Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լուսակենսբ. գործընթացների բնագավառի հետազոտությունները սերտորեն կապված են արևի էներգիայի օգտագործման, արհեստ. տեխ. համակարգերի ստեղծման հետ, որոնք ուղղված են գյուղատնտ. արտադրության ինտենսիվացմանը (գյուղատնտ. բույսերի ծլման արագացում և որակի բարելավում, գյուղատնտ. կենդանիների աճման ու զարգացման արագացում), արհեստ. կլիմայի փորձնաարդյունաբեր. սարքերի ստեղծմանը:

ԼՈՒՍԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, լուսային ճառագայթման (ենթակարմիր, տեսանելի և անդրամանուշակագույն) կիրառումը բուժիչ և կանխարգելիչ նպատակներով: Լուսային ճառագայթումները որոշակի հաճախությամբ էլեկտրամագնիս. տատանումներ են: Հիմն. ֆիզ. բնութագրերից մեկը ալիքի երկարությունն է, որն արտահայտվում է միկրոմետրով (մկմ) և նանոմետրով (նմ): Կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթումն օժտված է ավելի արտահայտված կենսբ. ազդեցությամբ, քան տեսանելի և ենթակարմիր ճառագայթները: Երկրի վրա ճառագայթային էներգիայի բնական աղբյուր է Արեգակը: Բուժկանխարգելիչ հաստատություններում Լ. իրականացվում է հատուկ սարքերի՝ ճառագայթիչների օգնությամբ, որոնք արձակում են տարբեր տեսակի ճառագայթներ:

Անդրամանուշակագույն ճառագայթումն օրգանիզմի վրա ունենում է շատ ակտիվ և բազմակողմանի կենսբ. ազդեցություն: Թափանցելով հյուսվածքների մեջ 0,5-1 մմ խորությամբ՝ այն ակտիվացնում է կենսաքիմ. գործընթացները և ազդում բջիջների նյութափոխանակության վրա: Նշված ճառագայթների զգալի չափաքանակի ազդեցությունից մաշկը կարմրում է (էրիթեմա), որն իր առավելագույն աստիճանին է հասնում 18-20 ժ հետո: Այդ հատվածում 7-9-րդ օրն առաջանում է գունակավորում (արևայրուկ): Կարմրության առաջացմամբ ընթացող գործընթացները կազմում են, այսպես կոչված, էրիթեմաբուժության ցավամոքիչ, հակաբորբոքային և տարածվող ազդեցության հիմքը և բուժիչ նպատակով լայնորեն օգտագործվում են գործն. բժշկության մեջ: Անդրամանուշակագույն ճառագայթման յուրահատուկ կենսբ. ազդեցություն է ներծին վիտամին D-ի առաջացումը, իսկ փոքր չափաքանակների ազդեցության դեպքում տեղի է ունենում մաշկում գտնվող դեհիդրոխոլեստերինի փոխարկումը վիտամին D2-ի: Վերջինս անմիջապես մասնակցում է օրգանիզմում ֆոսֆոր-կալցիումային փոխանակության կարգավորմանը: Անդրամանուշակագույն ճառագայթների կարևոր հատկություններից է մանրէասպան ազդեցությունը, որի հիմքում ընկած է այդ ճառագայթների անմիջական ներգործությունը միկրօրգանիզմների վրա: Ճառագայթային էներգիան կլանելիս այդ միկրոօրգանիզմներում տեղի են ունենում բարդ կենսաքիմ. գործընթացներ, որոնք հանգեցնում են մանրէների ոչնչացմանը:

Անդրամանուշակագույն ճառագայթման կենսբ. ազդեցության բազմազանությունը հնարավորություն է տալիս դրանք օգտագործել բուժիչ և կանխարգելիչ նպատակներով: Ֆիզիոթերապիայում կիրառում են տարբեր տեսակի անդրամանուշակագույն ճառագայթիչներ, որոնց համար ճառագայթման աղբյուր են գազապարպումային լամպերը:

Ենթակարմիր և տեսանելի ճառագայթումներն իրենց կենսբ. ազդեցությամբ մոտ են իրար: Օրգանիզմի հյուսվածքների կողմից այդ ճառագայթները կլանվելիս տեղի է ունենում արտահայտված ջերմագոյացում, ինչպես նաև տեղային արյունամատակարարման ուժեղացում, որն էլ ընկած է նշված ճառագայթման բուժիչ (հիմնականում հակաբորբոքային) ազդեցության հիմքում: Ֆիզիոթերապիայում ենթակարմիր ճառագայթման աղբյուր են շիկացման լամպերով կամ տաքացման տարրերով ճառագայթիչները (սոլյուքս լամպեր, լուսաջերմային լոգանքներ, Մինինի լամպեր ևն): Անդրամանուշակագույն ճառագայթներով բուժման համար օգտագործում են հատուկ սարքեր:

ԼՈՒՍԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ տես Լույս հոդվածում:

ԼՈՒՍԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ, աչքի գերզգայնությունը լույսի նկատմամբ: Գոյություն ունի լույսի պայծառության որոշակի մակարդակ, որն անհրաժեշտ է բնականոն տեսող. ընկալման համար: Եթե լույսի պայծառությունը գերազանցում է այդ մակարդակը, տեսողությունը վատանում է, և առաջանում է կուրության անդուր զգացում: Աչքի այդպիսի հակազդեցությունը համարվում է բնականոն: Լ-յանը բնորոշ են հիվանդագին զգացումներ, որոնք առաջանում են սովոր պայծառության լույսի դեպքում: Դա մոտավորապես այն պայծառությունն է, որն ստեղծում է 60 վտ հզորությամբ սեղանի էլեկտր. լամպը սպիտակ թղթի մակերևույթին: Լ-յան դեպքում, նույնիսկ սովոր. լուսավորության պայմաններում, տեսողությունը դժվարանում է կամ դառնում անհնարին, աչքերը ցավում են: Ուժեղ Լ-յան դեպքում առաջանում են թարթիչների ջղաձգային կծկումներ: Հիվանդությունը հաճախ ուղեկցվում է արցունքահոսությամբ: Լույսի նկատմամբ զգայնության բարձրացումը սովորաբար աչքերի հիվանդության (շաղկապենաբորբ, եղջերենաբորբ, իրիդոցիկլիտ) կամ վնասվածքի ախտանշաններից է: Ուստի Լ. առաջանալիս անհրաժեշտ է շտապ դիմել ակնաբույժի: Լ. դիտվում է նաև լսնամաշկությամբ (ալբինիզմ) տառապող անձանց մոտ, քանի որ լույսի ճառագայթները նրանց աչքի մեջ թափանցում են ոչ միայն բբի, այլև գունակազուրկ ծիածանաթաղանթի միջոցով (տես Աչք): Լ-յան վերացման համար խորհուրդ է տրվում կրել (անպայման ակնաբույժի ցուցումով) լուսազտիչներով ակնոց:

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ունի կարևոր հիգիենային նշանակություն, բարենպաստ պայմաններ է ստեղծում մարդու կյանքի և գործունեության համար: Կարևոր է ոչ միայն սենյակը կամ առանձին աշխատատեղը լուսավորել, այլև կատարվող աշխատանքի բնույթին համապատասխանող Լ. ստեղծել: Անբավարար Լ. նվազեցնում է աշխատունակությունը և աշխատանքի արտադրողականությունը, հոգնեցնում աչքերը, նպաստում կարճատեսության առաջացմանը, արտադր. վնասվածքների ավելացմանը, հանգեցնում տրանսպորտային վթարների:

Լ. լինում է բնական, արհեստ. և խառը (տես Բնակարան հոդվածում): Բնական Լ. պայմանավորված է արևի ուղղակի ճառագայթներով, երկնակամարի ցրված լույսով և փոխվում է՝ կախված աշխարհագր. լայնությունից, արևի դիրքից, մթնոլորտի ամպամածության ու պարզության աստիճանից: Շինություններում լավագույն Լ-յան ապահովման համար բնակարանների պատերն ու առաստաղը պետք է ներկել բաց գույնի երանգներով և պարբերաբար մաքրել պատուհանների ապակիները, որովհետև դրանց աղտոտումը հանգեցնում է լուսային հոսքի մինչև 50 % կորստի: Շղարշե վարագույրները կասեցնում են լույսի ավելի քան 40%-ը: Լավագույն Լ. (անկախ օրվա ժամերից կամ այլ գործոններից) ստացվում է լույսի արհեստ. աղբյուրների՝ էլեկտրալամպերի (շիկացման և լյումինեսցենտային) օգնությամբ: Լուսավորվածությունը սահմանվում է ըստ կատարվող աշխատանքների բնույթի:

Սովորաբար օգտագործվում է արհեստ. Լ-յան 2 տեսակ. ընդհանուր, որի դեպքում լույսը հավասարաչափ տարածվում է ամբողջ