Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստ-ի բջջի ֆիզքիմ. հետազոտության բաժնում:

ՀՅՈՒՍՎԱԾՔԱՅԻՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ, տես Փոխպատվաստում օրգանների և հյուսվածքների հոդվածում:

ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, կլինիկ. բժշկագիտության բնագավառ, ուսումնասիրում է հոգեկան հիվանդությունների առաջացման պատճառները, դրսևորման ձևերն ու ընթացքը, մշակում կանխարգելման, բուժման և հոգեկան ունակությունների վերականգնման միջոցներ:

Դարեր շարունակ մարդկանց պատկերացումները հոգեկան գործունեության խանգարումների մասին ձևավորվել են առեղծվածային և կրոն. աղբյուրների հիման վրա: «Հոգեկան հիվանդություն» բնագիտ. հասկացությունը՝ որպես գլխուղեղի հիվանդություն, արտահայտվել է հին հույն փիլիսփաների և բժիշկների աշխատանքներում, բայց այն երկար ժամանակ գոյատևել է սնոտիապաշտ. պատկերացումների հետ, օրինակ՝ Հին Հռոմում համարում էին, որ խելագարությունը տրվում է Աստծու կողմից, և մի շարք դեպքերում այն համարում էին ընտրյալի նշան (օրինակ՝ էպիլեպսիան անվանել են սուրբ հիվանդություն): Միջնադարում Եվրոպայում պսիխոզներով հիվանդներին համարում էին սատանայի ծնունդ: Հոգեկան հիվանդների բուժումը («չար ոգու արտաքսմամբ») իրականացնում էին հոգևորականները: Առանձին հոգեկան հիվանդների այրում էին՝ որպես վհուկի և կախարդի: Հոգեկան հիվանդների 1-ին խնամատներն ստեղծվել են վանքերին կից, որտեղ հիվանդներին պահել են զսպաշապիկներով և շղթաներով՝ «չար ոգուն սանձահարելու» նպատակով:

Որպես բժշկագիտ. առարկա՝ Հ. հայտնի է 18-րդ դ. վերջից, երբ բժիշկներն արդեն սկսել էին ելույթներ ունենալ անհանգիստ հիվանդների նկատմամբ ցուցաբերած դաժանության դեմ, կիրառել դեղանյութեր, ուսումնասիրել հիվանդության բնական պատճառները, իսկ հոգեկան խանգարումների բազմազան դրսևորումներից առանձնացրել այս կամ այն հիվանդությանը վերաբերող ախտանշանների խմբեր: Սակայն հոգեկան հիվանդությունների վերաբերյալ նախապաշարմունքները գոյություն ունեն նաև այսօր: «Անեծքների» կամ «աչքով տալու» հետևանքով հիվանդության առաջացման, «չար ոգու արտաքսման» հնարավորության հանդեպ հավատը որոշ երկրներում հանդիպում է նաև այժմ: Վերջին 100-ամյակում Հ. բավականաչափ նվաճումներ է ձեռք բերել: Հաջողությամբ բուժվում են հոգեկան հիվանդությունների (այդ թվում՝ նախկինում անբուժելի համարվող) շատ ձևեր:

Մշակվել են ծանր պսիխոզներ կրած անձանց սոցիալ. կարգավիճակի (ընտանիք, մասնագիտություն) վերականգնման մեթոդներ: Փոխվել է հոգեբուժ. հիվանդանոցների բնույթը, դրանք ընդհանուր ոչինչ չունեն գրականության մեջ բազմիցս նկարագրված «գժանոցների» հետ: Ժամանակակից հոգեբուժ. հիվանդանոցներում չկան «մոլեգին» հիվանդների բաժանմունքներ, դրանք քիչ են տարբերվում սովորականից:

Հոգեբուժ. գիտելիքների խորացումն ու ընդլայնումը հանգեցրել է Հ-յան հնարավորությունների մեծացման: Ժամանակակից Հ. օգնություն է ցույց տալիս ոչ միայն պսիխոզով, այլև պսիխոպաթիաներով, նևրոզներով, ալկոհոլամոլությամբ, տրամադրության (հուզ.) խանգարումներով, անքնությամբ տառապողներին, օգնում հոգեկան վիճակի փոփոխություն առաջացնող բախումային, կյանքի դժվարին պայմաններում գտնվող անձանց: Սակայն Հ-յան առաջընթացի հետ մեկտեղ, առանձին հոգեկան հիվանդությունների ժամանակ այն դեռևս կարող է միայն նվազեցնել հիվանդագին խանգարումների ուժգնությունը, դանդաղեցնել դրանց առաջացման ընթացքը, բայց արմատապես չբուժել հիվանդությունը: Դա բացատրվում է նրանով, որ հոգեկան գործընթացների բնույթը բնականոն և ախտաբան. պայմաններում դեռևս լրիվ ուսումնասիրված չէ:

Բուժման արդյունքների վրա բացասաբար է անդրադառնում բժշկին ուշ դիմելը: Վերջինիս պատճառը մասամբ պայմանավորված է հոգեկան հիվանդությունների ժամանակ ինքնաքննադատության ունակության կորստով: Եվ որքան ծանր է խանգարումը, այնքան հաճախ է հիվանդն իրեն առողջ համարում: Բացի այդ, հոգեբույժի մոտ հաշվառման «համբավ» չունենալու համար ուշ են դիմում բժշկի: Մի շարք դեպքերում հարազատները փորձում են թաքցնել հիվանդի հոգեկան խանգարումը՝ հուսալով, որ հիվանդությունն ինքնուրույն կանցնի, չգիտակցելով, որ դրանով վնաս են հասցնում մերձավորի առողջությանը:

Դեռևս հանդիպում են դեպքեր, երբ պսիխոզի պատճառ են համարում մտավոր գերհոգնածությունը («շատ կարդալուց խելքը թռցնելը»), կյանքի դժվարին պայմանները, ծանր ապրումները և նույնիսկ սեռ. ժուժկալությունը: Վերջինի դեպքում երբեմն բժշկին ժամանակին դիմելու փոխարեն հիվանդին ամուսնացնում են, որը, բնականաբար, հետաձգում է բժշկ. օգնությունը, հանգեցնում շատ կենսբ. բարդությունների և վատառողջ երեխայի ծնվելուն:

Մերձավորների կողմից հիվանդի վիճակի ոչ ճիշտ գնահատականը հանգեցնում է նրան, որ հիվանդության սկիզբը (հոգնածություն, ընկճվածություն, անհաշտվողականություն) ընդունում են որպես պատճառ և ենթադրում, որ հորդորներն ու խստությունը, դաստիարակչ. տարբեր միջոցառումները կնպաստեն առողջության վերականգնմանը:

Ժամանակակից Հ. ունի ախտորոշման միջոցների մեծ զինանոց և հիվանդի վիճակը գնահատելու համար օգտագործում է ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, հոգեբանության, գենետիկայի և այլ գիտությունների մեթոդները: Սկսած 1950-ական թթ.՝ կիրառվում են նաև հոգեդեղաբան. միջոցներ, որոնք ուղղակիորեն ազդում են կենտր. նյարդային համակարգում կատարվող գործընթացների վրա: Շատ հոգեկան հիվանդությունների (նևրոզներ, անձի ախտաբան. զարգացում, ալկոհոլամոլություն) առաջացումը պայմանավորված է հոգեկանի վրա ուղղակիորեն ազդող սոցիալ. գործոններով (դաստիարակություն, շրջապատող միջավայր): Դա կանխորոշում է Հ-յան սոցիալ. նշանակությունը:

Հ. հատուկ տեղ է զբաղեցնում բժշկության մեջ, քանի որ հոգեկան հիվանդությունն ավելի շատ է ազդում հիվանդի շրջապատողների վրա: Հ-յան սոցիալ. նշանակությունը որոշվում է նաև հիվանդի սոցիալ. վիճակի առանձնահատկություններով. հիվանդը կարող է կամ սոցիալ. անօգնականության զոհը դառնալ, կամ էլ հիվանդագին ապրումների պատճառով վտանգի աղբյուր լինել շրջապատողների համար: Ուստի, Հ-յան խնդիրների մեջ, բուժման հետ մեկտեղ, մտնում է սոցիալ. խնդիրների (բարոյական դաստիարակություն, պսիխոհիգիենային գիտելիքների քարոզում, հիվանդի գործունակության որոշում, օրենքի առջև պատասխանատվություն, խնամակալության նշանակում, հիվանդանոցում տեղավորման հարց) լուծումը:

Հայաստանում հոգեախտաբան. տարբեր վիճակների և առանձին հոգեկան հիվանդությունների ուշագրավ նկարագրություններ հանդիպում են դեռևս վաղմիջնադարյան հայ մատենագրության մեջ (Փավստոս Բուզանդ, Եղիշե և ուր.): Եզնիկ Կողբացին «Եղծ աղանդոց» (5-րդ դ.) երկում նյարդային ու հոգեկան հիվանդությունների առաջացման հարցում մեծ նշանակություն է տվել արտաքին միջավայրի վնասակար գործոններին:

12-րդ դ. հայ բժշկապետ Մխիթար Հերացին «Ջերմանց մխիթարություն» աշխատությունում մեծ տեղ է հատկացրել պսիխոթերապևտիկ. մեթոդներին: 13-րդ դ. Գրիգորիսը «Քննութիւն բնութեան մարդոյ և նորին ցաւոց» (Մատենադարան, ձեռագիր № 15) աշխատության մեջ հոգեկան հիվանդությունների պատճառագիտությունն ու ախտածագումը մեկնաբանում է նախասկզբն. ներվիզմի դիրքերից: Ամիրդովլաթ Ամասիացու երկերում արժեքավոր տեղեկություններ կան էպիլեպսիայի, շիզոֆրենիայի, ցիկլոֆրենիայի և հոգեծին հիվանդությունների վերաբերյալ:

Հայաստանում հոգեբուժ. ծառայությունը զարգացել է խորհրդ. կարգերի հաստատումից հետո. 1926-ին ԵՊՀ բժշկ. ֆակ-ում Ա. Արզումանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է նյարդախտաբանության և Հ-յան ամբիոն: Գիտ. Հ-յան բնագավառում լուրջ աշխատանքներ են կատարվել ԽՍՀՄ հայրենական պատերազմից