Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջև ընկած ժամանակամիջոցում հիվանդի ինքնազգացողությունը բավարար է: Աստիճանաբար հազը թեթևանում է, նոպաները դառնում են հազվադեպ, սկսվում է առողջացման շրջանը (տևում է 1-3 շաբաթ):

Հիվանդության ընդհանուր տևողությունը 5-12 շաբաթ է: Երեխան վարակիչ է համարվում հիվանդության սկզբից մինչև 30 օր: Զանգվածային պատվաստումների շնորհիվ Կ.հ-ի ջղաձգային շրջանը շատ թեթև է ընթանում կամ լրիվ բացակայում է:

Հիվանդության բարդություններն են թոքաբորբը (հատկապես 1-3 տարեկան երեխաների մոտ), քթային արյունահոսությունը, շնչառության դադարը: Կրծքի և թուլակազմ երեխաների Կ.հ. կարող է շատ ծանր ընթանալ՝ կարճ լորձենաբորբային շրջանին անմիջապես հաջորդում է ջղաձգային շրջանը: Երբեմն հազի նոպայից շնչառությունը դադարում է:

Բուժում է բժիշկը: Հիվանդին պետք է մեկուսացնել առողջ երեխաներից (տես Հիվանդի խնամք, հիվանդ երեխայի խնամքի առանձնահատկությունները): Մշտապես պետք է խոնավ շորով մաքրել և օդափոխել սենյակը: Անկողնային ռեժիմ անհրաժեշտ է միայն բարձր ջերմաստիճանի և բարդությունների դեպքերում: Ցանկալի է, որ հիվանդ երեխան ամռանը մաքուր օդում լինի ամբողջ օրը, ձմռանը՝ 4-6 ժ, 10-15°C-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում: Երեխային պետք է կերակրել հաճախակի (օրը մինչև 10 անգամ), բայց փոքր բաժիններով, գերադասելի է հազի նոպայից կամ փսխումից հետո: Սնունդը պետք է լինի սննդարար և դյուրամարս (օրինակ՝ ապուր, տրորած կաթնաշոռ, շիլա, բանջարեղենի խյուս, թերխաշ ձու, անյուղ միս, հավ, ձուկ): Նոպայի դեպքում երեխային պետք է գրկել կամ նստեցնել, իսկ ուժեղ նոպայի դեպքում՝ գլուխը բռնել՝ թեթևակի խոնարհելով, որպեսզի բերանում կուտակված լորձը հեշտ հեռանա:

Կանխարգելման առավել արդյունավետ միջոց են կապույտ հազա-դիֆթերիա-փայտացումային ադսորբված վակցինայով (AKDC) պատվաստումները (տես Կանխարգելիչ պատվաստումներ), որոնք կատարվում են սկսած 3 ամսականից, եռանվագ՝ 1,5 ամիս ընդմիջումներով: Կրկնապատվաստումները կատարվում են 1,5-2 տարի հետո: Հիվանդներին մեկուսացնում են հիվանդության սկզբից՝ 30 օր, իսկ նրանց հետ շփված, չհիվանդացած երեխաներին՝ 14 օր: Տես նաև Մեկուսացում վարակիչ հիվանդների:

ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ (ջրավախություն), վարակիչ հիվանդություն, բնորոշվում է նյարդային համակարգի ծանր ախտահարումով և ջղաձգությամբ, լուծանքով, ինչպես նաև կլման և շնչառ. մկանների կծկանքով: Վարակի հիմն. աղբյուրը հիվանդ կենդանիներն են՝ շները, կատուները, ուղտերը, ձիերը, իսկ վայրի կենդանիներից՝ գայլը, աղվեսը, շնագայլը, որոնք բնության մեջ Կ-յան վիրուսի հիմն. կրողներն են: Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ կենդանին դառնում է անհանգիստ, գրգռված, նկատվում է առատ թքարտադրություն, հրաժարվում է խմելուց և ուտելուց, առաջանում են ջղաձգումներ, լուծանք, և կենդանին սատկում է: Կենդանու թուքը 8-10 օր (մինչև հիվանդության արտահայտված ախտանշանների ի հայտ գալը) վարակիչ է:

Մարդը վարակվում է Կ-ով հիվանդ կենդանու կծելուց, ինչպես նաև թուքը վնասված մաշկի, հազվադեպ՝ շրթունքների, քթի, աչքերի լորձաթաղանթների վրա ընկնելիս, այնուհետև վիրուսը նյարդացողուններով թափանցում է գլխուղեղ և ողնուղեղ՝ առաջացնելով բորբոքումներ: Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 10 օրից մինչև 1 տարի է և պայմանավորված է կծած տեղով (գլուխը, դեմքը, վիզը, ձեռքի մատները կծելիս այդ տևողությունը կարճ է, իրանը, ոտքը կծելիս՝ երկար):

Հիվանդության 1-ին ախտանշանները համարյա միշտ դրսևորվում են կծած տեղում. առաջանում է քոր, լինում են մղկտացող, ձգող ցավեր, սպին բորբոքվում է, դառնում ցավոտ: Նկատվում են թուլություն, գլխացավ, երբեմն՝ բերանում չորության զգացում, ախորժակն ընկնում է, տեսող. և լսող. գրգռիչների (պայծառ լույս, ուժեղ ձայն) նկատմամբ դառնում են գերզգայուն: Այնուհետև առաջանում է անքնություն, հիվանդն ունենում է վախի, տագնապի, թախծի, երբեմն՝ կրծքում ճնշման զգացողություն, դժվարանում է կլումը, ամենաթույլ գրգռիչներն անգամ (բարձր խոսակցությունը, մաշկին հպվելը) կարող են ջղաձգային նոպայի պատճառ դառնալ: Նման նոպան ի հայտ է գալիս նույնիսկ ջուր կուլ տալու փորձ անելիս, իսկ հիվանդության խորացմանը զուգընթաց՝ նաև ջրին նայելիս կամ դրա մասին հիշելիս: Այս երևույթն անվանվում է ջրավախություն: Բերանի խոռոչում կուտակված թուքը հիվանդը չի կարողանում կուլ տալ:

Բուժումն անարդյունավետ է, հիվանդը մահանում է:

Մարդու Կ-յան կանխման միակ միջոցը հակակատաղության վակցինայի պատվաստումն է: Ուստի կենդանիների կծելուց հետո պետք է անմիջապես դիմել բժշկի՝ վերքերը մշակելու և անհրաժեշտության դեպքում պատվաստումներ կատարելու համար: Հարկավոր է խստորեն պահպանել որոշակի ռեժիմ. բացառել սպիրտային խմիչքների օգտագործումը, խուսափել ֆիզ. բեռնվածությունից, գերսառեցումից և գերտաքացումից: Կանխարգելման նպատակով կատարվում է ընտանի կենդանիների պարտադիր գրանցում և պատվաստում:

ԿԱՏԱՐԱԿՏ, տես Ոսպնյակի մթագնում:

ԿԱՐԱՆՏԻՆ, Կ-ային վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, խոլերա, դեղին տենդ ևն) ներթափանցումը և տարածումը կանխող բժշկական. և վարչական միջոցառումների համալիր:

Կ. 1-ին անգամ սահմանվել է 14-րդ դ. Իտալիայում, որտեղ ժանտախտի նկատմամբ ոչ ապահով վայրերից ժամանած նավերը խարսխակայանում պահվել են 40 օր:

Կ-ային վարակի տարածման վտանգի դեպքում Կ-ի են ենթարկվում առանձին անձինք, ընտանիքներ, կոլեկտիվներ (մանկապարտեզներ, հանրակացարաններ, զորամասեր, նավեր ևն), ինչպես նաև բնակավայրեր և մարզեր:

Կ-ի ժամանակ կիրառվում է տվյալ վարակիչ հիվանդության համար սահմանված սանկանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների ողջ համալիրը:

Կ-ի ընթացքում Կ-ային գոտուց տեղափոխությունները, առանց նախն. հետազոտման (մեկուսացված պայմաններոմ բժշկ. զննումներ), արգելվում են: Կ-ի տևողությունը հաշվվում է վերջին հիվանդի մեկուսացման և վերջն. վարակազերծման պահից՝ ավելացրած հիվանդության գաղտնի շրջանի առավելագույն ժամկետը (օրինակ՝ ժանտախտի դեպքում 6, խոլերայի՝ 5 օր): «Կ.» տերմինը հաճախ օգտագործվում է հիվանդանոցներում, մանկ. հիմնարկներում՝ գրիպի, քութեշի, կարմրուկի և այլ հիվանդությունների տարածման ժամանակ իրականացվող սահմանափակ հակահամաճարակային միջոցառումների դեպքում:

ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տես Տարածքի սանիտարական պահպանություն հոդվածում:

ԿԱՐԲՈՒՆԿՈՒԼ, կայծուռուցք, կայծապտուկ, իրար կողք դասավորված մի քանի մազապարկերի և ճարպագեղձեր՝ սուր թարախային բորբոքում, որն ուղեկցվում է ախտահարված հատվածի մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի մեռուկացումով: Առաջանում է թարախածին