օդը սենյակ չթափանցի ուժեղ հոսքով և բաշխվի հավասարաչափ: Ցանկալի է բոլոր ավելորդ իրերը սենյակից հանել: Մահճակալը պետք է դրվի այնպիսի տեղում, որ օդանցքից կամ լուսամուտից օդն անմիջապես չփչի երեխայի վրա, այն պետք է հեռու լինի վառարանից կամ ջեռուցման մարտկոցից: Երեխան պետք է պառկի սենյակի լավ լուսավորված մասում, բայց դեմքով ոչ դեպի լույսը, քանի որ ուժեղ լույսը հոգնեցնում և գրգռում է աչքերը: Անկողնու ծալքերը և անհարթությունները կարող են առաջացնել մաշկի գրգռվածություն և նույնիսկ պառկելախոցեր: Մահճակալի վրա ավելորդ իրեր (հագուստ, սպիտակեղեն) չպետք է լինեն: Սավանի տակ հարկավոր է մոմլաթ փռել: Ջերմաստիճանից կախված՝ երեխային ծածկում են տաք փափուկ վերմակով կամ սավանով: Անհրաժեշտ է խնամքով հետևել մահճակալի և անկողնու մաքրությանը, որպեսզի բացառվի վարակի հնարավորությունը:
Անկողնու սպիտակեղենը և ներքնաշորը փոխում են ամեն օր: Մահճակալի մոտ դնում են սեղանիկ՝ խնամքի պարագաներով: Դեղորայքը և այլ առարկաներ, որոնք կարող են երեխայի մոտ առաջացնել բացասական հուզումներ, պահում են առանձին: Հիվանդի սենյակում ծխել չի կարելի:
Երեխայի հագուստը պետք է լինի թեթև, հարմար, ազատ, որպեսզի արյան շրջանառությունը չխանգարվի: Անկողնում խաղալու համար օգտակար են թե ննջազգեստը և տաք շապիկները: Տնային ռեժիմի դեպքում, երբ բժիշկը հիվանդին թույլատրում է քայլել, ավելի լավ է հագնել տաք ննջազգեստ:
Մաքուր սպիտակեղենը պահում են միայն հիվանդի համար նախատեսված տեղում (պահարանիկում), կեղտոտները հավաքում են առանձին արկղի կամ տոպրակի մեջ:
Փսխման զանգվածով կամ արտաթորանքով կեղտոտված սպիտակեղենը հավաքում են ախտահանող լուծույթով (կարբոլաթթվի 3 %-անոց կամ քլորամինի 0,25 %-անոց) լցված բաքի մեջ: Լվանալուց առաջ լուծույթը թափում են, սպիտակեղենը՝ եռացնում:
Հիվանդին կերակրել հարկավոր է սովոր. ժամերին (տարիքին համապատասխան), բայց երբեմն բժշկի խորհրդով ուտելիքը տալիս են ավելի հաճախ՝ փոքր բաժիններով: Եթե երեխան ուտում է օրը 4 անգամ (նախաճաշ, ճաշ, հետճաշիկ և ընթրիք), ապա կարելի է ընդգրկել լրացուցիչ 2-րդ նախաճաշը կամ ուտեցնել քնելուց առաջ (քերած խնձոր, այլ ուտելիք՝ բժշկի նշանակմամբ):
Վատ ախորժակով հիվանդ երեխային բռնի կերակրելն առաջացնում է բացասական հակազդեցություն՝ սրտխառնոց, փսխում՝ նույնիսկ սննդի տեսքից: Ուտելիս երեխան պետք է հարմար նստի: Ծանր հիվանդությունների ժամանակ նրան պետք է կերակրել անկողնում, հարկավոր է գլխի տակ բարձ դնել և ոտքերի համար հենարան ստեղծել: Կարելի է երեխային նստեցնել բազկաթոռում, ձեռքերի մոտ տեղավորել սեղան-տախտակ, ոտքերի տակ աթոռակ դնել: Տենդող հիվանդին տալիս են դյուրամարս սնունդ՝ կաթնամթերք, տրորած բանջարեղենից և մսից (խաշած) պատրաստած կերակրատեսակներ, մածուն, մրգեր ևն: Ջերմաստիճանի բարձրացման և օրգանիզմի հեղուկների կորստի հետ կապված՝ հարկավոր է ավելացնել օգտագործվող հեղուկների քանակը: Դա նպաստում է բերանի խոռոչի մաքրմանը, ստամոքսաղիքային համակարգի ախտահարման և լուծի կանխմանը: Այդ նպատակին են ծառայում մանկ. խաղերը, որոնք պետք է երեխային զվարճացնեն, ոչ թե հոգնեցնեն: Առողջ. վիճակից կախված՝ օրվա ընթացքում խաղի բնույթը, խաղալիքները հարկավոր է փոխել: Պետք է խուսափել խոշոր, վառ գույնի և ծանր խաղալիքներից: Դրանք, ինչպես նաև բարձր ձայները, նյարդային համակարգի չափից ավելի ուժեղ գրգռիչներ են: Երեկոյան միանգամից չի կարելի շատ խաղալիքներով զբաղեցնել: Դա անկարգություն է ստեղծում մահճակալում, հոգնեցնում է, ուշադրությունը՝ շեղում: Խաղերի և ձեռքի աշխատանքի համար հարմար է մահճակալին կպցրած սեղանիկը: Ձեռքի աշխատանքն զբաղեցնում է երեխային, բայց այստեղ էլ է պետք մեծերի օգնությունը: Հարկավոր է իմանալ, որ խաղերից երեխան հոգնում է շատ ավելի շուտ, քան դա երևում է նրա վարքագծից: Հատակին պետք է փոքր գորգ փռել, որի վրա երեխան կարող է նստել և հանգիստ խաղալ: Խաղի նկատմամբ երեխայի վերաբերմունքը, նրա վարքագիծը կարող են օգտագործվել հիվանդության ընթացքը բնորոշելու և սկսվող բարդությունների կամ նոր հիվանդության վաղ ախտորոշման համար: Երեխայի հոգեբանության փոփոխությունները դրսևորվում են նաև ձեռք բերված որոշ հմտությունների կորստով. երեխան սկսում է նկարել մանր, նկարածը չի գունազարդում, դադարում է թեմատիկ պատկերներ նկարել, հաճախ նկարում է խզբզելով ևն:
Նյարդային համակարգի գործունեության խանգարման վերականգնմանը նպաստում է քունը: Հիվանդության ժամանակ հարկավոր է պահպանել երեխայի հանգիստը և ապահովել խոր և բավականին երկարատև (օրվա ընթացքում 2-3 անգամից ոչ պակաս) քուն: Օգտակար է լամպը ծածկել, սենյակում նվազեցնել աղմուկը: Միևնույն ժամանակ խորհուրդ չի տրվում տանը ստեղծել հիվանդանոցային պայմաններ: Ծնողները պետք է հանգստություն պահպանեն, բարձրաձայն չքննարկեն հիվանդի վիճակի, ջերմաստիճանի, բժշկի եզրակացությունների և նշանակումների մասին, քանի որ դա կարող է երեխայի (առավելապես բարձր տարիքի) մոտ առաջացնել անհանգստություն և նույնիսկ վատացնել վիճակը: Ծնողների, հարազատների դեմքի արտահայտությունը և արտաքին տեսքը, նրանց շարժումներում, խոսքերում արտահայտված վստահությունը շատ կարևոր են երեխայի զգացմունքային ոլորտի համար:
Վարակիչ հիվանդություններով հիվանդ երեխայի հոսպիտալացման հարցը որոշում է բժիշկը, նրա խնամքի առանձնահատկությունները տես Ջրծաղիկ, Գրիպ, Դիֆթերիա, Կապույտ հազ, Կարմրուկ, Կարմրախտ, Սուր շնչառական հիվանդություններ, Խոզուկ հոդվածներում:
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, բնորոշվում է օրգանիզմի կենսագործունեության, արտաքին միջավայրի հետ նրա փոխադարձ կապի խանգարմամբ և սովորաբար հանգեցնում է աշխատունակության ժամանակավոր կամ մշտ. նվազման, երբեմն՝ կորստի: Հ. առաջանում է վնասակար գործոնների (արտակարգ գրգռիչ կամ հիվանդածին ազդակ) ազդեցությունից, երբ դրանց ազդեցության ուժը գերազանցում է օրգանիզմի պաշտպան. և փոխհատուցող. հնարավորությունները: Նման դեպքերում Հ-յան ծագման համար բավական է հիվանդածին ազդակի (օրինակ՝ վնասվածք, թունավորում) միանգամյա ազդեցությունը, կամ այն առաջանում է միայն երկարատև ազդեցության դեպքում (օրինակ՝ սննդի ռեժիմի մշտ. խանգարումը հանգեցնում է ստամոքսաղիքային հիվանդությունների առաջացման, շատակերությունը՝ նյութափոխանակության խանգարման և ճարպակալման ևն): Հ. կարող է պայմանավորված լինել նաև զարգացման արատներով կամ ժառանգ. թերություններով (տես Ժառանգական հիվանդություններ): Հայտնի է ժառանգ. կամ մարմնակազմվածքային (կոնստիտուցիոնալ) նախատրամաղրվածություն Հ-յան որոշակի տեսակի հանդեպ, երբ օրգանիզմի ժառանգած առանձնահատկությունները պայմաններ են ստեղծում այս կամ այն օրգանի կամ օրգան-համակարգերի ախտահարման համար, իսկ