Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես նաև մտավոր աշխատանքի հիգիենայի կարևոր պահանջներից է:

Միաժամանակ անհրաժեշտ է հոգալ նաև աշխատանքային միջավայրում բարենպաստ պայմանների ստեղծման մասին: Ծխախոտի ծուխը, թխկոցը, աղմուկը մարդու օրգանիզմի վրա ունենում են անբարենպաստ ազդեցություն, հանգեցնում վաղաժամ հոգնածության, նպաստում սխալների և վրիպումների: Մտավոր աշխատանքի վրա նույնքան կործանարար ազդեցություն են ունենում ալկոհոլն ու այլ գրգռող նյութերը (թունդ թեյի ու սուրճի չարաշահումը), որոնց միայն կարճատև դրական ազդեցություններին հաջորդում են արագ հոգնածությունը, անքնությունը, գրգռվածությունը, ուշադրության շեղումը:

Ստեղծագործ. աշխատանքի արդյունավետ ընթացքի համար անհրաժեշտ պայման է մտավորի և հոգևորի անընդհատ զարգացումը, գիտելիքների համալրումը: Ընդ որում՝ մտածողության միակողմանի զարգացումը, նեղ, նույնատիպ ունակություններն արդյունավետ են միայն կոնկրետ, հաճախ տեխ. որոշակի ելակետային տվյալներով խնդիրներ լուծելիս:

Մտավոր աշխատանքի արտադրողականությունը հնարավոր է բարձրացնել մարզվելով (բեռնվածությունը աստիճանաբար մեծացնելով և նրա բարձր մակարդակը պահպանելով): Երկարատև անգործությունը բացասաբար է ազդում արտադրողականության վրա: Ե՛վ մարզումները դադարեցրած մարզիկը, և՛ արձակուրդից վերադարձած աշակերտը պարապմունքները վերսկսում են մեծ դժվարությամբ: Ուստի մտավոր աշխատանքի ընթացքում հանգստանալը արդյունավետ է, երբ փոխվում է աշխատանքի ձևը կամ նվազեցվում բեռնվածությունը: Աշխատունակության բարձրացման համար, բացի խիստ կարգ ու կանոնից, նպատակահարմար է մտավոր և ֆիզ. աշխատանքների միմյանց հաջորդումը: Մաքուր օդում ֆիզ. վարժությունները, զբոսանքը ոչ միայն վերացնում են երկարատև նույն դիրքից առաջացած լարվածությունը, այլև բարձրացնում են օրգանիզմի ընդհանուր տոնուսը: Երբեմն որևէ հարցի շուրջ մտածելիս օգտակար է նույնիսկ սենյակում քայլելը:

Մտավոր աշխատանքը բաժանվում է շատ տեսակների, որոնցից յուրաքանչյուրի պահանջները տարբեր են: Որոշ աշխատանքներում (օրինակ՝ կարգավարի) խիստ կարևոր են ուշադրությունը, հիշողությունը ևն: Սակայն դրանց հաջող կատարման համար ցանկալի է նաև այլ մտավոր ֆունկցիաների համաձայնեցված մարզվածությունը:

Մտավոր աշխատանքով զբաղվող յուրաքանչյուր մարդ անհատ. խորհուրդների կարիք ունի: Վաղ և առույգ արթնանալու համար պետք է շուտ քնել, իսկ պատասխանատու մտավոր աշխատանքը կատարել վաղ առավոտյան և օրվա 1-ին կեսին: Մարդկանց մեկ այլ տիպ առավել արդյունավետ է աշխատում օրվա 2-րդ կեսին կամ ուշ երեկոյան: Այս առանձնահատկությունները հաշվի առնելով՝ պետք է ըստ հնարավորությունների պլանավորել աշխատանքը: Դժվար խնդիրները ցանկալի է ակտիվ մարդիկ լուծեն աշխատանքի սկզբում, քանի որ վրա հասնող հոգնածությունն աստիճանաբար նվազեցնում է աշխատունակությունը: Դանդաղաշարժ մարդիկ աստիճանաբար են ներգրավվում աշխատանքի մեջ, ուստի նպատակահարմար է, որ նրանք սկսեն պարզ խնդիրներից, հակառակ դեպքում կարող են ժամերով նստել և երկարատև սպասված լուծումից հետո ի վիճակի չլինեն աշխատանքը շարունակել: Նման դեպքում ցանկալի է այդպիսի խնդրի լուծումը հետաձգել և կատարել մյուսները: Հետաքրքիր է, որ չլուծված հարցին նորից անդրադառնալիս, հաճախ այն կարելի է լուծել անսպասելի արագ: Սրանք թույլ են տալիս ենթադրել, որ մտավոր աշխատանքի ինչ-որ մաս կատարվում է ենթագիտակցաբար: Այսպես՝ շատ մաթեմատիկոսներ խնդիրների լուծումը գտել են քնած ժամանակ՝ երազում կամ արթնանալու պահին: Դյուրագրգիռ մարդկանց խորհուրդ չի տրվում խնդիրների լուծումը հետաձգել:

Մտավոր աշխատանքի հիգիենայի վերաբերյալ սպառիչ խորհուրդներ տալը, առանց հաշվի առնելու բազմաթիվ գործոններ ու անհատ. առանձնահատկություններ, բարդ է և գրեթե անհնարին:

ՀԻԳԻԵՆԱ ՏՂԱՄԱՐԴՈՒ, տես Անձնական հիգիենա հոդվածում:

ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, առողջապահության համակարգի հիմն. ծառայություններից, որն ապահովում է սանկանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների մշակումը, անցկացումը և դրանց միասնությունը: Նպատակը շրջակա միջավայրի վնասակար ազդակներից բնակչության պահպանությունն է, աշխատանքի սանհիգիենային պայմանների բարելավումը, տարածքի սանիտարական պահպանության ապահովումը:

Խորհրդային կարգերի հաստատման 1-ին տարիներին Հայաստանում ստեղծել է Հ. և հ. ծ., իսկ ԽՍՀՄ Կենտգործկոմի և ԺԿԽ 1933-ի դեկտ. 2-ի որոշմամբ կազմակերպվել է պետ. սան. տեսչություն, որի վրա է դրվել սահմանված սանհիգիենային կանոնների կատարման հսկողությունը: Անհրաժեշտ սան. կադրեր պատրաստելու համար 1935-ին ԵԲԻ բուժկանխարգելիչ ֆակ-ին կից կազմակերպվել է համաճարակաբանության ամբիոն, իսկ 1937 ին՝ սան. ֆակ.:

Սան. հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանը նպաստել է նաև 1923-ին Երևանում հիմնադրված Տրոպիկ. ինստ-ը, որը հետագայում վերակազմավորվել է Մալարիայի և բժշկ. մակաբուծաբանության ինստի:

Տրոպիկ. ինստը կազմակերպել և իրականացրել է պայքար տրոպիկ. հիվանդությունների և հատկապես մալարիայի դեմ, որն ինստ-ի ձեռնարկած լայնածավալ միջոցառումների և պետ. աջակցության շնորհիվ 1963-ին հանրապետությունում վերացվեց:

1930-ին Երևանում կազմակերպվել է Սանհիգիենային ինստ.: 1955-ին Սանհիգիենային, Մալարիայի և բժշկ. մակաբուծաբանության ինստ-ների հիմքի վրա կազմակերպվել է Համաճարակաբանության և հիգիենայի ԳՀԻ, որը պլանաչափ պայքար է ծավալել համաճարակային հիվանդությունների դեմ, կազմակերպել շիճուկների և պատվաստանյութերի արտադրություն, անցկացրել դիտարկումներ և հսկողություն (կոմունալ, սննդի հիգիենաների հարցերով) և լայն զանգվածների առողջացման նպատակով իրականացրել է բոլոր հնարավոր սանկանխարգելիչ միջոցառումները: 1971-ին, հանրապետությունում առկա սանհամաճարակային իրավիճակից ելնելով, Համաճարակաբանության և հիգիենայի ինստ-ը տարանջատվել է, և կազմակերպվել են Ընդհանուր հիգիենայի և մասնագիտ. հիվանդությունների ու Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության ԳՀԻ-ները: ՀՀ առողջապ. նախ-յան կառուցվածքում գործում էր նաև սանտեսչությունը և հակահամաճարակային վարչությունը: Սան. հիմնարկների մեջ կարևորագույններից էին սանհամաճարակային կայանները: 1920-ին հանրապետությունում կար 1 սանհամաճարակային կայան, 1946-ին՝ 19 (12-ը՝ քաղաքներում, 7-ը՝ գյուղ. բնակավայրերում): 1970-ից հանրապետության բոլոր քաղաքներում և գյուղ. շրջաններում գործել են սանհամաճարակային կայաններ: 1938-ին Երևանում կազմակերպվել է նաև ախտահանման