Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ, բուժկանխարգելիչ հիմնարկ, որը որակյալ բժշկ. օգնություն է ցույց տալիս տանը և երթևեկ հիվանդներին: Ի տարբերություն պոլիկլինիկայի՝ Ա-ում աշխատում են սահմանափակ թվով մասնագետներ՝ թերապևտ, վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ, մանկաբույժ, ստոմատոլոգ: Իսկ այլ բնույթի բուժօգնության կարիք ունեցող անձանց Ա. ուղարկում է համապատասխան բուժկանխարգելիչ հիմնարկ: Ա-ի աշխատանքները կազմակերպվում են տարածքատեղամասային սկզբունքով՝ ըստ բնակավայրի և աշխատավայրի (տես Բժշկական տեղամաս, Բժշկասանիտարական մաս): Գյուղ. վայրերում գործում են նաև շարժ. Ա-ներ: Բացի բուժաշխատանքներից, Ա-ի անձնակազմը պարտավոր է նաև սպասարկվող տեղամասերում անցկացնել կանխարգելիք և սանհակահամաճարակային միջոցառումներ:

ԱՄԵՈԲԱՅԻՆ ԴԻԶԵՆՏԵՐԻԱ, տես Դիզենտերիա ամեոբային:

ԱՄԻՆԱԹԹՈՒՆԵՐ, տես Սպիտակուցներ հոդվածում:

ԱՄՈԹՈՒՅՔ, վուլվա, կնոջ արտաքին սեռ. օրգանները: Դրանք են ցայլքը՝ որովայնի առաջային պատի ստորին հատվածը, որի մաշկը ծածկված է մազերով, սեռ. մեծ շուրթերը, որոնք գոյանում են մաշկային 2 ծալքերով և պարունակում են շարակցական հյուսվածք, սեռ. փոքր շուրթերը, որոնք տեղադրված են մեծ շուրթերից ներս և պարունակում են ճարպագեղձեր: Փոքր շուրթերի միջև ճեղքանման տարածությունով գոյանում է հեշտոցի նախադուռը: Վերջինիս վերին հատվածում գտնվում է ծլիկը, որը սեռ. զգացողության օրգան է և համապատասխանում է տղամարդկանց առնանդամի խորշիկավոր մարմիններին: Ծլիկից ներքև գտնվում է միզուկի կլորացած եզրերով անցքը, դեպի հետ և ցած՝ հեշտոցի բացվածքը: Կողմնային եզրերին բացվում են հեշտոցի նախադռան մեծ գեղձերի (ամոթույքագեղձ կամ բարթոլինյան գեղձ) ծորանները, որոնց արտազատուկը խոնավացնում է սեռ. փոքր շուրթերի և հեշտոցի նախադռան լորձաթաղանթը: Նախադռան մեջ կան մանր ճարպագեղձեր:

ԱՄՈԹՈՒՅՔԱԲՈՐԲ, վուլվիտ, կնոջ արտաքին սեռ. օրգանների՝ ամոթույքի բորբոքում: Հաճախ հանդիպում է աղջիկների և տարեց կանանց մոտ՝ կապված օրգանիզմի ֆիզիոլոգ. առանձնահատկությունների հետ: Հիվանդների մեծամասնության մոտ Ա. առաջանում է երկրորդաբար՝ հեշտոցի ախտաբան. արտադրությամբ (տես Հեշտոցաբորբ) արտաքին սեռ. օրգանները գրգռվելիս: Ամոթույքի էպիթելային ծածկույթի խախտումը (ճանկռվածքներ, քերծվածքներ, ճաքեր, վնասվածքներ՝ այդ թվում քիմ. և ջերմային) նպաստում է թարախածին մանրէների ներթափանցմանը և բազմացմանը: Աղջիկների մոտ ճանկռվածքների պատճառ կարող է դառնալ սրատուտը:

Ըստ կլինիկ. ընթացքի՝ Ա. լինում է սուր և քրոնիկ.: Հիվանդության սուր շրջանում առաջանում են արտաքին սեռ. օրգանների այրոց և քոր: Նկատվում են ամոթույքի մաշկի և լորձաթաղանթի կարմրություն, ծլիկի և փոքր սեռ. շուրթերի այտուց: Հիվանդությունը ժամանակին չբուժելու դեպքում կարող է դառնալ քրոնիկ՝ հաճախակի սրացումներով և լուրջ բարդություններով:

Վերը նշված ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի: Կանխարգելման հիմն. միջոցը անձնական հիգիենայի կանոնների պահպանումն է և Ա-ի առաջացմանը նպաստող հիվանդությունների բուժումը:

ԱՄՈԹՈՒՅՔԱԳԵՂՁԱԲՈՐԲ, բարթոլինիտ, հեշտոցի նախադռան մեծ (բարթոլինյան) գեղձերի բորբոքում: Կարող է առաջանալ ախտածին հարուցիչները (գոնոկոկեր, ստրեպտոկոկեր, ստաֆիլոկոկեր) գեղձի արտատար ծորաններ ընկնելիս:

Գոնոկոկային (գոնոռեային) Ա-ի ժամանակ արտատար ծորանները բորբոքվում են երկկողմանի: Սկզբում բորբոքումը, որպես կանոն, խիստ չի անհանգստացնում, հեշտոցամուտքի ոչ մեծ կոշտությունը թեթևակի ցավոտ է դառնում, երբեմն շեքի շրջանում (աջ կամ ձախ կողմում) զգացվում է թույլ ծակոց: Հիվանդությունը չբուժելու դեպքում հիվանդագին այտուցը մեծանում է և կարող է գեղձի ծորանը խցանել, որի հետևանքով արտադրվող թարախային արտազատուկը կուտակվում է ծորանում և առաջացնում թարախակույտ:

Գեղձի ծորանը փակվելիս և դրանում թարախը կուտակվելիս ամոթույքագեղձերը մեծանում են, դառնում խիստ ցավոտ: Ջերմաստիճանը բարձրանում է: Երբեմն թարախակույտն ինքնաբերաբար բացվում է, որից հետո հիվանդության ախտանշաններն անհետանում են: Սակայն որոշ ժամանակ անց այն կարող է վերսկսվել և բարդանալ խուղակի առաջացմամբ: Դրանից խուսափելու համար հեշտոցամուտքում նույնիսկ փոքր և քիչ ցավոտ կոշտություն նկատելիս հարկավոր է դիմել բժշկի: Ժամանակին բուժումը կանխում է հիվանդության խորացումը և վիրահատ. միջամտություն պահանջող հնարավոր բարդությունները:

ԱՄՈՐՁԱԲՈՐԲ. օրխիտ, հաճախ առաջանում է վարակիչ հիվանդությունների (գրիպ, խոզուկ, տուբերկուլոզ, գոնոռեա) բարդացման կամ ամորձու վնասվածքի (տես Սեռական օրգաններ, տղամարդու) ժամանակ: Հիվանդությունն սկսվում է բուռն, կտրուկ բարձրանում է ջերմաստիճանը, ամորձին մեծանում է, դառնում պինդ և խիստ ցավոտ: Այդ ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի և խստորեն կատարել նրա հանձնարարականները, հակառակ դեպքում բորբոքային գործընթացի խորացումը կարող է հանգեցնել ամորձու մեռուկացման: Ա-ի ժամանակ հարկավոր է պահպանել անկողնային ռեժիմ և կրել ամորձակալ: Ջերմաստիճանի իջեցումից և բորբոքային երևույթները մեղմանալուց հետո էլ շարունակում են կրել ամորձակալ կամ կիպ վարտիք: Ժամանակավորապես, մինչև բժշկի թույլատրելը, արգելվում է սեռ. կյանքը:

ԱՄՈՐՁԱԿԱԼ, ամորձին պահող հատուկ վիրակապ: Օգտագործում են բժշկի նշանակմամբ՝ ամորձու և դրա հավելումների բորբոքումների (տես Ամորձաբորբ և Մակամորձու բորբոքում), սերմնալարի երակների լայնացման ժամանակ, ամորձապարկի օրգանների վիրահատություններից հետո: Այն ապահովում է հանգիստը, պակասեցնում սերմնալարերի ձգվածությունը և դրանց երակներում արյան կանգը: Մարզ. որոշ խաղերի ժամանակ, ամորձապարկի օրգանների վնասվածքները կանխելու համար, խորհուրդ է տրվում կրել Ա.:

Ա. քաթանե կամ տրիկոտաժե փոքր տոպրակ է, որը կպցրած է կտորից կարված գոտուն և հատուկ երիզներով ամրացվում է գոտկատեղի ու ազդրերի շուրջը: Ա. պետք է կիպ գրկի ամորձապարկը և չճնշի այն: Պատրաստի Ա-ի բացակայության դեպքում այն կարելի է փոխարինել երկշերտ թանզիֆից կարված վիրակապով (լայն՝ 25-30 սմ, երկար.՝ 80 սմ), առնանդամի համար հարկավոր է անցք բացել: Գոտին և երիզները նույնպես պետք է կարել թանզիֆից:

Ա. սովորաբար հագնում են առավոտյան՝ անկողնում պառկած և հանում են գիշերը: Եթե Ա. հագնում են ամորձու վրա հականեխիչ քսուքով վիրակապ դնելուց հետո, ապա այն կարելի է հանել միայն