Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նյարդարմատաբորբը, հոդերի հիվանդությունը և այլն:

Դեղորայքով բուժումը ծեր տարիքում պահանջում է հատուկ ուշադրություն և զգուշություն, լրիվ բացառվում է ինքնաբուժումը: Մեծահասակները դեղորայքը պետք է ընդունեն միայն բժշկի նշանակմամբ և հսկողությամբ: Շատ դեպքերում ավելի մեծ օգուտ է տալիս ռեժիմի և սոցիալ իրավիճակի փոփոխությունը: Տարեց և ծեր մարդիկ հաճախ տառապում են քնի խանգարումներով (տես Անքնություն): Գիշերային քնի պահանջը տարիքի հետ նվազում է և ունի անհատ. զգալի տատանումնեեր (5-8 ժ): Անքնության բուժման համար անհրաժեշտ է խուսափել քնաբեր դեղանյութերի օգտագործումից: Շարժող. ակտիվության բարձրացումը և, մասնավորապես, քնից առաջ զբոսանքը, ընթրիքը քնելուց 4-5 ժ առաջ (առանց սուրճի կամ թունդ թեյի), սենյակի 18-20° C ջերմաստիճանը, ներքնակի տակ դրված տախտակի վահանը (քնած ժամամանակ ողնաշարի ծռումները վերացնելու համար) պարտադիր են տարեց և ծեր մարդկանց համար և կօգնեն լավացնել քունը, խուսափել քնաբեր դեղանյութերի օգտագործումից: Գիշերային վատ քունը հաճախ պայմանավորված է ցերեկային քնով. տարեց մարդը պետք է ցերեկը բավականին ակտիվ լինի:

Տարեց և ծեր մարդու համար շատ կարևոր է աղիքների ժամանակին դատարկվելը: Փորկապության առաջացմանը նպաստում են որակապես ոչ լիարժեք սնունդը (բանջարեղենի, մրգերի պակասը, ոչ ճիշտ սնվելը, կծու համեմունքների օգտագործումը ևն), թերշարժունությունը, հեղուկների անբավարար օգտագործումը, դեղանյութերի (քնաբեր, ցավամոքիչ, հանգստացնող ևն) կիրառումը: Հոգնաները և ուղիղաղիքային մոմիկները հաճախ գրգռում են աղիքների լորձաթաղանթը: Խորհուրդ է տրվում կաթնաբուս. սննդաարգ՝ հարուստ բանջարեղենով, մրգերով (խնձոր, սալոր, սև սալորաչիր, չամիչ ևն), ակտիվ կենսակերպ, զբոսանքներ և միայն ծայրահեղ դեպքում (բժշկի խորհրդով)՝ բուս. ծագման լուծողական դեղանյութեր:

Կենսակերպը, աշխատանքի բնույթը, որևէ իրադարձության հանդեպ նյարդային համակարգի հակազդեցությունը բավականին ազդում են Ծ-ման խորացման վրա: Ճիշտ կազմակերպված աշխատանքն ու հանգիստը, ճիշտ սնուցումը, ակտիվ շարժող. ռեժիմը, մարդկանց նկատմամբ բարեհամբույր վերաբերմունքը բարերար են ազդում օրգանիզմի ֆիզիոլոգ. հավասարակշռությունն ապահովող, կարգավորիչ համակարգերի վրա:

Աշխատանքն անբաժանելի է կենսակերպից, այն երկարակեցության կարևորագույն գործոն է: Աշխատանքային գործունեության շարունակումը թոշակային տարիքում վաղաժամ Ծ-ման դեմ պայքարի կարևորագույն գործոն է: Երկար տարիներ կենսական նույնատիպության (ստերեոտիպ) պահպանումը, կոլեկտիվում գտնվելը, ընտանիքում հեղինակություն ունենալը բարձրացնում են հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, հետևաբար առողջության պահպանման խթան են:

Մեծ նշանակություն է տրվում նաև աշխատավորների նախաթոշակային պատրաստությանը: Ընդ որում՝ պետք է հաշվի առնվի մարդու առողջ. վիճակը, աշխատանքը շարունակելու ցանկությունը, նրա աշխատանքը թեթևացնելու հնարավորությունը ևն: Նախապատրաստ. շրջանում օգտակար են առողջության պահպանմանը նպաստող գործոնների վերաբերյալ զրույցները, շարժող. ակտիվության, ճիշտ սնուցման, հանգստի, անձնական հիգիենայի վերաբերյալ հանձնարարականները:

Չափավոր սնվելը և աթերոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության, շաքարախտի, հոդերի քրոնիկ. հիվանդությունների առաջացմանը նպաստող ճարպակալման կանխարգելումը պարտադիր են ցանկացած տարիքի, բայց առանձնապես տարեց և ծեր մարդկանց համար: Ծերացող օրգանիզմում դանդաղում են նյութափոխանակության գործընթացները, և դրա հետ կապված՝ փոքրանում է սննդի հետ ընդունվող էներգիական նյութերի նկատմամբ եղած պահանջը: Ծերացող օրգանիզմը նույնպես կարիք ունի հաշվեկշռված սնուցման: Բայց տարեցների օրաբաժնի ընդհանուր կալորիականությունը պետք է փոքրացվի 1/4-ով, ծերերինը՝ 1/3-ով: Քաղաքում ապրող տղամարդկանց սննդի օրական էներգիական պահանջը 60-74 տարեկանում կազմում է 2300 կկալ, կանանցը՝ 2100 կկալ, 75 և բարձր տարիքում համապատասխանաբար՝ 2000 և 1900 կկալ:

Տարեց և ծեր մարդկանց համար օրաբաժնի կալորիականությունը պետք է նվազեցվի հիմնականում կենդ. ծագման ճարպերի և ածխաջրերի (շաքարներ, հրուշակեղեն, հաց, կարտոֆիլ ևն) հաշվին: Ընդունվող ճարպի մոտ 30 %-ը պետք է կազմեն բուս. ծագման յուղերը (արևածաղկի, եգիպտացորենի ևն):

Ճարպակալումը, ստամոքսաղիքային համակարգի և լյարդի քրոնիկ. հիվանդությունների, ինչպես նաև զարկերակային գերճնշման սրացումը կանխելուն օգնում է ախորժակն արհեստականորեն գրգռող կծու, թթու կերակրատեսակների, նախուտեստների սահմանափակումը: Օգտակար է օրական ուտել 4 անգամ՝ կալորիականությունը բաշխելով հետևյալ կերպ. նախաճաշ՝ 30 %, ճաշ՝ մինչև 50 %, ընթրիք (քնելուց առնվազն 4-5 ժառաջ)՝ 15 %, բուժ. ընթրիք (խնձոր, մածուն ևն)՝ 5 %:

Վաղաժամ Ծ-ման հիմնական պատճառը անբավարար մկանային գործունեությունն է՝ թերշարժունությունը: Հաստատվել է, որ բավարար շարժող. ակտիվության դեպքում տարեց և ծեր մարդկանց օրգանիզմում պահպանվում, իսկ շատերի մոտ լավանում են նյութափոխանակությունը, օրգանիզմի շատ համակարգերի ֆունկցիոնալ ունակությունը: Տարեց մարդկանց համար հատուկ նշանակություն ունի առավոտյան հիգիենային մարմնամարզությունը (տես Լիցքային վարժություններ), որը կատարում են՝ աստիճանաբար մեծացնելով բեռնվածությունը և հաշվի առնելով օրգանիզմի անհատ. առանձնահատկությունները: Ընդհանուր հոգնածությունը, հևոցը, անոթազարկի զգալի հաճախացումը, սրտի շրջանի ցավերը վկայում են ֆիզ. գերբեռնվածության մասին: Պարտադիր են զբոսանքները (որոնց արագությունն ու տևողությունը կախված են ընդհանուր անհատ. պատրաստվածությունից)՝ խնայող. ռեժիմից աստիճանաբար խնայողամարզականի անցմամբ: Օգտակար են երկարատև զբոսանքները: Ավելի լարված շարժող. ռեժիմի անցնելիս անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Լավ է մարզում քայլաբուժությունը, որը, բացի հարթ տեղանքում քայլքից, ընդգրկում է բարձրություններ բարձրանալու և իջնելու հաջորդափոխումը: Օգտակար են ֆիզ. աշխատանքը մաքուր օդում ու այգում, ձկնորսությունը և որսորդությունը, զբոսաշրջությունը ևն: Անհրաժեշտ է պահպանել շարժումների չափավոր արագությունը՝ բեռնվածությունը հաջորդափոխելով հանգստով: Իսկ բեռնվածությունները, հատկապես չմարզվածների համար, չպետք է մեծ լինեն: Շոգ եղանակին չի կարելի երկար ժամանակ գտնվել արևի տակ, ուտելուց անմիջապես հետո որևէ ծանր աշխատանք կատարել: Առավոտյան վազքը թույլատրվում է լավ մարզվածության դեպքում: Շարժող. ակտիվությունը դրական է ազդում կենտր. նյարդային համակարգի ֆունկցիայի վրա: Պետք է նշել, որ թերշարժունությունն ավելի վատ է անդրադառնում տարեց մարդկանց նյարդային համակարգի ընդհանուր վիճակի վրա, քան ավելի երիտասարդների: