և ներքին ընդունման եղանակներով օգտագործելիս: Բացառություն է տրիպսինը, որն այդ նպատակով կիրառվում է միայն ինհալացիայով:
Անուղղակի ազդեցությամբ Խ.դ. ներքին ընդունման դեպքում ռեֆլեքսային կարգով դրդում են բրոնխների լորձաթաղանթի գեղձերի գործունեությունը, գրգռում ստամոքսի զգացող նյարդային վերջույթները: Դրանցից են դեղաբույսերից ստացվող պատրաստուկները (օրինակ՝ Թերմոպսիսի թուրմը, չոր թերմոպսիսի մզվածքը), ինչպես նաև բույսերից մաքուր ձևով անջատված որոշ նյութեր: Նշված պատրաստուկներն արդյունավետ են միայն ներքին ընդունմամբ, սակայն մեծ քանակները կարող են առաջացնել սրտխառնոց և փսխում: Դրանց փսխեցուցիչ ազդեցության հանդեպ ավելի զգայուն են կրծքի և նախադպրոց. տարիքի երեխաները: Ուստի նրանց նշանակում են անուշադրաանիսոնային կաթիլներ, տերպինհիդրատ և այլ պատրաստուկներ, որոնց բաղադրության մեջ մտնում են փսխեցուցիչ ազդեցություն չունեցող խ.դ.:
Խ.դ. կիրառվում են հիմնականում թոքերի հիվանդությունների (թոքաբորբ, տրոնխաբորբ ևն) ժամանակ, որոնք ուղեկցվում են հազով և շատ մածուցիկ, դժվար արտազատվող խորխարտադրութամբ: Այլ հիվանդությունների (օրինակ՝ արյան շրջանառության խանգարում) պատճառով առաջացող հազի դեպքում Խ.դ. անարդյունավետ են կամ քիչ արդյունավետ: Խ.դ. օգտագործվում են միայն բժշկի նշանակմամբ: Ինքնաբուժումը կարող է բարդություններ առաջացնել: Այսպես՝ մեծ թվով ուղղակի ազդեցության Խ.դ. կարող են նպաստել թոքերի քրոնիկ. հիվանդությունների (օրինակ՝ տուբերկուլոզի) սրացմանը: Պետք է հիշել, որ մեծահասակներին նշանակված Խ.դ. ոչ մի դեպքում չի կարելի տալ երեխաներին:
ԽՈՑ, մաշկի կամ լորձաթաղանթների և դրանց տակ գտնվող հյուսվածքների ամբողջականության խախտում, որը երկար ժամանակ պահպանվում է ապաքինման գործընթացների խանգարման հետևանքով: Տարբերում են մաշկի մակերեսին գտնվող, աչքով տեսանելի արտաքին Խ-եր և ներքին օրգաններում (ստամոքս, աղիքներ ևն) տեղադրված ներքին Խ-եր:
Խ-ի առաջացման պատճառները տարբեր են: Դրանցից առավել կարևոր են արյան և ավշի շրջանառության խանգարումները (արյան կանգ, երակների հանգուցավոր լայնացում, փղախտ ևն), բորբոքային գործընթացները (տուբերկուլոզ, թարախային վարակ ևն), նյութափոխանակության խանգարումները (շաքարախտ, թերվիտամինություն ևն): Խ. առավել հաճախ բնորոշ է տարեցներին և մեծահասակներին:
Տարբերում են նաև, այսպես կոչված, գերհույզային Խ., որի առաջացման պատճառ են դառնում ուժեղ, հիմնականում բացասական հույզերը՝ հարազատների և մերձավորների, մահը, հրդեհը, վթարը, նյարդային լարվածությունը ևն: Երբեմն Խ-ի պատճառ են դառնում խոշոր նյարդերի վնասվածքները:
Խ. կարող է առաջանալ մարմնի տարբեր մասերում, առավել հաճախ ոտքերին, սրունքաթաթային հոդերի շրջանում և ոտնաթաթերին: Երակների հանգուցավոր լայնացումների դեպքում Խ-երը, որպես կանոն, լինում են սրունքի ստորին 1/3-րդ մասի ներքին մակերևույթին: Բերանի խոռոչի (հատկապես խոցային բերանաբորբի), ներքին օրգանների (ստամոքս, աղիքներ), ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությունների, հաստ աղիքի խոցային բորբոքման (տես Հաստ աղիքի բորբոքում) դեպքերում Խ-ի առաջացման մեխանիզմը բարդ է: Խ-երը կարող են լինել մեկական և բազմաթիվ, տարբեր մեծության, խորության և ձևի: Մի մասը տարբերվում է կանոնավոր ձևով և հավասար եզրերով: Խ-երը երբեմն լինում են խորը, երբ հատակը հասնում է ճարպային, մկանային, ոսկրային հյուսվածքներին, այն ծածկվում է մահացած և սպիացած հյուսվածքով, երբեմն՝ երիտասարդ աճող շարակցական հյուսվածքով, որը կոչվում է հատիկավոր (գրանուլացիոն): Նման հյուսվածքի առաջացումը վկայում է Խ-ի շուտափույթ ապաքինման մասին: Խ-ի առավել վտանգավոր բարդություն է արյունահոսությունը՝ հատկապես ներքին օրգաններում (օրինակ՝ ստամոքսում, 12-մատնյա աղիքում) առաջացած Խ-երից, երբ հիվանդը կարող է մեծ քանակությամբ արյուն կորցնել: Նման դեպքում պահանջվում է շտապ բժշկ. միջոցառում, հաճախ՝ նաև վիրահատություն:
Բուժումը պայմանավորված է Խ-ի բնույթով և տեղադրությամբ, օրինակ՝ ստամոքսի կամ 12-մատնյա աղիքի Խ-ի բուժման համար անհրաժեշտ է բուժ. սնունդ, խախտված արյան շրջանառության և նյութափոխանակության վերականգնում, վիտամինաբուժություն, երբեմն՝ վիրաբուժ. միջամտություն:
Կանխարգելումը ևս բազմազան է. օրինակ՝ երակների հանգուցավոր լայնացման դեպքում Խ-ի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է հագնել առաձգական գուլպաներ, կարգավորել աշխատանքի և հանգստի ռեժիմը, հետևել բժշկի խորհուրդներին: Որոշ հիվանդությունների, օրինակ՝ շաքարախտի, խցանող էնդարտերիտի (տես Էնդարտերիտ խցանող) դեպքերում ոտքերին առաջացող Խ-ից խուսափելու համար պետք է ոտքերը պահպանել փոքր վնասվածքներից, կոտրվածքներից, բժշկի հսկողությամբ բուժել հիմն. հիվանդությունը:
ԽՈՑԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, արտահայտվում է հիմնականում ստամոքսում և 12-մատնյա աղիքում խոցի առկայությամբ: Հիվանդության առաջացման որևէ միասնական պատճառ առանձնացնել չի հաջողվում: Որոշակի նշանակություն ունեն նյարդահոգեկան գերլարումները, ծխելը, պարբերաբար ոչ ճիշտ սնվելը, ժառանգ. նախատրամադրվածությունը: Անկանոն սնվելը (տարբեր ժամերի, մեծ ընդմիջումներով), խանգարելով ստամոքսում մարսողության գործընթացը, կարող է նպաստել Խ.հ-յան առաջացմանը, քանի որ նման դեպքում ստամոքսի թթու միջավայրում սննդանյութերի չեզոքացում տեղի չի ունենում: Սուր կերակրատեսակների, համեմունքների, ալկոհոլի, դժվարամարս սննդանյութերի չարաշահումը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, ավելացնում ստամոքսի հյութազատությունը և նպաստում խոցի առաջացմանը: Նույնանման ազդեցություն է ունենում նաև ծխելը, ընդ որում՝ նիկոտինն առաջացնում է անոթների կծկանք և ստամոքսի լորձաթաղանթի արյունամատակարարման խանգարում:
Հիվանդը գանգատվում է սրտագդալի շրջանի ցավերից, որոնք առաջանում են սնունդ ընդունելուց հետո, մի դեպքում՝ 0,5-1 ժ, մեկ այլ դեպքում 1,5-2 ժ անց, երբեմն էլ՝ քաղցած վիճակում: «Քաղցի» ցավերը բնորոշ են հիմնականում 12-մատնյա աղիքի խոցին: Դրանք անհետանում են սնունդ (երբեմն աննշան քանակությամբ) ընդունելուց հետո: Ցավի ուժգնությունը տարբեր է, այն երբեմն ճառագայթվում է դեպի մեջքը կամ կրծքավանդակը: Հաճախ հիվանդին տանջում է այրոցը, որը նկատվում է սնունդ ընդունելուց 2-3 ժ անց և պայմանավորված է ստամոքսի թթու պարունակության անցմամբ դեպի կերակրափողի ստորին հատվածը: Այրոցը, որպես կանոն, արագ անցնում է կերակրի սոդա ընդունելուց հետո: Երբեմն հիվանդները գանգատվում են զկռտոցից, սրտխառնոցից, փսխումից: Բոլոր նշված երևույթները կապված են սննդի ընդունման հետ: Ախորժակը կարող է չփոխվել: