Վիրուսային լյարդաբորբով հիվանդներն ունեն խնայող. ռեժիմի կարիք: Եթե նրանց աշխատանքային գործունեությունը կապված է մասնագիտ. վնասակարությունների կամ ֆիզ. բեռնվածության հետ, ապա բժշկի որոշմամբ նրանց ժամանակավոր փոխադրում են ավելի թեթև աշխատանքի, և մինչև 6 ամիս գտնվում են պոլիկլինիկայի բժշկի հսկողության տակ: Յուրաքանչյուր ապաքինված հիվանդ պետք է հիշի, որ բժշկի նշանակած ռեժիմը և սննդակարգը խախտելիս հնարավոր են բարդություններ, ընդհուպ՝ մինչև լյարդի ցիռոզ: Որոշ ժամանակ (բժշկի նշանակմամբ) անհրաժեշտ է խուսափել գերհոգնածությունից, գերտաքացումից, գերսառեցումից, սպորտով զբաղվելուց: Հիվանդությունից հետո (6-12 ամիս) պետք է պահպանել սննդակարգ՝ հրաժարվելով սպիրտային խմիչքներից (այդ թվում նաև գարեջրից), պահածոներից, ապուխտներից, թթուներից, կծու համեմունքներից, տապակած կերակրատեսակներից, շոկոլադից: Խորհուրդ է տրվում կաթնաբուս. սննդակարգ, անյուղ միս և ձուկ:
Կանխարգելումը ներառում է հիվանդի հոսպիտալացումը, շինության վարակազերծումը: A և E լյարդաբորբերով հիվանդների հետ շփված մարդիկ 45 օր պետք է լինեն բժշկի հսկողության տակ: Լյարդաբորբ B-ի պլանային կանխարգելիչ պատվաստումները կատարվում են երեխայի կյանքի 1-ին օրերին:
ԼՅԱՐԴԻ ՑԻՌՈԶ, քրոնիկ. առաջադիմող հիվանդություն, բնորոշվում է լյարդի բջիջների ախտահարումով ու մահացմամբ, շարակցական հյուսվածքով դրանց աստիճանական փոխարինումով և լյարդի կազմության ու ֆունկցիայի խանգարումներով: Լ.ց. կարող է լինել որպես վիրուսային լյարդաբորբի բարդություն (տես Լյարդաբորբ վիրուսային)՝ հատկապես ժամանակին բժշկի չդիմելուց, բուժումը ուշ սկսելուց, բժշկի խորհուրդներին չհետևելուց, սխալ սննդակարգից: Լ.ց-ի պատճառ կարող է լինել ալկոհոլի չարաշահումը (տես Ալկոհոլամոլություն քրոնիկական): Լյարդի համար վնասակար թունավոր նյութերի (քլորոֆորմ, արսեն, ֆոսֆոր ևն) ազդեցությունը օրգանիզմի վրա, որոշ դեղանյութերի (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ ևն) առանց վերահսկողության օգտագործումը, լեղուղիների խցանումը և բորբոքումը նույնպես հանգեցնում են Լ.ց-ի, որի դրսևորումները տարբեր են՝ կախված հիվանդության ձևից ու փուլից: Երկար տարիներ հիվանդությունը կարող է մնալ աննկատ, սակայն հետազոտման ժամանակ պարզվում է, որ լյարդը պնդացած ու մեծացած է, հայտնաբերվում են այլ ախտանշաններ ևս: Այնուհետև նկատվում են սաստկացող թուլություն, ջերմաստիճանի բարձրացում, դեղնախտ: Հիվանդները նիհարում են, որովայնախոռոչում կուտակված հեղուկի հաշվին մեծանում է որովայնը, առաջանում է ասցիտ (տես Այտուցներ): Ծանր բարդություններ են կերակրափողի և ստամոքսի լայնացած երակներից արյունահոսությունը, լյարդային կոման:
Բուժումը երկարատև է, իսկ սրացման շրջանում՝ անպայման հիվանդանոցային: Դեղանյութերից բացի, կարևոր է նաև լիարժեք սպիտակուցային վիտամինացված սնունդը՝ ճարպերի և կերակրի աղի սահմանափակումով: Խորհուրդ է տրվում կաթնամթերք, խաշած միս և ձուկ, բանջարեղեն, միրգ, հյութեր: Հիվանդին, հատկապես սրացման շրջանում, անհրաժեշտ է ֆիզ. և հոգեկան հանգստություն, արգելվում է ալկոհոլային խմիչքների օգտագործումը:
Կանխարգելումը ներառում է վիրուսային լյարդաբորբի դեմ պայքարի միջոցներ, լիարժեք սնունդ, ալկոհոլային խմիչքների օգտագործման բացառում, հիվանդ լյարդի ակտիվ բուժում:
Տես նաև Մարսողական համակարգ հոդվածը:
ԼՆԴԱԲՈՐԲ, տես Բերանաբորբ հոդվածում:
ԼՆԴԱԽՏ, տես Վիտամինային անբավարարություն հոդվածում:
ԼՈԳԱՆՔՆԵՐ, բուժկանխարգելիչ և հիգիենային նպատակներով կիրառվող ջրային բուժարարողություններ: Տարբերում են հիգիենային և բուժիչ Լ.:
Հիգիենային Լ. ընդունում են մաշկը քրտնագեղձերի և ճարպագեղձերի արտազատուկից, կեղտից մաքրելու համար: Նախապես լոգնոցը լվանում են տաք ջրով ու օճառով (խոզանակով), ապա մաքրում 1-2 %-անոց քլորամինի կամ քլորակրի լուծույթներով: Անհրաժեշտ ջերմաստիճանի ջուրը լցնում են լոգնոցի մեջ, ջրային ջերմաչափով չափում ջերմաստիճանը: Տաք ջուրը (հիգիենային Լ-ի համար լավագույն ջերմաստիճանը՝ 36-38°C) և օճառը նպաստում են մաշկի եղջերաշերտի փխրեցմանը, իսկ սպունգով քսելը՝ մաշկի լրիվ մաքրվելուն և ամրացմանը: Հիգիենային Լ. խթանում են մաշկի ֆիզիոլոգ. ֆունկցիաները, մասամբ բարելավում քրտնագեղձերի և ճարպագեղձերի գործունեությունը, մաշկային շնչառությունը և դրանով լավացնում նյութափոխանակությունը: Հիգիենային Լ-ի տևողությունը պետք է լինի 20-30 ր՝ շաբաթական 1-2 անգամ: Տարբեր տարիքի երեխաների հիգիենային Լ-ի առանձնահատկությունները տես Կրծքի երեխա, Մսուրային տարիք, Նախադպրոցական տարիք հոդվածներում:
Բուժիչ Լ. նշանակում է միայն բժիշկը: Դրանք, որպես կանոն, ընդունում են բուժկանխարգելիչ հիմնարկներում՝ բուժանձնակազմի հսկողությամբ: Բուժիչ Լ-ի ընդունումը, առանց բժշկի խորհրդի, կարող է վնաս հասցնել առողջությանը: Տնային պայմաններում կարելի է ընդունել որոշ Լ.՝ հիմնականում քաղցրահամ և դեղորայքային՝ բժշկի խորհրդով ու ցուցումները պահպանելով, ընտանիքի անդամներից մեկի հսկողությամբ: Վերջինս խիստ կարևոր է, երբ Լ. են ընդունում երեխաները կամ տարեցները: Լ-ից հետո պետք է մարմինը չորացնել չոր սրբիչով (ցանկալի է տաք) կամ սավանով և հանգստանալ 30 ր-ից ոչ պակաս:
Բուժիչ Լ. ընդունում են ընդհանուր, կիսալոգանքի և տեղային Լ-ի ձևով: Ընդհանուրի դեպքում ջրի մեջ են ընկղմում ամբողջ մարմինը՝ դուրս թողնելով միայն գլուխը, պարանոցը, կրծքի վերին մասը՝ ներառյալ սրտի շրջանը: Լ. ընդունողի դեմքը պետք է լավ լուսավորված լինի, քանի որ դեմքի մաշկի անոթների հակազդեցությամբ որոշում են բուժարարողության տանելիությունը: Լոգնոցում պետք է պառկել հանգիստ, առանց լարվելու: Գլխի տակ դրվում է մի քանի տակ ծալած սրբիչ կամ հատուկ ռետինե բարձիկ, ոտքերի տակ (եթե լոգնոցը երկար է)՝ ռետինե ծայրադիրներով փայտե հենարան կամ հենակալ: Կիսալոգանքի ժամանակ ջրի մեջ ընկղմվում են մինչև պորտի շրջանը: Կիսալոգանքները կարելի է զուգակցել ջրցողման և ջրով շփման հետ: Տեղային Լ. նշանակվում են ձեռքերի և ոտքերի համար:
Ըստ ջրի ջերմաստիճանի՝ տարբերում են սառը (մինչև 20°C), գոլ (20-33°C), անտարբեր (ինդիֆերենտ) ջերմաստիճանի (34—36°C), տաք (37-39°C) և շատ տաք