Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենդանիների և բույսերի Հ-յան օրինակ է միջատների համաբնակությունը բակտերիաների, խմորասնկերի հետ: Սնկերը տիրոջ մարմնում ստանում են սնունդ և ապրելու բարենպաստ միջավայր: Մասնակցում են նյութերի փոխարկման (մասնավորապես միզաթթվական միացություների և շաքարների քայքայման) գործընթացներին, որն օգտակար է տիրոջ համար: Հայտնի է ճգնավոր խեցգետնի և ակտինիայի Հ., երբ ակտինիան խեցգետնին պաշտպանում է իր խայթող բջիջներով և սնվում նրա սննդի մնացորդներով: Տարածված է միկրոօրգանիզմների Հ. կենդանիների և մարդու հետ: Օրինակ՝ մարդու աղիքների բնականոն միջավայրում (տես Մանրէային ֆլորա մարդու) կան բակտերիաների որոշ տեսակներ, որոնք արտադրում են կենսագործունեության համար խիստ անհրաժեշտ վիտամիններ: Հ-յան ձևերից է կոմենսալիզմը, երբ սիմբիոնտը մշտապես կամ ժամանակավոր ապրում է մյուսի հաշվին՝ նրան չվնասելով: Ընդ որում 1 սիմբիոնտը կարող է մյուսին օգտագործել որպես շարժման միջոց (որոշ ձկներ) կամ սնվել նրա հաշվին (մարդու աղիքներում ապրող ոչ ախտածին ամեոբաներ, կաթնասունների աղիքներում գտնվող որոշ մտրակավորներ ևն):

Եթե սիմբիոնտներից մեկը մշտապես կամ ժամանակավոր ապրում է մյուսի հաշվին և վնասում նրան, ապա Հ. դառնում է հակամարտ. և կոչվում է մակաբուծություն (տես Մակաբույծներ):

ՀԱՄԱՃԱՐԱԿ, էպիդեմիա, վարակիչ հիվանդության լայնորեն տարածումը, որը զգալիորեն գերազանցում է տվյալ տարածքում սովորաբար գրանցվող հիվանդացության մակարդակը: Զարգացման բարենպաստ պայմաններում Հ. կարող է տարածվել և ընդգրկել նոր շրջաններ: Հ-ի տարածմանը նպաստում են անընկալունացման հուսալի միջոցների (տես Կանխարգելիչ պատվաստումներ) բացակայությունը, բնակչության կուտակվածությունը և տեղափոխությունը, բնակավայրի, շենքերի հակասան. վիճակը և հատկապես պատերազմը, տարերային աղետները, սովը և այլ սոցիալ. գործոններ:

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ, համաճարակային օջախի հայտնաբերում՝ դրա վերացման առավել արդյունավետ միջոցառումների ընտրության նպատակով: Հ.հ-յան ընթացքում կատարվում է հիվանդի և շրջապատող անձանց հարցուփորձ, օջախի զննում և սան. հետազոտություն, հիվանդության առաջացմանն ու տարածմանը նպաստող կենցաղային և բնական գործոնների, հիվանդության աղբյուր հանդիսացող կենդանիների, հարուցիչների փոխանցողների հայտնաբերում, մարդկանց (որոնց միջև կարող է տարածվել հիվանդությունը) անընկալության վիճակի որոշում: Համաճարակային օջախի Հ.հ-յան արդյունքներով հնարավոր է ընտրել համաճարակի վերացման առավել նպատակահարմար և արդյունավետ միջոցառումներ:

Հ.հ. սովորաբար իրականացնում է համաճարակաբանը կամ նրա օգնական բուժակը:

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, բժշկ. գիտություն, ուսումնասիրում է մարդկային հասարակության մեջ վարակիչ հիվանդությունների առաջացման, տարածման օրինաչափությունները, մշակում կանխարգելման ու վերացման մեթոդները:

Հայաստանում տարածված վարակիչ հիվանդությունների դեմ պայքար սկսելու նպատակով 1922-ին Երևանում, ապա նաև ՀՀ շրջաններում, ստեղծվեցին սանհամաճարակային 1-ին կազմակերպությունները: Վերացվեցին խոլերան, բնական ծաղիկը և հետադարձ տիֆը: 1924-ին հրապարակվեց դեկրետ՝ մանկ. տարիքի բնակչության պարտադիր ծաղկապատվաստման վերաբերյալ: 1923-ին, մալարիայի և մակաբուծ. այլ հիվանդությունների հայտնաբերման, բուժման և կանխարգելիչ արդյունավետ համալիր միջոցառումների մշակման ու կիրառման նպատակով հիմնադրվեց Տրոպիկ. ինստ-ը (1971-ից՝ Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության ինստ.), 1927-ին Երևանում կազմակերպվեց ՀՀ-ում 1-ին սանհիգիենային լաբորատորիան, իսկ 1935-ին՝ ԵԲԻ-ում՝ Հ-յան և բժշկ. մակաբուծաբանության ամբիոնը (Ա. Ալեքսանյան), միաժամանակ շրջաններում ստեղծվեցին սանհամաճարակային կայաններ: 1953-ին ՀՀ-ում վերացավ տրոպիկ. մալարիան, իսկ 1963-ին՝ մալարիան ընդհանրապես (Ք. Փիրումով, Հ. Ագատյան, Մ. Սալինյան, Ա. Չուբկովա, Կ. Դեղձունյան և ուր.): 1994-ից գրանցվում են մալարիայի դրսից բերովի, իսկ 1996-ից՝ տեղական դեպքեր, որոնց դեմ իրականացվում է մալարիայի պայքարի ազգային ծրագիր: Վերջինիս գործում կարևոր օգնություն է տրվում ԱՀԿ-յան կողմից:

Ուսումնասիրություններ են կատարվել լեյշմանիոզների, մլակային տենդի Հ-յան, կլինիկայի, էկոլոգիայի բնագավառներում, որոնք նպաստել են պայքարի և կանխարգելման արդյունավետ միջոցառումների մշակմանը և այդ հիվանդությունների վերացմանը (Ա. Չուբկովա, Կ. Դեղձունյան, Ռ. Կարապետյան, Շ. Մնացականյան և ուր.):

Աշխատանքներ են կատարվել մակաբուծ. և փոխանցող (տրանսմիսիվ) հիվանդությունների աշխարհագր. տարածվածության վերաբերյալ: Մշակվել են համաճարակային միջոցառումներ, որոնք ապահովել են մալարիայի, մլակային տենդի, տզային հետադարձ տիֆի վերացումը և ՀՀ-ում ճիճվային հիվանդությունների նվազումը: Ուսումնասիրվել են միաբջիջ միկրոօրգանիզմներից առաջացող աղիքային հիվանդությունները: Հայտնաբերվել են միաբջիջ մակաբույծների շատ տեսակներ (մտրակավորներ, սպորավորներ և ինֆուզորիաներ), որոշվել է դրանց դերը տեղական ախտաբանությունում, ազգաբնակչության վարակվածության աստիճանը, վարակակրության հարցերը: Ուսումնասիրվել են Entamoeba histolitica-ի ուլտրակառուցվածքային յուրահատկությունները, հայտնաբերվել է բջջի նոր ուլտրակառուցվածքը (Շ. Մաթևոսյան, Հ. Կարապետյան, Մ. Ծատուրյան, Մ. Մարզպան, Կ. Հովնանյան և ուր.): 1959-ին Հ. Կարապետյանին հաջողվել է ստանալ լամբլիաների աճեցման արհեստ. սննդային միջավայր, որը համաշխարհային ճանաչում է գտել: Նրա ղեկավարությամբ աշխատանքներ են կատարվել ամեոբիազի և բալանտիդիազի ժամանակ տիրոջ և մակաբույծի փոխհարաբերությունների ուսումնասիրման բնագավառում:

Հ-ական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում տարածված են 20 տեսակի ճիճվային հիվանդություններ (Ե. Քալանթարյան), հատկապես՝ ասկարիդոզը:

Ճիճվային հիվանդությունների լաբորատոր ախտորոշման բնագավառում Ե. Քալանթարյանի աշխատանքները համաշխարհային ճանաչում են ստացել, նա աշխարհում 1-ինն է հայտնաբերել Trichostrongylus axei (1924) և Trichostrongylus Skrjabini - Kalantarian (1932) մակաբույծները: Ներկայումս աշխատանքներ են կատարվում ճիճվային հիվանդությունների (էխինոկոկոզ, տոքսոկարոզ) իմունաախտորոշման բնագավառում:

Հ-յան, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության ինստում Ա. Ալեքսանյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են դիֆթերիայի, որովայնային տիֆի, դիզենտերիայի, բծավոր տիֆի, բրուցելոզի, բնական օջախայնություն ունեցող մի շարք հիվանդությունների Հ-յան, պատճառագիտության և կանխարգելման բազմաթիվ հարցեր:

Աշխատանքներ են ծավալվել հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների (բնական ծաղիկ, ժանտախտ, խոլերա)