շաբաթից թրթուրները վերածվում են հասուն մակաբույծների:
Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս վարակվելուց 2-3 ամիս անց: Առաջանում են ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ, սակավարյունություն, երբեմն՝ ծանր ընթացքով, լինում են կտրուկ թուլություն, գլխապտույտ, գլխացավ, անաշխատունակություն, երեխաների ֆիզ. և մտավոր կարողությունների նվազում: Ախտորոշումը. հիվանդի կղանքում մակաբույծ որդերի ձվերի հայտնաբերում:
Բուժումը կատարվում է հիվանդանոցում, հիվանդն առողջանում է:
Կանխարգելումը. Ա-ով վարակված մարդկանց (որոնք վարակի միակ աղբյուրն են) հայտնաբերում և բուժում, հողի սնուցման համար նախատեսված աղբի վարակազերծում կոմպոստացման եղանակով: Հողի առանձին մասերում՝ (հանքահորերում, զուգարանների շուրջը) 10 օրը մեկ լցնել կերակրի աղ (1 մ²-ին՝ 1 կգ): Անհրաժեշտ է տաք ջրով լվանալ բանջարեղենը և մրգերը, իսկ ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, բանջարանոցում կամ այգում աշխատելուց, ինչպես նաև զուգարանից հետո: Խորհուրդ չի տրվում հողի վրա ոտաբոբիկ քայլել և պառկել առանց տակը շոր փռելու:
ԱՆՀԱՍ ԵՐԵԽԱ, հղիության ավարտման սովոր. ժամկետից վաղ՝ ներարգանդային զարգացման 28-րդ և 38-րդ շաբաթների միջև ծնված երեխա: Մարմնի երկար. 45 սմ-ից պակաս է, քաշը՝ մինչև 2500 գ: Նորածինների այս խմբի առանձնացումը պայմանավորված է նրանով, որ չնայած իր տարիքի համեմատ նորածինը լինում է բնականոն զարգացած, բայց դեռևս հարմարված չէ ինքնուրույն գոյության համար և պահանջում է ավելի լավ խնամք: Ուստի, որպես կանոն, ծնվելուց հետո 1-ին շաբաթներին լիարժեք խնամքը կարելի է իրականացնել միայն հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքում՝ բժշկի մշտ. հսկողությամբ:
Վաղաժամ ծննդաբերության առավել հաճախակի պատճառներից են հղիության ժամանակ մոր կրած տարբեր հիվանդություններն ու վնասվածքները, հղիության տոքսիկոզները, հղիությանը նախորդած վիժումները: Դրա հետևանքով խանգարվում է արյան շրջանառությունը մոր և պտղի միջև, վերջինս քիչ թթվածին է ստանում, որը նպաստում է վաղաժամ ծննդաբերությանը: Ա.ե. ծնվելու բավականին հաճախակի պատճառ է դառնում մոր և պտղի արյան անհամատեղելիությունը՝ ըստ արյան խմբերի և ռեզուս-գործոնի: Վաղաժամ ծննդաբերությունները (տես Ծննդաբերություն վաղաժամ) հաճախ առաջանում են շատ երիտասարդ կամ 35 տարեկանից բարձր առաջնածին կանանց մոտ: Հաճախ ժամկետից շուտ է ավարտվում բազմապտուղ հղիությունը:
Հղի կնոջ օրգանիզմի վրա բացասաբար են ազդում նյարդահոգեկան և ֆիզ. վնասվածքները, աշխատանքի ծանր պայմանները, մասնագիտ. վնասակարությունները, ընտանիքի անառողջ մթնոլորտը, որոնք հաճախ հանգեցնում են վաղաժամ ծննդաբերության:
Ա․ ե․ արտաքին տեսքով, օրգանների և համակարգերի զարգացմամբ տարբերվում է հասուն նորածնից (տես Կրծքի երեխա): Ա.ե. օրվա մեծ մասը քնում է, ճիչը թույլ է: Մաշկը բարակ է, նուրբ, չոր, մուգ վարդագույն կամ կարմիր, տեսքը՝ կնճռոտ: Նուրբ աղվամազը, որը բնորոշ է նաև հասուն նորածիններին, Ա.ե.-ի մոտ, հատկապես մեջքին, ուսերին, այտերին, ավելի լավ է արտահայտված: Ենթամաշկային ճարպաշերտը թույլ է զարգացած, երբեմն նույնիսկ բացակայում է: Մկանային լարվածությունը թույլ է: Մարմնի համեմատ ոտքերը կարճ են, գլուխը համեմատաբար մեծ է, ականջախեցիները փափուկ են, գլխին սեղմված:
Ներքին օրգանները զարգացած են, բայց ֆունկցիոնալ տեսակետից՝ անբավարար հասունացած: Վերին շնչուղիները նեղ են, կրծքավանդակը թույլ է մասնակցում շնչառությանը: Թոքերի շնչառ. մակերևույթը փոքր է, շնչառությունը՝ անհամաչափ, պարբերաբար կարճատև դադարներով՝ 1 ր-ում 36-82 անգամ: Անոթազարկը թույլ է, հաճախությունը կարող է արագ փոփոխվել՝ 1 ր-ում 90-160 զարկ, լացի և անհանգիստ ժամանակ կարող է հասնել 200 և ավելի: Արյունատար համակարգի թերզարգացումը կարող է նպաստել սակավարյունության առաջացմանը: Ստամոքսաղիքային համակարգի անհասության պատճառով կղանքն անկայուն է՝ հաճախ կանաչ կամ սպիտակ գուղձերի խառնուրդով: Երիկամները նույնպես անբավարար են զարգացած: Աղջիկների սեռ. ճեղքը կարող է կիսաբաց լինել, իսկ տղաների ամորձիները՝ դեռևս ամորձապարկ չիջած:
Ա.ե-ի նյարդային համակարգը ֆունկցիոնալ առումով նույնպես անհաս է, օրգանիզմը վատ է պահպանում կայուն ջերմաստիճանը և հեշտությամբ չափից ավելի տաքանում կամ սառչում է, հաճախ առաջանում է շարժող. անհանգստության վիճակ, որը փոխարինվում է թորշոմածությամբ և քնկոտությամբ: Շարժող. հմտության զարգացումը դանդաղում է անհասության աստիճանին համապատասխան:
Ա.ե-ի ֆիզ. զարգացումը կյանքի 1-ին տարում ունի իր առանձնահատկությունները: 1-ին ամսում այդպիսի երեխաների քաշը, համեմատած հասուն նորածիններ ոետ, շատ քիչ է ավելանում, բայց հետագա ամիսներին հասակի և քաշի ավելացման թափն ավելի բարձր է, և որքան փոքր քաշով է ծնվել Ա.ե., այնքան արագ է այն ավելանում: Հասուն երեխան 4-5-րդ ամսում քաշը կրկնապատկում է, 1 տարեկանում՝ եռապատկում: Ա ե. քաշը կրկնապատկում է 2-3-րդ ամսում, եռապատկում՝ 4-6-րդ ամսում, իսկ ճիշտ խնամքի դեպքում քաշն ավելանում է 4-10 անգամ: Սակայն 1 տարեկանում Ա.ե. հասակի և քաշի ցուցանիշներով լրիվ չի հասնում իր հասակակիցներին, անհասության աստիճանից կախված՝ դա տեղի է ունենում 2-7 տարեկանում (մեծ մասամբ 3 տարեկանում):
Ա.ե-ի օրգանիզմի ֆունկցիոնալ անհասությունը պահանջում է մանրակրկիտ խնամք և առավել բարենպաստ պայմաններ՝ հատկապես կյանքի 1-ին ամիսներին: Եթե այդ բոլոր կանոնները պահպանվում են, ապա Ա.ե. ֆիզիկապես և մտավոր ունակություններով ավելի արագ է հասնում իր հասակակիցներին:
2300 գ ծնված Ա.ե., կախված նրա վիճակից և տան պայմաններից, ծննդատնից դուրս է գրվում բժշկի թույլտվությամբ: Դրանից ցածր քաշով ծնվածները պահանջում են խնամքի հատուկ պայմաններ, նրանց տեղափոխում են մասնագիտացված բաժանմունքներ, որտեղ ապահովվում է անհրաժեշտ խնամքը և բժշկի մշտ. հսկողությունը: 1500 գ և ավելի ցածր քաշով ծնված Ա.ե-ին տեղավորում են հատուկ խցիկում (կուվեզ), որտեղ պահպանվում են օդի անհրաժեշտ ջերմաստիճանը, խոնավությունը և թթվածնի քանակությունը: Կուվեզի մեջ տեղավորում են նաև բարձր քաշով ծնված երեխաներին, եթե նրանց մարմնի անհրաժեշտ ջերմաստիճանը վատ է պահպանվում: Քաշը 2500 գ-ի հասնելիս երեխային կարելի է դուրս գրել բժշկի թույլտվությամբ:
Ա.ե. տնային պայմաններում պահանջում է մեծ ուշադրություն և լավ խնամք: Նորածնի սենյակում օդի ջերմաստիճանը պետք է լինի 22-24°C: Մահճակալում երեխայի գլխին և ուսերին պետք է տրվի մի քիչ բարձր դիրք՝ գլխի տակ դնելով ցածր, ոչ փափուկ բարձ: Խորհուրդ չի տրվում կիպ փաթաթել, օդափոխության բարելավման