Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թուլությունը: Եռվորյակ նյարդի ախտահարումն ընթանում է դեմքի կեսի մաշկի զգայնության կորստի կամ դեմքի, աչքերի, լնդերի շրջանի ուժեղ ցավերով: Եռվորյակ նյարդի նյարդարմատի ընթացքով տեղադրված նյարդահանգույցի (գասերյան հանգույց) ախտահարումը նույնպես ուղեկցվում է դեմքի ուժեղ ցավերով, բացի այդ, դեմքի վրա կարոդ է առաջանալ տենդաբշտիկ, որը հատկապես վտանգավոր է աչքի լորձաթաղանթներին տեղադրվելիս (հնարավոր են նաև աչքի եղջերաթաղանթի խոցոտումներ): Դիմային նյարդը շարժիչ է, ուստի նրա ախտահարումը հանգեցնում է դեմքի 1 կեսի դիմախաղի մկանունքի լուծանքի կամ կիսալուծանքի, որն ուղեկցվում է աչքը փակելու ունակության կորստով և դեմքի ծռվածությամբ, բերանը թեքվում է դեպի առողջ կողմը, իսկ դեմքի զգայնությունը պահպանվում է: Ակնաշարժ նյարդերի ախտահարումը բնորոշվում է շլությամբ և երկտեսությամբ: Լեզվաըմպանային և թափառող խառը նյարդերի ախտահարումն ուղեկցվում է ըմպանի և կոկորդի զգայնության նվազմամբ, լեզվի հետին 1/3-ի համազգացության կորստով, հաճախակի շնչահեղձ հազով ուղեկցվող կլման խանգարումներով (հեղուկ սնունդը շնչուղիներ և քթաըմպան ընկնելու հետևանքով), ձայնի հնչեղության կորստով կամ ռնգախոսությամբ, ինչպես նաև ներքին օրգանների (թոքեր, սիրտ, ստամոքսաղիքային համակարգ) ֆունկցիաների խանգարումներով: Ենթալեզվային նյարդի ախտահարումից առաջացած լեզվի նյարդավորման խանգարումը դրսևորվում է լեզվի շարժունության թուլացմամբ, արտասանության և սնունդը ծամելու դժվարացմամբ:

Ծ.ն.հ-ի հիվանդություններն ախտորոշում է բժիշկը: Հիվանդի նյարդաբան. հետազոտության հետ մեկտեղ ախտորոշմանը մեծապես նպաստում է հատուկ մեթոդների կիրառումը, ամենից առաջ մկաններում առաջացող կենսաէլեկտր. երևույթների գրանցումը (էլեկտրամկանագրություն), որը հնարավորություն է տալիս որոշել Ծ.ն.հ-ի ախտահարման տեղն ու ծանրությունը: Հյուսակների, դիմային և եռվորյակ նյարդերի, վերջույթների ծայրամասային նյարդերի նյարդաթելերով էլեկտր. ազդանշանով տարածման արագության որոշումը կարևոր նշանակություն ունի նյարդացողունների վնասվածքների, հատկապես նյարդերի պատռվածքների (չվնասված մաշկի դեպքում) ախտորոշման, ինչպես նաև նյարդի վերականգնման գործընթացի փուլը կամ դրա ավարտը հաստատելու համար: Առանձին դեպքերում Ծ.ն.հ-ի ախտահարման բնույթը որոշելու համար անհրաժեշտ է կատարել ողնուղեղային ընդծակում (պունկցիա):

Վեգետատիվ նյարդային համակարգի ծայրամասային բաժնի (վեգետատիվ նյարդահանգույց, հյուսակ և նյարդաթել) ախտահարումից առաջանում են վեգետատիվ հանգուցաբորբեր (գանգլիոնիտ), հյուսակաբորբեր և նյարդաբորբեր, որոնք ուղեկցվում են տարածուն ցավերով և ներքին օրգանների գործունեության խանգարումներով:

Ծ.ն.հ-ի հիվանդությունների կանխարգելման համար պետք է խուսափել մրսածությունից, արտադր. վնասվածքներից, արտադր., կենցաղային թունաքիմիկատների հետ աշխատելիս հարկավոր է պահպանել աշխատանքի անվտանգության տեխնիկայի կանոնները: Բացի այդ, հարկավոր է հիշել, որ Ծ.ն.հ-ի հիվանդությունների հանդեպ նախատրամադրված են ալկոհոլը և ծխախոտը չարաշահող, ինչպես նաև շաքարախտով, կոլագենային հիվանդությամբ, թիրեոտոքսիկոզով (տես Խպիպ տարածուն, թունավոր), ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններով (ստամոքսաբորբ, խոցային հիվանդություն) տառապող անձինք: Շաքարախտով հիվանդները պետք է կանոնավոր այցելեն բժշկի՝ շաքարախտային բազմանյարդաբորբերի կանխարգելման նկատակով:

Ծ.ն.հ-ի հիվանդությունների բուժումը պայմանավորված է նրա տարբեր բաժինների ախտահարմամբ: Օգտագործվում են դեղանյութեր և ֆիզիոթերապևտիկ. բուժարարողություններ, որոնք նշանակում է բժիշկը՝ միայն հատուկ հետազոտությունից հետո: Հիվանդության ծանրությունից կախված՝ բուժումն անցկացնում են հիվանդանոցում կամ պոլիկլինիկայում: Ծայրամասային նյարդերի պատռվածքներով ուղեկցվող վնասվածքների ժամանակ պահանջվում է վիրաբուժ. միջամտություն, որն արագացնում է նյարդի վերականգնման ընթացքը:

ԾԱՆՐԱՄԱՐՏ, ծանր աթլետիկա, մարզաձև, ծանրություն (ծանրաձող, ծանրաքար) բարձրացնելու մրցում: Առավելագույն ծանրությունների բարձրացման մրցումներն անցկացվում են ծանրաձողով: Մարզ. պարապմունքների ժամանակ, բացի ծանրաձողից և ծանրաքարերից, լայնորեն օգտագործվում են նաև մարզագնդեր և հատուկ մարզասարքեր:

Ծ. հիմնականում զարգացնում է մկանային ուժը, ուժային շարժումների արագությունը և ուժային դիմացկունությունը, այսինքն՝ ուժային վարժությունների բազմակի կրկնումների ունակությունը: Ծանրամարտիկներն աչքի են ընկնում խիստ զարգացած և ցայտուն ընդգծված մկանունքով: Ծանրաձողով պարապմունքներն ամրացնում են հենամկանային ապարատը, բարձրացնում հարմարվողականությունը ֆիզ. բեռնվածությունների հանդեպ: Հատուկ ուժային բնույթի վարժությունների միօրինակության պատճառով Ծ. անբավարար է զարգացնում ճարպկությունը, շարժունությունը, ուստի ծանրամարտիկների մարզումների ժամանակ կիրառվում են ընդհանուր զարգացնող վարժություններ (վազք, մարմնամարզություն ևն): Բավարար ընդհանուր ֆիզ. պատրաստվածության դեպքում տղաները Ծ-ով կարող են զբաղվել 13 տարեկանից ոչ շուտ, հատուկ ծրագրով փորձառու մարզիչների ղեկավարությամբ Մրցումներին մասնակցել թույլատրվում է 17-18 տարեկանից:

Ծ-ի վարժությունները կապված են մեծ ֆիզ. բեռնվածությունների, մկանային լարման հետ, որոնք բարձր պահանջներ են ներկայացնում սիրտանոթային համակարգին և հենաշարժ. ապարատին: Ուստի, Ծ-ով զբաղվելու համար պահանջվում է բժշկի հատուկ թույլտվություն, իսկ պարապմունքների ընթացքում անհրաժեշտ է մշտ. բժշկական հսկողություն և ինքնահսկում:

ԾԱՐԱՎ, ֆիզիոլոգ, վիճակ, երբ օրգանիզմը ջրի պահանջ է զգում: Առաջանում է օրգանիզմում ջրի անբավարար քանակության, տարբեր աղերի չափից ավելի օգտագործման կամ հեղուկի մեծ կորստի (օրինակ՝ առատ քրտնարտադրություն, միզամուղ դեղանյութերի ազդեցություն ևն) դեպքերում: Ծ. սովորաբար ընկալվում է որպես բերանի խոռոչի և ըմպանի լորձաթաղանթի չորության զգացում, որը մասամբ վերանում է բերանը ջրով ողողելիս և ամբողջովին՝ մեծ քանակությամբ հեղուկ խմելիս: Ծ. նպաստում է օրգանիզմում ջրաաղային հավասարակշռության պահպանմանը: Այն կարող է լինել նաև ախտաբան. վիճակների (օրինակ՝ շաքարախտ, երիկամների հիվանդություն ևն) ախտանշան: Գլխուղեղի գործունեության խանգարումներով պայմանավորված որոշ հիվանդությունների դեպքում նկատվում է Ծ-ի դրսևորումների լրիվ բացակայություն:

Ուժեղ արտահայտված Ծ-ի զգացում են ունենում բարձր ջերմաստիճանի պայմաններում (շոգ կլիմա, տաք արտադրամասեր ևն) աշխատողները, որի հետևանքով