Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկարատև և բարձր խոսելը, գոռալը ևն), փոշոտ օդ շնչելը, սխալ սննդակարգը (շատ սառը և տաք ըմպելիքները), ծխելը, սպիրտային խմիչքների չարաշահումը:

Սուր Կ-ի դեպքում հիվանդները գանգատվում են կոկորդի չորությունից, քերծման զգացումից, սկզբում՝ չոր, այնուհետև խորխարտադրությամբ ուղեկցվող հազից: Ձայնը խռպոտում, կոշտանում կամ լրիվ խզվում է, երբեմն լինում են գլխացավ, ջերմաստիճանի թեթևակի բարձրացում, կուլ տալիս՝ ցավի զգացում:

Սուր Կ-ի բուժումը պետք է սկսել հիվանդության պատճառի վերացումից: Կոկորդի լրիվ հանգստի համար հիվանդին խորհուրդ չի տրվում 5-7 օր խոսել: Սննդում պետք է բացառել կծու համեմունքները: Արգելվում է ծխել, սպիրտային խմիչքներ օգտագործել: Բուժարարողություններից օգտակար են տաք ըմպելիքները, կոկորդի ողողումը, տաք ինհալացիաները, պարանոցային տաքացնող կոմպրեսը և այլն: Անհրաժեշտության դեպքում բժիշկը նշանակում է նաև դեղանյութեր: Հիվանդության տևողությունը (բժշկի խորհուրդներին հետևելով) սովորաբար 7-10 օր է:

Երբեմն 6-8 տարեկան երեխաների մոտ առաջանում է սուր Կ-ի հատուկ ձև՝ կեղծ կրուպ, որն իր դրսևորումներով նման է կոկորդի դիֆթերիային կրուպին: Այս հիվանդության բարդությունն այն է, որ բորբոքային այտուցից կոկորդի լուսանցքը նեղանում է, շնչառությունը կտրուկ դժվարանում, որը հաճախ ուղեկցվում է ձայնաճեղքի կծկանքով: Կեղծ կրուպով հաճախ հիվանդանում են բորբոքահեղուկալորձենաբորբային նախատրամադրվածությամբ և ալերգ. այլ հիվանդություններով տառապող երեխաները: Այն առաջանում է գրիպի, սուր շնչառական հիվանդությունների, կարմրուկի, քութեշի ժամանակ և ընթանում է նոպայանման: Նոպան սովորաբար առաջանում է անսպասելի, գիշերը քնած ժամանակ, երեխան հանկարծակի արթնանում է քրտինքի մեջ, անհանգիստ, շնչառությունը՝ դժվարացած և աղմկոտ, շրթունքները կապտում են, հազը հաչոցանման է: 20-30 ր անց երեխան հանգստանում է և քնում: Ջերմաստիճանը կարող է աննշան բարձրանալ: Նոպաները երբեմն կրկնվում են նույն կամ հաջորդ գիշերը: Երեխայի կյանքին վտանգ է սպառնում, երբ կեղծ կրուպն ուղեկցվում է ձայնաճեղքի կծկանքով:

Կեղծ կրուպի ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է շտապ բժշկ. օգնություն կանչել կամ երեխային հասցնել մոտակա հիվանդանոց: Մինչև բժշկի գալը հիվանդության նոպան կարելի է մեղմել՝ կոկորդի և կրծքավանդակի շրջանում մանանեխի ծեփուկներ դնելով, օգտակար են նաև ոտքերի (5-7 ր, 39°C ջերմաստիճանի ջրով) լոգանքը, մաքուր օդը և տաք ըմպելիքը (կաթ, հանքային ջուր):

Քրոնիկական Կ. կրկնվող սուր Կ-ի կամ քթի և քթի հավելյալ ծոցերի, ըմպանի երկարատև բորբոքային գործընթացների հետևանք է: Հիվանդությանը Նպաստում են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ձայնի գերլարումը: Քրոնիկ. Կ-ի ժամանակ հիվանդները գանգատվում են ձայնի խռպոտությունից, կոկորդի քերծման զգացողությունից, մշտ. հազից: Բորբոքային գործընթացի սրացման դեպքում այդ երևույթները սաստկանում են: Քրոնիկ. Կ., որպես մասնագիտ. հիվանդություն, հաճախ բնորոշ է մանկավարժներին, երգիչներին:

Քրոնիկ. Կ-ով հիվանդներն անպայման պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ: Կախված բորբոքային գործընթացի բնույթից՝ նշանակում են տարբեր բուժարարողություններ: Քրոնիկ. Կ-ի կանխարգելման և հաջող բուժման համար կարևոր է ժամանակին բուժել սուր Կ., քթի և քթի հավելյալ ծոցերի, ըմպանի հիվանդությունները: Հարկավոր է հրաժարվել ծխելուց և սպիրտային խմիչքներ օգտագործելուց, սխալ սննդակարգից, պահպանել հարմար ձայնային ռեժիմ: Երգիչներին, մանկավարժներին խորհուրդ է տրվում մշտապես գտնվել քիթկոկորդականջաբանի հսկողության տակ:

Ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ. Կ-ի կանխարգելման համար մեծ նշանակություն ունի ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելը, օրգանիզմի կանոնավոր կոփումը (տես Օրգանիզմի կոփում):

ԿՈՄԱ, կոմատոզ վիճակ, կյանքին վտանգ սպառնացող վիճակ, որը բնորոշվում է գիտակցության կորստով և արտաքին գրգռիչների հանդեպ պատասխան հակազդեցության (խոսքային, ցավային ներգործություն ևն) բացակայությամբ: Պայմանավորված է գլխուղեղի արյան շրջանառության խանգարումով և (կամ) կենտր. նյարդային համակարգի բջիջների թունավոր վնասումներով: Կ-ի դեպքում շնչառության և արյան շրջանառության խորացող խանգարումները կարող են հանգեցնել մահվան: Կ-ի առաջացման պատճառները բազմազան են, առավել հաճախ ի հայտ է գալիս գլխուղեղային արյան շրջանառության սուր խանգարումների, շաքարախտի, լյարդի և երիկամների ծանր հիվանդությունների, ինչպես նաև ալկոհոլով, շմոլ գազով և այլ թույներով թունավորումների դեպքերում: Կոմատոզ վիճակը կարող է առաջանալ հանկարծակի, օրինակ՝ գլխուղեղային կաթվածի, թերշաքարարյունային Կ-ի (տես Շաքարախտ) ժամանակ: Շատ դեպքերում Կ., բարդացնելով քրոնիկ. հիվանդությունների, օրինակ՝ շաքարախտային Կ-ի, միզարյունային Կ-ի (տես Միզարյունություն) ընթացքը, առաջանում է աստիճանաբար: Սկզբում ի հայտ են գալիս կենտր. նյարդային համակարգի ախտահարման ախտանշանները՝ հարաճուն ուժեղացող թուլություն, շշմածություն, քնկոտություն, բայց գիտակցությունը պահպանված է: Այդ ընթացքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: Ժամանակին ցուցաբերած բուժ. միջամտությունը կարող է կանխել Կ-ի զարգացումը և պահպանել հիվանդի կյանքը: Մինչև բժշկի գալը անհրաժեշտ է հիվանդին հանգիստ պառկեցնել, բերանից հանել պրոթեզները (որպեսզի շնչառ. ուղիներ չընկնեն): Քանի որ հիվանդն ի վիճակի չէ պատասխանել հարցերին, շրջապատողները պետք է օգնեն բժշկին՝ պարզելու Կ-ի առաջացման պատճառները:

ԿՈՄՊՈՍՏԱՑՈՒՄ, պարարտանյութերի պատրաստման եղանակ. կատարվում է կենցաղային, գյուղատնտ., որոշ արդ. թափոնների ու արտանետվածքների վնասազերծման միջոցով և հիմնվում է որոշ միկրոօրգանիզմների ներգործության հետևանքով օրգ. նյութերի քայքայման վրա: Շատ տարածված և համեմատաբար հուսալի մեթոդ է: Ստացված կոմպոստն արժեքավոր պարարտանյութ է դաշտերի, այգիների և բանջարանոցների համար: Իսկ որակը պայմանավորված է ելանյութերով: Թարմ կոմպոստը փուխր, սորուն, մոխրագույն կամ մուգ դարչնագույն, յուրահատուկ հոտով կնձիկային զանգված է: Պատրաստման անհրաժեշտ բաղադրիչներն են գոմաղբը, տորֆը, գոմաղբահեղուկը, թռչնաղբը, վուշի և կանեփի կեղևանքը, արևածաղկի ցողունները, եգիպտացորենի կոթունները, ոչ պիտանի կերերը, քաղաքային աղբը ևն: Թափոնների ճիշտ Կ-ման համար անհրաժեշտ է ապահովել թթվածնի թափանցումը զանգվածի ստվարաշերտի մեջ և պահպանել բավարար խոնավություն: Ըստ արտադրման վայրի՝ տարբերում են կոմունալ և տնամերձային Կ.: Կոմունալ Կ. կատարվում է հատուկ դաշտերում (վնասազերծման ժամկետը՝ 6-14 ամիս) և աղբամշակման գործարանների հրապարակներում: Տնամերձ հողամասերում կոմպոստացվող զանգվածը տեղավորում