Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ:

Ուսումնասիրվել են մարդու և կենդանիների տուլարեմիայի Հ-ական յուրահատկությունները, տիպավորվել են ՀՀ-ում նրա բնական օջախները, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել ձեռնարկել պայքարի և կանխարգելման առավել արդյունավետ միջոցառումներ: Կարևոր աշխատանքներ են կատարվել հատկապես աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ: Հաստատվել է, որ հանրապետությունում շրջանառություն են կատարում որովայնային տիֆի հարուցիչների 19 և պարատիֆի 7 ֆագոտիպեր: Կարևոր ուսումնասիրություններ են կատարվել դիզենտերիայի պատճառագիտության (Ա. Միրզաբեկյան), դիզենտերիայի և դիզենտերիանման հիվանդությունների տարբերակման բնագավառում (Ռ. Մանվելյան):

Հետազոտվել է բրուցելոզը, ճշտվել են դրա տարածվածությունը՝ ըստ առանձին աշխարհագրակլիմայական գոտիների, վարակի հիմն. աղբյուր հանդիսացող կենդանիները, վարակի փոխանցման մեխանիզմի յուրահատկությունները, պայքարի և կանխարգելման միջոցառումները:

Աշխատանքներ են կատարվել լեպտոսպիրոզների, Քյու տենդի հայտնաբերման, պատճառագիտության, Հ-յան հարուցիչների յուրահատկությունների վերաբերյալ:

1972-ից ուսումնասիրվում են արբովիրուսային հիվանդությունների հարուցիչները, հայտնաբերվել են նոր արբովիրուսներ, որոնց Հ-ական հարցերը շարունակվում են ուսումնասիրվել:

Հետազոտվել են մանկ. վարակիչ հիվանդությունները, բացահայտվել դրանց Հ-ական առանձնահատկությունները, կիրառվել վակցինականխարգելման մեթոդներ, կազմակերպվել են արդյունավետ պայքարի միջոցառումներ: Հատկապես կարևոր են կարմրուկի, քութեշի, կապույտ հազի ուսումնասիրության բնագավառում ձեռքբերված հաջողությունները: Պարբերաբար ուսումնասիրվում են գրիպի Հ-ական առանձնահատկությունները, մշակվում պայքարի միջոցառումներ:

Աշխատանքներ են կատարվում ներհիվանդանոցային վարակիչ հիվանդությունների դեմ. 1976-ին ԵԲԻ (1995-ից՝ ԵՊԲՀ) Հ-յան ամբիոնում կազմակերպվել է ԳՀ լաբորատորիա, որի հիմն. նպատակը ներհիվանդանոցային թարախաբորբոքային հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների մշակումն է: Ապացուցվել է, որ վիրաբուժ. կլինիկաներում մաքուր և պայման. մաքուր վիրահատություններից հետո թարախաբորբոքային հիվանդությունները կազմում են 20-23 %, իսկ մանկաբարձ. կլինիկաներում՝ ծննդաբերությունից հետո՝ 12-18 %: Նշված բարդությունների դեմ առաջարկվել են բարձր արդյունավետությամբ օժտված կենսբ. հակամարտության հիման վրա օգտագործվող կաթնաթթվային բակտերիաներ, որոնք ոչնչացնում են այդ հիվանդության հիմն. հարուցիչներին՝ ստաֆիլոկոկերին, և 3-4 անգամ իջեցնում հիվանդացությունը:

ՀԱՄԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ, սննդային հավելանյութեր, որոնք ավելացվում են սննդամթերքին՝ համը լավացնելու նպատակով: Հաճախ դրանց շարքն են դասում նաև բուրավետ նյութերը (վանիլին, անուշահոտ էսենցիաներ ևն): Հ.ն-ին են պատկանում սննդային թթուները (քացախաթթու, կիտրոնաթթու, գլուտամինաթթու): Շաքարին փոխարինողները (սախարին ևն) ըստ էության նույնպես Հ.ն. են, բայց առանձնացվում են սննդային հավելանյութերի խմբում:

Որոշ Հ.ն. պարունակվում են համեմունքներում (պղպեղ, մեխակ, վանիլին ևն) կամ առաջանում են սննդի տեխնոլոգ. մշակման ժամանակ: Կան նյութեր, որոնք ստացվում են քիմ. սինթեզի միջոցով կամ կորզվում են բույսերից:

Հ.ն. խթանում են մարսող. համակարգի գործունեությունը, մասնավորապես՝ թքարտադրությունը, ստամոքսի ու աղիքների գեղձերի հյութազատությունը, լավացնում են ախորժակը և մարսողությունը: Սակայն սննդային թթուների և համեմունքների ոչ չափավոր օգտագործումը կարող է նպաստել մարսողության օրգանների հիվանդությունների առաջացմանը (տես Մարսողական համակարգ): Երիկամների և մարսող. համակարգի որոշ հիվանդությունների դեպքում համեմունքների ու Հ.ն-ի օգտագործումը հակացուցված է: Հաճախ Հ.ն-ի շարքն են դասում նաև կերակրի աղը, որը պարունակում է օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ նատրիում ու քլոր տարրերը և ունի կարևոր նշանակություն:

ՀԱՄԱՅՆԱՃԱՐԱԿ, աշխարհավարակ, պանդեմիա, բարձր ուժգնությամբ համաճարակ, որն ընդգրկում է երկրի, մի քանի երկրների կամ աշխարհամասի բնակչությունը: Հ-ային տարածումը բնորոշ է առավելապես օդակաթիլային ճանապարհով փոխանցվող և կարճատև գաղտնի շրջան ունեցող վարակիչ հիվանդություններին՝ բնակչության բարձր ընկալունության դեպքում: Այդպիսի հիվանդություններից է, օրինակ, գրիպը:

ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐ, սուր հոտ և համ ունեցող բուս. նյութեր, որոնք չնչին քանակներով ավելացվում են սննդին: Առավել հայտնի են մանանեխը, պղպեղը, դափնետերևը, դարչինը, մեխակը, քեմոնը, հիլը, անիսոնը, մշկընկույզը ևն: Համեմունքային բանջարեղենը (սոխը, սխտորը, կծվիչը, ինչպես նաև մաղադանոսը, սամիթը): պարունակում է եթերայուղեր և այլ բուրավետ ու համային նյութեր, որոնք նրանց տալիս են յուրահատուկ, դուրեկան բույր ու համ: Պարունակում են վիտամիններ (հիմնականում ասկորբինաթթու, կարոտին, ֆոլաթթու, պիրիդօքսին) և օժտված են բարձր մանրէասպան (վարակազերծող) հատկություններով: Վաղնջական ժամանակներից Հայաստանը համարվել է բազմապիսի և ընտիր Հ-ի երկիր: Հայկական խոհանոցի հարգի Հ-ից է սխտորը, որի օգտագործումով, ըստ գիտության նորագույն հայտնագործությունների, կանխվում են ինֆարկտը, սրտային հեղձուկը, կարծրախտը, զանազան ուռուցքների առաջացումը, վերանում է գլխում աղմուկի զգացումը, վերականգնվում է տեսողությունը:

Տարբեր երկրներում որպես Հ. օգտագործում են շատ բուս. նյութեր: Բայց դրանք չպետք է չարաշահել, իսկ որոշ հիվանդությունների դեպքում՝ նույնիսկ խստորեն սահմանափակել, քանի որ ստամոքսաղիքային համակարգի օրգանների լորձաթաղանթի վրա ունենում են գրգռիչ ներգործություն:

ՀԱՅՄՈՐԻՏ, տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր հոդվածում:

ՀԱՆԳԻՍՏ, հանգստի վիճակ կամ այնպիսի գործունեություն, որը վերացնում է հոգնածությունը և նպաստում աշխատունակության վերականգնմանը: Աշխատանքը և Հ. սերտորեն կապված են միմյանց՝ ուս., արտադր. և գործունեության այլ ոլորտներում: Անբավարար Հ. հանգեցնում է հոգնածության, իսկ լիարժեք Հ-ի երկարատև բացակայությունը՝ գերհոգնածության, որը նվազեցնում է օրգանիզմի պաշտպան. ուժերը և կարող է նպաստել տարբեր հիվանդությունների առաջացմանը, աշխատունակության նվազմանը կամ կորստին: Աշխատանքի և Հ-ի ռացիոնալ ռեժիմը հնարավորություն է տալիս երկար ժամանակ պահպանել առողջությունը և բարձր աշխատունակությունը:

Ֆիզիոլոգ. առումով՝ Հ. հատուկ գործունեության վիճակ է, երբ օրգանիզմի բջիջները, աշխատանքից ազատ մնալով, վերականգնում