շրջանում՝ ցավեր: Գլխացավը և տեսողության խանգարումները վկայում են գլխուղեղի արյան շրջանառության լուրջ խանգարումների մասին: Նախաէկլամպսիան ցանկացած պահի կարող է վերածվել էկլամպսիայի, որի դեպքում խանգարվում են կենսական կարևոր օրգանների ու համակարգերի ֆունկցիաները: Էկլամպսիայի բնորոշ ախտանշաններն են ցնցումներն ու գիտակցության կորուստը: Էկլամպսիան հաճախ առաջանում է հղիության և ծննդաբերության ժամանակ, երբեմն՝ նաև հետծննդյան շրջանում: Ցնցումների նոպան կարող է առաջանալ արյան զարկերակային ճնշման համեմատաբար ցածր ֆոնի վրա, չնչին այտուցների և մեզում սպիտակուցի քիչ քանակության դեպքում և երբեմն՝ անսպասելի: Սկսվող նոպայի ախտանշանները (դեմքի մկանների, կոպերի ձգվածություն) ի հայտ գալիս հարկավոր է անհապաղ շտապ բժշկ. օգնություն կանչել: Մինչև բժշկի գալը հիվանդին տեղավորել մթնեցրած սենյակում, ստեղծել լռության ու հանգստի պայմաններ: Նոպայի ժամանակ հարկավոր է միջոցներ կիրառել լեզուն կծելուց խուսափելու համար: Այդ նպատակով կնոջ վերին և ստորին ծնոտների մեծ աղորիքների արանքում դնել ճաշի գդալի թանզիֆով փաթաթած պոչը: Նոպայից հետո բերանը սրբել մաքուր անձեռոցիկով, որպեսզի թուքը չընկնի շնչուղիներ: Էկլամպսիան շատ վտանգավոր է ինչպես մոր (հնարավոր է գլխուղեղի արյունազեղում և թոքերի այտուց), այնպես էլ պտղի համար, որը կարող է մահանալ: Էկլամպսիայի կանխարգելման ու բուժման համակարգը հնարավորություն է տալիս անցյալում էկլամպսիայի պատճառով կանանց բարձր մահացությունը բավականաչափ նվազեցնել: Կանխարգելիչ միջոցառումները պայմանավորված են Հ. տ-ի վաղ ախտորոշմամբ և ժամանակին բուժմամբ, բժշկի նշանակած սննդակարգի և ռեժիմի պահպանմամբ:
Բուժումը. բուժապահպանող. ռեժիմ (սենյակի մթնեցում, արտաքին գրգռիչների վերացում) և արյան զարկերակային ճնշումն իջեցնող, միզարտադրությունն ուժեղացնող, ուղեղի այտուցը պակասեցնող և այլ դեղանյութեր:
ՀՂԻՈՒԹՅՈՒՆ, կնոջ օրգանիզմում բեղմնավորված ձվաբջջի զարգացման գործընթաց, սկսվում է ձվարանում հասունացած ձվաբջջի (կնոջ սեռ. բջիջ) և սերմնաբջջի (տղամարդու սեռ. բջիջ) բեղմնավորման պահից և շարունակվում մեծ մասամբ 10 լուսնային ամիս (40 շաբաթ կամ 280 օր):
Բեղմնավորումը սովորաբար տեղի է ունենում արգանդափողի լայնանքում: Արգանդափողի ռիթմիկ կծկումների շնորհիվ բեղմնավորված ձվաբջիջը տեղափոխվում է արգանդի խոռոչ: Արգանդափողով տեղաշարժվելու ժամանակ ձվաբջիջը փոխակերպվում է բազմաբջիջ սաղմի (պտղաձու), որը պատված է նուրբ, խիտ թավիկներով, որոնց օգնությամբ սաղմն ամրանում է արգանդի լորձաթաղանթին (տես Սեռական օրգաններ, կնոջ): Արգանդափողերի հիվանդությունների ժամանակ դրանցում առաջանում են բեղմնավորված ձվաբջջի տեղաշարժմանը խանգարող փոփոխություններ, և այն կարող է ամրանալ արգանդափողում (տես Արտարգանդային հղիություն): Արգանդի լորձաթաղանթին ամրանալու պահից սկսվում է սկզբում սաղմի, այնուհետև՝ պտղի զարգացումը (նկ. 1), և տեղի է ունենում հղի կնոջ օրգանիզմի որոշ համակարգերի ֆունկցիաների արագ վերակառուցում: Դրանով են բացատրվում նրա ինքնազգացողության փոփոխությունները (սրտխառնոց, գլխապտույտ ևն), որոնք երբեմն առաջանում են Հ-յան 1-ին շաբաթում: Սաղմի ամրացման տեղում թավիկները փարթամորեն աճում և տարածվում են. դրանցից առաջանում է, այսպես կոչված, մանկան տեղը՝ ընկերքը (նկ. 2), որը պտղին միանում է պորտալարով: Ընկերքի միջոցով, պորտալարի արյունատար անոթներով մորից պտղին են անցնում սննդանյութեր, թթվածին և հեռանում նյութափոխանակության արգասիքները:
Հղի կնոջ օրգանիզմում ֆունկցիոնալ փոփոխություններն իրականում հանդիսանում են պտղի զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովող հարմարվող. հակազդեցություններ: Այսպիսով, Հ-յան ընթացքում փոխվում է կենտր. նյարդային համակարգի (գլխուղեղ և ողնուղեղ) ֆունկցիան, որի հետևանքով նվազում է ենթակեղևային գոյացությունների, ողնուղեղի գրգռականությունը, իսկ դա հանգեցնում է արգանդի մկանունքի թուլացման՝ ապահովելով նրա հանգիստ վիճակը:
Հ-յան ընթացքում առաջացած ներզատիչ նոր գեղձերը (ձվարանում պատռված ֆոլիկուլի տեղում գոյացած դեղին մարմինը, ընկերքը) մշակում են անհրաժեշտ հորմոններ: Ընկերքի հորմոնների ազդեցությամբ մեծանում են կաթնագեղձերը, որոնք Հ-յան վերջում սկսում են արտադրել խիժ, իսկ ծննդաբերությունից հետո՝ կաթ: Նշանակալի փոփոխություններ են տեղի ունենում արգանդում, մեծանում է