Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եզրափակելիս կրկնել վարժություն 1-ը: Բոլոր շարժումները կատարել դանդաղ, ռիթմիկորեն: Վարժությունների թիվն աստիճանաբար կարելի է ավելացնել:

Կոսմետիկական միջոցներ, օծանելիքի արդ-յան արտադրած բոլոր միջոցները փորձաքննության են ենթարկվում և փորձարկվում ԳՀ հատուկ լաբորատորիաներում: Վաճառքի համար դրանք ստացվում են միայն Պետստանդարտի կողմից տրված որակի հավաստագրի առկայության դեպքում (ՀՀ առողջապ. նախ-յան հիգիենային և հակահամաճարակաբան. ծառայության հիգիենային եզրակացության հիման վրա), որով երաշխավորվում է դրանց արդյունավետությունն ու անվտանգությունը:

Յուրաքանչյուր պատրաստուկի կցվում է համառոտ տեղեկություն, որին հարկավոր է ծանոթանալ օգտագործումից առաջ: Չի կարելի օգտվել մասնավոր միջոցներով պատրաստված կամ համապատասխան հանձնարարականներ չունեցող կոսմետիկ. միջոցներից: Լոսյոններ, հարդարանքի հեղուկ միջոցներ, որոնք ունեն վարակազերծող, մաքրող ազդեցություն, լավ հեռացնում են քրտինքը, մաշկաճարպը, կեղտը և թարմացնում մաշկը: Դրանք օգտագործվում են հիգիենային նպատակներով՝ բնականոն և ճարպոտ մաշկի խնամքի (լվացվելու փոխարեն հիվանդի մաշկը մաքրելու) համար, ինչպես նաև մաշկային առանձին հիվանդությունների բուժման նպատակով: Լոսյոնների բաղադրության մեջ մտնում են (բացի ջրից), սպիրտ, գլիցերին, քիչ քանակությամբ բուրավետ նյութեր, ինչպես նաև (նշանակությունից կախված) վարակազերծող, սառեցնող, աղաղանյութեր, խոտաբույսերի թուրմեր, վիտամիններ, հյութեր:

Բնականոն մաշկի խնամքի համար օգտագործում են կեչու բողբոջների, եզան լեզվի թուրմեր, տոլուտանյան բալզամի և բենզոյական խեժի լուծույթներ, պոլիվինիլ սպիրտ, բորակ, վարդի յուղ, բորաթթու պարունակող լոսյոններ, բնական մեղր:

Ճարպոտ մաշկի համար օգտագործում են կիտրոնաթթու, քափուր, բորաթթու, ալյումինակալիումական շիբ պարունակող լոսյոններ, հազարատերևուկի, սրոհունդի, եզան լեզվի, չինական կիտրոնաթփի, վաղենակի և երիցուկի թուրմեր, վարունգի հյութ:

Քրտնոտությունը նվազեցնելու և քրտինքը հոտազերծելու նպատակով օգտագործում են հեքսաքլորաֆեն, սալիցիլաթթու և բորաթթու, ֆորմալին, բորակ, բենզոյական խեժի թուրմ, պերուական և տոլուտանյան բալզամներ, մուշկ, համպար, քացախաթթու ևն պարունակող լոսյոններ:

Տղամարդիկ սափրվելուց հետո բնականոն և չոր մաշկը կարող են մշակել մենթոլ, բորաթթու, կիտրոնաթթու, հականեխիչ միջոցներ պարունակող լոսյոններով: Էլեկտր. ածելիով սափրվելուց առաջ խորհուրդ է տրվում մաշկը թրջել հատուկ լոսյոններով:

Ձեռքերի չափազանց կեղտոտ մաշկը կարելի է մաքրել բենզոյական խեժի սպիրտային թուրմով:

Կան նաև միջատների խայթոցից և արևի այրվածքներից պաշտպանվելու համար նախատեսված լոսյոններ:

Մաշկաքսուքներ. էմուլսիաներ, որոնք պարունակում են փափկացնող, հակաբորբոքային, սպիտակեցնող և այլ նյութեր: Որպես ճարպային հիմք՝ մաշկաքսուքներում օգտագործվում են մեղրամոմ, լանոլին, բուս. և կորիզային յուղ, կաշալոտի ճարպ, գլիցերին կամ այլ ճարպանյութեր: Մաշկաքսուքներում պարունակվում են նաև ջուր, էմուլսացնող, բուրավետ նյութեր, վիտամիններ, դեղաբույսերի մզվածքներ, ապիլակ (մեղվի կաթ):

Հեղուկ մաշկաքսուքներով մաքրում են չոր մաշկը, փափկացնում և պահպանում քամուց, ցրտից և միջավայրի անբարենպաստ այլ գործոններից, հանում գեղազարդիչ կոսմետիկ. միջոցները: Դրանք պարունակում են A, D, E, F վիտամիններ, սրոհունդի և արոսի մզվածքներ, երիցուկի թուրմ, վարունգի հյութ, նվենու, վարդի և կիտրոնի յուղեր, անուշադրի սպիրտ, դեղձի յուղ և բարձրամոլեկուլային սպիրտ (կարելի է օգտագործել դիմափոշու տակ):

Սնուցող մաշկաքսուքների մեծ տեսականի է նախատեսված չոր, բնականոն, թառամող, ճարպոտ մաշկի համար, որոնք քսում են դեմքին, պարանոցի առաջային և կողմնային մակերևույթներին, թողնում 30-60 ր (երբեմն՝ 2 ժ). մաշկաքսուքի մնացորդները մաքրում են կոսմետիկ կամ հիգիենային անձեռոցիկով (տես Մաշկ, խնամքը):

Չոր և թառամած մաշկի համար օգտագործում են հալվեի հյութ, A, F, D վիտամիններ, երիցուկի, հազարտերևուկի, դաշտային ձիաձետի թուրմեր, ակնամոմ, անփոխարինելի ամինաթթուներ, Na, K, Mg, Ca իոններ պարունակող հիդրոլիզատներ, աճատերևի (կալանխոե) հյութ, կորիզայուղ, բարձրամոլեկուլային սպիրտ, գայլուկի մզվածք պարունակող սնուցող մաշկաքսուքներ:

Ճարպոտ մաշկի համար օգտագործում են A, E, F վիտամիններ, չինական կիտրոնաթփի, դաշտային ձիաձետի և տատրակի, սրոհունդի, վաղենակի, բենզոյական խեժի թուրմեր, վարունգի հյութ, պոլիվինիլ սպիրտ, գազարի սերմերի, երիցուկի մզվածքներ, ծովի ջուր, խաղողաշաքար, ծծումբ, բորաթթու, ֆուրացլին, ելակի, լոլիկի հյութեր, ամինաթթուներ, հանքային աղեր պարունակող մաշկաքսուքներ:

Բնականոն մաշկի համար խորհուրդ է տրվում (չոր մաշկի համար նախատեսված բոլոր մաշկաքսուքների հետ մեկտեղ) օգտագործել ակնամոմ, կորիզայուղ, ձիթապտղի յուղ, կիտրոնաթթու, վիտամին A, մաղադանոսի մզվածք պարունակող մաշկաքսուքներ:

Ցանկացած մաշկի համար կարելի է օգտագործել երիցուկի, կյանքի արմատի (ժենշեն) թուրմեր, ապիլակ, նվենու յուղ, մասրայուղ, A, D վիտամիններ պարունակող մաշկաքսուքներ: Մանուկների մաշկի խնամքի համար կարելի է օգտագործել այլ մաշկաքսուքներ: Շփաբորբի կանխարգելման նպատակով այդ մաշկաքսուքները կարելի է քսել մաշկածալքերին:

Սնուցող մաշկաքսուքներն ընտրում են՝ ելնելով մաշկի հատկություններից (չոր, ճարպոտ, բնականոն), և պարբերաբար փոխում դրանք, որպեսզի մաշկը չընտելանա, և մաշկաքսուքների բադադրության մեջ մտնող կենսաբանորեն ակտիվ նյութերը լինեն բազմատեսակ: Մաշկաքսուքն ընտրելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել կոսմետոլոգի հետ: Օրինակ՝ ալերգ. հակազդեցությունների կամ ալերգ. հիվանդությունների հակում ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում օգտագործել ապիլակ, ելակի հյութ, ֆուրացիլին պարունակող մաշկաքսուքներ (տես Ալերգիա): Տարբեր հոտեր չհանդուրժող անձանց համար արտադրվում են անհոտ մաշկաքսուքներ:

Կենսաբանորեն ակտիվ նյութեր պարունակող մաշկաքսուքները խորհուրդ է տրվում օգտագործել 30 տարեկանից հետո, երբ նկատվում են մաշկի տարիքային փոփոխություններ, ավելի երիտասարդների համար օգտակար են միայն ճարպային բադադրամասեր պարունակող փափկացանող մաշկաքսուքները: Սպիտակեցնող մաշկաքսուքներն օգտագործում են գունակավորման ուժեղացման (պեպեններ, գունակային բծեր ևն) դեպքում: Դրանք պարունակում են նարդոսի յուղ, հիդրոքինոնի մոնոմեթիլ եթեր, իշակաթնուկի, լայքենու թուրմեր տիտանի և ցինկի օքսիդներ:

Սպիտակեցնող մաշկաքսուքները քսում են նախապես մաքրած մաշկին՝ երեկոյան, թողնում 2 ժ, որից հետո մնացորդները մաքրում բամբակով (լվացվել պետք չէ):