ևն: Կսւնդիդոզը շատ դժվար է բուժվում: Հետևաբար, առանց բժշկի խորհրդի, Հ-ի կիրառումը չափազանց վտանգավոր է: Բժշկի մշտ. հսկողությունն ապահովում է Հ-ով բուժման հաջողությունը, կանխում կամ նվազագույնի հասցնում բարդությունները:
ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, բորբոքային գործընթացները թուլացնող տարբեր խմբերի դեղանյութեր: Առավել ակտիվ են մակերիկամների կեղևի հորմոնները (տես Ներզատիչ համակարգ) և դրանց սինթետիկ փոխարինիչները՝ գլյուկոկորտիկոիդները (պրեդնիզոլոն, դեքսամեթազոն ևն), որոնք, բացի այդ, ունեն ուժեղ հակաալերգ. ազդեցություն (տես Ալերգիա): Գլյուկոկորտիկոիդներով բուժման ընթացքում հաճախ են դրսևորվում դրանց կողմնակի երևույթները՝ նյութափոխանակության խանգարում, օրգանիզմից նատրիումի և ջրի հեռացման կասեցում և արյան պլազմայի ծավալի մեծացում, ստամոքսի և 12-մատնյա աղիքի լորձաթաղանթի խոցոտում, իմունիտետի ընկճում ևն: Գլյուկոկորտիկոիդների երկարատև ընդունման ժամանակ մակերիկամներում նվազում է բնական հորմոնների սինթեզը, որի հետևանքով այդ պատրաստուկների ընդունումն ընդհատելիս կարող է առաջանալ մակերիկամների կեղևի ֆունկցիայի անբավարարություն: Ուստի այդ պատրաստուկներով բուժումը պետք է անցկացվի բժշկի մշտ. հսկողությամբ: Գլյուկոկորտիկոիդները մտնում են նաև մաշկի և լորձաթաղանթների բորբոքային հիվանդությունների ժամանակ արտաքին օգտագործման որոշ քսուքների ու կախույթների բաղադրության մեջ: Առանց բժշկի նշանակման խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել, քանի որ կարող են առաջանալ մաշկի որոշ հիվանդությունների սրացումներ և այլ լուրջ բարդություններ:
Որպես Հ. դ. կարող են օգտագործվել ոչ նարկոտիկ ցավազրկողների խմբի որոշ դեղանյութեր (օրինակ՝ ացետիլսալիցիլային թթու, ամիդոպիրին, բութադիոն), հատկություններով դրանց նման դեղանյութեր (ինդոմետացին, իբուպրոֆեն, վոլտարեն ևն): Հակաբորբոքային ակտիվությամբ դրանք զիջում են գլյուկոկորտիկոիդներին, բայց կողմնակի երևույթները քիչ են արտահայտված, և կարելի է կիրառել հոդերի, մկանների և ներքին օրգանների բորբոքային հիվանդությունների բուժման համար:
Չափավոր հակաբորբոքային ազդեցություն ունեն նաև աղաղանյութերը, որոնք նշանակվում են հիմնականում տեղային օգտագործման նպատակով՝ մաշկի և լորձաթաղանթների բորբոքային հիվանդությունների ժամանակ: Հյուսվածքների սպիտակուցային նյութերի հետ պաշտպան. թաղանթ գոյացնելով՝ դրանք լորձաթաղանթներն ու ախտահարված մակերևույթը պահպանում են գրգռումից և խոչընդոտում բորբոքային գործընթացի հետագա խորացմանը:
Դեղանյութերի թվարկված խմբերն անմիջականորեն չեն ազդում բորբոքման պատճառի վրա: Իսկ քիմիաբուժ. դեղանյութերը (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ ևն) օժտված են առանձնահատուկ հակաբորբոքային հատկություններով, որոնք հիմնականում բնորոշվում են որոշակի միկրոօրգանիզմների կենսագործունեությունն ընկճող հատկությամբ: Դրանք օգտագործվում են վարակիչ հիվանդությունների հետևանքով առաջացած բորբոքային հիվանդությունների ժամանակ՝ միայն բժշկի նշանակմամբ:
Ստամոքսաղիքային համակարգի բորբոքային հիվանդությունների ժամանակ (հատկապես երեխաներին) նշանակում են պատող դեղանյութեր, օրինակ՝ լորձանյութեր, որոնք հակաբորբոքային ազդեցություն չեն թողնում, բայց բորբոքված մակերևույթը ծածկում ու պաշտպանում են գրգռումից: Պատող միջոցներն օգտագործվում են նաև հակաբորբոքային այն դեղանյութերի հետ, որոնք ունեն նաև լորձաթաղանթները գրգռող ազդեցություն:
ՀԱԿԱԳԱԶ, օդում գտնվող թունավոր, ռադիոակտիվ նյութերից և մանրէներից մարդու շնչառ. օրգանների, աչքերի և դեմքի անհատ. պաշտպանության միջոց: Ըստ պաշտպան. գործողության սկզբունքի՝ Հ-երը լինում են զտող և մեկուսացնող: Զտող Հ. օդը մուտք է գործում արտաքին մթնոլորտից և վնասակար խառնուրդներից մաքրվում է զտող-կլանող սարքում: Մեկուսացնող Հ. լիովին մեկուսացնում է մարդու շնչառ. օրգաններն արտաքին մթնոլորտից, իսկ շնչառության համար գազային խառնուրդն ապահովվում է Հ-ի մետաղե բալոններում գտնվող սեղմված թթվածնի (երբեմն՝ օդի) հաշվին կամ շնչառության ընթացքում վերականգնված թթվածնով:
Ըստ նշանակման՝ Հ-երը լինում են զորային, քաղաքաց. և արդ.: Թողարկվում են ռուս. արտադրության մի քանի տեսակի քաղաքաց. Հ-եր՝ ГП-4У, ГП-5, ГП-7 (չափահասների համար), ДП-6, ДП-6M (երեխաների համար) ևն: Հ. բաղկացած է դիմային մասից և զտող-կլանող տուփից: Լրակազմի մեջ կան նաև պայուսակ ու լրացուցիչ պարագաներ (չքրտնող թաղանթներ ևն) (նկ. 1): Դիմային մասը կազմված է մետաղե շրջանակներով ակնոցով ռետինե սաղավարտ-դիմակից և շնչման ու արտաշնչման փականներից: Զտող-կլանող տուփը շնչվող օդը մաքրում է վնասակար խառնուրդների գոլորշիներից, թունավոր ծխից, մառախուղից և փոշուց, որը կատարվում է հակաաերոզոլային զտիչի և ածուխ-կատալիզատորի շերտի օգնությամբ: Տուփի կափարիչի վրս կա պարուրահան բկանցք՝ դիմային մասին ամրացնելու համար, իսկ հատակին արված է բացվածք՝ օդի ներթափանցման համար: Հ-ի տուփն անմիջապես միացվում է սադավարտ-դիմակի բկանցքին:
Թողարկվում են տարբեր չափսերի սաղավարտ-դիմակներ, որոնք պետք է ընտրել անհատականորեն: ГП-4У Հ-ի դիմակն ունի 3 չափս: Պահանջվող չափսը որոշելու համար չափում են դեմքի բարձրությունը՝ քթարմատից մինչև կզակի ներքևի կետը եղած հեռավորությունը: Դիմակի 1-ին չափսին համապատասխանում է 99-109 մմ-ը, 2-րդին՝ 109-110 մմ-ը, 3-րդին՝ 119 մմ-ը և ավելին: Չափսը նշվում է սաղավարտ-դիմակի ենթակզակային մասում: ГП-5 Հ-ի սադավարտ-դիմակի անհրաժեշտ չափսը որոշելու համար ժապավենային սանտիմետրով չափում են մարդու գլխով, այտերով և կզակով անցնող գծի (նկ. 2, ա), ինչպես նաև վերհոնքային աղեղով՝ մի ականջի լսող. անցուղու բացվածքից մինչև մյուսն անցնող կիսաշրջանի երկարությունները:
Հ. կրում են պայուսակի մեջ՝ մարմնի ձախ կողմում: Սաղավարտ-դիմակը և Հ-ի տուփը տեղավորում են պայուսակում՝ առանձին-առանձին: Պայուսակի վերին եզրը պետք է գտնվի գոտկատեղի մակարդակին: Հ. կիրառելիս («գազեր» հրամանի դեպքում կամ օդի վարակման նշաններ հայտնաբերելիս) պահում են շունչը, փակում աչքերը, հանում գլխարկը, պայուսակից