Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Ճառագայթաբուժության ժամանակ տեխ. հարմարանքները հուսալի պաշտպանում են մարդու օրգանիզմը Ի.ճ-ման ոչ ցանկալի ներգործությունից՝ ամբողջ էներգիան կենտրոնացնելով ախտահարված օրգանի վրա: Ի.ճ-ման ազդեցության ոլորտում աշխատող անձնակազմն ունի հատուկ պաշտպան. միջոցներ, օգտվում է որոշակի արտոնությունից (կարճ աշխատանքային օր, աշխատավարձի հավելում, երկարացված արձակուրդ): Հսկվում է Ի.ճ-ման սահմանային թույլատրելի մակարդակը, սպասարկող անձնակազմը գտնվում է պարտադիր բժշկ. հսկողության տակ:

ԻՐԻԴՈՑԻԿԼԻՏ, աչքի անոթաթաղանթի առաջային բաժնի՝ ծիածանաթաղանթի և թարթչամարմնի բորբոքում: Ի-ի առաջացման հիմն. պատճառը վարակիչ հիվանդություններն են: Առավել հաճախ նկատվում է գրիպի, տենդաբշտիկի, ռևմատիզմի, տուբերկուլոզի ժամանակ: Մի շարք դեպքերում Ի-ի առաջացումը կապված է քրոնիկ. վարակի օջախների (ատամների, քթի հավելյալ ծոցերի և նշագեղձերի հիվանդություններ) հետ: Պատճառ կարող են լինել նաև նյութափոխանակության հետ կապված որոշ հիվանդություններ (օրինակ՝ պոդագրան), աչքի վնասվածքները:

Ի. սկսվում է ծիածանաթաղանթի (իրիտ) կամ թարթչամարմնի (ցիկլիտ) ախտահարումով, որը շատ արագ տարածվում է անոթաթաղանթի այդ 2 բաժինների վրա: Եթե սկզբում առաջանում է ծիածանաբորբը, ապա հիվանդն 1-ին հերթին ուշադրություն է դարձնում աչքերի կարմրությանը, իսկ թարթչամարմինը բորբոքվելիս առաջանում են ուժեղ ցավեր: Երբ հիվանդությունն սկսվում է թարթչամարմնի բորբոքմամբ, ապա ցավերն առաջանում են անմիջապես: Բացի ցավերից, նկատվում են նաև լուսավախություն, տեսողության նվազում:

Ըստ կլինիկ. ախտանշանների արտահայտվածության՝ Ի-ի ընթացքը կարող է լինել սուր, ենթասուր և քրոնիկ.: Ժամանակին բուժելիս հիվանդությունն ավարտվում է առանց աչքի որևէ փոփոխության: Ի-ի ծանր բարդություններից են բբի սպիանալը, երկրորդային գլաուկոման, ապակենման մարմնի կայուն պղտորումը և նույնիսկ ակնագնդի ապաճումը: Հիվանդությունը կարող է բարդանալ տեսող. նյարդի բորբոքումով, իսկ որոշ ձևեր կրկնվելու հակում ունեն:

Վերը նշված ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Ինքնաբուժումը (թեյով թրջոցներ, որոշ հանրահայտ դեղանյութերի, օրինակ՝ ալբուցիդի օգտագործում ևն) կարող է հանգեցնել ոչ դարձելի գործընթացի առաջացման: Ի-ի ժամանակին հայտնաբերումը և պատճառի պարզումը կօգնեն բժշկին ժամանակին սկսել բուժումը և կանխել հնարավոր բարդությունները:

Լ

ԼԱԶԵՐՆԵՐ բժշկության մեջ, սարքեր, որոնք նախատեսված են մեներանգ լուսային ճառագայթման բարձր ուժգնության և նեղ ուղղորդված փնջերի ստացման համար: Ստեղծել են (1955) Ն. Բասովը, Ա. Պրոխորովը (ԽՍՀՄ) և Չ. Թաունսը (ԱՄՆ), որի համար արժանացել են (1964) հոբելյան մրցանակի: Տարբերում են գազային, հեղուկ և պինդ մարմնի Լ.: Լազերային ճառագայթումը կարող է լինել անընդհատ և իմպուլսային: Կլինիկ. բժշկության՝ ակնաբանության, վիրաբուժության, վնասվածքաբանության, ուռուցքաբանության, ստոմատոլոգիայի և այլ բնագավառներում օգտագործում են տարբեր հզորության և տեսակի Լ.: Լազերային ճառագայթման ազդեցությունը պայմանավորված է ճառագայթահարվող հատվածում ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ, որն առաջացնում է կենսբ. հյուսվածքի մակարդում կամ քայքայում: Ազդեցության յուրահատկությունը կախված է Լ-ի տեսակից, հզորությունից, ինչպես նաև ճառագայթահարվող հյուսվածքների կառուցվածքից ու կենսբ. հատկություններից:

Մեծ հզորության նեղ լուսային փունջը հնարավորություն է տալիս վայրկյանի ընթացքում մակարդում առաջացնել ախտահարված օրգանի խիստ որոշակի հատվածում: Բացի մակարդումից, ճառագայթման մեծ հզորության դեպքում հնարավոր է նաև հյուսվածքների պայթյունային քայքայումը յուրօրինակ հարվածային ալիքի ներգործությունից, որն առաջանում է բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ հյուսվածքային հեղուկն ակնթարթորեն գազային վիճակի անցնելու հետևանքով: Լազերային ճառագայթի օգնությամբ կարելի է կատարել հյուսվածքների անարյուն հատում: Ներգործության արդյունքը կախված է հյուսվածքների կամ օրգանների տեսակից, գույնից, հաստությունից, պնդությունից, արյունալեցման աստիճանից: Որքան մեծ է լազերային ճառագայթման հզորությունը, այնքան ուժեղ է ազդեցությունը:

Բուժման նպատակով Լ. առաջինը կիրառել են ակնաբանները՝ աչքի ցանցաթաղանթի մակարդում առաջացնելու համար (վերջինիս շերտազատման և պատռվածքի դեպքերում): Նրանք լազերային փնջով քայքայել են ներակնային փոքր ուռուցքները, իսկ ոսպնյակի 2-րդային մթագնման դեպքում ստեղծել մանրադիտակային անցքեր, որոնք նպաստում են հիվանդի տեսողության վերականգնմանը:

Ժամանակակից լազերային դանակով հեռացնում են տարբեր ուռուցքներ, կատարում ուղեղի, թոքերի, լյարդի, ստամոքսի և աղիքների վիրահատություններ:

Դրա կիրառումն առանձնապես նպատակահարմար է անոթային հարուստ ցանց ունեցող օրգանների վրա, որոնց հատումը սովոր. եղանակով կարող է ուղեկցվել ծանր արյունահոսությամբ: Լազերային դանակով կտրում են այրված հյուսվածքները, երկարատև չապաքինվող վերքերը, խոցերը, թարախային օջախները ևն: Լազերային ճառագայթումը կիրառում են նաև ախտորոշման նպատակով արյունատար անոթների հետազոտության, ներքին օրգանների լուսանկարման համար՝ օգտագործելով ոչ մեծ հզորության լուսային ճառագայթում: Լ-ի օգնությամբ կատարում են կենսբ. օբյեկտների ձևաբան., քիմ. և սպեկտրային վերլուծություններ:

Աշխատանքի ընթացքում պետք է խստորեն պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները:

ԼԱՄԲԼԻՈԶ, մարսող. համակարգի հիվանդություն: Հարուցում են նախակենդանիները՝ լամբլիաները, որոնք մակաբուծում են բարակ աղիքներում, երբեմն՝ լեղապարկում: Լամբլիաները լինում են շարժուն (վեգետատիվ) և ոչ շարժուն (ցիստի ձևով): Շարժուն ձևն ունի 4 զույգ մտրակիկ և ծծող սկավառակ, որի օգնությամբ ամրանում է բարակ աղիքների լորձաթաղանթին (տես Մարսողական համակարգ):

Վարակվում են ցիստերով աղտոտված սննդամթերք (հատկապես ջերմային մշակման չենթարկված մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) և ջուր օգտագործելիս, նաև ձեռքերի ու այլ առարկաների