Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծագման Հ., երբ գրգռման աղբյուրը գտնվում է շնչուղիներից դուրս: Երբեմն Հ. առաջանում է հուզ. լարվածությունից: Հ-ի կապը կենտր. նյարդային համակարգի հետ (այսպես կոչված՝ Հ-ի կենտրոնը գտնվում է երկարավուն ուղեղում) հնարավորություն է տալիս տուբերկուլոզով, թոքերի քրոնիկ. հիվանդությամբ տառապողներին գիտակցաբար ընդհատել Հ., երբ դրա կարիքը զգացվում է (օրինակ՝ հաս. վայրերում գտնվելիս): Հազալիս սկզբում տեղի է ունենում խոր շնչառում, այնուհետև լարվում են շնչառ. մկանները. ձայնաճեղքը փակվում է. կրծքավանդակում ստեղծվում է բարձր ճնշում: Դրանից հետո կատարվում է սեղմված ձայնաճեղքով բարձր ճնշման տակ օդի ուժեղ շիթով հրոցանման կրկնակի արտաշնչում, որի դեպքում օդի շիթը թոքերից հեռացնում է խորխը կամ օտար մարմինը:

Հ. տարբերում են՝ 1. ըստ տևողության՝ նոպայանման (կապույտ հազի դեպքում), պարբերական (բրոնխաբորբի ժամանակ), անընդհատ, կարճատև (կրծքամզի բորբոքաման դեպքում), 2. ըստ ձայներանգի՝ «հաչոցանման» (կոկորդի ախտահարման և հիսթերիայի ժամանակ), խռպոտ և անձայն (ձայնալարերի բորբոքման և խոցոտման ժամանակ): Խորխի առկայությունից կախված՝ Հ. լինում է թաց՝ խորխարտադրությամբ (բրոնխաբորբի, բրոնխալայնանքի, թոքաբորբի, թոքերի տուբերկուլոզի դեպքերում), և չոր՝ առանց խորխի (հաճախ առաջանում է վերին շնչուղիների հիվանդությունների, օտար մարմիններով բրոնխների գրգռման և բրոնխների ու թոքերի բորբոքային հիվանդությունների սկզբն. շրջաններում):

Հ-ով ուղեկցվող հիվանդությունն ախտորոշելու և բուժելու համար անհրաժշտ է դիմել բժշկի:

Բրոնխներից արտադրության հեռացմանը նպաստող Հ. սովորաբար պետք չէ ընկճել: Նման դեպքերում նշանակում են խորխաբեր դեղանյութեր: Ծանր հիվանդներին Հ-ի ժամանակ պետք է հարմար դիրք տալ, որպեսզի խորխը հեշտությամբ դուրս գա: Չոր Հ. փափկացնում և պակասեցնում են ցավազրկող, հակահազային միջոցներով: Հ. վերացնելու համար, բժշկի նշանակմամբ, կրծքավանդակին դնում են մանանեխի ծեփուկներ, բժշկ. բաժակներ, տաքացնող կոմպրեսներ, կատարում ոտքերի մանանեխային լոգանքներ ևն:

ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ, տես Հղիության կանխում հոդվածում:

ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐ, անտիբիոտիկներ, միկրոօրգանիզմների կենսագործունեությունից առաջացած, ինչպես նաև բուս. և կենդ. բջիջներից ստացված օրգ. նյութեր, որոնք օժտված են մանրէների տարբեր տեսակների աճն ու բազմացումն ընկճող կամ դրանց ոչնչացնող հատկություններով:

Դեռևս 15-16-րդ դդ. ժող. բժշկության մեջ թարախային վերքերի բուժման համար օգտագործվել է կանաչ բորբոսը: 1929-ին անգլ. մանրէաբան Ա. Ֆլեմինգը անտիբիոզի (հակամարտություն միկրոօրգանիզմների տարբեր տեսակների միջև) ուսմունքի հիման վրա հաստատել է, որ կանաչ բորբոսի հակամանրէային ազդեցությունը պայմանավորված է հատուկ նյութով՝ պենիցիլինով: Պենիցիլինի հայտնագործումը նոր Հ-ի և դրանց ստացման աղբյուրների որոնման հիմք հանդիսացավ:

Հ-ի ստացման հիմն. աղբյուրներ են մանրադիտակային սնկիկների և մանրէների որոշ տեսակներ, որոնցից անջատվել են մի քանի հազար հակաբիոտիկային նյութեր: Սակայն մեծ մասամբ դրանք թունավոր ազդեցություն էին թողնում ոչ միայն հիվանդությունների հարուցիչների, այլև մարդու օրգանիզմի վրա: Ուստի որպես դեղանյութ օգտագործում են միայն այն Հ., որոնք առավելագույն չափով բավարարում են հետևյալ պահանջները. ունեն հակամանրէային բարձր ակտիվություն, կենսբ. միջավայրերում կայուն են, մարդու օրգանիզմի համար՝ քիչ թունավոր: Դրանք պենիցիլինի, ստրեպտոմիցինի, տետրացիկլինի, լևոմիցետինի, օլեանդոմիցինի, էրիթրոմիցինի և այլ խմբի պատրաստուկներն են: Ժամանակակից մի շարք հակաբիոտիկային պատրաստուկներ քիմ. կիսասինթեզի եղանակով ստանում են բնական Հ-ից և անվանում կիսասինթետիկ: Դրանցից են ամպիցիլինը, մետացիլինը, օքսացիլինը, ռիֆամպիցինը, ցեֆալեքսինը ևն: Կիսասինթետիկ Հ-ի ստեղծման համար ամենից առաջ խնդիր է դրվում ստանալ բնականից առավել կատարյալ պատրաստուկներ, որոնք օժտված են բնական Հ-ի հանդեպ քիչ զգայուն միկրոօրգանիզմների վրա ակտիվ, երկարատև ու նպատակաուղղված ազդեցությամբ և քիչ թունավոր են:

Հ-ի հայտնագործմամբ հնարավորություն ստեղծվեց բուժել մանրէների հարուցած համարյա բոլոր հայտնի հիվանդությունները: Սակայն Հ. իրականում ազդում են միայն մանրէների վրա, և յուրաքանչյուրն արդյունավետ է որոշակի զգայնությամբ միկրոօրգանիզմի համար, օրինակ՝ պենիցիլինն օգնում է թոքերի բորբոքման, արյան վարակման, մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների, անգինայի և թարախածին մանրէների հարուցած այլ հիվանդությունների դեպքերում, իսկ տուբերկուլոզի և դիզենտերիայի ցուպիկները զգայուն չեն դրա հանդեպ: Լևոմիցետինը և տետրացիկլինն արդյունավետ են աղիքային վարակների, նիստատինը, լևորինը՝ սնկիկային հիվանդությունների ժամանակ ևն: Վիրուսային հիվանդությունները (գրիպ, վիրուսային լյարդաբորբ) հայտնի Հ-ով չեն բուժվում:

Լինելով բարձրարդյունավետ միջոցներ՝ Հ. կարող են բացասաբար անդրադառնալ հիվանդի օրգանիզմի վրա: Օրինակ՝ ստրեպտոմիցինը, կանամիցինը և նեոմիցինն ընդունակ են առաջացնել անդաստակային ապարատի (հավասարակշռության օրգան) ֆունկցիայի խանգարում, լսողության թուլացում, լևոմիցետինի ազդեցությունից երբեմն փոխվում է արյան բջջային կազմը, իսկ տետրացիկլինը կարող է ազդել լյարդի ֆունկցիայի վրա ևն: Առանձին դեպքերում Հ. (հատկապես՝ պենիցիլինը) մյուս դեղանյութերի նման, նույնիսկ ոչ մեծ դեղաչափով, կարող են առաջացնել դեղորայքային ալերգիա (մաշկի քոր, եղնջացան ևն), որը կարող է արագ վերականգնվել ժամանակին կիրառած միջոցներով: Երբեմն պենիցիլինի կամ այլ հակաբիոտիկի չնչին քանակը, հատկապես կրկնակի օգտագործման ժամանակ, կարող է առաջացնել ծանր, նույնիսկ կյանքին վտանգ սպառնացող անաֆիլաքսային շոկ (տես Անաֆիլաքսիա): Հարկավոր է նաև իմանալ, որ Հ-ի մեծ մասն ունի օգտագործման հակացուցումներ: Օրինակ՝ լևոմիցետինը չի կարելի օգտագործել հղիության, էկզեմայի, սնկիկային և մաշկի այլ ախտահարումների, մոնոմիցինը՝ երիկամների և լյարդի հիվանդությունների ժամանակ:

Հատուկ զգուշություն է պահանջում հղի կանանց բուժումը Հ-ով, քանի որ որոշ Հ. (օրինակ՝ ստրեպտոմիցինը, լևոմիցետինը) կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ պտղի վրա: Չափից ավելի փոքր (անբավարար) դեղաչափերը կամ դրանց ընդունման վաղաժամ ընդհատումը օրգանիզմում հարուցչի հանգստի հնարավորություն են ստեղծում, որի հետևանքով առաջանում է այդ պատրաստուկների հանդեպ կայունություն, իջնում է օգտագործվող Հ-ի արդյունավետությունը, մի շարք դեպքերում հիվանդությունը ձեռք է բերում դժվար բուժվող քրոնիկ. ընթացք: Եվ հակառակը, Հ-ով չափից ավելի երկարատև բուժումը կարող է պատճառ դառնալ նոր հիվանդության (օրինակ՝ կանդիդոզ), որի դեպքում ախտահարվում են մաշկը, աղիքների, բերանի լորձաթաղանթները