կատարում են նրա աշխատանքի մի մասը:
Գոյություն ունեն մի քանի նյարդահյուսակներ՝ պարանոցային, բազկային, գոտկային և սրբոսկրային: Պարանոցային և բազկային հյուսակներից սկսվող նյարդերն ապահովում են պարանոցի և ձեռքերի շրջանի մկանների կծկումն ու մաշկի զգայնությունը, գոտկային և սրբոսկրային նյարդերը՝ ոտքի, որովայնի ստորին հատվածի, գոտկատեղի, հետույքի, շեքի մաշկն ու մկանները: Բազկային հյուսակից գոյանում են ձեռքերի նյարդերը (ճաճանչային, արմնկային, միջնակ), գոտկայինից՝ ազդրային և այլ նյարդեր, սրբոսկրայինից՝ նստանյարդը ևն:
Գլխուղեղի հետ կապված են 12 զույգ գանգուղեղային նյարդեր, որոնք ապահովում են դեմքի մաշկի, աչքերի, քթի խոռոչի, բերանի, ըմպանի, կոկորդի լորձաթաղանթների զգայնությունը, ինչպես նաև դեմքի, աչքերի, լեզվի, ըմպանի և կոկորդի մկանների շարժողությունը: Գանգուղեղային նյարդերի վեգետատիվ նյարդաթելերը ղեկավարում են արցունքագեղձերի և թքագեղձերի ֆունկցիաները, մասնակցում շնչառ. օրգանների, սիրտանոթային, մարսող. համակարգերի ֆունկցիաների ապահովմանը: Բացի այդ, գանգուղեղային նյարդերն ապահովում են զգացողության օրգանների աշխատանքը՝ պահպանելով կենտր. նյարդային համակարգի կապը հոտառության, տեսողության, լսողության և համի ընկալիչների հետ:
Յուրաքանչյուր գանգուղեղային նյարդ կատարում է որոշակի ֆունկցիա: Հոտառ. նյարդն սկսվում է քթի լորձաթաղանթում տեղադրված ընկալիչներից և գլխուղեղ է հաղորդում տարբեր հոտերի ընկալումն ապահովող նյարդային ազդակներ: Տեսող. նյարդը ձևավորվում է աչքի ցանցաթաղանթի տեսող. ընկալիչներից և փոխանցում է լուսային ու գունային ազդանշաններ: Լսող. նյարդն ապահովում է ձայնային գրգիռներն ընկալող ներքին ականջի ընկալչական լսող. ապարատից դեպի կենտր. նյարդային համակարգ տեղեկության փոխանցումը: Համն ընկալվում է գանգուղեղային մի քանի նյարդերի նյարդաթելերով, որոնք սկսվում են լեզվի լորձաթաղանթի համային ընկալիչներից, ընդ որում՝ քաղցրի և թթվի զգացողությունները հաղորդվում են համային նյարդաթելերով լեզվի առաջային 2/3-ից, դառը՝ հետին 1/3-ից: Եռվորյակ նյարդը, որը հիմնականում կազմված է զգացող նյարդաթելերից, տեղեկություն է հաղորդում դեմքի մաշկի ընկալիչներից, աչքերի, բերանի և քթի խոռոչների լորձաթաղանթից, լնդերից, ատամներից: Հետին նյարդարմատների կազմության մեջ մտնող ողնուղեղային զգացող նյարդաթելերի նման եռվորյակ նյարդի նյարդաթելերը նույնպես գլխուղեղի բունը մտնելուց առաջ գոյացնում են նյարդարմատ, որի ընթացքում տեղադրված է մեծ նյարդահանգույց (գասերյան հանգույց):