Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արտաքին օգտագործման ժամանակ Հ.ջ-ի ազդեցության մեխանիզմում, դրանց քիմ. բաղադրությունից բացի, զգալի նշանակություն ունեն նաև ջրի ջերմաստիճանը և ճնշումը: Հ.ջ-ում լուծված աղերի իոնները գրգռում են մաշկի ընկալիչներն ինչպես բուժարարողության ընթացքում, այնպես էլ հետո (մաշկի վրա աղի բարակ շերտի՝ «աղային թիկնոցի» առաջացման շնորհիվ): Բոլոր գազերը և որոշ միկրոտարրերի (յոդ, բրոմ ևն) իոնները չվնասված մաշկի միջոցով թափանցում են հյուսվածքների ու արյան մեջ և անմիջականորեն ազդում օրգանների ու համակարգերի ֆունկցիաների վրա:

Ներքին օգտագործման դեպքում Հ.ջ. ազդում են ստոմոքսի գեղձերի արտազատման, դրա շարժող. ֆունկցիայի, աղիքների գործունեության, իսկ ռեֆլեքսային ճանապարհով՝ մարսող. համակարգի մյուս օրգանների վրա: Ջուրը ներծծվում է աղիքներում և արյան միջոցով ազդում օրգանիզմի տարբեր ֆունկցիաների վրա:

Հ.ջ. խմելիս բուժման արդյունքը կախված է ոչ միայն ջրի ճիշտ ընտրությունից, այլև ճիշտ ընդունումից: Ուստի Հ.ջ. պետք է խմել միայն բժշկի նշանակումով և նրա ցուցումներին խիստ համապատասխան:

Բժշկի նշանակած Հ.ջ-ի բացակայության դեպքում այն կարելի է փոխարինել քիմ. բաղադրությամբ և ազդեցությամբ մոտ ուրիշ ջրով՝ հետևելով օգտագործման կարգին:

Հ.ջ-ի օգտագործումը լոգանքների, ոռոգման և ինհալացիայի ձևով հնարավոր է միայն բուժհիմնարկներում՝ բժշկի նշանակմամբ և բուժանձնակազմի հսկողությամբ: Շատ Հ.ջ. (օրինակ՝ «Ջերմուկը») իրենց հաճելի համի ու ծարավը հագեցնելու շնորհիվ լայնորեն օգտագործվում են նաև որպես խմելու (սեղանի) ջուր: Սակայն մարսող., սիրտանոթային, միզարտադրության համակարգերի, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումների դեպքերում Հ.ջ., առանց բժշկի հետ խորհրդակցելու, չի կարելի խմել, որովհետև կարող են հանգեցնել անցանկալի, հաճախ՝ ծանր բարդությունների:

Արհեստ. Հ.ջ. պատրաստում են քիմիապես մաքուր աղերից՝ բնականին մոտ բաղադրությամբ: Դրանք լայնորեն օգտագործում են հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում և տեղական առողջարաններում՝ հիմնականում ածխաթթվային, ծծմբաջրածնային, ազոտային, ռադոնային, յոդբրոմային, նատրիումային, քլորիդային և այլ լոգանքների համար:

ՀՀ-ում գերակշռում են թթվային, ինչպես նաև տարբեր քիմ. բաղադրության Հ.ջ.: Հատկապես աչքի են ընկնում Ջերմուկի ելքերը: Այլ քիմ. բաղադրություն ունեն Արզնիի Հ.ջ.: Լայնորեն օգտագործվում են «Հանքավան», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Արարատ» և այլ Հ.ջ.: Նշված ջրերի զգալի մասն առաջանում է փոքր և միջին խորություններում, ունի 3-8 գ/լ միջին հանքայնացում, որոշ վայրերում՝ 40 գ/լ և ավելի:

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ, հիվանդության, վնասվածքի, խեղանդամության, զարգացման արատների հետևանքով աշխատունակության երկարատև կամ մշտ., լրիվ կամ մասնակի կորուստ: ՀՀ-ում, ըստ աշխատունակության կորստի աստիճանի, հաշմանդամները բաժանվում են 3 խմբի: 1-ին խմբի Հ. տրվում է աշխատունակության լրիվ մշտ. կամ երկարատև կորստով անձանց, որոնք կարիք ունեն մշտ. խնամքի (օգնության կամ հսկողության), այդ թվում նաև նրանց, ովքեր ի վիճակի են զբաղվել աշխատանքի առանձին տեսակներով՝ հատուկ կազմակերպված անհատ. պայմաններում (հատուկ արտադրամասերում կամ տանը՝ աշխատանքային հարմարանքների կիրառմամբ ևն): 2-րդ խմբի Հ. տրվում է աշխատունակության լրիվ մշտ. կամ երկարատև կորստով անձանց, որոնք կարիք չունեն մշտ. կողմնակի օգնության, խնամքի կամ հսկողության, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատանքի բոլոր տեսակները երկարատև ժամկետով հակացուցված են՝ հիվանդության ընթացքի հնարավոր վատթարացման պատճառով (օրինակ՝ քրոնիկ. ծանր հիվանդությունների, ձեռքերի և ոտքերի համակցված զգալի արատների և այլ վնասվածքների, տեսողության նշանակալի կորստի դեպքերում): 3-րդ խմբի Հ. մարդուն տրվում է առողջության պատճառով ցածր որակավորման այլ աշխատանքի տեղափոխելու անհրաժեշտության ժամանակ, առողջ. վիճակի հետևանքով մասնագիտ. աշխատանքի պայմանների որոշակի փոփոխություններ (աշխատանքային գործունեության ծավալի կրճատում, ցածր որակավորմամբ կամ նախկինում չաշխատած անձանց աշխատանքի տեղավորելու հնարավորության զգալի սահմանափակում) կատարելու անհրաժեշտության, մասնագիտ. աշխատանքն զգալիորեն դժվարացնող ձեռքերի և ոտքերի արատների կամ այլ վնասվածքների դեպքերում: ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում են թոշակի չափը և սոցիալ. օգնության այլ տեսակների բնույթն ու ծավալը՝ կախված Հ-յան խմբից և Հ-յան պատճառներից՝ ընդհանուր հիվանդություն, մասնագիտ. հիվանդություն, աշխատանքային խեղանդամություն, Հ.՝ մանկուց, Հ.՝ մինչաշխատանքային գործունեությունից, Հ.՝ հայրենիքը ռազմադաշտում պաշտպանելիս կամ զինվ. ծառայության ընթացքում այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու (սալջարդ, վնասվածք, խեղվածք), ռազմաճակատում ստացած հիվանդությունների, ռազմաճակատում գտնվելու հետ չկապված և զինվ. ծառայությունում պարտականությունների կատարման հետ չկապված հիվանդությունների, խեղումների (վիրավորումներ, վնասվածքներ, սալջարդեր) հետևանքով:

Աշխատունակության կորստի աստիճանը (Հ-յան խումբ) որոշում է սոցապ. մարմինների բժշկաաշխատանքային փորձաքննության հանձնաժողովը (ԲԱՓՀ), որը միաժամանակ որոշում է նաև Հ-յան պատճառները, հաշմանդամին մատչելի գործունեության պայմաններն ու տեսակը, աշխատանքն ու մասնագիտությունը: Հանձնաժողովը ստուգում է նաև իր կատարած եզրակացությանը համապատասխան հաշմանդամներին աշխատանքով զբաղեցնելը, նպաստում նրանց աշխատունակության վերականգնմանը:

Քանի որ բուժումների շնորհիվ հաշմանդամների աշխատունակության աստիճանը մշտապես փոփոխվում է, հաստատված են նրանց վերազննության ժամկետներ. 1-ին խումբ՝ 2 տարին 1 անգամ, 2-րդ և 3-րդ խումբ՝ տարին 1 անգամ: Ցանկացած տարիքում, անատոմ. արատներով կամ անդարձելի քրոնիկ. հիվանդություններով