ուղիով հաղորդելու համար ականջի հետևում տեղադրվում է հեռախոս, իսկ օդային ձայնահաղորդման դեպքում արտաքին ականջում դրվում է ներդրակ՝ միացված հեռախոսին: Լ.ա-ի ընտրությունը կախված է լսողության կորստի բնույթից՝ այսինքն այն բանից, թե լսողության օրգանի որ հատվածն է (ձայնաընդունիչ, թե՞ ձայնահաղորդիչ) ախտահարված: Էլեկտրոնիկայի ժամանակակից տարրերի կիրառումը հնարավորություն է տալիս փոքրացնել Լ.ա-ի չափերն ու կշիռը, ապահովել ձայնի ուժեղացումն առանց աղավաղումների և աղմուկների: Լ.ա. լինում են գրպանի, ակնոցի շրջանակով, հետականջային ևն:
Հիվանդները սովորաբար մտահոգվում են, որ Լ.ա-ի երկարատև օգտագործումը կարող է վատացնել լսողությունը: Սակայն հետազոտություններով պարզվել է, որ դրանք որոշ դեպքերում նույնիսկ լավացնում են լսողությունը և առանձնապես խոսքը, որը բացատրվում է լսողության օրգանի կանոնավոր մարզվելով: Բայց Լ.ա. չեն կարող կասեցնել հիվանդության խորացումը, և որոշ հիվանդների լսողությունը վատանում է:
Լ.ա. ուժեղացնում են ոչ միայն խոսակցությունը, այլև, կողմնակի ձայները, որի պատճառով վատ լսողությամբ անձինք անմիջապես չեն հարմարվում նոր ձայնային իրավիճակին: Հարմարվելուց հետո նրանք սկսում են տարբերել կողմնակի ձայները, լավ ընկալել խոսակցությունը, բարձրանում է նրանց դիմացկունությունը բարձր ձայների նկատմամբ: Ուստի Լ.ա-ից օգտվելու հնարավորությունը վերջնականորեն որոշվում է մարզվելուց հետո, որն սկզբում կատարվում է լռության մեջ՝ 1 հոգու հետ խոսելիս, հաջորդ փուլում՝ աղմուկի պայմաններում, այնուհետև՝ ընդհանուր խոսակցության ժամանակ: Եթե Լ.ա. ունեն տեխ. թերություններ և կողմնակի աղմուկ է լսվում, ապա առաջանում են հոգնածություն, աղմուկ ականջներում, գլխացավ, անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: Լ.ա. ընտրվում են քիթկոկորդականջաբանի նշանակմամբ՝ հատուկ բաժանմունքներում:
ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆ, ձայնային գրգիռներն ընկալելու օրգանիզմի ունակություն: Լ. խոսքի զարգացման անհրաժեշտ գործոն է և մարդկանց միջև խոսքային հաղորդակցման անհրաժեշտ միջոց: Լ-յան բացակայությունն աղքատացնում է մարդու աշխարհը, նրան զրկում մարդկանց հետ բնականոն հաղորդակցվելու, երաժշտությունն ընկալելու հնարավորությունից: Լավ Լ. անհրաժեշտ է հատկապես որոշ մասնագիտություն ունեցող անձանց (օրինակ՝ երաժիշտներին, հեռախոսավարներին, բժիշկներին, մանկավարժներին):
Լ-յան օրգանը (խխունջը) տեղադրված է ներքին ականջում:
Ձայնային ալիքները մտնում են ներքին ականջ, և տատանումների էներգիան խխունջում տեղադրված զգայական նյարդային բջիջներում փոխակերպվում է նյարդային դրդման (էլեկտր. պոտենցիալ), ապա լսող. նյարդով հաղորդվում գլխուղեղի կեղև ու ընկալվում որպես լսող. զգացողություն: Լ-յան օրգանի համար ֆիզիոլոգ. գրգռիչ է ձայնը, որը օդի կամ այլ միջավայրի (օրինակ՝ ջրի) տատանող. շարժում է: Ականջի զգայնությունը ձայնային գրգռիչների նկատմամբ կոչվում է Լ-յան սրություն: Լ-յան սրությունը զգալիորեն նվազում է ականջաբորբի, օտոսկլերոզի և այլ հիվանդությունների դեպքերում: Լ-յան սրությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Այն հետազոտում են շշուկային կամ բարձր խոսակցության միջոցով, ինչպես նաև հատուկ սարքերով՝ կամերտոնով, լսաչափով:
Ձայնի նկատմամբ պատասխան հակազդեցությունը կարելի է որոշել նույնիսկ ամենափոքր երեխաների մոտ. կրծքի տարիքի երեխան գլուխը շրջում է ձայն արձակող առարկայի կողմը: Բայց երեխաների Լ-յան ուսումնասիրությունը բավականին դժվար է և կատարվում է հատուկ մեթոդներով՝ մասնագիտացված հիմնարկներում:
Մարդու ականջն ընկալում է տարբեր բարձրության ձայներ, այսինքն՝ տարբեր հաճախության տատանումներ: 16 հց-ից ցածր հաճախությամբ տատանումներ ունեցող ձայնը՝ ենթաձայնը (ինֆրաձայն), ականջի կողմից չի ընկալվում, նույնը վերաբերում է և 20000 հց-ից բարձր հաճախությամբ ձայնին՝ անդրաձայնին: Պարզվել է, որ մարդու ականջը կարող է ընկալել նաև անդրաձայնային հաճախությունները, եթե դրանք հաղորդվում են գանգի ոսկրերի միջով: Ականջի զգայնությունը տարբեր բարձրության ձայների նկատմամբ նույնը չէ: Այն առավելագույնն է 1000-3000 հց հաճախությամբ ձայնի նկատմամբ: Ձայնի ուժը մեծացնելիս ուժեղանում է նաև լսող. զգացողությունը սակայն մինչև որոշակի սահման, որից հետո առաջանում են ճնշման զգացում և ականջացավեր: Մարդը և կենդանիներն ընդունակ են ըստ ձայների որոշել դրանց աղբյուրի տեղը և կողմնորոշվել տարածության մեջ: Եթե 2 ականջի Լ. միատեսակ է, ապա ձայնի աղբյուրը որոշվում է բավականին ճշգրիտ, որովհետև ձայնի աղբյուրին ավելի մոտ գտնվող ականջին ձայնը հասնում է ավելի շուտ, քան մյուսին:
Մարդու Լ. սերտորեն կապված է խոսքի հետ: Երեխան նախ հասկանում է խոսքը, ապա սովորում խոսել: Նրա ուղեղում սկզբում կուտակվում են լսված բառերի պատկերները, իսկ հետո նա փորձում է դրանք արտաբերել: Այդ պատճառով էլ Լ-յան բոլոր տեսակի խանգարումներն այն տարիքում, երբ խոսքը նոր է ձևավորվում, հանգեցնում են Լ-յան զարգացման կասեցման կամ խուլհամրության: Խոսքին տիրապետող հասուն մարդու լսող. ֆունկցիայի խախտումները, որպես կանոն, չեն առաջացնում խոսքային խանգարումներ: Լ-յան խանգարումների պատճառ կարող են լինել՝ արտաքին լսող. անցուղու փակումը ծծմբախցանով (տես Ականջի ծծմբախցան), օտար մարմին ընկնելը, լսող. անցուղու մաշկային հիվանդությունները (էկզեմա, ֆուրունկուլոզ ևն), միջին ականջի սուր կամ քրոնիկ. բորբոքումը, ձայնաընկալիչ ապարատի ախտահարումը վարակիչ հիվանդությունների (ուղեղապատյանաբորբ, գրիպ, խոզուկ ևն) դեպքում, ներքին ականջի բորբոքումները (լաբիրինթաբորբ), մեխ. վնասվածքը, թունավոր քիմ. նյութերի ներգործությունը, արտադրությունում առկա աղմուկի և թրթռման բարձր մակարդակը:
Ձայնահաղորդիչ ապարատն ախտահարվելիս Լ. հնարավոր է վերականգնել կամ լավացնել վիրահատության՝ թմբկաթաղանթի պատվաստման (տիմպանոպլաստիկա) օգնությամբ: Իսկ ձայնաընկալիչ ապարատի ֆունկցիայի խանգարման (լսող. նյարդի բորբոքում) դեպքում բարելավման հնարավորությունները բավականին սահմանափակ են:
Լ-յան խանգարումների կանխարգելման նպատակով ականջի հիվանդության դեպքում պետք է ժամանակին