Պետք է հետևել, որ երեխան ամեն օր կղի: Փորկապության դեպքում երեխային պառկեցնել որովայնի վրա կամ ժամացույցի սլաքի ուղղությամբ շփել որովայնը, դնել տաք տակաշոր, իսկ եթե դա չօգնի՝ մաքրող հոգնա անել: Երեխային պառկեցնել կողքի՝ տակաշորի վրա (տակը մոմլաթ փռել), ոտքերը կիսածալած դիրքով: № 1 անոթով հոգնայի ծայրին վազելին քսել և զգուշությամբ մտցնել հետանցքը: Մաքրող հոգնայի ջրի (30 մլ) ջերմաստիճանը պետք է լինի 30°C:
Որձկումը նորածնի մոտ հաճախակի հանդիպող երևույթ է, որը պայմանավորված է այդ տարիքում ստամոքսի ու կերակրափողի կառուցվածքային առանձնահատկություններով, ինչպես նաև ծծելու ժամանակ կուլ տված օդով (որը ործկալիս կաթի հետ դուրս է գալիս), ուստի որձկումից խուսափելու համար, երեխային կերակրելուց հետո մի քանի ր պետք է պահել ուղղաձիգ դիրքով կամ պառկեցնել որովայնի վրա: Կերակրումից հետո կրկնվող առատ որձկումների դեպքում դիմել բժշկի:
Զկռտոցը, որպես կանոն, ինքնուրույն անցնում է: Երկարատև զկռտոցի դեպքում պետք է երեխային ջուր խմեցնել և պառկեցնել:
Շփաբորբն առաջանում է հիմնականում խնամքի անբավարարությունից, լինում է նաև բորբոքահեղուկալորձենաբորբային նախատրամադրվածության ախտանշան: Շփաբորբը կանխելու նպատակով յուրաքանչյուր կղումից հետո պետք է փոխել սպիտակեղենը, իսկ աճուկների մաշկածալքերին ու նստատեղին քսել մանրէազերծած վազելինի կամ արևածաղկի (եռացրած հովացրած) ձեթ, մանկ. մաշկաքսուք: Արտահայտված շփաբորբի դեպքում երեխային բարուրելիս մաշկի շատ կարմրած հատվածները որոշ ժամանակ բաց թողնել, իսկ շատ արտահայտված շփաբորբի դեպքում՝ դիմել բժշկի: Շփաբորբի շուրջը քերծվածքների ու ուժեղ գրգռվածության դեպքերում, բժշկի խորհրդով քսել սինտոմիցինի կամ ստրեպտոմիցինի էմուլսիա:
ԿՐԾՔԻ ՏԱՐԻՔԸ:
Սա երեխայի օրգանիզմի զարգացման ու բուռն աճի շրջանն է, որը շարունակվում է մինչև 1 տարի: 1-ին տարում երեխայի հասակն ավելանում է միջինը 25 սմ-ով, 4-5 ամսականում քաշը կրկնապատկվում է, իսկ 1 տարեկանում եռապատկվում և հասնում է միջինը 10-11 կգ: Շատ արագ են զարգանում շարժող. և հոգեկան ոլորտները: Երեխան սկսում է նստել, կանգնել, ճանաչել մերձավորներին, իսկ 1 տարեկանում արդեն քայլում է, արտասանում 1-ին բառերը, և փոքրիկ, անօգնական էակը փոխվում է մարդու՝ իր զգացմունքներով, ապրումներով ու հոգսերով: Օրգաններն ու համակարգերն ավելի են զարգանում՝ չնայած ֆունկցիոնալ առումով դեռևս կատարյալ չեն և ունեն իրենց առանձնահատկությունները:
Ինչպես նորածինների, այնպես էլ կրծքի տարիքի երեխաների մաշկը նուրբ է, հեշտ է վնասվում, ուստի լավ խնամքի կարիք ունի: 1-ին 3-4 ամիսներին քրտնագեղձերի ֆունկցիան անբավարար է, որը դժվարացնում է ջերմակարգավորումը, և ջերմաստիճանի տատանումների դեպքում երեխան հեշտությամբ մրսում կամ շոգում է: 1-ին կես տարում արագ է աճում հատկապես դեմքի ենթամաշկային ճարպաշերտը:
Կրծքի տարիքում ոսկրերում կալցիումի աղերի աստիճան. կուտակման հետևանքով դրանք ավելի են ամրանում: 3-4-րդ ամիսներին աստիճանաբար կարծրանում են գանգոսկրերի կարերը: Ոչ ճիշտ խնամքի, մաքուր օդի անբավարարության պայմաններում երեխայի կմախքի ձևավորման ընթացքը խախտվում է՝ հանգեցնելով ռախիտի և այլ հիվանդությունների: 6-8-րդ ամիսներին ծկթում են ատամները, սկզբում ստորին կենտր. կտրիչները, այնուհետև՝ վերինները, սկզբում՝ կենտրոնականները, ապա՝ կողմնայինները, իսկ տարվա վերջին՝ նաև ստորին կողմնային կտրիչները: Երեխան 1 տարեկանում ունենում է 8 ատամ: Երբեմն ատամների ծկթումն ուղեկցվում է անհանգստությամբ, թուլությամբ, անքնությամբ, ջերմաստիճանի թեթևակի բարձրացումով, հեղուկ կղանքով: Այդ ախտանշանների դեպքում դիմել բժշկի: Մկանային համակարգը դեռևս անբավարար է զարգացած, սակայն, երբ երեխան նստում է, կանգնում, քայլում, մկանները դառնում են ավելի ուժեղ ու դիմացկուն: Մկանային համակարգն ավելի ճիշտ ու ներդաշնակ է զարգանում երեխայի հետ ֆիզկուլտուրայով կանոնավոր զբաղվելիս:
Նորածնի համեմատ այդ տարիքի երեխաների շնչառ. մկաններն ավելի զարգացած են, և կրծքավանդակն ակտիվ մասնակցում է շնչառությանը: Մեծանում է թոքերի տարողությունը: Շնչառությունը դառնում է ավելի խորը, 1 տարեկանում հաճախությունը նվազում է՝ րոպեում հասնելով 30-35-ի: Թոքերի բեռնվածությունը մեծ է, շնչուղիների լորձաթաղանթները նուրբ են, և վատ խնամքի դեպքում հեշտությամբ առաջանում են շնչառ. օրգանների հիվանդություններ: Զարգանում ու կատարելագործվում է սիրտանոթային համակարգը: Սրտի կառուցվածքի ու անոթների առանձնահատկությունները հեշտացնում են արյան շրջանառությունը: Անոթազարկն աստիճանաբար դանդաղում է, իսկ զարկերակային ճնշումը՝ բարձրանում:
Շարունակում են զարգանալ նաև մարսող. օրգանները: 4-6 ամսականում ավելանում են թքի, մարսող. հյութի, լեղու արտադրությունը: 3-4 ամսականում, բացի կաթից, պետք է աստիճանաբար տալ նաև բուս. և կենդ. ծագման անհրաժեշտ սնունդ: Կղումների հաճախությունն աստիճանաբար պակասում է (1 տարեկանում օրը 1-2 անգամ): Կ. ե-ի մարսողության օրգաններն ավելի բեռնված են, քան մեծերինը (երեխային 1 կգ քաշի հաշվով պահանջվում է 2-2,5 անգամ շատ սնունդ, քան հասուն մարդուն): Ոչ ճիշտ կերակրելու դեպքում առաջանում են ստամոքսաղիքային հիվանդություններ և նյութափոխանակության տարբեր խանգարումներ:
Զարգանում է նաև միզասեռ. համակարգը: Ավելանում է միզապարկի տարողությունը, պատերը դառնում են ավելի առաձգական: 1 տարին լրանալիս միզարձակման հաճախությունը նվազում է մինչև օրական 15-16 անգամ:
Նյարդային համակարգը շատ արագ է զարգանում: Տարվա վերջին գլխուղեղի քաշն ավելանում է 2,5 անգամ: Կատարելագործվում են զգայարանները, շարժումներն ավելի են բարդանում, ի հայտ են գալիս դրական և բացասական հուզումները, զարգանում է խոսքը: Ծայրամասային նյարդերը պատվում են միելինային թաղանթով: Գրգիռներին երեխան արձագանքում է նպատակաուղղված և ոչ թե քաոսային շարժումներով: Ի հայտ են գալիս, զարգանում ու երեխայի կյանքի ընթացքում մշակվում են նոր պայման. ռեֆլեքսներ: Օրինակ՝ կաթի հոտից երեխան շրջում է գլուխը և փնտրում մոր կուրծքը:
1 ամսական երեխան հայացքը կենտրոնացնում է առարկաների վրա, քաղցածությունից լաց է լինում, մատներն է ծծում: Մոր կրծքին մոտենալիս աշխուժանում է, շրջում գլուխը, բացում է բերանը, կատարում ծծելու և կլման շարժումներ: Մի քանի վրկ կարողանում է գլուխը պահել ուղղաձիգ դիրքով, իսկ որովայնին պառկած՝ ձգտում է բարձրացնել այն: Անութներից պահելիս հենվում է ոտքերի վրա: Բարուրելիս թափահարում է ձեռքերը, ոտքերը, շրջում է գլուխը, ժպտում: Այդ տարիքում երեխան քնում է օրական 20 ժ:
2 ամսական երեխան սովորաբար գլուխը լավ է բարձրացնում և ուղղաձիգ դիրքով