խիստ կարճատև է: Ուստի հարկավոր է շտապ դիմել բժշկի:
Կանխարգելումը. անհրաժեշտ է ատամի ոսկրափուտի ժամանակին բուժում: Նպատակահարմար է տարին գոնե 2 անգամ դիմել ստոմատոլոգի:
ԿԱՀՈՒՅՔ, կենցաղային և արտադր. կահավորության առարկաներ: Կ. պատրաստում են փայտից, մետաղից, պլաստմասսաներից և այլ նյութերից: Լայն տարածում է գտել ըստ նշանակման տարբեր պատրաստվածքներից (իրար վրա կամ կողք կողքի դրվող բաժանմունքներից կազմված), ինչպես նաև մեկ կառուցահատվածում տարբեր նշանակության պահարաններից կամ պահարանախմբերից միավորված (այսպես կոչված՝ ներկառուցված) Կ.:
Կ. պետք է համապատասխանի մարդու հասակին և տարիքային առանձնահատկություններին, քանի որ ոչ ճիշտ պատրաստված և ընտրված գրասեղանները, աթոռները և մյուս առարկաները հանգեցնում են ողնաշարի ծռումների, առաջացնում ավելորդ մկանային լարվածություն, հոգնածություն ևն:
Կ. պետք է պատրաստված լինի խոնավ մաքրման ու լվացման համար հարմար նյութերից, չպետք է ծանրաբեռնի և մթնեցնի բնակարանը:
Հատուկ պահանջներ են ներկայացվում արտադր. Կ-ին: Աշխատանքային Կ., օրինակ, պետք է լավ հենարան լինի մարմնի համար, առավելագույնս թուլացնի մկանային լարվածությունը, նպաստի իրանի վրա մկանային լարվածության հավասարաչափ բաշխմանը, հոգնածությունը հասցնի նվազագույնի:
Բազմաթիվ մեքենաների և մեխանիզմների նստատեղերը պատրաստվում են գիտ. հիմնավորված սկզբունքներով: Սովորաբար նստատեղերի եզրերը և մակերեսները պատրաստում են հարթ, կլորացված: Աշխատանքային աթոռները սովորաբար պատրաստում են արտադր. իրադրությանը համապատասխան՝ անհրաժեշտության դեպքում այն դարձնում են շարժական, առանցքի շուրջ պտտվող, ստեղծում են նախաբազուկների, ներբանների հենարաններ: Չափազանց կարևոր է նաև սեղաններին, դազգահներին և այլ Կ-ին նպատակահարմար կերտվածք տալը:
Մանկական Կ. պետք է համապատասխանի երեխայի հասակին և մարմնամասերի համամասնությանը: Դա անհրաժեշտ է երեխայի գեղեցիկ կեցվածքի ձևավորման համար: Արտադրվում է տարբեր չափերի մանկ. Կ., այդ թվում նաև մսուրային և նախադպրոց. տարիքի երեխաների համար: Հարմար է փոփոխվող չափերով Կ.: Մանկ. Կ. պատրաստում են հարթ, կլորացված եզրերով և այնպես, որ հեշտ լվացվի: Մանկ. Կ. ներկում են բաց, հանգիստ գույներով՝ բաց կանաչ, բաց դարչնագույն ևն:
Մանկ. մահճակալը լինում է փայտե կամ մետաղե: Այն դրվում է սենյակի լավ լուսավորված մասում, որտեղ միջանցիկ քամի չկա, տաքացիչ սարքերից, պատուհաններից և դռներից հեռու: Մինչև 6 ամսական երեխաների համար հարմար է ցածր կողերով բարձր մահճակալը, իսկ 6 ամսականից բարձր երեխաների համար՝ բարձր ճաղավոր կողերով ցածր մահճակալը: 3-ից բարձր տարիքի երեխաները կարող են քնել առանց կողերի մահճակալում: Մանկ. ներքնակը պետք է լինի հարթ՝ հեշտ լվացվող նյութով լիքը լցված: Սովորաբար, ներքնակի համար կարում են քաթանե ծածկոց և պարբերաբար (շաբաթը 1-2 անգամ) լվանում: Երեխայի քնից առաջ ներքնակի վրա գցում են անջրանցիկ գործվածք (մոմլաթ կամ ցելոֆանե թաղանթ) և սավան: Պետք է հետևել, որ սավանը կիպ ընդգրկի մահճակալի եզրերը, իսկ երեխայի ձեռքերն ու ոտքերը չմտնեն առաջացած ճեղքերի մեջ: Պարբերաբար անկողնու պարագաները հանում են դուրս և լավ օդափոխում: Խորհուրդ չի տրվում գործածել բմբուլե կամ բամբակե փափուկ ներքնակներ, որոնք սահմանափակում են երեխայի շարժումները, կարող են առաջացնել գերտաքացում և կեցվածքի խախտում, դրանք նաև վատ են մաքրվում:
Այն պահից սկսած, երբ երեխան կարողանում է վստահ նստել, հարկավոր է նրան կերակրել բարձր աթոռին նստեցրած, որն անհրաժեշտության դեպքում կարելի է վերափոխել աթոռով ցածր սեղանի: Եթե ուզում եք փոքրիկին սովորեցնել ինքնուրույն ուտել, նստեցրեք նրան համապատասխան բարձրության սեղանի շուրջ: Սեղանի և աթոռի ճիշտ ընտրության դեպքում երեխայի ձեռքերը պետք է ուղիղ անկյան տակ ծալված լինեն արմունկներում և դրվեն սեղանին: Աթոռի նստատեղի բարձրությունը հատակից պետք է հավասար լինի սրունքի երկարությանը (ոտնաթաթի և կոշիկի կրունկի բարձրության հետ միասին): Մեծերի համար նախատեսված Կ. կարելի է հարմարեցնել երեխայի հասակին՝ մեծացնելով աթոռի նստատեղի բարձրությունը՝ երեխայի ոտքի տակ աթոռակ դնելով:
Փոքրիկ երեխաներին (7-8 ամսականից մինչև 1,5-2 տարեկան) արթուն ժամանակ հարմար է տեղավորել ճաղափակոցում: Վերջինիս կարող է փոխարինել ճաղավոր կողերով բարձր մահճակալը, որից հանված են անկողնային պարագաները:
Խաղալիքները պահվում են փակ պահարաններում կամ երեխայի հասակին հասանելի բարձրությամբ դարակներում:
Պետք է մշտապես հետևել մանկ. Կ-ի մաքրությանը:
ԿԱՆԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱ, ծննդատան կառուցվածքային ստորաբաժանում կամ ինքնուրույն ամբուլատոր-պոլիկլինիկային հիմնարկ՝ բնակչությանն արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգ. կանխարգելիչ ու բժշկ. օգնություն ցույց տալու համար: Կ.կ-ի աշխատանքը կառուցվում է տարածքային-տեղամասային սկզբունքով (տես Բժշկական տեղամաս): Հղի կանանց բարեհաջող ծննդաբերությունը շատ դեպքերում կախված է Կ.կ-ում ժամանակին, ինչպես նաև ավելի վաղ հաշվառումից, կանոնավոր հսկողություն սահմանելուց (տես Պատրոնաժ), ուստի կանանց խորհուրդ է տրվում դիմել Կ.կ. հղիության 1-ին նշանների դեպքում: Դա օգնում է ավելի լավ նախապատրաստվել ծննդաբերությանը և մայրությանը, խուսափել վիժումներից և այլ բարդություններից: Նվազում է նաև սխալների թիվը նախածննդյան արձակուրդը որոշելիս: Սիրտանոթային համակարգի հիվանդություններով տառապող, նեղ կոնք ունեցող, նախկինում ծանր ընթացող հղիություն և ծննդաբերություն ունեցած հղի կանայք հատուկ հաշվառման են վերցվում: Բարդությունների և հղիության տոքսիկոզների ժամանակ կնոջը հոսպիտալացնում են ծննդատանը, որտեղ կատարվում են անհրաժեշտ բուժկանխարգելիչ միջոցառումներ: Կ.կ-ում իրականացնում են հոգեկանխարգելիչ նախապատրաստում ծննդաբերությանը, կնոջը մասամբ սովորեցնում են ծննդաբերության ժամանակ ճիշտ վարվելաձևը և ցավազրկման գործելաձևերը:
Կ.կ-ում կազմակերպվում են անհասության, անպտղության, ներզատիչ խանգարումների կանխարգելման առանձնասենյակներ (ընդունելություններ): Անցկացնում են սանլուս. զրույցներ՝ վիժումների, սեռ. կյանքի հիգիենայի մասին, ինչպես նաև ցույց տալիս սոցիալ-իրավական օգնություն: Գյուղ. վայրերում, որտեղ չկան Կ.կ-ներ, աշխատանքի անհրաժեշտ ծավալն իրականացնում է բուժակամանկաբարձ. կետը՝ տեղամասային հիվանդանոցի կամ ամբուլատորիայի բժշկի ղեկավարությամբ: Մարզային կենտր. հիվանդանոցի մասնագետները պարբերաբար գյուղ. վայրերում կազմակերպում են կանանց կանխարգելիչ բժշկական զննումներ: