Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե կոկորդը նեղացել է (այստեղից էլ՝ «անգինա» անվանումը, որը լատ. նշանակում է «սեղմել», «նեղանալ»): Բարձրանում է ջերմաստիճանը: Կոկորդում տեղային փոխությունները դրսևորվում են (կախված ախտահարման աստիճանից) նշագեղձերի մեծացմամբ և կարմրությամբ կամ դրանց մակերևույթին կետավոր թարախային փառի (կատառային և պատճուկային Ա.) կամ նշագեղձերի փոսիկներում (լակունաներում) թարախային փառի (փոսիկային Ա.) առաջացմամբ: Հնարավոր է նաև մոտակա ավշահանգույցների մեծացում և ցավոտություն:

Հիվանդությունը սովորաբար տևում է 7-8 օր և ավարտվում առողջացումով:

Սակայն հնարավոր է նաև այլ ելք, հատկապես, եթե հիվանդը շատ ուշ է դիմում բժշկի և չի կատարում նրա նշանակումները կամ զբաղվում է ինքնաբուժմամբ:

Ա-ի առավել հաճախ հանդիպող և ծանր բարդություններից է հարնշագեղձային թարախակույտը: Սովորաբար այն առաջանում է հիվանդության տեսանելի ախտանշանները լրիվ անհետանալուց 2-3 օր անց: Հանկարծակի կտրուկ բարձրանում է ջերմաստիճանը (մինչև 39-40°C), առաջանում են կլման հետ չկապված (հաճախ՝ միակողմանի) ուժեղ կտրատող ցավեր: Հիվանդը ստիպված հրաժարվում է ուտելուց և խմելուց, դժվարությամբ է բերանը բացում, ավշահանգույցների բորբոքման հետևանքով պարանոցն ուռչում է: Այս բարդությունը շատ վտանգավոր է: Չբուժված դեպքերում ըմպանի լուսանցքի նեղացումը կարող է հանգեցնել շնչառության դժվարացման և նունիսկ ընդհատման, որը պահանջում է վիրաբուժ. միջամտություն: Դրա համար անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի՝ թարախակույտը բացելու և պարունակությունը հեռացնելու համար:

Ա-ի ժամանակ բժշկի նշանակումները խստորեն կատարելը արագ առողջանալու անհրաժեշտ պայման է և մեծ մասամբ հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդություններից: Հարկավոր է խիստ ուշադրություն դարձնել հիվանդի սննդին, որը պետք է լինի բազմատեսակ և վիտամիններով հարուստ: Խորհուրդ է տրվում արգանակ, հեղուկ խյուս, շոգեխաշած կոտլետ, անուշապուր, առատ ըմպելիք (հանքային ջրով տաք կաթ, կիտրոնով թեյ): Չի կարելի տալ սուր, կոշտ և տաք կերակուր: Անհրաժեշտ է ճշտորեն կատարել բժշկի նշանակած բուժումները, այդ թվում՝ ողողումները: Բժիշկը ողողումներ է նշանակում՝ կախված հիվանդության փուլից և բնույթից, դրա համար չի կարելի ողողման միջոցն ընտրել ինքնուրույն, քանի որ օգուտի փոխարեն այն կարող է վնաս պատճառել: Դեղամիջոցը ըմպանի խորը բաժինները հասնելու համար ողողելիս պետք է խիստ հետ թեքել գլուխը և շունչը պահել, որպեսզի հեղուկը շնչափող չընկնի: Ողողում են 2-3 ր-ից ոչ ավելի:

Ա. վարակիչ հիվանդություն է, ուստի հարկավոր է հիվանդի ամանեղենն ու երեսսրբիչն առանձնացնել: Հիվանդին խնամողը պետք է հաճախ լվանա ձեռքերը՝ օգտագործելով ախտահանիչ լուծույթներ (սպիրտ, օդեկոլոն ևն): Հիվանդի օգտագործած ամանեղենը հարկավոր է լավ լվանալ և եռացնել 10-15 ր, սպիտակեղենը լվանալ առանձին:

Մեծ մասամբ Ա-ով հիվանդանում են մի քանի տարին մեկ, սակայն մի շարք դեպքերում նշագեղձերում առաջացած փոփոխություններն անհետք չեն կորչում, իսկ սուր բորբոքումները փոխվում են քրոնիկ.-ի: Ա. դասվում է նենգ հիվանդությունների շարքը, որը լուրջ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Այն կարող է պատճառ դառնալ երիկամներում բորբոքային գործընթացների (տես Երիկամաբորբ) և ռևմատիզմի առաջացման, բազմաթիվ հոդերի ախտահարման (տես Հոդաբորբ):

Կանխարգելումն ուղղված է շրջապատող միջավայրի առողջացմանը՝ հատկապես արտադրության պայմաններում (փոշու, ծխի վերացում, Ա-ով հաճախակի հիվանդացողների դիսպանսերացում): Քանի որ Ա-ի առաջացման պատճառներից է մրսածությունը, խորհուրդ է տրվում օրգանիզմի կոփում՝ երեխայի կյանքի 1-ին ամիսներից սկսած (տես Ջրային բուժարարողություններ, Օդային և արևային լոգանքներ, Ֆիզիկական կուլտուրա), ինչպես նաև տեղային կոփող բուժարարողություններ (օրինակ՝ սառը ջրով կոկորդի մշտ. ողողումներ): Ա-ի առաջացմանը բավականին նպաստում են ալկոհոլը և ծխախոտը: Ըմպանի լորձաթաղանթի վրա ծխախոտի ծխի գրգռող ազդեցությունը պայմանավորված է ոչ միայն նիկոտինով, այլև ծխի ջերմաստիճանով, ինչպես նաև չոր թորման նյութերով: Ծխելը հատկապես վտանգավոր է հիվանդության շրջանում, այն հաճախ հանգեցնում է վիճակի կտրուկ վատացման: Ա. հաճախ կրկնվելիս, ինչպես նաև նրա առաջացրած բարդությունների (սրտի, երիկամների, հոդերի ախտահարում) ժամանակ անհրաժեշտ է նշագեղձերի հեռացում:

ԱՆԴԱՇՏԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Դաշտանային ցիկլ հոդվածում:

ԱՆԴՐԱԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄ, տես Էլեկտրաբուժություն հոդվածում:

ԱՆԴՐԱՁԱՅՆ, գերձայն, գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում առաձգական տատանումներ, որոնց հաճախությունը 20 կհց-ից ավելի է: Մարդու ականջը Ա. չի ընկալում: Որոշ կենդանիներ (չղջիկներ, ձկներ, միջատներ ևն) կարող են այն ընկալել և հաղորդել: Ա-ային տատանումներն առկա են քամու, ջրվեժի, ծովային ալեբախության աղմուկում, ինչպես նաև առաջանում են հաստոցների, հրթիռային և այլ շարժիչների աշխատելու ժամանակ:

Ա. 1-ին անգամ ուսումնասիրել է ռուս ֆիզիկոս Պ. Լեբեդևը՝ 20-րդ դ. սկզբին, իսկ գործնականում կիրառվել է ուշ՝ ֆրանս. ֆիզիկոս Փ. Լանժևենի կողմից:

Ա. սովոր. ձայնից տարբերվում է ալիքի կարճությամբ, ուստի օժտված է մի շարք առանձնահատկություններով՝ մեծ էներգիայով, խրձաձև խտանալու ունակությամբ ևն: Տատանումների հաճախությունից կախված Ա-ի բնորոշ հատկություններն են տարասեռ կառուցվածքներից կլանումը, բեկումը, անդրադարձումը:

Գործն. բժշկության մեջ հիմնականում կիրառում են Ա-ի փոքր չափաքանակներ, որոնք ակտիվացնում են հյուսվածքներում ներբջջային գործընթացները (սպիտակուցների կենսասինթեզ, կենսբ. ակտիվ նյութերի առաջացում, ֆերմենտների ակտիվության ուժեղացում ևն): Ա-ի