Հ
ՀԱԳՈՒՍՏ, մարդու մարմինը պաշտպանում է շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունից, նպաստում մարմնի ջերմաստիճանի որոշակի կայուն մակարդակի պահպանմանը: Հ-ի տակ՝ մարմնի շուրջը, պահպանվում է համաչափ ջերմաստիճան (28—32°C), ոչ բարձր խոնավություն (20-40%), նվազում է օրգանիզմի ջերմատվությունը, և դրանով տնտեսվում մարդու էներգիական պաշարները: Հ. նաև մաշկը պաշտպանում է մեխ. և քիմ. վնասվածքներից, փոշուց, կեղտից: Առաջանալով պատմ. որոշակի ժամանակաշրջանում՝ Հ., ինչպես և բնակարանը, զգալիորեն ընդլայնել է մարդու գոյության և արտադր. գործունեության հնարավորությունները՝ պակասեցնելով նրա կախվածությունը կլիմայական պայմաններից:
Հ. պետք է համապատասխանի կլիմայական պայմաններին, աշխատանքի բնույթին, սեռային առանձնահատկություններին, տարիքին, առողջ. վիճակին ևն: Հ-ի կառուցվածքը և ձևվածքը, փոփոխվող պայմաններին համապատասխան, պետք է ապահովեն ջերմապաշտպանության և օդանցիկության կարգավորումը, ազատ շնչառությունը, արյան և ավշի շրջանառությունը, շարժումների առավելագույն ազատությունը: Հ. նաև պետք է համապատասխանի որոշակի տեխ. և տնտ. պայմանների (դիմացկունություն, մատչելի արժեք ևն) և բավարարի անհատի գեղագիտ. պահանջները:
Ցուրտ եղանակի Հ. ամենից առաջ պետք է լինի բավականաչափ ջերմապաշտպան, որը պայմանավորված է Հ-ի գործվածքի բնույթով և հատկություններով: Տաք Հ-ի համար խորհուրդ է տրվում ընտրել որոշակի քաշի, կայուն հաստության, մեխ. ազդեցություններից և խոնավությունից չձևափոխվող նյութեր: Առավել ջերմապաշտպան է բազմաշերտ Հ.:
Բարձր խոնավատարությամբ և անգոլորշանցիկությամբ օժտված բնական նյութերը (վուշե, բամբակե գործվածքներ, բնական մետաքս ևն) նպաստում են խոնավության հեռացմանը և օգտագործվում հատկապես սպիտակեղենի համար:
Սինթետիկ գործվածքները, որոնք լավ են պաշտպանում մթն. խոնավությունից և քամուց, նպատակահարմար են Հ-ի միայն արտաքին շերտի համար: Տաք Հ. ընտրելիս պետք է ապահովել հատկապես ոտքերի, ձեռքերի, ինչպես նաև գլխի ու գոտկատեղի ջերմապաշտպանությունը: Գերսառեցումը կանխելու նպատակով խորհուրդ է տրվում խուսափել ավելորդ տաք Հ-ից (հատկապես երեխաների), քանի որ այն առաջացնում է ակտիվ քրտնարտադրություն՝ հանգեցնելով Հ-ի խոնավացման և ջերմապաշտպան հատկությունների նվազման:
Տաք եղանակի Հ. պետք է ապահովի առավելագույն ջերմատվություն և մարմինը պաշտպանի արտաքին ջերմությունից, որը ձեռք է բերվում Հ-ի ազատ ձևվածքով, ինչպես նաև ցածր ջերմահաղորդականությամբ (օրինակ՝ վուշե գործվածքներ) և քրտինքը լավ կլանող գործվածքների ընտրությամբ: Արեգակնային ճառագայթումից ավելի լավ է պաշտպանում բաց երանգներով հարթ գործվածքից կարված Հ.: Ցանկալի է, որ միջին գոտու բնակիչների ամառային Հ. նպաստի անդրամանուշակագույն ճառագայթների առավելագույն թափանցմանը (վիսկոզից և պոլիամիդային թելքերից Հ.):
Առավել շոգ և անապատային երկրների բնակիչների Հ. պետք է ապահովի ճառագայթային ջերմության անդրադարձումը: Ավելի նպատակահարմար է ամառային Հ. կարել վուշե, բամբակե գործվածքներից, բնական մետաքսից: Սինթետիկ գործվածքներն արագ են կեղտոտվում, կուտակում են ստատիկ էլեկտր. լիցքեր և խաթարում մաշկի շնչառ. ֆունկցիան, երբեմն նպաստում ալերգիայի առաջացմանը: Սինթետիկ գործվածքներից Հ. անհրաժեշտ է ավելի հաճախ լվանալ (օրինակ՝ քլորինից սպիտակեղենը պետք է լվանալ 3-5 օրը մեկ, իսկ կապրոնե գուլպաները՝ ամեն օր):
Մանկական Հ. պետք է լինի օդանցիկ, ունենա ազատ, շարժումները չկաշկանդող ձևվածք, երեխայի մարմինը պաշտպանի ինչպես ցրտից, այնպես էլ գերտաքացումից: Կյանքի 1-ին ամիսներին երեխայի մաշկը շատ նուրբ է և զգայուն, դրա համար էլ Հ. պետք է լինի փափուկ, խոնավածուծ գործվածքից, առանց կոպիտ կարերի, կոճակների, նուրբ կապիչներով: խորհուրդ չի տրվում վաղ մանկ. տարիքի երեխայի Հ. կարել քիչ խոնավածուծ սինթետիկ գործվածքներից, քանի որ դրանք կարող են առաջացնել քրտնախաշ և մաշկի գրգռվածություն:
Ծնողները հաճախ բացօթյա զբոսանքի ժամանակ երեխայի բերանն ու քիթը ծածկում են թաշկինակով կամ վզարկուով: Խորհուրդ չի տրվում այդպես վարվել անգամ ուժեղ սառնամանիքին, քանի որ դրանով խանգարվում է քթով բնականոն շնչառությունը, փոքրիկն սկսում է շնչել բաց բերանով, թաշկինակը (կամ վզարկուն) արագ խոնավանում է և առաջացնում տհաճ զգացողություն:
Ամռանը երեխաները կարող են զբոսնել կիսավարտիքներով և մայկաներով, ծղոտե կամ բաց գույնի գործվածքե գլխարկներով, սանդալներով կամ բաց կոշիկներով: Օգտակար են ոտաբոբիկ զբոսանքները:
Անհրաժեշտ է ուշադիր հետևել մանկ Հ-ին, պետք է այն հաճախ լվանալ: Նորածնի Հ. պետք է անպայման եռացնել և արդուկել, լվանալիս չպետք է օգտագործել սինթետիկ լվացամիջոցներ: Տես նաև Կրծքի երեխա, Նախադպրոցական տարիք, Դպրոցական տարիք, Դեռահասություն:
Մարզահագուստը պետք է համապատասխանի եղանակին, մարզ վարժությունների տևողությանը և լարվածությանը: Ձևվածքը պետք է լինի հարմար՝ շարժումները չկաշկանդող: Չափազանց տաք մարզահագուստը գերտաքացնում է, իսկ չափից դուրս թեթևը՝ հանգեցնում ջերմակորստի և սառեցման:
Նպատակահարմար է, որ մարզահագուստը (առավելապես սպիտակեղենը) լինի թեթև, օդանցիկ գործվածքից, լավ ներծծի և անարգել հեռացնի քրտինքը: Առավել հիգիենիկ են տրիկոտաժե գործվածքները (մարզ. պարապմունքների ժամանակ բյազե և կտավե սպիտակեղեն հագնելը քիչ հարմար է): Նպատակահարմար է, որ ձմռանը, ինչպես նաև զով եղանակին բացօթյա անցկացվող պարապմունքների մարզահագուստը լինի թեթև, ջերմապաշտպան, շատ հարմար են բրդե սվիտերները և մարզահագուստները: Զով եղանակին, լեռնագնացությունների և զբոսարշավների ժամանակ անհրաժեշտ է հողմապաշտպան մարզահագուստ: Ցրտահարումից պաշտպանվելու համար օգտագործում են ականջակալներ, պարտադիր են բրդե կիսագուլպաները:
Քաղաքաց. պաշտպանությունում և արտադրությունում աշխատողների պաշտպանական Հ-ի մասին տես Անհատական պաշտպանության միջոցներ հոդվածում:
ՀԱԶ, շնչառ. օրգանների հաճախակի և հիմն. ախտանշաններից: Պատճառը կարող է լինել շնչուղիների (ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթի և կրծքամզի նյարդերի զգացող վերջույթների (ընկալիչներ) անմիջական գրգռումը: Հազվադեպ նկատվում է ռեֆլեքսային