Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են կավածեփ հարթ տեղում, ցանկալի է ծառերի կամ ծածկի տակ (մթն. տեղումներից և արևի ներգործությունից պահպանելու համար): Շուրջը հողապատնեշում են և դեպի դուրս առու փորում (ջրերի հեռացման համար): Զանգվածի կենտրոնում լցնում են խոնավատարունակ կամ գազակլանիչ նյութ (տորֆ, բուսանող, հին կոմպոստ)՝ 15-30 սմ շերտով, վրան ավելացնում օրգ. ծագման թափոններ՝ 5-10 սմ շերտով, ապա լցնում կեղտաջրեր և ծածկում կլանող (ադսորբող) նյութով: Այսպես կրկնում են մի քանի անգամ: Անհրաժեշտ է հետևել, որ թափոնները բոլոր կողմերից խնամքով ծածկված լինեն կլանող նյութով, որպեսզի գոմաղբահեղուկը չարտահոսի: Կոմպոստն օգտագործվում է որպես պարարտանյութ՝ ցելի, ցրտահերկի, կրկնավարի, սածիլման, ինչպես նաև ծառերի և թփերի տնկման ժամանակ:

ԿՈՄՊՐԵՍ, դրվում է հիվանդ օրգանի պաշտպանության կամ տեղային բուժ. ազդեցության նպատակով:

Հիվանդ օրգանը սառեցումից և արտաքին մյուս գրգռիչներից պաշտպանելու նպատակով կիրառվում է չոր Կ. (մի քանի շերտ թանզիֆ և բամբակ), իսկ բուժ. նպատակով՝ թաց Կ., որը լինում է սառը, տաք, տաքացնող, դեղորայքային: Բուժ. աշխատողի նշանակած Կ. կարող է դնել հիվանդը կամ նրան խնամողը:

Սառը Կ. (մի քանի շերտ փափուկ գործվածքը՝ սառը ջրով թրջած) առաջացնում է տեղային սառեցում և արյունատար անոթների նեղացում: Այն դրվում է մարմնի հիվանդ հատվածին (գլխին, վերջույթներին ևն)՝ վնասվածքների, քթային արյունահոսությունների դեպքերում (2-3 ր տևողությամբ):

Տաքացնող Կ. առաջացնում է արյունատար անոթների երկարատև լայնացում, մեծանում է արյան ներհոսքը մաշկ և խորանիստ հյուսվածքներ: Դրա համար մի քանի շերտ թանզիֆը կամ մաքուր գործվածքը պետք է թրջել սենյակային ջերմաստիճանի ջրով, լավ քամել, դնել մարմնի ցավոտ հատվածին, ծածկել ավելի մեծ մոմլաթով կամ անջրանցիկ թղթով և փաթաթել ավելի մեծ բամբակի շերտով կամ փափուկ գործվածքով: Այնուհետև Կ. ամրացնել բինտով այնպես, որ այն կիպ հպվի մարմնին (առանց հիվանդին ճնշելու) և թողնել որոշ ժամանակ (բժշկի կամ բուժակի ցուցումով): Կ. կրկնելու դեպքում, մաշկի գրգռվելուց խուսափելու համար, այն նախապես պետք է շփել նոսրացրած սպիրտով, օղիով, քացախով կամ օդեկոլոնով և լավ չորացնել: Կ. հաճախ դնում են երեկոյան, ոչ երկարատև (մինչև քնելը): Տաքացնող Կ. մարմնի մեծ մակերեսի (օրինակ՝ կրծքավանդակի) վրա գերադասելի է դնել պառկած դիրքում: Երբեմն ջրային տաքացնող Կ-ի փոխարեն դրվում է օղու Կ., որն արագ չորանում է, ուստի այն պետք է հաճախակի փոխել:

Տաք Կ. նշանակվում է տեղային տաքացման համար (60-70°C ջերմաստիճանի ջրով թրջած գործվածք), իսկ կատարման եղանակը նույնն է, ինչ տաքացնող Կ-ի դեպքում:

Դեղորայքային Կ. նույնպես տաքացնող է, միայն թե ազդեցությունն ուժեղացնելու նպատակով, բժշկի կամ բուժակի խորհրդով, ջրին ավելացվում են դեղանյութեր:

Կ-ի ոչ ճիշտ կիրառումը կարող է ոչ միայն բուժ. արդյունք չտալ, այլև հանգեցնել անցանկալի հետևանքների, օրինակ, լիզոլով տաքացնող կամ յոդ քսած մաշկի վրա դրված Կ-ները կարող են այրվածքներ առաջացնել: Հետևաբար, ոչ ցանկալի բարդություններից խուսափելու համար Կ. պետք է դնել բժշկի կամ բուժակի խորհրդով:

ԿՈՅՈՒՂԻ, արդ., կոմունալ-կենցաղային հոսքաջրերի և կեղտաջրերի ընդունման, հեռացման և վարակազերծման սանտեխ. կառույցների և միջոցառումների համակարգ: Գոյություն ունեն Կ-ու 2 հիմն. տեսակներ՝ արտահանումային (կեղտոտությունների հեռացում աղբահանության միջոցների օգնությամբ) և լուղարկային (Կ-ային ցանցի խողովակներով և անցուղիներով):

Լուղարկային Կ. արմատապես լուծում է հեղուկ թափոններից բնակավայրերի մաքրման հիմնահարցը, թափոնները շենքերից և կառույցներից անմիջապես հեռացվում են փակ խողովակաշարերով և տրվում մաքրման կառույցներ: Կ-ու սանհամաճարակային նշանակությունը շատ մեծ է. Կ-ու կառուցումից հետո ստամոքսաղիքային վարակիչ հիվանդությունները զգալիորեն նվազել են: Կ-ու ներքին (տնային) համակարգը կազմված է լվացարաններից, լողատաշտերից (վաննա), զուգարանակոնքերից և խողովակների ցանցից: Կ-ու տհաճ հոտերը շինություն թափանցելը կանխելու համար Կ-ային խողովակների ցանցի և սան. սարքերի (լվացարաններ, լողատաշտեր, զուգարանակոնքեր) միջև տեղակայում են ջրային փականներ՝ ծնկաձև խողովակներ, որոնք հեռացնում են կեղտաջուրը, իսկ խողովակի ծնկաձև մասում մնում է լվացող ջրի մի մասը:

Քաղաքներում և ավաններում, որտեղ չկա ընդհանուր Կ., շենքերը կարող են միացվել տեղային Կ-ու հատուկ կառույցներին: Այդ դեպքում կեղտաջուրը տներից մտնում է պարզարան, այնուհետև՝ խողովակների (դրանք ունեն անցքեր՝ կեղտաջուրը հողի մեջ լցվելու համար) ստորգետնյա ցանց (ստորգետնյա մաքրման դաշտեր): 1 մ ցամաքուրդային խողովակների օրական թույլատրելի բեռնվածությունը 5-25 լ է:

Առանձին բնակելի տների համար, որտեղ կեղտաջրերի քանակը օրական 3 մ3-ից չի գերազանցում, տեղակայում են մաքրման հորեր, որտեղ կեղտաջրերը մտնում են պարզարանից:

Անթույլատրելի է արդ. և կոմունալ-կենցաղային չմաքրված հոսքաջրերի մուտքը ջրամբարներ, քանի որ դրանք կարող են ավելացնել ջրամբարների ջրի պղտորությունը, առաջացնել յուրահատուկ հոտ, իսկ կեղտաջրերի արտաթորման տեղերում՝ նստվածքներ: Կեղտաջրերում որդերի ձվերի առկայությունը և բակտերիային զգալի աղտոտվածությունը՝ ջրով փոխանցվող զանգվածային վարակիչ հիվանդությունների առաջացման վտանգ են ստեղծում:

Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են նախատեսել և իրականացնել ջրամբարների, ստորգետնյա ջրերի և հողի աղտոտման կանխարգելիչ միջոցառումներ, այդ պարտականությունների չկատարման դեպքում նրանք օրենքով պատասխանատվություն են կրում: Արգելվում է կեղտաջրերի արդյունավետ մաքրումը և վարակազերծումը չապահովող նոր և վերակառուցված ձեռնարկությունների, արտադրամասերի, տեղամասերի և այլ օբյեկտների գործարկումը: Սանհակահամաճարակային ծառայության մարմիններն իրականացնում են մակերեսային ջրամբարների՝ կեղտաջրերով աղտոտվելուց պաշտպանության, ինչպես նաև նախագծվող Կ-ու՝ սան. նորմերին և կանոններին համապատասխանության, վերահսկման աշխատանքները (տես Ջրամբարների սանիտարական պահպանություն):

Երևանում 1-ին Կ. սկսել է գործել 1912-13 թթ.: 1972-ից գործում է կեղտաջրերի մաքրման Աերացիայի կայանը:

ԿՈՆԱՁԵՎ ԳԵՂՁ, տես Ներզատիչ համակարգ հոդվածում:

ԿՈՆՏՈՒԶԻԱ, տես Սալջարդ:

ԿՈՇԻԿ, տարբերակում են կենցաղային և հատուկ՝ մարզ., բժշկ. (օրթոպեդ.), արտադր.