ԱՂՄՈՒԿ ԱԿԱՆՋՆԵՐՈՒՄ (խշշոց ականջներում), աղմուկի կամ խշշոցի զգացում ականջներում: Բացարձակ լռության պայմաններում աղմուկը կարող է առաջանալ կատարյալ առողջ մարդկանց ականջներում, ինչը պայմանավորված է ներքին ականջի մանր արյունատար անոթներով արյան շարժման ընկալմամբ (ֆիզիոլոգ. աղմուկ): Ախտաբան. Ա.ա. առաջանում է դեպի լսող. նյարդ գնացող արյան անհավասարաչափ հոսքի պատճառով կամ միջին և ներքին ականջի հիվանդությունների, կապարով, արսենով, սնդիկով, ալկոհոլով, նիկոտինով քրոնիկ. թունավորումների, հիպերտոնիկ հիվանդության, թերճնշման դեպքերում, որը պայմանավորված է նյարդի գրգռմամբ: Սովորաբար աղմուկի հետ միաժամանակ նկատվում է լսողության նվազում, և որքան մեծ է աղմուկի ուժը, այնքան ավելի է նվազում լսողությունը: Խլության դեպքում աղմուկը, որպես կանոն, դադարում է: Աղմուկի ուժեղացումը (կամ առաջացումը) կարող է դիտվել զարկերակային ճնշման տատանումների, հոգեկան զգալի գրգռված վիճակների, ֆիզ. լարվածության, գերհոգնածության ժամանակ: Ա.ա. երբեմն առաջանում է հղիության և կլիմաքսի շրջանում: Աղմուկի առաջացման դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի, որովհետև դա հաճախ ականջի և սիրտանոթային համակարգի հիվանդությունների համեմատաբար վաղ ախտանշան է: Հղի կանանց մոտ աղմուկի առաջացումը կարող է վկայել զարկերակային ճնշման անկայունության մասին և լինել հղիության տոքսիկոզների վաղ նախանշան:
ԱՄԱՆԵՂԵՆ տնտեսական, լինում է մետաղե (պողպատ, չուգուն, ալյումին, արույր, մելքիոր), կերամիկ. (կավ, ճենապակի, հախճապակի), ապակե, պլաստմասսայե, փայտե: Ա-ի պատրաստման և պահպանման ժամանակ պետք է նկատի առնվեն հիգիենային որոշակի պահանջներ, որոնց անտեսումը կարող է հիվանդության կամ սննդային թունավորման պատճառ դառնալ: Ա-ի նկատմամբ հիմն. պահանջներն են՝ սննդի մնացորդներից հեշտ մաքրվող հարթ ներքին մակերևույթ, բացի այդ, հումքը, որից պատրաստված է Ա., չպետք է պարունակի վտանգավոր նյութեր, որոնք լուծվում են թույլ օրգ. թթուներում: Այն պետք է կայուն լինի կոռոզիայի նկատմամբ, չփոխի սննդի գույնը, համը, հոտը և մյուս հատկությունները:
Շատ տարածված է ալյումինե Ա., որոնց մեջ կարելի է ցանկացած սնունդ պատրաստել և պահել մինչև 2 օր: Այդպիսի Ա-ի մեջ չի կարելի թթու դնել, աղի պանիր պահել, քանի որ հիմքերի և թթուների ազդեցությունից փչանում է: Ցինկապատ Ա-ում չի կարելի կերակուր պատրաստել, ինչպես նաև սունկ, կաղամբ և այլ սննդամթերք աղ դնել կամ խմելու ջուր եռացնել, որովհետև առաջանում են մարդու օրգանիզմի համար վնասակար ցինկի աղեր: Ցինկապատվածքի վրա ներգործում են թթվային և հիմնային (լվացափոշիներ) լուծույթները և կերակրի աղը: Պղնձե Ա. թույլատրվում է օգտագործել միայն կլայեկած:
Պողպատե Ա. թողարկում են արծնապատ, ցինկապատ և կլայեկած: Պողպատե արծնապատ Ա. քիմիապես կայուն է օրգ. թթուների, աղերի և հիմքերի նկատմամբ, պիտանի՝ ինչպես կերակուրը եփելու, այնպես էլ պահելու համար:
Արույրե Ա. նախատեսված է գլխավորապես ջուր եռացնելու և մուրաբա եփելու համար: Դրանց վրա ազդում են օրգ. թթուները, կաթը, յուղը և այլ սննդամթերքներ:
Թուջե արծնապատ Ա. կայուն է օրգ. թթուների, աղերի, օճառի և հիմքերի նկատմամբ: Վնասված արծնաշերտով Ա. խորհուրդ չի տրվում օգտագործել կերակուր պատրաստելու համար:
Մելքիորե Ա. նախատեսված է հիմնականում ճաշասպասքի համար:
Ապակե Ա-ից առավել գործածական է կրակահեստ ապակուց խոհանոցի Ա.՝ կերակուր եփելու համար, որն ավելի հիգիենիկ է, քան մետաղականը, երկար ժամանակ պահում է ջերմությունը, չի փոխում կերակրի համն ու հոտը:
Պլաստմասսայե Ա. ավելի դիմացկուն է, քան ապակե, հախճապակե, ճենապակե Ա., և հեշտությամբ է լվացվում: Որոշ պլաստմասսաներից պատրաստված ամանները լավ են դիմանում եռման ջրին:
Հիգիենայի տեսակետից շատ կարևոր է Ա-ի ճիշտ լվանալը:
Ա. լվանալիս լվացափոշիներից և մածուկներից օգտվելու եղանակներն են. թաց լաթի կամ խոզանակի վրա մի քիչ փոշի (մածուկ) լցնել և մաքրել նախապես խոնավացրած մակերևույթը, այնուհետև լավ լվանալ տաք ջրով: Հեղուկ լվացամիջոցներով լվանալիս լաթը կամ սպունգը ծծեցնել հեղուկով, քսել մակերևույթին և թողնել 15-20 ր, այնուհետև լվանալ: Խորհուրդ չի տրվում Ա. մաքրել կոշտ փոշիներով և մետաղե խոզանակներով: Ալյումինե Ա-ի սևությունն անցկացնելու համար կարելի է օգտագործել քացախ կամ թրթնջկաթթվի լուծույթ (5 լ ջրին՝ 1 թեյի գդալ թրթնջկաթթու), ամանը թողնել 10-12 ժ, հետո եռացնել:
Հասարակական սննդի վայրերում շատ կարևոր է Ա-ի հիգիենայի պահպանումը, քանի որ նույն սպասքը կարճ ժամանակում գործածում են մի քանի այցելու, որոնց մեջ կարող են հիվանդներ լինել: Հաս. սննդի վայրերում ճաշի Ա. լվանալու համար տեղադրում են եռաբուն, իսկ թեյի սպասքի և մյուս պարագաների համար՝ երկբուն լվացակոնք: Դրանք պետք է լինեն չժանգոտվող պողպատից, արծնապատ կամ ցինկապատ: Նախապես Ա. մաքրում են սննդի մնացորդներից, այնուհետև լվանում 1-ինում 40—50°C ջերմաստիճանի ջրով՝ ավելացնելով լվացամիջոց: 2-րդում (ջրի ջերմաստիճանը նույնպես 40-50°C) Ա. կրկնակի լվացվում է, անհրաժեշտության դեպքում պետք է 15-20 ր թողնել ջրի մեջ (10 լ ջրին՝ 200-250 մլ 10%-անոց քլորակրի լուծույթ): Լվացակոնքի 3-րդ բաժնում Ա. պարզաջրում են տաք ջրով (70°C-ից բարձր): Ա. անհրաժեշտ է չորացնել պահարանում կամ հատուկ դարակում: Հաս. սննդի վայրերում խորհուրդ չի տրվում Ա. սրբիչով չորացնել:
Մանկական Ա., երեխային կեր պատրաստելու և կերակրելու համար պետք է Ա. առանձնացնել: Եթե երեխան անցել է արհեստ. կերակրման, ապա անհրաժեշտ է վերցնել աստիճանագծերով 6-8 շիշ, 2-3 ծծակ: Իսկ եթե կրծքով է կերակրվում, ապա անհրաժեշտ է ունենալ 2-3 նույնպիսի շշեր՝ ջրի և հյութերի համար: Բացի դրանցից, պետք են նաև փոքրիկ ձագար՝ կաթը շշի մեջ լցնելու, կաթսա՝ բանկայով կաթը մանրէազերծելու և խոզանակ՝ շշերը լվանալու համար: Անհրաժեշտ է մեծ կաթսա՝ մանկ. բոլոր կաթսաները և ճաշասպասքը եռացնելու համար: Հետագայում երեխայի համար անհրաժեշտ է առանձնացնել բաժակ, ափսե, տարբեր չափի գդալներ, ինչպես նաև շիլա, բանջարեղենային խյուս, ապուր եփելու փոքր կաթսաներ: Պատրաստի սնունդը պետք է պահել արծնապատ կամ ապակե ամաններում: Վնասված արծնով Ա. պիտանի չէ: Բանջարեղենային կամ մրգային խյուսեր պատրաստելիս չպետք է օգտվել մետաղե քերիչից, քանի որ մետաղի հետ շփվելիս վիտամին C-ն քայքայվում է: Ավելի ճիշտ է օգտագործել չժանգոտվող պողպատե դանակ և պլաստմասսայե քերիչ: Մանկ. Ա. պետք է բացարձակապես մաքուր լինի և ամեն օր եռացվի: Կերակուր պատրաստելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել հիգիենայի կանոնները: