բորբոքվում (այսպես կոչված՝ ծերունական Հ.): Թարախային արտադրություն (հատկապես՝ արնախառը) ի հայտ գալիս հարկավոր է անհապաղ դիմել գինեկոլոգի՝ հիշելով, որ դա կարող է ավելի լուրջ հիվանդության ախտանշան լինել:
Բուժումը պայմանավորված է Հ-ի առաջացման պատճառով, և նշանակում է միայն բժիշկը: Ժամանակին սկսած բուժումն արդյունավետ է և կանխում է հետագա բարդությունները:
Կանխարգելումը. կենցաղում և արտադրությունում անձնական հիգիենայի կանոնների պահպանում, մանկածնության տարիքի կանանց սեռ. կյանքի հիգիենայի կանոնների պահպանում (տես Սեռական կյանք): Աղջիկների ամոթույքահեշտոցաբորբի կանխարգելման համար հարկավոր է կիրառել ընդհանուր առողջարար. միջոցառումներ, բուժել քրոնիկ. վարակի աղբյուրները: Հ-ով տառապող անձինք, մինչև լրիվ առողջանալը, պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ:
ՀԵՊԱՏԻՏ, տես Լյարդաբորբ:
ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, աչքի օպտիկ. թերություն, որի դեպքում առարկայից եկող զուգահեռ ճառագայթները կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ նրա հետևում: Տարբերում են թույլ, միջին և բարձր աստիճանի Հ., որը որոշում են տեսապակիների օպտիկ ուժով, աչքի հարմարման (ակոմոդացիա) հանգստի պայմաններում դրված տեսապակին փոխում է աչքի մեջ ընկնող զուգահեռ ճառագայթների ուղղությունն այնպես, որ դրանք խաչվում են ցանցաթաղանթի վրա:
Բնականոնից շեղում կարելի է համարել միայն բարձր աստիճանի Հ., որը, որպես կանոն, պայմանավորված է ակնագնդի զարգացման կասեցմամբ: Հեռատես աչքի բեկունակությունը համեմատաբար թույլ է: Որպեսզի նույնիսկ հեռու գտնվող առարկայի պատկերը փոխադրվի ցանցաթաղանթի վրա, այն պետք է ուժեղացվի աչքի հարմարման՝ ոսպնյակի կորության մեծացման հաշվին: Մոտ գտնվող առարկաները պարզ տեսնելու համար աչքի հարմարման առավել լարվածություն է պահանջվում: Աչքի հարմարման չափից ավելի լարումը միջին և բարձր աստիճանի Հ-յան ժամանակ կարող է առաջացնել տեսողության արագ հոգնելիություն և գլխացավ: Եթե աչքի հարմարումը չի ապահովում առարկաների պարզ պատկերը, ապա տեսողության սրությունը նվազում է: Նման դեպքում հավաքող տեսապակիներով ակնոցը լավացնում է տեսողության սրությունը և վերացնում աչքի հարմարման ավելորդ լարվածությունը: Երեխաների Հ. շտկելու համար անհրաժեշտ է մշտապես ակնոց կրել: Թույլ կամ միջին աստիճանի Հ-յան դեպքում մեծահասակներին սովորաբար ակնոց նշանակում են միայն աշխատանքի, իսկ բարձր աստիճանի դեպքում՝ նաև մշտ. կրելու համար:
ՀԵՎՈՑ, շնչառության հաճախության, ռիթմի և խորության խանգարում, որը, որպես կանոն, ուղեկցվում է օդի անբավարարության զգացումով: Հ. օրգանիզմի հարմարվող. հակազդեցություններից է, այն առաջանում է ֆիզ. մեծ բեռնվածության (ֆիզիոլոգ. Հ.) կամ առանձին օրգանների ու համակարգերի հիվանդագին փոփոխությունների ժամանակ (ախտաբան. Հ.): Ֆիզիոլոգ. Հ-ի պատճառը ֆիզ. ծանրաբեռնվածության ժամանակ թթվածնի հանդեպ օրգանիզմի բարձրացած պահանջն է: Շնչառության խորացման ու հաճախացման շնորհիվ թոքերով օրգանիզմ ներմուծվող թթվածնի քանակն ավելանում է 2-3 անգամ: Ֆիզիոլոգ. Հ. առաջանում է նաև բարձունքներ բարձրանալիս (որտեղ օդում թթվածնի պարունակությունը սովորականից ցածր է), շրջակա միջավայրի ջերմաստիճանի բարձրացման պայմաններում ևն:
Ախտաբան. Հ. առաջանում է որոշ հիվանդագին վիճակների ժամանակ: Կենտր. ձևի Հ. առաջանում է շնչառության կարգավորման խանգարման կամ շնչառ. կենտրոնի առաջնային ախտահարման, թունավորումների (օրինակ՝ քնաբերներով կամ թմրանյութերով) ժամանակ: Թոքային Հ. նկատվում է կրծքավանդակի վնասվածքների, թոքերի տարածուն ախտահարումների (թոքաբորբ, տուբերկուլոզ, բրոնխային հեղձուկ, թո քափքանք ևն) ժամանակ: Այն կարող է ուղեկցվել արտաշնչման դժվարացմամբ մաշկի և լորձաթաղանթների կապտությամբ (տես Կապտուկ), պարանոցային երակների ուռածությամբ, դեմքի փքվածությամբ: Թոքային Հ. նկատելիորեն ուժեղանում է չնչին ֆիզ. բեռնվածությունից: Սրտային Հ. առաջանում է սրտային անբավարարության ժամանակ (տես Սիրտանոթային համակարգ), կարող է ուղեկցվել կապտությամբ, ծայրանդամների սառնությամբ: Ֆիզ. ծանրաբեռնվածության ժամանակ, որպես կանոն, Հ. սաստկանում է: Շնչարգելության վերածվող Հ., որպես կանոն, բնորոշ է բրոնխային հեղձուկի և սրտային հեղձուկի նոպաներին: Ախտաբան. սաստկացած Հ-ի ժամանակ անհրաժեշտ է հիվանդի կուրծքն ազատել սեղմող հագուստից, շնչառ. շարժումները թեթևացնելու նպատակով օգնել, որ նա նստած կամ կիսանստած դիրք ընդունի, ապահովել լուսամուտից մաքուր օդի մուտքը, անհապաղ շտապ օգնություն կանչել: Դեղանյութեր կարելի է ընդունել միայն բժշկի նշանակմամբ՝ ըստ Հ-ի բնույթի, հակառակ դեպքում կարող են առաջանալ մահացու բարդություններ:
ՀԵՏԱԴԱՐՁ ՏԻՖ, վարակիչ հիվանդություն. ընթանում է տենդային նոպաներով (ջերմաստիճանի բարձրացում), որոնք ընդմիջվում են ջերմաստիճանի բնականոնացման շրջաններով: Տարբերում են ոջլային և տզային Հ.տ-եր:
Ոջլային Հ.տ-ի հարուցիչը Օբերմեյերի սպիրոխետն է, որը մակաբուծում է մարդու և ոջլի օրգանիզմում: Սպիրոխետները հիվանդից առողջ մարդուն են փոխանցվում միայն Հ.տ-ով հիվանդ մարդու արյունը ծծած ոջիլների միջոցով: Մարդը վարակվում է վնասված (ճանկռվածք, հարուկ) մաշկի միջոցով՝ ոջիլների արյունաավշի մեջ (հեմոլիմֆա) սպիրոխետների ներթափանցումից:
Հիվանդության գաղտնի շրջանը 3-14 օր է (հաճախ՝ 7-8): Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, ուժեղ (ցնցող) դողով, ջերմաստիճանի բարձրացմամբ (40-41 °C): Առաջանում է գլխացավ՝ ծոծրակի շրջանում, անքնություն, մկանացավեր (հատկապես՝ ձկնամկանների շրջանում), երբեմն կարող են լինել քթային արյունահոսություններ: Մաշկը չոր է, շոշափելիս՝ տաք: Ախորժակը վատանում է, հիվանդին տանջում է ծարավը, լեզուն պատվում է սպիտակ փառով: Արտազատվող մեզի քանակը քչանում է (օլիգուրիա), 3-4 օր անց մաշկը և աչքի սպիտապատյանը դեղնում են: Տենդային նոպայի ժամանակ փայծաղը մեծանում է և դառնում