահարումը թույներով (տոքսիններով), որոնք գոյանում են տարբեր կենսական գործնթացների ընթացքում:
Ի. կարող է առաջանալ ներզատիչ գեղձերի (օրինակ՝ վահանագեղձի) գործունեության խանգարման, արտազատության օրգանների (միզարյունություն), վարակիչ հիվանդությունների (դիֆթերիա), հղիության շրջանի խանգարումների (հղիության տոքսիկոզներ) և այլնի հետևանքով, երբ թունավոր նյութերն առաջանում են օրգանիզմում և ժամանակին չեն հեռացվում, այլ կուտակվում են և թունավորում օրգանիզմը (ներծին թունավորում):
Ի-ման ընթացքի և ախտանշանների առանձնահատկությունները հիմնականում պայմանավորված են առաջացման պատճառներով: Սակայն կան նաև ընդհանուր դրսևորումներ, ջերմաստիճանի