Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անկողինը: Երեխան պետք է ունենա առանձին մահճակալ: Այն չի կարելի դնել տաքացնող սարքերի, դռան ու պատուհահի մոտ: Խորհուրդ չի տրվում օգտագործել բամբակե կամ փետուրե ներքնակ, գերադասելի են ձիու մազով, ծղոտով կամ սինթետիկ նյութերով լցված ներքնակները:

Բարուրելուց առաջ պետք է սեղանին փռել բամբակե վերմակ, այնուհետև՝ ֆլանելե, ապա բամբակե բարուշորոր և վերջապես եռանկյունաձև տակաշոր: Երեխային սկզբում հագցնել բամբակե, վրայից ֆլանելե (որոնց ստորին եզրերը պետք է հասնեն մինչև պորտը), այնուհետև փաթաթել բամբակե և ֆլանելե բարուրաշորերով, որոնց վերին եզրերը պետք է հասնեն անութափոսերին: Խորհուրդ է տրվում թևերն ազատ թողնել: Պետք չէ երեխային սովորեցնել գլխարկի և գլխաշորի, և գերադասելի է գլուխը բաց քնեցնել: Սենյակում 20-22°C ջերմաստիճանի պայմաններում երեխային ծածկել պետք չէ: Շատ տաք փաթաթելիս երեխայի մաշկի վրա առաջանում է մանր, վառ կարմիր ցան՝ քրտնախաշ:

Նորածնի հարդարանքը: Ամեն օր առավոտյան պետք է հետևել երեխայի մաշկին. եռացրած գոլ ջրով լվանալ երկու ձեռքերը: Ականջախեցիները մաքրել եռացրած ջրով թրջած բամբակով, լսող. անցուղին՝ եռացրած ջրով թրջած, ոլորած բամբակով: Մաշկածալքերին (վզի, աճուկային, ծնկատակի, արմնկային, ականջախեցիների հետևի) ցանկալի է քսել մանրէազերծած վազելինի յուղ կամ արևածաղկի (եռացրած) ձեթ: Քիթը կարելի է մաքրել վազելինի յուղով թրջած բամբակով: Աչքերը (դրսի անկյուններից դեպի քիթը) լվանալ բորաթթվի 2 %-անոց լուծույթով (1 թեյի գդալին 1 բաժակ եռացրած հովացրած ջուր) թրջած բամբակով: Գլխի մազածածկ հատվածում կեղևիկներ առաջանալիս կարելի է քսել վազելինի յուղ: Եղունգները կտրել ախտահանած մկրատով:

Պորտի վերքը սովորաբար ապաքինվում է ծնվելուց հետո 1 շաբաթվա ընրացքում: Լողացնելիս լրիվ չապաքինված պորտի վերքից ներթափանցած վարակը կարող է առաջացնել պորտային արյան վարակում: Ուստի 1-ին օրերին, օրը 3-4 անգամ պորտի վերքը պետք է մշակել ադամանդականաչի կամ կալիումի գերմանգրանատի լուծույթներով, իսկ խոնավության, կարմրության և պորտից արտադրության դեպքերում շտապ դիմել բժշկի:

Լողացնելը: Սովորաբար երեխային թույլատրվում է լողացնել պորտալարի մնացորդն ընկնելուց 2-3 օր հետո: Ջուրը պետք է տաքացնել մինչև 37°C և ավելացնել կալիումի գերմանգանատի նախապես խիտ պատրաստված լուծույթ, մինչև ջուրը դառնա բաց վարդագույն: Սենյակի օդի ջերմաստիճանը պետք է լինի 22-24°C: Լողացնելուց առաջ տաշտակը լվանալ տաք ջրով, օճառով և ողողել եռջրով: Նորածնին պետք է լողացնել ամեն օր՝ 5-7 ր, գերադասելի է երեկոյան, վերջին կերակրելուց առաջ: Երեխային օճառով (ցանկալի է մանկ.) կարելի է լողացնել շաբաթը 2-3 անգամ: Լողացնելիս պետք է ձախ ձեռքով պահել գլուխը և մեջքը, իսկ աջով՝ հետույքը և ոտքերը: Այնուհետև ձախ ձեռքը տեղափոխել երեխայի ձախ անութափոսը, մեջքը և գլուխը պահել ձախ նախաբազկով, աջ ձեռքը ազատելով՝ լողացնել: Վերջում երեխայի վրա լցնել 36-37°C ջուր և արդուկած սավանով չորացնել: Լողացնելու համար կարելի է ձեռք բերել նաև լոգնոցի հատուկ պատվանդան:

Զբոսանքը: Խորհուրդ է տրվում երեխային տանել զբոսանքի ամեն օր՝ ցանկացած եղանակի: Մաքուր, սառը օդը լավացնում է ախորժակը, շնչառությունը, ամրապնդում է մաշկը, պահպանում հիվանդություններից: Մաքուր օդը և արևը կանխում են ռախիտը: Ամռանը ծնված երեխային կարելի է զբոսանքի տանել ծննդատնից դուրս գրվելուց հետո՝ 1-ին օրերից սկսած, իսկ ձմռանը ծնվածներին՝ 2-րդ շաբաթից: Զբոսանքի ժամանակ հագուստը պետք է համապատասխանի եղանակին: Ձմռանը տնային հագուստի վրա հագցնել տաք կոֆտա և փաթաթել բայկայե, այնուհետև բամբակե կամ բրդե վերմակով՝ բաց թողնելով դեմքը: 1-ին զբոսանքը պետք է տևի ընդամենը մի քանի ր, նույնիսկ ամռանը՝ մինչև 10 ր, ձմռանը՝ օրական 5-10 ր: Ամռանը Կ. ե. մաքուր օդում պետք է լինի ամբողջ օրը (բացառությամբ՝ շոգ ժամերի): Ամռանը զբոսանքի ժամանակ երեխային անպայման պետք է ջուր խմեցնել: Ձմռանը զբոսանքի տևողությունը օրական 4 ժ-ից ավելի չպետք է լինի:

Առողջ նորածնի կոփումն սկսում են կյանքի 1-ին օրերից, բարուրաշորերը փոխել առանց շտապելու՝ երեխային 1-2 ր թողնելով մերկ:

Նորածնի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները. նորածնի օրգանիզմի տարբեր օրգանների ու համակարգերի անբավարար զարգացման հետևանքով առաջանում են վիճակներ, որոնք հաճախ անհանգստացնում են մորը՝ չնայած դրանք երբեմն բժշկի միջամտություն չեն պահանջում:

Լացը շրջապատող աշխարհի հետ երեխայի շփման միջոցն է: Այն նպաստում է թոքերի ու շնչառ. մկանների զարգացմանը: Հաճախ երեխան անհանգիստ է լինում թաց տակաշորերից, փորափքանքից, փորկապությունից, միջին ականջի բորբոքումից: Լացը լինում է նաև սուր կամ տանջող՝ հաճախակի ու երկարատև ցավերից: Ուստի ցանկացած կասկածի դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Փորափքանքի՝ աղիքներում գազերի կուտակման դեպքում երեխան դառնում է անհանգիստ, ոտքերը թափահարում է, ձգում դեպի որովայնը, որը լարված է լինում: Օգտակար է որովայնը պարբերաբար շփել ժամացույցի սլաքի ուղղությամբ, տաք տակաշոր դնել և պառկեցնել որովայնի վրա, եթե չօգնի, ապա, բժշկի խորհրդով գազահեռացման խողովակի ծայրին վազելին քսել, զգուշությամբ մտցնել հետանցքը և թողնել 15-20 ր:

Փորկապությունը նորածնի մոտ հաճախ է նկատվում՝ հատկապես կերակրելու կամ խմելու սխալ ռեժիմի հետևանքով: