Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնպես, որ ուսահոդը և ամբողջ ձեռքը լինեն միևնույն մակարդակի վրա՝ հորիզոնական հարթությամբ, որով կկանխվեն ուսահոդի դժվար շարժումներն ու ցավերը: Ձեռքի և կրծքավանդակի միջև պետք է բամբակից ու թանզիֆից գլանիկ դնել, իսկ ձեռքը նույն դիրքով պահելու համար՝ վրան ավազով լցված կես կգ-անոց պարկիկ դնել:

Լուծանքի ենթարկված ոտքը պետք է ծալել ծնկահոդում՝ 15-20° անկյան տակ, ծնկի տակ դնել բամբակե և թանզիֆե գլանիկ: Ոտնաթաթը ծալել 90° անկյան տակ և պահել այդ դիրքով հատուկ սարքի միջոցով (մգդակած բամբակով պատած արկղ կամ որևէ տուփ ևն), որին հիվանդը հենվում է ներբանով:

Այսպիսով, մեջքի վրա պառկած հիվանդի լուծանքի ենթարկված ձեռքը և ոտքը գտնվում են համարյա կիսաուղղված դիրքում: Հիվանդն առողջ կողքի վրա պառկելիս լուծանքի ենթարկված ձեռքը պետք է ծալել ուսահոդում և արմնկահոդում ու, տակը բարձ դնել, իսկ ոտքը ծալել կոնքազդրային, ծնկային և սրունքաթաթային հոդերում, և տակը բարձ դնել:

Հիվանդի դիրքը (մեջքից կողքի և հակառակը) կարելի է փոխել 1,5-2 ժ մեկ: Ուտելիս, բուժ. մարմնամարզության և մերսման, ինչպես նաև հետճաշյա հանգստի և գիշերային քնի ժամանակ վերջույթներին հատուկ դիրք պետք չէ տալ:

Շարժումների մնացորդային խանգարումների աստիճանից անկախ՝ բժշկի խորհրդով նշանակվում է բուժ. մարմնամարզություն: Պառկած հիվանդին պետք է սովորեցնել ճիշտ նստել, իսկ եթե ինքնուրույն նստում է, սովորեցնել անկողնուց փոխադրվել կողքի աթոռին կամ թիկնաթոռին: Իսկ եթե հիվանդը կարողանում է կանգնել, պետք է սովորեցնել ճիշտ քայլել՝ սկզբում հատուկ փայտիկի (իշոտնուկի) միջոցով, այնուհետև՝ սովոր. ձեռնափայտով և վերջապես՝ առանց դրա: Հիվանդի աշխուժացմանն ուղղված բոլոր միջոցառումները տնային պայմաններում պետք է իրականացվեն բուժաշխատողի օգնությամբ: Բուժ. մարմնամարզության պարապմունքների ծրագիրը կազմում են նյարդախտաբանը և բուժ. ֆիզկուլտուրայի մեթոդիստը: Խոսքի խանգարման դեպքում պետք է անցկացնել լոգոպեդ. պարապմունքներ (տես Լոգոպեդիա): Որպես կանոն, խոսքի վերականգնման և բուժ. մարմնամարզության պարապմունքներն սկսում են հիվանդանոցում, այնուհետև շարունակում տնային, ավելի ուշ՝ ամբուլատոր պայմաններում: Կ-ի թույլ մնացորդային երևույթների դեպքում խորհուրդ է տրվում առողջարանային բուժում (գերադասելի է սովոր. կլիմայական պայմաններում):

ԿԱԽԵՔՍԻԱ, տես Հյուծանք:

ԿԱԿԱԶՈՒԹՅՈՒՆ, խոսքի արագության և ռիթմի խանգարում, որը բնորոշվում է հնչյունների և վանկերի ակամա կարճատև հապաղումով կամ դրանց կրկնությամբ: Սովորաբար առաջանում է նախադպրոց. տարիքում, ավելի հաճախ բնորոշ է տղաներին: Կարող է առաջանալ վախի, ընտանիքում ծագած ընդհարումների, վարակիչ հիվանդությունների (գրիպ, քութեշ, կապույտ հազ), գլխի վնասվածքների հետևանքով: Կ-յանը երբեմն նպաստում է ծնողների, հարազատների, ուրիշ երեխաների սխալ խոսքի ընդօրինակումը: Կ. հաճախ բնորոշ է թույլ նյարդային համակարգով դյուրագրգիռ երեխաներին: Ընտանիքում և մանկ. կոլեկտիվում բարենպաստ պայմանների դեպքում այն կարող է վերանալ առանց բուժման, սակայն ավելի հաճախ պահպանվում է, ոչ հազվադեպ (հատկապես պատանեկան տարիքում)՝ ուժեղանում: Սովորաբար 25-30 տարեկանից հետո Կ. նվազում է, իսկ հասուն և տարեց մարդկանց մոտ նկատվում է խիստ հազվադեպ:

Կակազող երեխաները ծանր ապրումներ են ունենում այդ թերության համար, դառնում են երկչոտ, դյուրաբորբոք, ամաչում են խոսել կողմնակի անձանց ներկայությամբ: Կակազելիս նրանք կարմրում են, քրտնում: Հուզվելիս Կ. ուժեղանում է, հաճախ ուղեկցվում ձեռքերի, ոտքերի ակամա շարժումներով, դեմքի մկանների լարվածությամբ: Երբեմն կակազողներն իրենց ջանքերով կամ շրջապատողների խորհրդով կարողանում են հասնել արտաքուստ սահուն խոսքի՝ կակազելիս առաջացող դադարի ժամանակ որևէ վանկ կամ բառ արտասանելով: Այդպես վարվել չի կարելի, որովհետև լրացուցիչ բառերի և վանկերի օգտագործումը դառնում է սովորություն, հաճախ պահպանվում է ողջ կյանքում և տգեղացնում խոսքը:

Բուժումը հարկավոր է սկսել որքան հնարավոր է վաղ: Ամենից առաջ անհրաժեշտ է ընտանիքում և կոլեկտիվում ստեղծել բարյացակամ և հանգիստ մթնոլորտ, երեխայի ուշադրությունը չսևեռել կակազելու վրա: Երբեմն այլ կոլեկտիվ (օրինակ՝ ուրիշ դպրոց) տեղափոխվելիս Կ. վերանում է: Բուժման համար հարկավոր է դիմել լոգոպեդի, որը երեխայի հետ պարապում է հատուկ ծրագրով: Որպես կանոն՝ բուժմանը մասնակցում է նաև նյարդահոգեբույժը, որն օգնում է երեխային խոսելիս հաղթահարել վախը, դառնալ վստահ և հանգիստ:

Առանձին երեխաների նշանակում են ընդհանուր կազդուրիչ բուժում: Լոգոպեդի հարկավոր է դիմել նաև այն դեպքում, երբ Կ-ով տառապող երեխայի ծնողները նույնպես կակազում են: Վաղ սկսած կանոնավոր բուժման դեպքում Կ. վերանում կամ բավականին նվազում է:

ԿԱԿՂԵՆՈՒ ԲՈՐԲՈՔՈՒՄ ատամի, պուլպիտ, առավել հաճախ ատամների ոսկրափուտի բարդություն է: Պատճառ կարող են դառնալ նաև ատամը սնող անոթների վնասվածքները, ատամի պսակի մի մասի պոկվելը, ատամի կոտրվածքը ևն:

Սովորաբար Կ.բ. առաջանում է որպես սուր հիվանդություն: Հիմն. ախտանշանը ցավի նոպաներն են, որոնք սկսվում են հատկապես երեկոյան և գիշերը, ինքնուրույն են, կապված չեն ծամելու, տաք և սառը գրգռիչների հետ: Երբեմն ցավն ունի «կտրատող» բնույթ, տարածվում է դեպի ծոծրակը, ականջը, քունքերը, հարևան ատամները: Ուժեղ սուր ցավերը պայմանավորված են Կ. բ-մամբ և նրա հյուսվածքների այտուցմամբ, որն առաջանում է ատամի կարծր հյուսվածքներով շրջապատված խոռոչում և կակղենու մեջ գտնվող նյարդերի ճնշմամբ:

Որպես կանոն՝ բորբոքման հետևանքով առաջանում է կակղենու մեռուկացում, ցավերն աստիճանաբար մեղմանում են, բայց չբուժելու դեպքում ժամանակի ընթացքում մանրէները մեռուկացած կակղենուց ատամի խողովակի միջով թափանցում են ատամի արմատը շրջապատող հյուսվածքների մեջ և հանգեցնում հարատամնաբորբի:

Երեխաների կաթնատամների և մնայուն ատամների ոսկրափուտն ընթանում է շատ արագ, ուստի Կ.բ. սկսվում է անսպասելիորեն և արագ վերածվում թարախայինի: Քանի որ երեխաների ատամների արմատները լինում են կամ թերզարգացած, կամ արդեն ներծծվում են, ուստի բորբոքային գործընթացը շատ արագ տարածվում է շրջապատող հյուսվածքների վրա և կարող է հանգեցնել մնայուն ատամների սաղմերի ոչնչացման:

Բուժում է ստոմատոլոգը:

Եթե հնարավոր չէ անմիջապես բժշկի դիմել (գիշերը կամ ճանապարհին), ապա հարկավոր է ընդունել ցավամոքիչ դեղանյութ (օրինակ՝ անալգին). երբեմն սուր ցավն անցնում է սառը ջրից: Որպես 1-ին օգնություն՝ ուժեղ ցավերի ժամանակ հարկավոր է ամիդոպիրինի 2 %-անոց լուծույթ կաթեցնել ոսկրափուտային խոռոչի մեջ: Դա անվնաս է բերանի լորձաթաղանթի համար, բայց ցավամոքիչ ազդեցությունը