Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղի է ունենում ուժեղ քրտնարտադրություն: Վերջինս հանգեցնում է օրգանիզմի ոչ միայն ջրի, այլև աղերի կորստի (տես Հանքային նյութեր), նվազում է օրգանիզմի ջուր պահելու ունակությունը, առաջանում է անզուսպ Ծ-ի զգացում: Նշված երևույթները կարելի է նվազեցնել հատուկ խմելու ռեժիմի օգնությամբ:

ԾԵՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, գերոնտոլոգիա, բժշկակենսբ. գիտություն, ուսումնասիրում է մարդու և կենդանի էակների ծերացումը պայմանավորող և ուղեկցող կենսբ. մեխանիզմներն ու գործընթացները: Եվ քանի որ այդ գործընթացներն սկսվում են ծերությունից շատ առաջ, ուստի ծերաբաններն ավելի մեծ ուշադրություն են դարձնում մեծահասակների առողջությանը: Ծ. ուսումնասիրում է նաև շրջակա միջավայրին հարմարվելու օրգանիզմի տարիքային առանձնահատկությունները, ծերացման դանդաղեցման և կյանքի տևողության երկարացման միջոցները: Ծերացման կենսաբանության իմացությունը հնարավորություն է տալիս ճիշտ պատկերացնել տարեց և ծեր մարդկանց բնորոշ հիվանդությունների առաջացումը և դրանք ժամանակին կանխարգելել ու բուժել:

Բժշկագիտության գրեթե բոլոր բնագավառներում կան Ծ-յան խնդիրների հետ կապված բաժիններ:

ՀՀ-ում Ծ-յան բնագավառի գիտ. հետազոտություններ են կատարվել 1960-ից: Զբաղվել են ծերերի սիրտանոթային համակարգի հիվանդությունների (Վ. Սադոյան), ստորին վերջույթների անոթների ախտահարման, լեղապարկի և ստամոքսաղիքային հիվանդությունների (Պ. Անանիկյան), գլխուղեղի արյան շրջանառության խանգարումների և աթերոսկլերոզի (Է. Գևորգյան), գլխուղեղի աթերոսկլերոզի ժամանակ հոգեկան գործունեության (Ա. Մեհրաբյան), կաթվածի ընթացքի ու բուժման (Ս. Ջոհրաբյան, Հ. Մուրադյան, Յու. Դադիվանյան), սրտամկանի իշեմիկ հիվանդության (Ս. Երամյան) առանձնահատկությունների պարզաբանման ու բուժման հարցերով: Ուսումնասիրվել են ծերության սոցիալհիգիենային և ծերության կենսաթոշակի անցնելու հետ կապված հարմարման շրջանի հարցերը (Ա. Հայրիյան):

1970-ից հետազոտություններ են կատարվում փորձարար. Ծ-յան բնագավառում: 1974-ին ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստ-ում ստեղծվել է տարիքային նյարդաքիմիայի լաբորատորիա, որտեղ ուսումնասիրվում է (Գ. Ապրիկյանի ղեկավարությամբ) գլխուղեղի ազոտային էներգիական փոխանակության, ինչպես նաև նյարդային գրգիռների հաղորդմանը մասնակցող միջնորդանյութերի (նեյրոմեդիատորներ) գործունեության առանձնահատկությունները և նրանց կարգավորման հնարավորությունները:

Պարզվել են ծերացման ընթացքը դանդաղեցնելու նպատակով կենսաբանորեն ակտիվ նյութերի կիրառման հնարավորությունները: Ռումինահայ բժիշկ Ա. Ասլանը երկար տարիներ զբաղվել է Ծ-յան խնդիրների ուսումնասիրությամբ: Վաղաժամ ծերացումը կանխելու նպատակով նա առաջարկել է կատարել նովոկաինի լուծույթի ներարկումներ, ստեղծել է «Գերովիտալ H2», «Ասլավիտալ» և այլ պատրաստուկներ: Տես նաև Ծերացում, Երկարակեցություն:

ԾԵՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, գերիատրիա, կլինիկ. բժշկագիտության բնագավառ, ուսումնասիրում է տարեց և ծեր մարդկանց օրգանիզմում ընթացող հիվանդությունների առանձնահատկությունները, մշակում դրանց կանխարգելման ու բուժման մեթոդներ: Կլինիկ. գրեթե բոլոր մասնագիտությունների գծով (աչքի, քիթկոկորդականջի հիվանդություններ, վիրաբուժություն, հոգեբուժություն ևն) ձևավորվել է Ծ-յան բաժին, որը պայմանավորված է տարեց և ծեր հասակում հիվանդությունների կլինիկ. ընթացքի, ախտորոշման և բուժման առանձնահատկություններով: Մշակվում է ուսմունք տարեց հասակում դեղանյութերի կիրառման վերաբերյալ (ծերաբուժ. դեղաբանություն): Տես նաև Ծերացում, Ծերաբանություն:

ԾԵՐԱՑՈՒՄ, կենսբ. օրինաչափ գործընթաց, երբ օրգանիզմի տարիքային փոփոխությունները հանգեցնում են նրա հարմարվող. հնարավորությունների աստիճանաբար աճող սահմանափակման: Ծերությունը տարիքային զարգացման վերջին փուլն է, Ծ-ման գործընթացի հետևանքը: Տնտեսապես զարգացած երկրներում ընդունված է համարել, որ ծերությունն սկսվում է 75 տարեկանից:

Բնակչության Ծ. (տարեց և ծեր մարդկանց թվաքանակի աճը բնակչության ընդհանուր թվակազմում) բնորոշ է բոլոր զարգացած երկրներին: Այդ բնագավառի հիմնախնդիրները պայմանավորել են ծերաբանության և ծերաբուժության արագ զարգացումը:

Մարդու Ծ-ման արագությունն ու բնույթը կապված են ինչպես բնածին գործոնների, այնպես էլ շրջակա միջավայրի ազդեցության հետ: Պայմանականորեն տարբերում են բնականոն կամ ֆիզիոլոգ. և վաղաժամ Ծ.: Բնականոն Ծ-ման դեպքում մարդը մինչև խոր ծերություն մնում է գործնականորեն առողջ, այսինքն նա ընդունակ է ինքնասպասարկման, պահպանում է ակտիվությունն ու հետաքրքրությունը շրջապատի նկատմամբ: Վաղաժամ Ծ. բնորոշվում է տարիքային փոփոխությունների վաղ առաջացմամբ: Այն զգալի չափով պայմանավորված է կրած հիվանդություններով և շրջակա միջավայրի բացասական գործոնների ազդեցությամբ: Կարգավորիչ համակարգերի կտրուկ բեռնվածությունները (օրինակ՝ ալկոհոլամոլությունը, ծխելը) նվազեցնում կամ աղավաղում են օրգանիզմի հարմարվող. հնարավորությունները, նպաստում վաղաժամ Ծ-մանը և դրան ուղեկցող հիվանդությունների առաջացմանը:

Քանի որ մարդու Ծ-ման ընթացքն անհատական է, և ծերացող մարդու օրգանիզմի վիճակը հաճախ չի համապատասխանում տարիքային նորմերին, անհրաժեշտություն է առաջացել սահմանազատել օրացուցային (ժամանակագր.) և կենսբ. տարիք հասկացությունները: Կենսբ. տարիքը կարող է չհամընկնել օրացուցայինի հետ և, կապված վաղաժամ Ծ-ման հետ, կարող է նախորդել նրան: Օրինակ՝ օրացուցային 50 տարեկանի դեպքում օրգանիզմի վիճակը կարող է համապատասխանել 60-ամյա մարդու տարիքային չափանիշներին: Կենսբ. տարիքի որոշումը և օրացուցայինին չհամապատասխանելու նրա աստիճանն ունի մեծ գործն. նշանակություն հիվանդությունների կանխարգելման և բուժման, ըստ մասնագիտության աշխատանքի տեղավորման, խելացի կազմակերպված կենսակերպի լուծման համար:

Ծ-ման ժամանակակից տեսությունների հիմքում ընկած է սպիտակուցի սինթեզի խանգարումների մասին պատկերացումը: Ենթադրվում է, որ դա կապված է նուկլեինաթթուների, մասնավորապես՝ գենետիկ. ինֆորմացիայի փոխանցումն ապահովող ԴՆԹ-ի գործունեության խանգարումների հետ (տես Գենետիկա): Հնարավոր է, որ դրանք պայմանավորված են ԴՆԹ-ի մոլեկուլների կոդում «սխալների», ինչպես նաև նյութափոխանակության արգասիքների կուտակման հետ, որոնք նուկլեինաթթուների և սպիտակուցների հետ առաջացնում են բջջի բնականոն ֆունկցիան խախտող ոչ ակտիվ կոմպլեքսներ: Տեսություններից մեկն օրգանիզմի բջիջների Ծ. բացատրում է ԴՆԹ-ի այն հատվածների ֆունկցիաների խանգարմամբ, որտեղ տեղադրված են անմիջապես սպիտակուցի