Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քիմ. նյութերի և բուս. ծագման թույների (օրինակ՝ սնկերի) ազդեցությունից առաջացած սուր Լ. հաճախ ուղեկցվում է նյարդային խանգարումներով:

Կլինիկ. պրակտիկայում տարբերում են նաև սուր ալկոհոլային Լ., որն ընթանում է ընդհանուր թուլությամբ, ջերմաստիճանի բարձրացմամբ, որովայնի ցավերով, մարսողության խանգարումներով, ախորժակի բացակայությամբ, սրտխառնոցով, փսխումներով, բերանում դառնության զգացումով: Սուր ալկոհոլային Լ. կարող է զուգակցվել ճարպային լյարդախտով (հեպատոզ), քրոնիկ. Լ-ով, լյարդի ցիռոզով, այսինքն՝ ալկոհոլի ազդեցությանը բնորոշ ախտանշաններով: Երբեմն հիվանդությունը կարող է ընթանալ լեղականգին (խոլեստազ) բնորոշ ախտանշաններով:

Սուր Լ-ով հիվանդները ենթակա են հոսպիտալացման: Բուս. ծագման թույների և քիմ. նյութերի ազդեցությունից առաջացած Լ-ի դեպքում անհրաժեշտ է առավելագույն վնասազերծում և օրգանիզմից թույների հեռացում (տես Ստամոքսի լվացում), մաքրող հոգնա: Առանձին թունավորումների (օրինակ՝ սնդիկի ու արսենի միացություններով) ժամանակ արդյունավետ են առանձնահատուկ հակաթույները օրինակ՝ ունիթիոլը): Սուր Լ-ով հիվանդներին ցուցված են խիստ անկողնային ռեժիմը, խնայողական սննդակարգը՝ ճարպերի սահմանափակմամբ և ածխաջրերի ավելացմամբ, հաճախակի փոքր բաժիններով սնուցումը: Խորհուրդ է տրվում վիտամինների, հյութերի առատ ընդունում: Լյարդային անբավարարության ժամանակ նշանակում են լյարդի պահպանիչներ: Լյարդաբորբի ծանր ձևերի (հատկապես՝ թունային և ալկոհոլային) ժամանակ հաջողությամբ կիրառում են հեմոդիալիզի մեթոդը (տես Արհեստական երիկամ):

Սուր Լ-ի կանխարգելման նպատակը թունային և պատճառագիտ. այլ գործոնների կանխումն է, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների ժամանակին և համապատասխան բուժումը:

Քրոնիկական Լ., եթե ախտաբան. գործընթացը շարունակվում է ավելի քան 6 ամիս (առանց լավացման), հիվանդությունը որակվում է որպես քրոնիկ. Լ.: Տարբերում են՝ քրոնիկ. քիչ ակտիվ (բարորակ), քրոնիկ. ակտիվ և քրոնիկ. լեղականգային Լ.: Քրոնիկ. բարորակ Լ-ի մի շարք դեպքերում նկատվում են ախորժակի անկում, մարսողության խանգարումներ, աջ թուլակողի շրջանում ճնշման ու ծանրության զգացում: Հիմն. ակնհայտ ախտանշաններն են լյարդի մեծացումն ու չափավոր պնդացումը: Որպես կանոն՝ լինում են լյարդի ֆունկցիոնալ փորձանմուշների ցուցանիշների փոփոխություններ:

Քրոնիկ. ակտիվ Լ-ի ժամանակ ի հայտ են գալիս թուլություն, արագ հոգնելիություն, առանձին սննդամթերքի (օրինակ՝ ճարպերի) հանդեպ անհանդուրժողականություն, քթային արյունահոսություն, դեղնախտ, ջերմաստիճանի բարձրացում, երբեմն՝ մաշկի քոր, բնորոշ է նաև էրիթեման: Լյարդն ու փայծաղը մեծացած են, էրիթրոցիտների նստման արագությունը բարձր է: Լինում են լյարդի ֆունկցիոնալ փորձանմուշների ցուցանիշների փոփոխություններ: Քրոնիկ. ակտիվ Լ-ի կլինիկ. հատուկ ձև է լիպոիդային Լ., որը բնորոշվում է չարորակ ընթացքով, ի հայտ են գալիս ոչ առանձնահատուկ ախտանշաններ՝ տենդ, ֆուրունկուլոզ, լիմֆադենոպաթիա, հոդացավեր, անոթաբորբեր, շճաթաղանթների բորբոքում, որովայնի ցավեր, կծիկաերիկամաբորբ, ինչպես նաև հորմոնային տարբեր խանգարումներ:

Քրոնիկ. լեղականգային Լ. բնորոշվում է տենդով, մաշկի տանջալից քորով, մաշկի վրա առաջանում են տարածուն գունավորում և քսանթելազմներ (մանր հանգուցավոր գոյացություններ): Քրոնիկ. Լ-ի սրացման շրջանում հիվանդները ենթակա են հոսպիտալացման: Անհրաժեշտ է թունավոր նյութերի ազդեցության լրիվ բացառում: Նշանակում են № 5 սննդակարգ (տես Բուժական սնունդ), B խմբի վիտամիններ, նիկոտինաթթու, ասկորբինաթթու, ֆոլաթթու, լիպոյաթթու, գլուտամինաթթու, լյարդի պահպանիչներ, խոլեստիրամին, գլուկոկորտիկոիդներ: Քրոնիկ. ակտիվ Լ-ի բուժումն իրականացնում են հակավիրուսային և իմունային գործընթացները փոփոխող պատրաստուկներով: Լիպոիդային Լ-ի ժամանակ խորհուրդ է տրվում կորտիկոստերոիդների օգտագործում:

Քրոնիկ. բարորակ Լ-ի կրկնման փուլում հիվանդներին առաջարկվում է բուժում նաև ստամոքսաղիքային առողջարաններում: Քրոնիկ. Լ-ի կանխարգելումն իրականացվում է սուր Լ-ի ժամանակին բուժմամբ:

Քրոնիկ. (հատկապես ակտիվ) Լ-ով հիվանդները պետք է խուսափեն գերսառեցումից, արևահարությունից, ծանրաբեռնվածությունից, վիժումներից, շիճուկների և վակցինաների ներարկումներից, լյարդի շրջանի ջերմային բուժարարողություններից:

ԼՅԱՐԴԱԲՈՐԲ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ, բազմապատճառ վարակիչ հիվանդություն, երբ առավելապես ախտահարվում է լյարդը: Հիվանդության հարուցիչը վիրուսն է: Ներկայումս տարբերում են A, B, C, D, E, G վիրուսներ, որոնք առանձնանում են վարակման մեխանիզմով ու փոխանցման ուղիներով, ախտածնությամբ, իմունագոյացմամբ, կլինիկ. դրսևորումներով, ելքերով ևն: Ըստ վարակման մեխանիզմի՝ տարբերում են աղիքային (A և E) և արտաաղիքային (B, C, D) լյարդաբորբեր: Լյարդաբորբ A-ի տարածման ուղիները նույնն են, ինչ ցանկացած աղիքային վարակման ժամանակ (արտաթորանքով աղտոտված ջրի, սննդամթերքի, ինչպես նաև ձեռքերի ու տնային գործածության իրերի միջոցով, սեռ. ճանապարհով): Չի բացառվում նաև վիրուսի մեխ. փոխանցումը ճանճերի միջոցով: Լյարդաբորբ A-ն վարակիչ է գաղտնի շրջանի վերջին, ամբողջ նախադեղնուկային շրջանում, դեղնուկային շրջանի 1-ին 3 օրը: B, C, D (կամ արյունային) լյարդաբորբերով վարակվում են հիվանդ մարդու արյան միջոցով վիրուսն օրգանիզմ թափանցելիս:

Վիրուսային լյարդաբորբի վիրուսները մարդու օրգանիզմում կարող են մնալ 18-100 օր և ավելի (հիվանդության ձևից կախված)՝ չառաջացնելով հիվանդագին երևույթներ (գաղտնի շրջան): Հիվանդությունն սկսվում է նախադեղնուկային շրջանով (1-30 օր տևողությամբ)՝ թուլությամբ, արագ հոգնելիությամբ, հաճախ նկատվում են ախորժակի անկում, զկռտոց, այրոց, սրտխառնոց, որովայնի ցավեր, հնարավոր է փսխում: Երբեմն հիվանդության 1-ին ախտանշաններն են հազը, հարբուխը, գլխացավը, հաճախ նկատվում են նաև մկանների և հոդերի ցավեր, ջերմաստիճանի բարձրացում (երբեմն մինչև 40° C): Նախադեղնուկային շրջանին հաջորդում է դեղնուկային շրջանը՝ մեզի մգացում (գարեջրի կամ թունդ թեյի գույնի): Կղանքը դառնում է մոխրասպիտակավուն: Հետագայում մաշկը և աչքերի սպիտապատյանը դեղնում են: Հնարավոր է նաև հիվանդության ընթացքն առանց դեղնախտի՝ ընդհանուր վիճակի աննշան վատացմամբ: Այս ձևերը խիստ վտանգավոր են: Բժշկի ուշ դիմելու և ոչ ժամանակին հոսպիտալացվելու դեպքերում հիվանդության ընթացքը կարող է ձգձգվել և բարդանալ: Նման հիվանդները շրջապատի համար դառնում են վարակի աղբյուր:

Բուժումն իրականացվում է հիվանդանոցում: Ժամանակին հոսպիտալացումը, խիստ անկողնային ռեժիմը և բժշկի նշանակումների ճիշտ կատարումը նպաստում են բարեհաջող ապաքինմանը: