Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են իրենց բնականոն կազմությունը: Օրգանիզմի համար առավել լրիվ Հ. է քունը, որի ժամանակ տեղի են ունենում ուժգին վերականգնող. գործընթացներ՝ 1-ին հերթին գլխուղեղի բջիջներում: Արդյունավետ Հ-ի կարևոր պայման է աշխատանքի և Հ-ի կանոնավոր հաջորդափոխումը: Հաստատվել է, այսպես կոչված, ակտիվ Հ-ի հատուկ նշանակությունը: Ապացուցվել է, որ ձեռքի հոգնեցուցիչ աշխատանքից հետո աշխատունակությունն ավելի արագ է վերականգնվում ոչ թե 2 ձեռքի լրիվ Հ-ի պայմաններում, այլ չաշխատած ձեռքը աշխատելու դեպքում: Աշխատանքի ընթացքում մեկ մկանախմբի կամ նյարդային կենտրոնների գործունեությունը մյուսներին փոխադրելն արագացնում է հոգնած մկանների վերականգնումը: Մեկ տեսակի աշխատանքից մյուսին անցնելը կամ մտավոր գործունեությունը թեթև ֆիզ. աշխատանքով փոխարինելը վերացնում է հոգնածության զգացումը, որը Հ-ի յուրահատուկ ձև է:

Պասսիվ Հ. (լրիվ Հ-ի և խնայման վիճակ) նպատակահարմար է փոխարինել ակտիվով, որը հոգնեցռւցիչ ֆիզ. կամ մտավոր աշխատանքից հետո ավելի արագ է վերականգնում աշխատունակությունը:

Հ-ի ռացիոնալ ռեժիմի ընտրությունը որոշվում է շատ գործոններով, մասնավորապես՝ աշխատանքի պայմաններով, տարիքով ևն:

Տարբերում են Հ-ի 3 տեսակ՝ ամենօրյա, ամենշաբաթյա և ամենամյա: 1-ինն ընդգրկում է աշխատանքային օրվա կարճ ընդմիջումները՝ արտադրական մարմնամարզության համար, որի ընթացքում նպատակահարմար է ավելի շատ կատարել այնպիսի շարժումներ, որոնք նպաստում են հոգնած մկանների հանգստանալուն, իսկ սնվելու համար հատկացված ժամանակի մի մասն անցկացնել մաքուր օդում: Ամենօրյա Հ. ավարտում է լիարժեք քունը:

Ամենշաբաթյա Հ-ի կազմակերպման հնարավորություններն ընդլայնում է հնգօրյա աշխատանքային շաբաթը՝ 2 հանգստյան օրերով (մաքուր օդում ավելի երկարատև գտնվելը, սպորտով լիարժեք զբաղվելը ևն):

Ամենամյա Հ. ապահովվում է արձակուրդի ընթացքում: Վճարվող արձակուրդ տրվում է բոլոր աշխատողներին: Իսկ տևողությունը կախված է աշխատանքի պայմաններից և բնույթից, այն երկարացվում է վնասակար արտադր. պայմաններում աշխատողների համար: Արձակուրդի ընթացքում խորհուրդ է տրվում լրիվ հեռանալ սովոր. զբաղմունքից, փոխել իրադրությունը: Շատ օգտակար է բնության գրկում (անտառում, գետի, ծովի ափին) գտնվելը, Հ-ի զուգակցումը օրգանիզմի կոփմամբ, օդային և արևային լոգանքների, արշավների հետ (տես Զբոսաշրջություն):

Սովորողների Հ. ընդգրկում է օրվա ռեժիմի ճիշտ կազմակերպումը, տարբեր պարապմունքների (դաս, դասախոսություն, արտադր. պրակտիկա ևն) հաջորդումը Հ-ով (դասամիջոց, սպորտով զբաղվելը, արձակուրդ)՝ հաշվի առնելով տարիքը, զբաղվածության բնույթը:

Տարեց մարդիկ աշխատունակության և կենսունակության պահպանման համար ավելի երկարատև Հ-ի, աշխատանքի և Հ-ի ռեժիմի խիստ կարիք ունեն: Աշխատանք կատարելուց հետո նրանց պետք է ավելի երկարատև դադար, լավ կլինի գտնվեն մաքուր օդում, կանոնավոր զբաղվեն մարմնամարզությամբ:

ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, սեդատիվ դեղանյութեր, բարձրագույն նյարդային գործունեության վրա հանգստացնող ազդեցություն ունեցող դեղանյութեր: Որոշ դեղանյութերի (ուժեղ հակապսիխոզային՝ նեյրոլեպտիկներ, թույլ հակապսիխոզային՝ տրանկվիլիզատորներ, հակաընկճումային՝ հակադեպրեսանտներ, հոգեխթանիչներ՝ պսիխոստիմուլյատորներ) հետ մեկտեղ կազմում են, այսպես կոչված, հոգեհակ (պսիխոտրոպ) դեղանյութերի մեծ խումբ, որոնք առավելապես ներգործում են մարդու հոգեկան ֆունկցիայի և հուզ. վիճակի վրա: Նոր հոգեհակ դեղանյութերի որոնմամբ ու դրանց հատկությունների ուսումնասիրությամբ զբաղվում է դեղաբանության հատուկ ճյուղը՝ հոգեդեղաբանությունը:

Հ.դ-ի շարքն են դասվում բրոմի որոշ միացություններ՝ բրոմիդները, կատվախոտի (վալերիանա) պատրաստուկները ևն: Դրանց բուժ. ազդեցությունը, հիմնականում, դյուրագրգռության նվազեցումն է, տրամադրության լավացումը, քնի բնականոնացումը: Դրա հետ կապված՝ Հ.դ. օգտագործում են տարբեր նյարդային վիճակների բուժման համար:

Օրգանիզմում բրոմիդներից առաջանում են բրոմի իոններ, որոնք նպաստում են կենտր. նյարդային համակարգում դրդման ու արգելակման բնականոն փոխհարաբերությունների վերականգնմանը՝ հիմնականում արգելակման ֆունկցիաների ուժեղացման հաշվին: Բրոմիդներով բուժման արդյունավետությունը մեծ մասամբ կախված է դրանց դեղաչափի ճիշտ ընտրությունից՝ հիվանդի բարձրագույն նյարդային գործունեության տիպին համապատասխան (օրինակ՝ թույլ տիպի դեպքում բրոմիդները լավ արդյունք են տալիս փոքր դեղաչափերով, ուժեղ տիպի դեպքում՝ մեծ դեղաչափերով): Պետք է նկատի ունենալ, որ բրոմիդների երկարատև օգտագործման ժամանակ դրանց իոնները կարող են մեծ քանակությամբ կուտակվել օրգանիզմում և հանգեցնել քրոնիկ. թունավորման (բրոմիզմ): Վերջինս բնորոշվում է բարձրագույն նյարդային գործունեության ընկճման ախտանշաններով (անտարբերություն, քնկոտություն, հիշողության թուլացում), ինչպես նաև մաշկային ցաներով, հարբուխով և հազով: Ուստի չի կարելի բրոմիդներն օգտագործել ինքնաբուժման կարգով, իսկ ընդունելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել բժշկի նշանակած դեղաչափերը և բուժման տևողությունը:

Կատվախոտի պատրաստուկներում պարունակվող օրգ. նյութերը կենտր. նյարդային համակարգի վրա ունեցող ազդեցությամբ նման են բրոմիդներին, սակայն այդքան թունավոր չեն և ավելի քիչ են կուտակվում օրգանիզմում: Բացի այդ, դրանք օժտված են ոչ միայն հանգստացնող հատկությամբ, այլև ունեն ներքին օրգանների հարթ մկանների կծկանքը վերացնող (սպազմոլիտիկ) ազդեցություն: Կատվախոտի պատրաստուկներն առավել արդյունավետ են սիրտանոթային համակարգի գործունեության խանգարումներով և հարթմկանային օրգանների կծկանքով ուղեկցվող նևրոզների ժամանակ: Կատվախոտի որոշ պատրաստուկներ (օրինակ՝ եփուկը) բժշկի նշանակմամբ կարելի է պատրաստել տանը՝ կատվախոտի մանրացրած արմատներից: Օգտագործման հարմարության համար կատվախոտի արմատները թողարկվում են նաև սալիկներով, որոնք փոսիկներով բաժանված են 10 հավասար բաժինների: Եփուկ պատրաստելու համար վերցնում են 1-2 բաժին կամ 2 թեյի գդալ, վրան ավելացնում 1 բաժակ սառը ջուր և եռացնում 5 ր, ապա քամում թանզիֆով:

Կորվալոլը հանգստացնող, չափավոր անոթալայնիչ և սպազմոլիտիկ ազդեցությամբ օժտված պատրաստուկ է: Այն օգտագործվում է անոթների կծկանքով, սրտի զարկերի հաճախացումով և սիրտանոթային համակարգի այլ խանգարումներով ուղեկցվող նևրոզների ժամանակ: Վալոկորդինը և միլոկորդինը բաղադրությամբ, ազդեցությամբ և օգտագործմամբ նման են կորվալոլին և կարող են օգտագործվել միայն բժշկի նշանակմամբ: Հանգստացնող հատկություններով են օժտված նաև ֆենազեպամը, քլոզեպիդը