Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հակազդեցություններն ունեն զարմանալի հատկություն՝ տրամախաչվող կայունություն (այսպես կոչված՝ տրամախաչվող դիմադրողականություն), որի շնորհիվ օրգանիզմը, հարմարվելով, օրինակ, բարձությանը, ավելի լավ է դիմանում ցրտին, շոգին, թթվածնի անբավարարությանը, մթն. ճնշման փոփոխությանը, արևի ուժեղ ճառագայթմանը, սննդակարգի փոփոխությանը, հարկադրական անշարժությանը: Բարձր է նրա կայունությունը ախտածին մանրէների, իոնացնող ճառագայթների և այլ գործոնների ազդեցության նկատմամբ: Մարզումները դադարեցնելիս գործում են հակառակ գործընթացի մեխանիզմները, և «պարապ» աշխատող բջիջների ծավալը փոքրանում է:

Յուրաքանչյուր մարդու Հ-յան շրջանակները պայմանավորված են նրա ժառանգականությամբ, տարիքով, առողջ. վիճակով, մարզվածության աստիճանով: Մտավոր աշխատանքով զբաղված մարդիկ, որոնք քիչ շարժուն կենսակերպ ունեն, Հ-յան հնարավորությունները, որպես կանոն, օգտագործում են անբավարար, նույնիսկ աննշան ֆիզ. բեռնվածությունից արագ հոգնում են ևն: Սեփական օրգանիզմի Հ-յան հնարավորությունները կարելի է մեծացնել խելամիտ, երկարատև և կանոնավոր մարզումների օգնությամբ: Հետևողական մարզումները, աշխատանքի և հանգստի ռեժիմը, օրգանիզմի կոփումը ոչ միայն ընդլայնում են Հ-յան հնարավորությունները, այլև բարելավում են արդեն եղած Հ-ական գործընթացները: Լիցքային վարժությունները, կոփման ամենահնարավոր ձևերը հուսալի պաշտպանում են տարբեր հիվանդություններից: Սակայն օրգանիզմի հնարավորությունները գերազանցելը հանգեցնում է խանգարումների (հիվանդության): Մեծ բեռնվածությունը վտանգավոր է հատկապես միջին տարիքի և տարեց անձանց համար: Ուստի Հ-յան հնարավորությունների ընդլայնման խնդիրը բավական բարդ է և հակասական: Փոքր բեռնվածություններն անօգուտ են օրգանիզմի համար, իսկ մեծերը կարող են հանգեցնել լուրջ հետևանքների: Ուստի անհրաժեշտ են բժշկի խորհուրդները:

ՀԱՐՈՒԿ, հարվածություն, մաշկի տեղային բորբոքում, որն առաջանում է մեխ. գրգռումից: Հաճախ ի հայտ է գալիս կրունկների և ոտքերի մատների վրա՝ քրտնոտության ժամանակ ոտքերի մաշկը չխնամելու և կոշիկների ոչ ճիշտ ընտրության հետևանքով: Հ. կարող է առաջանալ նաև մաշկի այլ հատվածների (անութային փոսեր, պարանոց) վրա՝ հագուստի կոպիտ կարերը, օսլայած օձիքը մաշկին քսվելիս, ձեռքի ափերի վրա, օրինակ, թիավարելիս ևն: Հ-ի ժամանակ քսվող հատվածի մաշկը կարմրում է, այտուցվում, և առաջանում են ցավեր, այնուհետև՝ թափանցիկ հեղուկով լցված բուշտ (այսպես կոչված՝ ջրային կոշտուկ): Բուշտը պատռվելիս առաջանում է մաշկի թացացող օջախ, որը կարող է հանգեցնել թարախային բարդությունների (տես Մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ):

Մաշկի Հ. առաջանալիս հարկավոր է կատարել տաք լոգանք՝ կալիումի գերմանգանատի թույլ վարդագույն լուծույթով, կամ վնասված հատվածը լվանալ կալիումի գերմանգանատի կամ բորաթթվի 2 %-անոց լուծույթներով ու դնել մանրէազերծած չոր վիրակապ: Ոչ մի դեպքում չի թույլատրվում բուշտը ծակել, քանի որ այն կարող է նպաստել վերքի մեջ թարախային մանրէների ներթափանցմանը և թարախակալմանը: Հարկավոր է հետևել, որ Հ-ի հատվածում մաշկը (հատկապես՝ ոտքերի) լրացուցիչ չվնասվի, դրա համար խորհուրդ է տրվում հագնել չսեղմող և փափուկ կոշիկներ կամ կրնկի տակ դնել հատուկ բարձիկ: Այդ կանոնները պահպանելիս բուշտը չորանում է, դրա տակ աճում է «նոր» մաշկ և ապաքինվում առանց հետք թողնելու: Բուշտն ինքնուրույն պատռվելիս հարկավոր է մաշկի վնասված հատվածը լվանալ վերը նշված վարակազերծող նյութերով և ծածկել մանրէազերծած չոր վիրակապով: Ցավ և կարմրություն ի հայտ գալիս հարկավոր է դիմել բժշկի:

Հ-ի կանխարգելման համար մեծ նշանակություն ունի կոշիկների ճիշտ ընտրությունը, բանակում ծառայելիս, երկարատև չվերթերի ժամանակ կրել չսեղմող կոշիկներ: Ֆիզ. աշխատանք կատարողները պետք է թաթմաններ հագնեն, հետևեն գործիքների սարքինությանը: Անհրաժեշտ է բուժել քրտնոտությունը, հաճախակի փոխել կիսագուլպաները, սպիտակեղենը, մանրակրկիտ խնամել մաշկը: Հետիոտն կամ դահուկային արշավներից առաջ հարկավոր է ստուգել կոշիկների հարմարավետությունը, ունենալ մանրէազերծած բինտ, բակտերիասպան կպչուն սպեղանի:

ՀԱՐՈՒՂԻՂԱՂԻՔԱԲՈՐԲ, պարապրոկտիտ, ուղիդ աղիքը շրջապատող բջջանքի բորբոքում, որի պատճառը հաճախ ուղիղ աղիքի բորբոքված կամ վնասված լորձաթաղանթով թարախածին մանրէների ներթափանցումն է: Սուր Հ-ի դեպքում բջջանքում առաջանում է թարախակույտ, իսկ ավելի ծանր դեպքերում թարախակալումը տարածվում է և հանգեցնում ֆլեգմոնի: Հիվանդության ծանրությունը պայմանավորված է ախտահարման խորությամբ: Ամենաքիչ վտանգ ներկայացնում է ենթամաշկային Հ.՝ հետանցքը շրջապատող բջջանքի բորբոքումը: Հ-ի մակերեսային ձևի ժամանակ սկզբում շեքի և հետանցքի շրջանում առաջանում են տհաճ զգացողություններ, այնուհետև՝ մղկտացող ցավեր, որոնք ուժեղանում են կղման ժամանակ, ավելի ուշ դրսևորվում են բորբոքման տեղային ախտանշանները՝ ցավոտ ուռածություն, հետանցքի շուրջը մաշկի կարմրություն: Հիվանդի ընդհանուր վիճակը քիչ է տուժում: Հ-ի խորը ձևերի դեպքում բորբոքման տեղային ախտանշանները (հյուսվածքների պնդացում կամ թարախային քայքայում) կարող է նկատել միայն բժիշկը՝ ուղիղ աղիքի հետազոտության ժամանակ: Առաջանում են ընդհանուր վիճակի փոփոխություններ, որոնք (որքան թարախային օջախը խորն է, այնքան հստակ են արտահայտվում) պայմանավորված են թարախային օջախի խորությամբ: Հանկարծակի առաջացող դողը, ջերմաստիճանի բավականաչափ բարձրացումը, անոթազարկի հաճախացումը, լեզվի փառակալումը, գլխացավերը, ախորժակի կորուստը և ընդհանուր ծանր հիվանդության մյուս ախտանշանները սովորաբար խոր, հատկապես՝ կոնքային Հ-ի 1-ին ախտանշաններն են: Նման դեպքերում, հիվանդի կյանքին վտանգ սպառնացող արյան վարակումից խուսափելու նպատակով, հարկավոր է անհապաղ դիմել բժշկի: Հաճախ թարախակույտը պատռվում է, և թարախը լցվում է ուղիղ աղիքի լուսանցքի մեջ կամ դուրս գալիս շեքի մաշկի վրա: Այդ պահից սկսած՝ հիվանդության ընթացքը դառնում է քրոնիկ., որին բնորոշ են համառորեն չլավացող խուղակները, որոնց միջոցով երբեմն արտաթորվում է ոչ միայն թարախ, այլև կղանքի մասնիկներ: Միայն ենթամաշկային Հ-ի դեպքում թարախակույտի պատռումը երբեմն կարող է հանգեցնել ինքնաբեր բուժման, մնացած դեպքերում խուղակի լավացման համար, որպես կանոն, պահանջվում է վիրահատություն: Երբեմն, հատկապես տուբերկուլոզային Հ-ի դեպքում, գործընթացն սկզբից ևեթ դրսևորվում է առանց սուր բորբոքման ախտանշանների, սակայն ավելի համառ են թարախակույտը պատռվելուց հետո առաջացած խուղակները և, բացի վիրաբուժ. միջամտությունից, պահանջվում է հակատուբերկուլոզային մասնագիտ. բուժում: