Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնելու Ա-ներ կամ, որ ավելի հարմար է, նույն Ա., որի տեսապակիների բեկման ուժերը տարբեր են (երկկիզակետ): Նման տեսապակիների վերին մասը ծառայում է հեռուն, ներքևինը՝ մոտ տարածությունը տեսնելու համար:

Երբեմն Ա-ին անմիջապես չեն հարմարվում, օրինակ՝ հասուն տարիքում օգտագործելիս, ինչպես նաև Ա. փոխելիս: Ա-ին հարմարվելու ընթացքում կարող են առաջանալ օպտիկ. պատրանքներ՝ առարկաները փոքր կամ խոշոր են երևում, և թվում է՝ դրանք շարժվում են աչքերը և գլուխը շրջելիս, լինում են երկրի մակերևույթի մոտեցման կամ հեռացման, սենյակի թեքվածության զգացողություններ: Այս բոլորը կարող են առաջացնել գլխապտույտ և նույնիսկ սրտխառնոց: Սովորաբար նման երևույթները 2-3 շաբաթից անցնում են: Եթե նշված ժամկետից հետո չեն հարմարվում Ա-ին, ուստի պետք է խորհրդակցել բժշկի հետ, պարզել չհարմարվելու պատճառը:

Եղջերենու ուռուցիկության խախտման, 1 աչքում ոսպնյակի բացակայության, աչքերում օպտիկ. ուժի մեծ տարբերության դեպքերում սովորաբար Ա. քիչ է օգնում: Նման դեպքերում տեսողությունն էապես լավացնում են, այսպես կոչված, հպվող տեսապակիները, որոնք դրվում են անմիջապես ակնագնդի առջևի մասում՝ աչքի հետ կազմելով միասնական օպտիկ. համակարգ: Բացի տեսողությունը լավացնելուց, հպվող տեսապակիները վերականգնում են նաև աչքերի համատեղ աշխատանքի ունակությունը: Դա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր, աշխատանքի բնույթից ելնելով, պետք է ունենան լավ աչքաչափ և ճիշտ որոշեն հեռավորությունը: Հպվող տեսապակիները սովորականներից նպատակահարմար են նաև կոսմետիկ տեսակետից, քանի որ տեսանելի չեն: Հպվող տեսապակիները պատրաստում են յուրահատուկ պլաստմասսայից, որոնք կարելի է ինքնուրույն դնել և հանել (տրամագիծը՝ 8-9 մմ): Դրանք կարելի է դնել 4-6 ժ և ավելի՝ կախված անհատ. զգայնությունից:

Գոյություն ունի հատուկ նշանակության խոշորացույց Ա., որը հեռադիտակի նման է, ունի 2՝ հավաքող և ցրող տեսապակիներ՝ ամրացված անշարժ ընդհանուր շրջանակին: Այդպիսի համակարգը խոշորացնում է կրկնակի և կարող է օգնել ցանցաթաղանթի կամ տեսող. նյարդի հիվանդությունների դեպքում՝ տեսողության կտրուկ թուլանալուց: Այժմ երեխաներին Ա. ավելի հաճախ են նշանակում, քան նախկինում: Դա կապված է ավելի վաղ և ժամանակին տեսողության անբավարարության հայտնաբերման, տեսող. ծանրաբեռնվածության մեծացման (ընթերցանությունը և հեռուստացույց դիտելը) հետ, որը դպրոց. և նույնիսկ նախադպրոց. տարիքում կարող է կարճատեսություն առաջացնել: Երեխաներին Ա. նշանակելը շատ պատասխանատու խնդիր է, քանի որ սխալ ընտրված Ա. կարող է խախտել աչքի օպտիկ. համակարգի բնականոն զարգացումը՝ առաջացնելով տեսողության թուլացում: Սովորաբար երեխաների համար Ա. ընտրում են մի քանի փուլերով: Ա. կրող երեխաները պետք է տարին գոնե 1 անգամ (իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ) խորհրդակցեն ակնաբանի հետ:

Ա. պետք է նշանակի միայն բժիշկը: Շատ կարևոր է շրջանակի ճիշտ ընտրությունը, որը կատարում է մասնագետը (օպտիկը)՝ Ա-ի պատվեր վերցնելիս: Ճիշտ ընտրված շրջանակը չի ճնշում ոչ քիթը, ոչ ականջները, ապահովում է ապակիների ճիշտ դիրքն աչքերի առաջ, այսինքն համապատասխանում է բբերի միջև եղած հեռավորությանը: Հաջող ընտրված շրջանակը կարող է քողարկել դեմքի որոշ թերություններ և դարձնել ավելի գրավիչ: Ա. գործածելուց հետո պետք է մաքրել մաքուր գործվածքով:

Պաշտպանիչ Ա. պետք է լինի հարմար, թեթև, չաղավաղի դիտվող առարկաները, չսահմանափակի տեսադաշտը: Չափից ավելի ուժեղ լույսից աչքերը պաշտպանելու նպատակով գործածում են ծխագույն, կապույտ, դեղնամոխրագույն կամ մոխրականաչավուն ապակիներով Ա.: Աշխատանքի ընթացքում աչքը մեխ. վնասվածքներից պաշտպանելու համար օգտագործում են հաստ, դիմացկուն ապակիներով և պաշտպանիչ կողերով Ա.:

Պաշտպանիչ Ա. անհրաժեշտ է ընտրել անհատապես և այնպես հարմարեցնել, որպեսզի աչքի մեջ օտար մարմիններ թափանցելու ճեղքեր չմնան (տես Օտար մարմիններ աչքում):

ԱԿՏԻՆՈՄԻԿՈԶ, տես Շողասնկախտ:

ԱԿՐՈԲԱՏԻԿԱ, մարմնամարզ. վարժությունների տարատեսակ, ինքնուրույն մարզաձև: Ա. զարգացնում է շարժումների համաձայնեցում, ճկունություն, ուժ, մշակում մարմնին տիրապետելու հմտություն, համարձակություն և վճռականություն: Ա-ական վարժությունները նպաստում են ճիշտ կեցվածքի ձևավորմանը, անդաստակային ապարատի (հավասարակշռություն, տարածության մեջ կողմնորոշում) ֆունկցիաների կատարելագործմանը: Օրգանիզմն ավելի լավ է հարմարվում արյան վերաբաշխմանը մարմնի տարբեր դիրքերի դեպքում: Ա-ի առանձին տարրեր կիրառվում են տիեզերագնացների, պարաշյուտիստների հատուկ ֆիզ. պատրաստության, ինչպես նաև դպրոցներում՝ երեխաների ֆիզ. դաստիարակության և որպես օժանդակ միջոց՝ մարմնամարզիկների, ջրացատկորդների, ֆուտբոլիստների, հոկեյիստների մարզումների ժամանակ:

Երեխաներն Ա-ով կարող են մարզվել սկսած 8-10 տարեկանից՝ բժշկի թույլտվությամբ: Մարզումների և մրցումների ժամանակ պահանջվում է կանոնավոր բժշկական հսկողություն: Կարևոր է պահպանել ապահովության և ինքնաապահովման կանոնները, իսկ բարդ վարժություններ կատարելիս՝ կրել հատուկ ապահովիչ գոտիներ:

ԱԿՐՈՄԵԳԱԼԻԱ, նյարդաներզատ. հիվանդություն, որի ժամանակ նկատվում է աճի հորմոնի ավելցուկային արտադրություն: Դրսևորվում է դաստակների, ոտնաթաթերի, դեմքի ոսկրերի, ներքին օրգանների չափերի մեծացմամբ և նյութափոխանակության խանգարումներով: Պատճառներն անբավարար են ուսումնասիրված: Հաճախ Ա. առաջանում է հիպոֆիզի ուռուցքի հետևանքով: Առանձին դեպքերում աճի հորմոնի ավելցուկային արտադրությունը պայմանավորված է գլխի, հոգեկան վնասվածքներով, քրոնիկ. վարակիչ հիվանդություններով: Երբեմն Ա-ի պատճառ են ախտաբան. հղիություններն ու ծննդաբերությունները:

Ա. հազվադեպ հանդիպող հիվանդություն է, հաճախ հիվանդանում են 18-35 տարեկան կանայք: Առաջանում է դանդաղ, լինում են ընդհանուր թուլություն, ձեռքերի զգացողության խանգարումներ, նկատվում են դեմքի մասերի անհամաչափ աճ և