Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջոցով: Ընկնելով ստամոքսահյութի բարձր թթվայնությամբ անձանց կամ նույնիսկ առողջ մարդու ստամոքսաղիքային համակարդ՝ լամբլիաները բազմանում են բարակ աղիքներում (երբեմն մեծ քանակութամբ) և գրգռում լորձաթաղանթը: Առաջանում են ցավեր որովայնի վերին հատվածում կամ պորտի շրջանում: Նկատվում են փորափքանք, սրտխառնոց, երբեմն՝ փորկապություն, որին հաջորդում է լուծը (կղանքը՝ դեղին, աննշան լորձախառն): Բարակից անցնելով հաստ աղիքներ, որտեղ պայմաններն անբարենպաստ են, լամբլիաները կորցնում են շարժունությունը և վերածվում ցիստերի: Վերջիններս հիվանդի օրգանիզմից արտազատվում են արտաթորանքի հետ և լավ պահպանվում շրջակա միջավայրում (կղանքում ապրում են մինչև 3 շաբաթ, իսկ մաքուր ջրում՝ 5 շաբաթ):

Առավել հաճախ Լ-ով հիվանդանում են երեխաները (հատկապես 2-5 տարեկան): Երբեմն հիվանդությունն ընթանում է առանց արտահայտված դրսևորումների և, որպես կանոն, հայտնաբերվում է այլ հիվանդությամբ հիվանդանալուց հետո: Նկատվում են որովայնի ցավեր, փորափքանք, լուծ (լորձախառն և կանաչավուն՝ փրփրավուն տեսքով): Երեխայի աճը դանդաղում է:

Բուժումն իրականացնում է բժիշկը: Խորհուրդ է տրվում հատուկ սննդակարգ, որը պարունակում է եփած միս, կաթնաշոռ, մածուն, կաղամբ, գազար ևն: Անհրաժեշտ է սահմանափակել քաղցրեղենի և ալրեղենի օգտագործումը:

Կանխարգելման նպատակով պետք է ժամանակին հայտնաբերել և բուժել Լ-ով հիվանդներին, հարուցչակիրներին (տես Վարակիչ հիվանդությունների հարուցչակրություն): Սննդամթերքը պաշտպանել աղտոտումից, պայքարել ճանճերի դեմ: Չի կարելի օգտագործել (առանց եռացնելու) բաց ջրամբարների ջուրը, չլվացած բանջարեղեն և մրգեր: Կարևոր է անձնական հիգիենայի կանոնների պահպանումը:

ԼԱՐԻՆԳԻՏ, տես Կոկորդաբորբ:

ԼԵԶՎԱԲՈՐԲ տես Բերանաբորբ հոդվածում:

ԼԵԶՈՒ, տես Բերանի խոռոչ հոդվածում:

ԼԵՂԱՊԱՐԿ տես Մարսողական համակարգ հոդվածում:

ԼԵՂԱՊԱՐԿԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, խոլեցիստիտ, լեղապարկի բորբոքային հիվանդություն: Մարսող. համակարգի օրգանների տարածված հիվանդություններից է: Առավել հաճախ հիվանդանում են տարեց կանայք: Հիմնականում առաջանում է լեղապարկում քարերի առկայության դեպքում (տես Լեղաքարային հիվանդություն): Լ.բ-ման պատճառ կարող են լինել լեղու արտահոսքի խանգարումները, որին նպաստում են ոչ կանոնավոր սնվելը (եթե ուղեկցվում է շատակերությամբ), թերշարժուն ապրելակերպը, սովոր. դարձած փորկապությունները, հղիությունը, տարբեր վարակներ (աղիքային ցուպիկները, կոկերը և այլ հարուցիչներ թափանցում են աղիքներից կամ տարվում են արյան հոսքով): Որոշակի նշանակություն ունի նաև ժառանգական-կազմվածքային նախատրամադրվածությունը: Ըստ ընթացքի՝ հիվանդությունը լինում է սուր և քրոնիկ.: Սուր բորբոքումը դրսևորվում է նոպայաձև ցավերով աջ թուլակողում և սրտագդալի շրջանում, որը սովորաբար ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, ջերմաստիճանի բարձրացումով՝ մինչև 38-39° C: Ցավերն առաջանում են հանկարծակի, հաճախ լինում են անտանելի և ճառագայթվում են դեպի աջ ուսն ու թիակը: Նոպայի ընթացքում հիվանդներն անհանգիստ են, մարմնին չեն կարողանում հարմար դիրք տալ, որ ցավերը մեղմանան: 2-3 օր հետո հաճախ առաջանում է մաշկի և աչքերի սպիտապատյանի դեղնություն (տես Դեղնախտ), մեզը մգանում է: Նոպան հաճախ սկսվում է յուղալի սննդամթերքի (ճարպ, ապուխտներ, խոզի, ոչխարի տապակած միս ևն) օգտագործումից 2-4 ժ հետո: Հայտնի է, որ սուր բորբոքումով հիվանդների թիվը կտրուկ մեծանում է տոնական օրերից հետո, որը կապված է շատակերության, յուղալի սննդի չափից ավելի ընդունման հետ: Սուր բորբոքման 1-ին նշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Մինչև բժշկի գալը չի կարելի օգտագործել ջեռակ, ստամոքսը լվանալ, լուծողական դեղանյութեր ընդունել:

Բուժումը սովորաբար իրականացվում է հիվանդանոցում, երբեմն վիրահատության անհրաժեշտություն է լինում: Քրոնիկական բորբոքումը կարող է առաջանալ սուր ձևի կրկնվող նոպաներից հետո՝ հատկապես լեղուղիներում քարերի առկայության դեպքում, երբեմն էլ՝ առանց սուր նոպաների: Նկատվում են բութ, տանջալից ցավեր աջ թուլակողում, որոնք ուժեղանում են սննդի (հատկապես առատ և յուղալի) ընդունումից հետո, ծանրության զգացում որովայնի վերին հատվածներում, սրտխառնոց, դառնության զգացում բերանում: Պարբերաբար առաջանում են (առավելապես սննդակարգը խախտելիս) սրացումներ, և ախտանշանները սաստկանում են:

Բուժում է բժիշկը, նշանակում անհրաժեշտ սննդակարգ (սնունդն ընդունել 4 ժ մեկ): Պետք է սնվել փոքր բաժիններով, շատակերությունն անթույլատրելի է: Քարային բորբոքման և քրոնիկ. ընթացքի շրջանում չօգտագործել մսի և ձկան յուղալի տեսակներ, ճարպ, ապուխտներ, կակաո, կծու կերակրատեսակներ, ձվի դեղնուց ևն: Եթե բորբոքումն ուղեկցվում է ճարպակալումով, սննդի օրական կալորիականությունը պետք է սահմանափակվի: Օգտակար են կաթնաթթվային մթերքները (մածուն, կեֆիր, ոչ յուղալի կաթնաշոռ ևն), մրգերը, բանջարեղենը (առանձնապես կոպիտ բուս. բջջանյութ պարունակող, որը նպաստում է աղիքների կանոնավոր դատարկմանը): Սննդակարգի խախտումը կարող է հանգեցնել քրոնիկ բորբոքման խիստ սրացման, որը պատճառ կդառնա հիվանդի հոսպիտալացման, երբեմն՝ վիրահատ. միջամտության: Քրոնիկ. ընթացքի վրա բարերար ազդեցություն է ունենում առողջարանային բուժումը: Լեղու արտահոսքի կանոնավորմանը նպաստում են նաև առավոտյան և արտադրական մարմնամարզությունը, բուժական ֆիզկուլտուրան, նաև լիցքային վարժությունները, համապատասխան դեղանյութերը: Լեղապարկում քարերի առկայության դեպքում, որը դրսևորվում է քրոնիկ. բորբոքման ախտանշաններով, երբեմն պահանջվում է վիրահատ. միջամտություն:

ԼԵՂԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, խոլելիթիազ, հիվանդություն, որը բնորոշվում է լեղապարկում, երբեմն լեղածորաններում քարագոյացմամբ: Կարող է պայմանավորված լինել լեղականգով, նյութափոխանակության խանգարումներով, լեղապարկի բորբոքումով:

Լ.հ. առաջանում է աստիճանաբար: Հաճախ հիվանդը երկար տարիներ դառնություն է զգում բերանում, ծանրություն՝ աջ թուլակողում, որն առաջանում է ուտելուց հետո (հատկապես տապակած միս, յուղալի, ապխտած, թթու դրած սննդամթերքի, գինու կամ օղու օգտագործումից): Նշված 1-ին ախտանշանների դեպքում պետք է դիմել բժշկի, որի հանձնարարած ռեժիմն ու սննդակարգը կբարելավեն հիվանդի ինքնազգացողությունը և կօգնեն խուսափել հիվանդության սրացումից: Բայց հաճախ բժշկին դիմում են աջ թուլակողում սուր ցավի նոպայից հետո, որը տարածվում է թիակի և անրակի ուղղությամբ (այսպես կոչված՝ լյարդային խիթ): Նշված