Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ, միևնույն ժամանակ՝ առողջ»), կամ բավարար քննադատության առկայության դեպքում մարդու մոտ դրսևորվում են ոչ ճիշտ, իրադրությունից չբխող վարքի ձևեր:

Հ.հ. բավականին տարածված են, հոգեկան հիվանդների թիվն ամբողջ երկրագնդում հասնում է 150 մլն, ընդ որում, կյանքի տևողության երկարացման հետ կապված, նկատվում է այդ թվի աճի միտում:

Հ.հ-ի պատճառները տարբեր են: Դրանց մեջ էական նշանակություն ունեն ժառանգ. գործոնները՝ հատկապես սակավամտության, պսիխոպաթիաների, մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի, էպիլեպսիայի և շիզոֆրենիայի առաջացման համար: Սակայն պսիխոզի առաջացումը և խորացումը մի շարք դեպքերում պայմանավորված են ժառանգ. նախատրամադրվածության և արտաքին միջավայրի անբարենպաստ գործոններով (վարակիչ հիվանդություններ, վնասվածքներ, թունավորումներ, հոգեկանը վնասող իրադրություններ):

Պտղի ներարգանդային վնասումը՝ կապված հղիության ժամանակ մոր հիվանդության և վնասվածքների հետ, կարող է երեխայի հոգեկան զարգացման կասեցման, էպիլեպսիայի և այլ Հ.հ-ի պատճառ դառնալ: Հայտնի է նաև, որ հետագա սերունդների վրա բացասաբար են ազդում ծնողների հարբեցողությունը, հարբած (նույնիսկ ծնողներից մեկի) վիճակում կայացած բեղմնավորումը կամ հղիության ընթացքում ալկոհոլի օգտագործումը (տես Ալկոհոլամոլություն):

Հաճախ Հ.հ-ի պատճառ կարող են դառնալ թունավորումները, գլխի վնասվածքները, ներքին օրգանների ախտահարումները, վարակիչ հիվանդությունները: Թունավորումների հետ են կապված, օրինակ, քրոնիկ. ալկոհոլամոլությունը, թմրամոլությունը: Հ հ. առաջացնող վարակիչ հիվանդությունների շարքն են դասվում գլխուղեղի բորբոքումը, գլխուղեղի սիֆիլիսը, բրուցելոզը, տոքսոպլազմոզը, բծավոր տիֆը, գրիպի որոշ ձևեր:

Նևրոզների և ռեակտիվ պսիխոզների առաջացման մեջ կարևոր նշանակություն ունեն հոգեկան վնասվածքները: Հ.հ-ի առաջացմանը նպաստում է պատճառական գործոնների զուգորդումը մարդու անհատ. հակվածության հետ: Օրինակ՝ սիֆիլիսով հիվանդ ոչ բոլոր անձանց մոտ է առաջանում սիֆիլիսային պսիխոզը, ինչպես նաև գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզով հիվանդների միայն մի մասն է հիվանդանում թուլամտությամբ կամ պատրանքազառանցանքային պսիխոզով: Հ.հ-ի առաջացմանը նման դեպքերում կարող են նպաստել հիմն. հիվանդությանը նախորդող վնասվածքները, կենցաղային թունավորումները (օրինակ՝ ալկոհոլով), ներքին օրգանների առանձին հիվանդություններ, Հ.հ-ի հանդեպ ժառանգ. նախատրամադրվածությունը: Հ.հ-ի առաջացման համար կարևոր նշանակություն ունեն նաև սեռը և տարիքը: Օրինակ՝ հոգեկան խանգարումները տղամարդկանց մոտ հանդիպում են ավելի հաճախ: Ընդ որում՝ տղամարդիկ հաճախ տառապում են վնասվածքային և ալկոհոլային պսիխոզով, կանայք՝ մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով և ընկճվածությամբ: Դա, հավանաբար, բացատրվում է ոչ այնքան սեռի կենսբ. առանձնահատկություններով, որքան սոցիալ. գործոններով: Տղամարդիկ, ավանդույթներին տուրք տալով, հաճախ չարաշահում են ալկոհոլի օգտագործումը և դրա հետ կապված, բնականաբար, նրանց մոտ հաճախ են նկատվում ալկոհոլային պսիխոզները: Նույն չափով էլ ոչ թե սեռի կենսբ. բնույթից, այլ սոցիալ. պայմաններից է կախված տղամարդկանց պսիխոզների վնասվածքային ծագման գերակշռությունը: Ինչ վերաբերում է տարիքին, ապա հաստատված է, որ շատ Հ.հ. բնորոշ են միայն երեխաներին կամ միայն տարեցներին կամ առավելապես հանդիպում են որևէ տարիքում: Մի շարք հիվանդությունների, օրինակ՝ շիզոֆրենիայի հաճախությունն առավելագույնի է հասնում 20-35 տարեկանում և ակնհայտորեն նվազում՝ ծերության ժամանակ:

Ինչպես բազմազան է պատճառական գործոնների ազդեցությունը, այնպես էլ բազմազան են Հ.հ-ի ձևերն ու տեսակները: Դրանց մի մասն ընթանում է սուր և անցողիկ բնույթ է կրում (սուր թունավորումային, վարակ. և վնասվածքային պսիխոզներ): Մյուսներն առաջանում են գաղտնի և ընթանում քրոնիկ.՝ աստիճանաբար սաստկանալով և խորանալով (շիզոֆրենիայի որոշ ձևեր, ծերուն. և անոթային պսիխոզներ): 3-րդները, հայտնաբերվելով վաղ մանկ. տարիքում, չեն հարաճում, դրանց առաջացրած ախտահարումը կայուն է և կյանքի ընթացքում էական փոփոխություն չի կրում (սակավամտություն): Մի շարք Հ.հ. ընթանում են նոպաների կամ լրիվ առողջացմամբ ավարտվող փուլի ձևով (մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ, շիզոֆրենիայի որոշ ձևեր): Այսպիսով, գոյություն ունեցող նախապաշարմունքը Հ.հ-ի ճակատագրական ելքի մասին, բավարար հիմքեր չունի: Այդ հիվանդությունների ախտանունն ու ելքը միատեսակ չեն, դրանց մի մասն ընթանում է բարեհաջող և հաշմանդամության չի հանգեցնում, մյուսները՝ քիչ բարեհաջող են, բայց ժամանակին սկսած բուժումից հիվանդների զգալի տոկոսը լրիվ կամ մասամբ առողջանում է: Հարկավոր է նախազգուշական միջոցներ ձեռք առնել այն պատկերացումների դեմ, ըստ որոնց՝ Հ.հ. պետք է դիտել որպես ամոթալի երևույթ: Հատկապես այս մոլորությունների հետ են կապված Հ.հ-ին ուղեկցող դժբախտ պատահարները, ինչպես նաև պսիխոզների անուշադրության մատնված ձևերի ի հայտ գալը, որոնք չափազանց դժվար են բուժվում:

Հոգեկան հիվանդությունների ախտանշանները:

Առավել հաճախակի հանդիպող ախտանշաններից են զգայախաբությունները, զառանցանքը, սևեռուն վիճակները, գիտակցության խանգարումները, հիշողության խանգարումները, թուլամտությունը:

Զգայախաբություններ, շրջապատող աշխարհի ընկալման խանգարման ձև: Այդպիսի դեպքերում ընկալումն առաջանում է առանց իրական գրգռիչի, իրական օբյեկտի առկայության, օժտված են զգայական պայծառությամբ և չեն տարբերվում իրականում գոյություն ունեցող առարկաներից:

Հանդիպում են տեսող., լսող., հոտառ., համային և շոշափման զգայախաբություններ: Հիվանդներն այդ ժամանակ իրոք տեսնում են, լսում, հոտ են զգում և ոչ թե երևակայում կամ պատկերացնում են:

Զառանցանք, կեղծ դատողություն (եզրակացություն), որը ձևավորվում է առանց համապատասխան առիթի և չի ենթարկվում վերահամոզման՝ չնայած այն բանին, որ հակասում է իրականությանը և հիվանդի նախկին ամբողջ փորձին: Զառանցանքը հակադրվում է ցանկացած ամենածանրակշիռ փաստարկներին և դրանով էլ տարբերվում է դատողության հասարակ սխալներից: Ըստ բովանդակության՝ տարբերում են մենամոլական զառանցանք (հարստության, հատուկ ծագման, գյուտարարության, բարենորոգության, տաղանդավորության, սիրահարվածության), հետապնդման զառանցանք (թունավորման, մեղադրական, կողոպուտի, խանդի), ինքնանվաստացման զառանցանք (մեղանչական, ինքնամեղադրման, հիվանդության, ներքին օրգանների քայքայվածության):

Սևեռուն վիճակներ, ակամա և անդիմադրելի առաջացող մտքեր, պատկերացումներ, հիշողություններ, կասկածանքներ, վախեր, հակումներ, շարժումներ, որոնց հիվանդագին բնույթը հիվանդը27. ՀԲՀ