Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է տուժածին իջեցնել բարձրությունից, շնչել տալ թթվածին կամ թթվածնի և ածխաթթվի խառնուրդ: Գլխացավի դեպքում խորհուրդ են տրվում ցավամոքիչ դեղանյութեր (ֆենացետին, ամիդոպիրին ևն), որպես դրդող միջոց՝ թունդ սուրճ: Շնչառությունը խթանելու համար շնչել տալ ամոնիակի 10 %-անոց լուծույթ (անուշադրի սպիրտ): Լ.հ-յան կանխարգելման նպատակով պետք է մարզումներ կատարել ճնշախցիկում: Լեռներ բարձրանալիս խորհուրդ է տրվում թթվածին շնչել (կարճատև, վերելքների ժամանակ սկսել 4 հզ. մ բարձրությունից, երկարատևի դեպքում՝ 3 հզ. մ-ից), շաքարաջրով կիտրոնաթթու (15 գ կիտրոնաթթուն՝ 200 գ շաքարաջրում) և վիտամիններ ընդունել: Բարձրլեռնային հարմարվողականության 1-ին օրերին սահմանափակել ֆիզ. բեռնվածությունը:

ԼԻԶՈՍՈՄՆԵՐ, տես Բջիջ հոդվածում:

ԼԻՑՔԱՅԻՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ (առավոտյան հիգիենային մարմնամարզություն), ամեն օր առավոտյան արթնանալուց հետո կատարվող ոչ բարդ ֆիզ. վարժությունների համալիր: Լ.վ. նպաստում են օրգանիզմը հանգիստ վիճակից (քնից առույգ վիճակի) ակտիվ գործունեության անցնելուն: Կանոնավոր Լ.վ. բարձրացնում են օրգանիզմի ընդհանուր տոնուսը, օգնում առողջության ամրապնդմանը, բարելավում սիրտանոթային, նյարդային և շնչառ. համակարգերի գործունեությունը, արագացնում են նյութափոխանակությունը, ամրապնդում ու զարգացնում մկանները, նպաստում ճիշտ կեցվածքի ձևավորմանը: Լ.վ-ով մշտապես զբաղվող մարդկանց մոտ բարձրանում է աշխատունակությունը, լավանում են ախորժակը, ընդհանուր ինքնազգացողությունը, բարելավվում քունը: Ամենօրյա Լ.վ. դաստիարակում են առողջության համար օգտակար ֆիզկուլտուրայով կանոնավոր զբաղվելու սովորություն:

Լ.վ-ով կարող է զբաղվել ցանկացած տարիքի մարդ: Այն հատուկ նշանակություն ունի մտավոր աշխատանքով զբաղվող, թերշարժուն ապրելակերպով մարդկանց համար: Լ.վ. պարտադիր կատարվում են նախադպրոց. մանկ. հիմնարկներում, դպրոցներում, կիրառվում են հիվանդանոցներում և առողջարաններում: Առավոտյան հիգիենային մարմնամարզությամբ շատերն զբաղվում են տանը:

Լ.վ. սովորաբար մարմնի մկանների բոլոր կարևորագույն մկանախմբերի վրա ներգործող մարմնամարզ. վարժությունների համալիր է: Վարժությունների համալիրը փոխում են յուրաքանչյուր 12-15 օրը մեկ: Լ.վ. պետք է կատարել 8-15 ր-ի ընթացքում՝ մաքուր օդափոխած սենյակում (ձմռանը՝ օդանցքը բաց թողնելով, ամռանը՝ ցանկալի է մաքուր օդում):

Հագուստը պետք է լինի թեթև, շարժումները՝ չկաշկանդող, կոշիկները՝ անկրունկ: Շնչառությունը պետք է լինի համաչափ և խորը, միջին և դանդաղ տեմպով վարժություններ կատարելիս այն համաձայնեցվում է շարժումներին: Շնչառումն սկսում են իրանի տարածման, ձեռքերի ուղղման, զատման, վեր բարձրացման և կրծքավանդակի լայնացմանը նպաստող այլ շարժումներով, արտաշնչումը՝ իրանը խոնարհելով, ձեռքերն իջեցնելով, ծնկները ծալելով: Արագ շարժումների ժամանակ շնչառությունը սովորաբար ազատ է: Լ.վ-ից հետո խորհուրդ են տրվում ջրային բուժարարողություններ (պահպանելով օրգանիզմի կոփման կանոնները)՝ ցնցուղում, թաց սրբիչով շփում մինչև գոտկատեղը, ամռանը՝ լողանալ: Լ.վ-ի ժամանակ բեռնվածությունը պետք է ավելացնել աստիճանաբար՝ կարգավորելով յուրաքանչյուր վարժության կրկնման թիվը, մեծացնելով կամ փոքրացնելով դրանց արագությունը և առանձին շարժումների կատարման տեմպը փոխելով (հանգստի միջակայք ներառելով): Ֆիզ. բեռնվածությունը պետք է համապատասխանի տարիքին, սեռին, առողջ. վիճակին և աշխատանքային գործունեության բնույթին: Երեխաների համար Լ.վ-ում ներառում են հիմն. շարժող. ունակություններին (վազք, մագլցում) տիրապետմանը և դրանց կատարելագործմանն օգնող, կանոնավոր կեցվածքի ձևավորման և տափակաթաթության կանխարգելման համար ընդհանուր զարգացնող ու շտկող բնույթի վարժություններ: Լայնորեն կիրառվում են նմանակող բնույթի վարժություններ: Ուժային վարժություններ չեն ներառվում: Կանանց Լ.վ-ում պարտադիր նախատեսվում են որովայնի և կոնքի մկանների ամրապնդման վարժություններ, որոշ առանձնահատկություններ ունեն հղիության, հետծննդյան շրջանի Լ.վ.: Տղամարդկանց Լ.վ-ում ներառում են ուժային (մարզագնդերով ևն) չափավոր ստատիկ լարվածության վարժություններ: Հասուն ու տարեց մարդկանց Լ.վ-ում կարևոր են հոդերի շարժունության պահպանմանը նպաստող վարժությունները: Տարեց մարդկանց առավոտյան հիգիենային մարմնամարզության համալիրը բաղկացած է դանդաղ կամ միջին տեմպով կատարվող 7-14 վարժությունից: Վարժությունների միջև (հատկապես նոր համալիրով պարապմունքների 1-ին օրերին) պետք է 5-15 ր ընդմիջում անել (կանգնած կամ քայլելով հանգիստ շնչել): Ցանկալի է խուսափել տեմպով, ինչպես նաև ուժային (ծանրաքար, մարզագնդեր) վարժություններից, չի կարելի պահել շունչը: Լ.վ. կարելի է զուգակցել առողջարար վազքով (անտառապուրակային գոտում, մարզադաշտում): Բեռնվածության կարգավորմանն օգնում է ինքնահսկումը: Վատառողջ, ինչպես նաև հասուն տարիքի ու տարեց մարդկանց Լ.վ-ի բնույթը որոշում է բժիշկը:

ԼՅԱՐԴ, տես Մարսողական համակարգ հոդվածում:

ԼՅԱՐԴԱԲՈՐԲ, հեպատիտ, լյարդի տարբեր պատճառագիտության սուր և քրոնիկ. տարածուն բորբոքային հիվանդությունների ընդհանուր անվանումը: Լինում է առաջնային (որպես ինքնուրույն հիվանդություն) կամ երկրորդային (այլ հիվանդությունների ախտանշան): Առաջնային Լ-ի պատճառներից են վիրուսները (տես Լյարդաբորբ վիրուսային), ալկոհոլը (ալկոհոլային Լ.), դեղանյութերը (դեղորայքային Լ.), քիմ. նյութերը (թունային Լ.): Լինում է նաև բնածին Լ., որի պատճառները վիրուսային վարակիչ հիվանդություններն են, մոր և պտղի արյան անհամատեղելիությունը ևն: Երկրորդային Լ. առաջանում է վարակիչ, ստամոքսաղիքային հիվանդությունների, թունավորումների, շարակցական հյուսվածքի տարածուն ախտահարումների ժամանակ: Տարբերում են սուր և քրոնիկ. Լ.:

Սուր Լ-ի պատճառներն են վիրուսները, վարակիչ հիվանդությունները (լեպտոսպիրոզ, սալմոնելոզ, որովայնային տիֆ, մալարիա, բրուցելոզ ևն), քիմ. նյութերը (եռանիտրոտոլուոլ, քառաքլորածխածին ևն), միջատասպանները և մետաղները (կապար, ֆոսֆոր, արսեն, բերիլիում), դեղանյութերը (հոգեհակ պատրաստուկներ, հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ), բուս. ծագման թույները:

Սուր Լ., որպես կանոն, բնորոշվում է փուլային ընթացքով: Հիվանդությունը տևում է մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս: Բնորոշվում է տենդով, աջ թուլակողի ցավերով, մարսողության խանգարումով, դեղնախտով, լյարդի, հաճախ նաև փայծաղի մեծացմամբ: Արյան կենսաքիմ. հետազոտության ժամանակ նկատվում են ամինատրանսֆերազ ֆերմենտի ակտիվության բարձրացում, գլոբուլինի, բիլիռուբինի ավելացում: Ծանր ընթացքի ժամանակ սուր Լ. կարող է բարդանալ ջրգողությամբ և այտուցներով, արյունահոս. և լյարդերիկամային համախտանիշներով: